Thursday, May 28, 2015

Ինչ է երջանկությունը Քրիստոնեության մեջ

Ինչպես լինել երջանիկ այսքան պատերազմների ու տառապանքների մեջ:

ԻՆՉ Է ՏԽՐՈՒԹՅՈՒՆԸ
Նախ տեսնենք թէ ինչու ենք տխրում: Մարդկային սիրտը բնականաբար ձգտում է երջանկության: Չարը մարդուն առաջարկում է սխալ ուղղություն, մարդուն հրապուրելով այս աշխարհի երջանկությամբ - հարստություն, պատիվ, ճոխ շորեր ու կահույք, ոսկի, իշխանություն, մեծ տուն, ավտո, սիրուն պարտեզներ, ճոխ քեֆեր ու արձակուրդնե 5-աստղանի հյուրանոցներում: Քրիստոնեությունը չի ասում սրանք վատ են, բայց ասում է, եթե ձեր նպատակը միայն սա է, կամ առաջին հերթին սա է, ապա դուք կխաբնվեք, կտխրեք ու կհիասթափվեք: Հասնեք սրանց թէ չէ: Կտխրեք եթե չհասնեք, ու ձեզ կասեն, բախտը չբերեց: Ոմանք էլ սպանում են ու թալանում, որպեսզի հասնեն: Իսկ նրանք էլ որ հասնում են, շուտ ձանձրանում են ու հոգնում: Արդյուքնում մարդը տառապում է:

ՃԻՇՏ ՆՊԱՏԱԿ Է ՊԵՏՔ ՄԱՐԴՈՒՆ
Միայն ուղիղ Քրիստոնեական կյանքի մեջ է (սեր առ Հիսուս, աղոթք, ծոմապահություն), որ մարդը սկսում է իր առաջ ավելի բարձր նպատակ դնել: Փորից ու կայֆից վեր բարձրանալ: Իմաստ փնտրել իր կյանքի մեջ ու գտնել դա հավիտենական կյանքի մեջ: Միայն այս ժամանակ է, որ մարդը՝ Քրիստոսի սիրելին, քիչ-քիչ հասկանում է որ աշխարհի սկսբից ի վեր նա եղել է ամբողջ արարչության փոքրիկ մասնիկը և նա հետևաբար անքակտելիորեն կապված է Աստծուն և Աստծո ծրագրին: Հետևաբար, մարդը այստեղ հասկանում է, որ ամեն բան, բարի կամ չար, որ նա անում է կամ ՄՏԱԾՈՒՄ իր ՍՐՏԻ մեջ, այս կամ այն կերպով ազդում է Աստուծո փրկչագործությամ հանդեպ եկեղեցու վկայության վրա:

Հիսուսն ասում է, ժողովուրդ ջան, սիրելիս, ավելի բարձր բաներ կան, դուք երկնքում ստեղծող ունեք, հո հենց նենց չեղաք՞ Էդ ստեղծողը ձեզ շատ շատ սիրում է, ձեր Հայրն է: Ու Ինքը ձեզ համար հավիտենական, մշտական կյանք է ստեղծել: ՄԻ վախեցեք մահվանից: Չէ՞ որ կյանքը իմաստ չէր ունենա եթե այն միայն 60-80 տարվա համար լիներ: Դրա համար եմ ասում նախ փնտրեցեք երկնքի արքայությունը, մնացած մանր մունր բաները ձեզ ավելիով կտրվեն (Մաթ. 6:33): Եթե դուք ՆԱԽ փնտրեք ու հավատաք ճշմարիտ արժեքին:

ԻՆՉՆ Է ԵՐՋԱՆԿԱՑՆՈՒՄ ՄԵԶ
Ինչպես երջանիկ լինել այս դաժան աշխարհում երբ չորս կողմը պատերազմ է, կործանում ու թալան: Քանի որ շատերի մոտ չի ստացվում, ուրեմն կամ չկա նման բան (անհավատն է ասում), կամ սխալ ճանապահով ենք գնում, կամ էլ ձևը չգիտենք: Խոսքն ամենևին այս աշխարհի ձևով իմացած եսակենտրոն երջանկության մասին չէ (ես լավ ու ապահով լինեմ, ինձնից հետո թեկուզ ջրհեղ): Ամենևին ոչ: Ըստ մեր հավատքի իմաստը հետևյալն է - հարաբերություն Աստուծո հետ և համոզիչ գիտակցություն, որ հավիտենական կյանք կա Աստուծո մոտ, որտեղ այս աշխարհի հոգսերն այլևս չեն լինելու: Այս ճշմարտության նկատմամբ ունեցած աներեր հույսը իսկական երջանկություն է բերում մարդու սրտում, որովհետև խոսքը կարճ ու անցողիկ հաճույքի մասին չէ, այլ հավիտենական ՀՈՒՅՍԻ:

Հենց այս ճշմարտությունը մեր համար դառնում է համոզիչ իրականություն, մարդը սկսում է զգալ մի զարմանալի ուրախություն իր ներսում, անկախ արտաքին հանգամանքներից:
Իսկ այս հույսը, որ երջանկություն ու Հիսուսի խոստացած խաղաղությունն է տալիս մեր սրտերին (չէ՞ որ զգացմունքները մենք ապրում ենք մեր ներսում) պիտի հաստատ համոզում լինի: Այդ վիճակի մեջ տատանվել չկա: Այ օրինակ, չէք կարող դուք այս վիճակը վայելել ու ասենք բախտագուշակի մոտ գնալ, կամ էլ աստղագուշակության նայել: Ուրեմն դուք չէք հավատում 100 տոկոսով: Իսկ առաքյալն ասեց, թերահավատները թող ոչ մի բան չսպասեն Աստծուց (Հակոբոս 1:7):

Հենց դու ունես այս 100 տոկոսանոց հավատքն ու համոզումը, դու սկսւմ ես այլ կերպով մտածել ամեն ինչի մասին: Քո միտքը փոխվում է որովհետև դու ՀԱՎԱՏՈՒՄ ես, որ Հիսուս Քրիստոսը, Աստուծո Որդին հաղթել է ամեն տառապանք, հաղթել է մահվանն ու Աստուծո Սուրբ Հոգին տրված է մարդուն դեպի ազատության ու կյանք առաջնորդելու համար: Դու էլ չես վախենում (Հովհ. 14:1, 16:33): Դու հավատում ես որ այս հոգսերը ժամանակավոր են, ու ամեն հոգս հոգացված է, ու Հոր մոտ, այնտեղ, չկա ոչ ցավ, ոչ տառապանք: Նույնիսկ այստեղ, քեզ ոչ մի վատ բան չի կարող պատահել, որովհետև չարը քեզ չի դպնի (1 Հովհ 5:18, 91րդ Սաղմոս, Հոբ 5:19) ու ամբողջ երկիրը լի է ՊԱՊԱՅԻ փառքով (Եսայի 6:3):

Քո միտքը այս համոզումից սկսում է փոխվել: Ուրիշ զգացողություն է սկսում լցնել քո սիրտը: Ու ոչ ոք չի կարող այդ ուրախությունը քեզանից վերցնել, խոստացավ Հիսուսը (Հովհ. 16:22): Իսկ Հիսուսը հենց դրան էր կոչում, թէ էրէխեք ջան երկնքի արքայությունը մոտեցել է, փոխե՛ք ձեր մտածողությունը, որովհետև ՊԱՊԱՆ լիքը լավ բաներ ա պատրաստել ձեր համար: Հայերենում այդ մտածողություն փոխելը կոչվում է ապաշխարություն:

--------
Սիրելի մարդիկ, եթե սա ձեզ օգնեց ու մխիթարեց, դոք էլ խնդրում եմ կիսեզ ձեր ընկերների հետ, որպեսզի ավելի շատ մարդկանց օգտակար լինի ու մարդիկ իրենց կյանքերը չապրեն տխրության մեջ: Շնորհակալություն:

No comments:

Post a Comment