Tuesday, May 26, 2015

Ինչպես է ամենօրյա աղոթքը հարստացնում մարդու կյանքը

Աշխարհն ապրում է դժվար ժամանակներ: Անցյալ շաբաթ մեր օտարազգի բարեկամներից մեկն էր այցելել մեզ ու ընթրիքի ժամանակ վախեցած հարցրեց՝ «ի՞նչ եք կարծում, կլինի,՞ արդյոք, մեծ պատերազմ»: Ճշմարիտ պատասխանը չգիտեմ, բայց իրեն ասացի, որ սա ահարկու փորձություն է ու մենք այս փորձությունից հեռու մնալու մի շատ լավ միջոց ունենք՝ զղջման հարատեւ աղոթքը: 

Նախքան առաջ շարժվելը, եկեք մի բան հստակեցնենք: 

Մեր քրիստոնեական հավատքը մեզ սովորեցնում է, որ ուղիղ կապ կա մարդկանց հոգեվիճակի եւ իրենց շրջապատող աշխարհի միջեւ: Եթե մարդը վնասում է մի այլ մարդու, ապա կյանքը լցվում է բռնությամբ: Եթե մեր մտքերը վատն են, ապա մեր գործերն ու կյանքն էլ կլինի վատը: 

Հիսուսը բանալի տվեց մարդկանց: Ցույց տվեց, որ վատ մտքերը, որոնք վարակում են մարդու կյանքը, գալիս են սրտից, ու ասաց՝ «երանի սրտով մաքուրներին…»: Հետո ասաց, «ապաշխարեք» ու հարատեւեք աղոթքի մեջ, «որպէսզի փորձութեան մէջ չընկնէք», որպեսզի ձեր սիրտը մաքուր պահեք: 

Աղոթքը դա այն կապն է, որի միջոցով անձը կապվում է կյանքի աղբյուրի հետ ու սնվում դրանից: Լույսը գալիս է մարդու սրտի մեջ ու վանում խավարը: Աղոթքի միջոցով մարդը սնվում է կյանքի աղբյուրից այնպես, ինչպես մանուկը իր մոր կրծքից, ինչպես ծառի ճյուղը իր բնից, ինչպես խաղողի ճյուղն իր որթատունկից: Անցյալ կիրակին Հայ առաքելական եկեղեցում կոչվում էր Դատավորի Կիրակի, ուր մեր Տեր Հիսուսը անարդար դատավորի օրինակով ցույց է տալիս, թե ինչպես Աստված «իսկույն արդարություն կանի» նրանց, ովքեր «գիշեր ու ցերեկ աղաղակում են» ու կանչում իրեն (Ղուկ. 18: 2-5): 

Ուրեմն ամենօրյա, «գիշեր ու ցերեկ» ասված աղոթքը իսկույն արդարություն է բերում մարդուն ու հեռու պահում փորձությունից: Եկեք տեսնենք, թե էլ ինչպես է այն հարստացնում մարդու կյանքը: 

1. Ամենօրյա աղոթքը մեզ տալիս է հնարավորություն՝ մեր կյանքի բոլոր երանգները կիսել Աստծո հետ: 

2. Ամենօրյա աղոթքը մեզ տալիս է հնարավորություն՝ մեր երախտագիտությունը հայտնելու Աստծուն, ով ապահովում է մեր կյանքը: Երախտագիտություն գոնե նրա համար, որ երկրագունդը միշտ նույն արագությամբ է պտտվում, շնչելու օդը կա, արեւը միշտ ժամանակին է ծագում ու մայր մտնում, իսկ սերմերն էլ իրենց պես պտուղ են տալիս հողից սնվելով: Այս ամենը կատարվում է առանց մեր կամքի: 

3. Ամենօրյա աղոթքը դա այն միակ հարթակն է, ուր մենք խոստովանում ենք մեր մեղքերը, մեր բացթողումներն ու զղջալով օգնություն խնդրում ապաշխարելու համար: Մարդը տեսնում է սեփական մեղքերը ու զղջում դրանց համար: Սիրտը սկսում է մաքրվել: 

4. Ամենօրյա աղոթքը Աստծուն երկրպագելու եւ հնազանդությամբ սեփական անձի ներսը նայելու միջոցն է: 

5. Ամենօրյա աղոթքը միջոց է ճանաչելու, թե ով է իրականում վերահսկելու քո կյանքը՝ չա՞րը, թե՞ բարին: 

Մի անգամ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը մի բան ասաց, որ մնաց ինձ հետ մինչեւ այժմ: Գիտե՞ք՝ մարդիկ ինչու են վախենում մութ սենյակից: Որովհետեւ չգիտեն այնտեղ ինչ կա, քանի որ չեն տեսնում: Իսկ երբ լույսը վառում են ու տեսնում, էլ չեն վախենում: Սիրելի ընթերցող, ճիշտ ասված աղոթքը դա այն լույսն է, որ վառվում է մարդու սրտում ու լուսավորում այն: Վախը հեռանում է, ու փորձությունն էլ չի մոտենում: Եկեք ամենքս, ամենօրյա աղոթքով վառ պահենք այս լույսը մեր սրտերում, որպեսզի խավարը չքանա, տառապանքն ու վախն էլ հեռանան մեր շրջապատից: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/03/21/552920/ 

© 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

No comments:

Post a Comment