ՄԻ անգամ Բրյանսկում մեծ եկեղեցական ժողով էր տեղի ունենում: Ժողովից հետո մի խումբ հոգեւորականներ փողոցով քայլում էին՝ մինչեւ հասնեն իրենց ավտոբուսին: Մայթի մոտ մի հարբած տղամարդ մոտեցավ նրանց ու սկսեց կոպտել:
Եկեղեցականները փորձեցին մեղմորեն հարթել անհաճո իրավիճակն ու շարժվել առաջ: Բայց մարդը շարունակում էր կոպտել, հայհոյել ու վրա տալ: Ի վերջո, ավտոբուսը եկավ: Եկեղեցականները բարձրացան ավտոբուս ու հարբածն էլ իրենց հետ՝ շարունակելով իր կոպիտ վարքը: Արդեն համը լրիվ հանել էր ու եկեղեցականների համբերությունն էլ՝ հատել: Այդ ժամանակ ավտոբուսում մի մարդ կար, ով մոտեցավ հարբածին ու մտերմիկ մի երկու խոսք ասաց, այնպես, որ սա ոչ միայն հանգստացավ, այլ բառացիորեն այլակերպվեց, դադարեց հայհոյանքը, սկսեց լաց լինել եւ խնդրեց աղոթել իր մահացած փոքրիկ աղջկա համար: Երբ զարմացած հայրերը հարցրեցին, թե մարդն ինչ ասաց խմածին, նա պատասխանեց հետեւյալը:
Երբ իմացա, որ նրա աղջիկը մահացել էր, հարցրի աղջկա անունը եւ ասացի, որ հայրերը կաղոթեն նրա եւ քեզ համար: Ահա կոպտությանը պատասխանելու մի վառ օրինակ: Երկու շաբաթ առաջ, նախորդ հոդվածներից մեկում գրել էի, որ երեխաների համար ավելի հեշտ է ներել, եթե մանկուց սովորում են, թե ինչպես վարվել նման իրավիճակներում ու վարժվում ներելուն: Իսկ մեծե՞րն ինչպես վարվեն: Մի բան հստակ է: Կոպտելուն կոպտելով պատասխանելը լուծում չէ: Դա պատերազմ է: Եթե դուք ուզում եք անձնական հարաբերությունների մեջ պատերազմելով հաղթել եւ ուժով ենթարկեցնել, ապա երեւի կարող եք, բայց այդտեղ երջանկություն չկա: Էլ չեմ ասում, որ սեր էլ չկա: Այլ կա ստիպված ենթարկվել ու սպասել, թե երբ կարելի է վրեժ լուծել: Սա ոչ մեկին պետք չի, ոչ ընտանիքներում, ոչ էլ ընկերային կյանքում: Երբ մեկը կոպտում է, իրեն թվում է, թե ինքը ճիշտ է, դու սխալ ես, ու ինքն իրավունք ունի: Այդ պահին քո ճիշտը բացատրելը դժվար թե օգնի, որովհետեւ մարդիկ այնքան են արմատացած իրենց տեսակետի ճշմարիտ լինելու մեջ, որ չեն կարող զայրույթի պահին ընդունել հակառակ տեսակետ՝ այն էլ բարձր տոնով ասված: Ահա մի քանի տարբերակներ, որ կարող են օգտակար լինել: Այս պատմության օրինակով, փորձեք հասկանալ, թե արդյո՞ք այդ կոպտությունը վշտի, կորստի կամ խաբվածության հետեւանք է: Եթե այո, ապա մի քիչ փորձեք հասկանալ այդ մարդուն, որ վշտի մեջ սայթաքել է ու չի կարողանում իրեն մարդավարի կառավարել: Տեղ տվեք մարդուն ու փորձեք օգնել «ոտքի կանգնել»: Մխիթարեք իրեն ու սփոփեք իր վիշտը: Հավատում եմ, որ նա էլ այս մարդու պես կոպտությունից կդադարի ու այլակերպվելով՝ լաց կլինի ու սիրտը կբացի ձեր առաջ: Դուք բոլորդ շահեցիք երկու բան՝ խաղաղություն եւ թերեւս նոր ընկեր: Լինում է, չէ,՞ երբ մեծ ընկերությունները սկիզբ են առնում կոպիտ վեճերից: Ահա մի այլ տարբերակ, եթե այս տարբերակը չի աշխատում: Կարող եք պազապես հումորի տալ, երբ ձեզ կոպտում են: Եթե չի ստացվում, մոտեցեք ու ժպիտով, բարությամբ հարցրեք, թե մարդն ի՞նչ է ուզում: Բայց այնպիսի արտահայտիչ բարությամբ, որ նա իսկապես հավատա, որ դուք իր մասին հոգ եք տանում: Միայն այդ ժամանակ սա կաշխատի, քանի որ կարեւոր է, որ մարդը ձեր բարի հանդիմանությունը չնդունի որպես անձնական վիրավորանք, այլ իր անձի նկատմամբ եղբայրական հոգատարություն: Եվ վերջին տարբերակի մասին:
Քննադատաբար ու խոնարհությամբ մոտեցեք ձեր սեփական անձի նկատմամբ: Հատկապես, եթե քրիստոնյա եք եւ պատասխանատվությամբ եք ուզում մոտենալ այն պարտավորություններին, որ հանձն առաք ձեր մկրտության ժամանակ: Որեւէ մեկս կատարյալ չենք, եւ մեր դիմացինները նույնպես: Հիշո՞ւմ եք, ո՞վ, համաձայն Աստվածաշնչի, առաջինը գնաց դրախտ: Խաչի վրայի բարի ավազակը: Նա, ով կարողացավ իր կյանքի ամենադժվարին ու ցավոտ պահին նայել իր կյանքին, նայել իր ներսը ու ասել՝ ես արժանի եմ սրան, սա իմ սխալ ապրելակերպի հետեւանքն է:
Երբ մեկը ձեզ կոպտում է, դա ձեր կյանքի ամենադժվարին պահը չէ, բայց դուք էլ կարո՞ղ եք, արդյոք, այսպես վարվել ու ասել՝ «մենք իրաւացիորէն արժանի հատուցումն ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք» (Ղկ 23:41): Սա դժվար չէ, պարզապես պետք է ինքնաքննադատաբար մոտենալ սեփական անձին:
Ամեն պարագայում կարեւոր է, որ ձեզ կոպտողի հետ հետադարձ կապը պահեք: Որ նա հասկանա, որ հաղորդվելու հնարավորություն կա ու կամուրջները շուտ չեն այրվում: Ասե՛ք օրինակի համար՝ «ես հասկանում եմ, որ քեզ համար դժվար է, բայց ինձ համար հիմա նույնպես դժվար է: Եկ մի այլ ճանապարհ փնտրենք»: Եթե սա արվի համբերությամբ ու խոնարհությամբ, ապա դիմացինը կտեսնի, որ նույնիսկ այդ զայրույթի մեջ դուք չեք դադարում իրեն սիրելուց: Իսկ անշահախնդիր սիրո առաջ բոլորն էլ հալվում են: Տեսնո՞ւմ եք: Կոպտելուն խաղաղությամբ պատասխանելը եւ հեշտ է, եւ դժվար: Եվ քանի որ դժվար է, դուք էլ ուշադիր եղեք ձեր անձերի նկատմամբ: Մի կոպտեք մարդկանց, երբ տեսնում եք նրանց սխալները: Մեզանից ոչ մեկն էլ ազգի կամ հասարակության խիղճը չէ: Այլ եկեք ամեն մեկս բարիք գործենք մեր անմիջական շրջանակի մեջ: Դրանից սկսենք ու կտեսնենք, թե ինչպես դա տարածվելով կնպաստի ամբողջ հասարակության խղճի առողջացմանը: Եթե ձեզ օգտակար եղավ սա ու մտածել տվեց: Դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ: Թերեւս նրանց էլ օգտակար լինի ու խորհելու առիթ տա: Բարին ընդ ձեզ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/02/27/546098/
© 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից
No comments:
Post a Comment