Tuesday, May 26, 2015

Սահման կա մարդկային հոգու մաքրության ու իրեն շրջապատող աշխարհի բարօրության ու ապահովության միջև

Պարզվում է, որ սահման կա մարդկային հոգու մաքրության ու իրեն շրջապատող աշխարհի բարօրության ու ապահովության միջև: Երբ քո հոգին այնքան է կեղտոտվում վատ մտքերով ու չար գործերով, որ դու անցնում ես այդ սահմանը, ապա ամեն ինչ քո կյանքում սկսում է քանդվել ու կործանվել:

Հիշու՞մ էք երբ Աստված Աբրահամին երևաց ու հայտնեց Սոդոմի ու Գոմորի կործանման մասին, քանի որ մեղքերն այնտեղ շատացել էին: Աբրահամը հարցրեց, իսկ եթե 50 արդար գտնվի, կկործանե՞ս: Ասեց չէ: Իսկ եթե 40՞: Չե՛մ կործանի: Իսկ եթե 10՞: «Չեմ կործանի յանուն տասի»։ Եւ Տէրը, վերջացնելով Աբրահամի հետ խօսակցութիւնը, գնաց (Ծն. 18:32-33): Բայց քաղաքում 10 արդար չգտնվեց: Միայն մի քանիսն էին ու Տէրն իրենց ապահով դուրս հանեց քաղաքից, նախքան դրա կործանում:

Մենք շատ ենք մոտենում այս սահմանին, ուր «քաղաքում» այլևս 10 արդար չի մնա: Այս աշխարհը ձեզ խոստանում է առաջադիմություն, բայց ոչ կյանք: Սակայն արի ու տես, որ մենք այդ գիտական առաջադիմությամբ այնքան ենք մոտեցել ինքներս մեզ կործանելու սահմանին, որ մարդկային հպարտությունն ու փառասիրությունը թույլ չի տալիս այլևս ետ գնալ, եթե մենք դա չհաղթենք:
Վաղվա պատերազմները ատոմային ռումբով չեն լինի, այլ կլիմայի կառավարմամբ: Եթե որևէ պետություն իրեն լավ չպահի, կանջատեն անձրևները, կամ կմիացնեն այնքան անձրև որ այն կխեղդվի ջրհեղեղից: Մարդն իր չարության պատճառով հասել է այս աստիճանին: Եթե մենք չզղջանք ու ետ չկանգնենք, ապա տեսեք թէ ուր ենք գնում: Աշխարհը գնում է բացարձակ ստրկության ու այս մասին զգուշացրել է Աստվածաշունչը 2000 տարի առաջ:

Եթե ռուսերեն գիտեք, խնդրում եմ ուշադրությամբ լսեք Ալեքսեյ Օսիպովի այս դասախոսությունը հենց այս նյութի մասին:http://youtu.be/wHG4VeH_Yes Այն խոսվել է 2012 թվականին ու տեսեք թէ ինչքան արդիական է այսօր: Ճիշտ մի ամիս առաջ էր, որ ռադիոյով լսեցի, որ Ամերիկյան գիտնականները լրջորեն ուսումնասիրում են համաշխարհայի կլիմայի կառավարման համակարգ, իբր թէ գլոբալ տաքացումը կանխելու համար: Հարցն այն է, թէ ո՞ր երկրում է գտնվելու այդ «թերմոստատը», որով պիտի կառավարվի այլ երկրների օդի ջերմաստիճանը: Սրանից հետո երբ որ կարդում ես Հայտնության գիրքը, ամեն ինչ մի քիչ ավելի հասկանալի է դառնում:


Սիրելի մարդիկ, եղբայրներ ու քույրեր, խնդրում եմ, լրջությամբ մոտեցեք այս հարցերին: Աշխարհն իսկապես թևակոխում է շատ վտանգավոր մի փուլ, որին մենք բոլորս նպաստում ենք, մեր վատ ու չար մտքերով, մեր եսասիրությամբ, մեր իրար չսիրելով, Աստծուն չճանաչելով ու Նրան ամբողջ ուժով չսիրելով: Սրանից մեզ կփրկի միայն անկեղծ զղջումն ու ետ-դարձը դեպի մեր իսկակայն մարդկային կոչմանը: Ամեն մեկս պետք է մաքրվենք, որ ազատվեքն: Ամեն մեկս պետք է ձգտենք սուրբ կյանք ապրելու: Գոնե որպես առաջին քայլ, ոչ մեկի մասին վատ բան մի մտածեք, ոչ մեկին վատ բան մի ցանկացեք, որևէ մեկին վնաս մի տվեք: Որևէ մեկին մի խաբեք: Քաջություն ունեցեք ճշմարիտ կյանք ապրելու, քանի որ այս մի շանսն ունենք ամեն մեկս:

Քանի դեռ ժամանակ կա, ճանաչեք ձեր Աստծուն, Իր կամքին հակառակ մի ապրեք, որովհետև կվնասեք ինքներդ ձեզ: Իր Խոսքը Կարդացեք (Գոնե 4 Ավետարանները կարդացեք), ու ճանաչեք իր Սերն ու կամքը: Որովհետև, սահման կա մարդկային հոգու մաքրության ու իրեն շրջապատող աշխարհի բարօրության ու ապահովության միջև: Երբ քո հոգին այնքան է կեղտոտվում վատ մտքերով ու չար գործերով, որ դու անցնում ես այդ սահմանը, ապա ամեն ինչ քո կյանքում սկսում է քանդվել ու կործանվել: Չլինի թէ հանկարծ ուշանանք:

-----
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: Ամեն օր կարդացեք Ավետարանն ու ամեն օր աղոթեք ձեր սրտի խորիքից: Նույնիսկ մի պարզ աղոթք, ինչպես օրինակ «Տէր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, Ողորմյա ինձ մեղավորիս»: Բարին ընդ ձեզ: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26

No comments:

Post a Comment