Tuesday, May 26, 2015

Եթե ձեր որդին կանգներ ձեր առաջ ու ասեր, «Պապ, իմ բաժին ժառանգությունը հիմա տուր, ես ծախում եմ գնամ», դուք ինչպե՞ս կվարվեիք

Հրեական օրենքի համաձայն, երբ գալիս էր ժառանգության ժամանակը, ավագ որդին կրկնապատիկն էր ստանում: Եթե մարդն ուներ երկու զավակ, իր մահից հետո ժառանգության 2/3-ը հասնում էր ավագին, իսկ 1/3-ը՝ փոքրին: Սա ժառանգության ժամանակ: Հիմա պատկերացրեք, որ մի օր ձեր 18-20 տարեկան տղան կանգնում է ձեր առջեւ ու ասում. «Պապ, իմ բաժինը տուր, ես գնում եմ»: Սա գիտե՞ք ինչ է նշանակում: Այսինքն՝ «քո ամբողջ ունեցվածքը բաժանի երեք մասի, մի մասը տուր ինձ, ես ծախում եմ՝ գնամ»: Ինչպիսի անառակ ու ամբարտավան պահվածք է, չէ՞: 

Դուք ինչպե՞ս կվարվեիք, եթե ձեր որդին այդպես կանգներ ձեր առջեւ: Ես առնվազն մի հատ ապտակ կփակցնեի, մնացածը հետո կերեւար: Գիտե՞ք, Հիսուսի առակները հիմնված են իրական կյանքի իրավիճակների վրա, բայց հաճախ դրանք շեղվում են սպասվող իրադարձություններից ու անակնկալ վերջաբան ստանում: Օրինակ այստեղ՝ հայրը միանգամից տալիս է փոքրի բաժինը, սա վատնելուց հետո զղջում, ետ է գալիս ու հայրն իրեն ընդունում է համբույրով ու վերականգնում, ավագ եղբայրն էլ չի ընդունում եղբորն ու կռվում է հոր հետ: 

Անցյալ շաբաթվա կիրակի օրը (մարտի 1), մեր եկեղեցում կոչվում էր Անառակի Կիրակի, որովհետեւ այս պատմությունն էր ընթերցվում եկեղեցիներում ու մարդկանց սովորեցնում, թե այս պատմությունն ինչպես է վերաբերվում մեր այսօրվա կյանքին: 

Տեղի սղության պատճառով ամբողջ պատմությունը չեմ մեջբերի այստեղ: Այլ միայն նշեմ, որ պատմության մեջ հայրը խորհրդանշում է Աստծուն, իսկ երկու տղաները դրանք մարդկանց երկու տեսակներն են՝ նրանք, որոնք սխալ են գործում, զղջում ու վերադառնում, եւ նրանք, ովքեր իրենց արժանի ու արդար են համարում: Ու Հիսուսը ցույց է տալիս, թե ինչպես է Աստված վերաբերվում մարդկանց այս երկու տեսակներին: 

Ահա 10 երանգ, որ մենք սովորում ենք այս պատմությունից: Բայց այս երանգները դուք ավելի լավ կհասկանաք, եթե նախ պատմությունը կարդաք Ղուկասի Ավետարանի 15-րդ գլխում: 

1. Երկու եղբայրն էլ գոհ չէին իրենց վիճակից: 
2. Հայրը ոչ մեկին զոռով չի պահում: 
3. Եթե սխալիդ համար զղջում ես ու վերադառնում, ՀԱՅՐԸ քեզ ընդունում է համբույրով ու վերականգնում: 
4. Մինչդեռ դու հեռու էիր, Հայրը քեզ սպասում էր ու կարոտում: 
5. Մի վախեցի, թե «ավագ եղբայրը» ինչ կասի: Պապան ա կարեւորը: 
6. Ավագ եղբայրը չէր հասկացել, որ ինքը տան որդի է, ու որ կարող էր ուլ մորթեր ու ընկերներին պատիվ տար: 
7. Ավագ եղբայրը չէր հասկացել, որ տան որդի է, դրա համար իրեն ծառայի պես էր պահում: 
8. Հանկարծ դուք ավագ եղբոր պես չլինեք, որ մարդիկ վախենան «տուն գալուց», թե իրենց չեն ընդունի: 
9. Մարդու քիթը մինչեւ գետնին չի կպնում, խելքը գլուխը չի գալիս: 
10. Զղջալը ամենաճիշտ բանն է՝ կորածը ետ վերադարձնելու համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/03/12/550092/ 

© 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

No comments:

Post a Comment