Thursday, May 28, 2015

Ի՞նչ պատահեց «Զվարթնոց» օդանավակայանում, երբ մի հայ մարդ 60 տարի անց առաջին անգամ այցելեց Հայաստան

Այսօր Ուրբաթ է: Սա իմ վերջին աշխատանքային օրն է գրասենյակում: Ես պարտաստվում եմ իմ առաջին պատմական այցելությանս դեպի հայրենիքս Հայաստան: Ես շատ խանդավառ եմ ու անհանգիստ Զվարթնոց Օդանավակայան իմ ժամանման համար: Ես շատ հուզված եմ, ափսոսում եմ ու ինձ մեղավոր զգում անցյալ 60 տարիների համար, որ սպասել են իմ առաջին ճամփորդությանս համար դեպի իմ սիրելի երազի երկիր Հայաստան: Օհ Աստված իմ: Շնորհակալություն Տէր:

Այս տողերն է երկու շաբաթ առաջ իր Ֆեյսբուկի էջին գրել իմ լավ բարեկամ Լևոն Բաղդասարյանը Հյուսիսային Կարոլինայի Շարլոտ քաղաքում՝ Հայաստան իր առաջին այցելությունից մի քանի օր առաջ:  Գեղեցիկ է, հուզիչ ու անկեծ: Չէ՞ Առողջական խնդիրների պատճառով Լևոնը չի քայլում, ու տեղաշարժվում է սայլակի օգնությամբ:  Բայց նա 4 ժամ քշեց հասավ Ատլանտա, այնտեղից թռավ Փարիզ ու Փարիզից Երևան: Ընտանիքն էլ իր ետևից, իր առաջնորդությամբ, երեք շաբաթվա համար:

Այս երկու պարբերության մեջ արդեն այնքան ազնվություն ու նվիրում կա, որ կարծես բավական էր մի կարճ պատմության համար: Բայց սա ընդհամենը պատմելիք պատմությանս մի կողմն է: Այն գնալով ավելի հետաքրքիր է դառնալու:

Մեր հին ընդհանուր բարեկամներից մեկը, Գասպարյան Գագիկը, ով առաջ բնակվում էր Շարլոտում ու հիմա տեղափոխվել է Հայաստան, տեսավ մեր Լևոնի այս անկեղծ Ֆեյսբուկյան գրառումն ու ինձ հարցրեց, թէ «Լևոնենք ո՞ր թռիչքով են գալիս, ուզում եմ ուրախ անակնկալ մատուցել ու օդանավակայանում իրենց դիմավորել:»

Գագիկը Երևանից դուրս է բնակվում: Նա 1996 թվականի Ատլանտայի Պարա-Օլիմպիական խաղերի մասնակից է ու առողջական դժվարության պատճառով նույնպես տեղաշարժվում է սայլակի օգնությամ: Մարդը ուրախ սրտով ու ծաղիկներով եկավ օդանավակայն ու դիմավորեց Լևոնենց ընտանիքին: Լևոնն ասում է, տեսնես մի ինչ ուրախացանք ու ինչ անսպասելի անակնկալի եկանք՝ Գագիկին այդքան տարիներից հետո օդանավակայանում ծաղիկները ձեռքին տեսնելով... Մնացածն արդեն գիտեք ժողովուրդ ջան: Իրար հետ Հայաստանով դես ու դեն ման գալ, հաց կիսել, տեսնել մեր գեղեցիկ երկիրն ու վայելել նրա օրհնությունը:

Ինչու որոշեցի գրել այս կարճ պատմությունը:

Ես շատ եմ սիրում այսպիսի բաներ, երբ պարզ ու փոքր բաների մեջ, մարդը ցանկանում է մի այլ մարդու հասարակ ուրախություն պատճառել: Քեֆս բերում է: Մարդն առաջին անգամ գալիս է հայրենիք, մյուսն էլ պատահական իմանում է ու ասում, ե՞րբ է գալիս, իմանանք, գնանք դիմավորենք, թող լավ զգա իրեն մարդը, թող առաջին տպավորությունը հայրենիքից կրկնակի ու անսպասելի ուրախություն լինի, թող ուրախ գա մարդը: Իսկական անշահախնդիր մարդկային սեր ու հոգատարություն:

Ինչքան է մեր հասարակության մեջ պակասում սա: Ինչքան է մեր շրջապատում պակասում այս տեսակի վերաբերումնքն իրար նկատմամբ: Կամ թերևս կա ու մենք, ջղաձգված ու պրկված լինելով մեր կրքերով ու մոլուցքներով, չենք կարողանում տեսնել ու հավուր պատշաճի տոնախմբել այս տեսակ սերն իրար նկատմամբ: Պետք է սա իրար:

Սիրելի ընթերցող, ուզու՞մ ես փոփոխություն քո կյանքում: Մեր Քրիստոնեական հավատքից եմ ասում, ամեն առավոտ, երբ աչքերդ բացես ու փառք տաս Աստծուն լույսի համար, թող քո հաջորդ միտքը լինի, «քանի՞ մարդու կարող եմ ես այսօր օգնել, քանի մարդու կարող եմ ես այսօր ուրախացնել, քանի մարդու կարող եմ ես այսօր մխիթարել:» Հավատա՛ երիտասարդ փորձառությանս ու հազարավոր տարիների պատմական փորձին՝ այսպիսի մտածողությամբ դու ավելի կշահես քան թէ կտաս, քեզ ավելի կգա քան թէ քեզանից կգնա: Ու դու գոքդ լեփ-լեցուն կվերցնես՝ դիմացինին ուրախություն ու մխիթարություն հասցնելով: Բարի օր ձեզ սիրելի մարդիկ:

No comments:

Post a Comment