Thursday, May 28, 2015

Ահա համբերության 3 աստիճաններ, որ բացարձակապես ազատում են տխրությունից ու հուսահատությունից

Տխրության զգացումը վատ բան է, ու մարդը դրա համար չի ստեղծվել: Պարզվում է՝ դարերով փորձված ձեւ կա տխրության զգացումից ազատվելու համար: Այն գալիս է մեր քրիստոնեական հավատքից եւ ունի 3 աստիճան: 

Հետեւյալի մասին վկայում են ուղղափառ հավատքի բազում մարդիկ, որոնց պատմությունը սուրբեր է կոչել: 

Առաջին աստիճան 
Նեղություններին պարզապես համբերել է պետք: Մարդկանց մի մեղադրեք: Այլ պարզապես համբերեք: Բոլորս էլ սխալվում ենք, հետեւաբար այդ սխալների վրա աշխատենք, ու իրար չմեղադրենք: 

Երկրորդ աստիճան
Հասեք այս աստիճանին ու ձեր նեղության պահին ասեք. «ախր ես իմ արժանին եմ ստանում»: Քանի անգամ եմ խաբել ու ստել, քանի անգամ եմ բամբասել, իմ նման մարդուն վերեւից նայել, եսասիրություն արել, քանի անգամ եմ բաներ մտածել, որոնց համար ես կամաչեի, եթե մարդիկ իմանան: Ու ահա, ես այսօր, այս նեղության պահին ասում եմ. «ես իմ արժանի հատուցումն եմ ստանում»: Ինչքան քիչ են մարդիկ, ովքեր այսպես են մտածում: Մենք ամեն մեկս մեզ ավելիին ենք արժանի համարում: Քրիստոսի հետ 2 ավազակներ էին խաչում: Երբ մեկը հայհոյում էր, թե՝ «Դու չե՞ս Քրիստոսը. փրկի՛ր ինքդ քեզ եւ մեզ»։ Մյուսը նրան սաստելով՝ ասաց. «Մենք իրավացիորեն արժանի հատուցումն ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, իսկ սա որեւէ վատ բան չի արել»։ Ու դառնալով Հիսուսին՝ ասաց. «Հիշի՛ր ինձ, Տե՛ր, երբ գաս քո թագավորությամբ»։ Եվ ահա Հիսուսի պատասխանը՝ «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես»։ Պարզվում է, որ այս երկրորդ աստիճանը, թե «ես իմ գործերի արժանին եմ ստանում», զարմանալի ազդեցիկ ներգործություն ունի հոգու դարմանման գործում: 

Երրորդ աստիճան 
Այս երրորդն ընդհանրապես ազատում է մարդու հոգին տխրությունից ու հուսահատությունից: Ձեզանից ո՞վ կարող է ասել՝ հիվանդությունը լա՞վ է, թե՞ վատ՝ հավիտենական կյանքի տեսանկյունից: Երբ բժիշկը վիրահատում է, դա մեծ ցավ է, բայց մենք գիտենք, որ դա լավագույնն է մարդու առողջության վերականգնման համար: Եթե իսկական քրիստոնյա ես, ապա հավատում ես, որ Աստված Սեր է (1 Հովհ 4:8): Հետեւաբար, այն, ինչ պատահում է մարդու հետ, լավագույնն է իր կյանքի համար (Հռոմ. 8:28): Լինի դա հիվանդություն, առողջություն, հարստություն կամ աղքատություն: Հետեւաբար 3-րդ աստիճանը՝ ամեն ինչի մեջ իսկապես փառք տվեք Աստծուն: Սրտանց փառք տվեք Աստծուն, համոզումով ու հավատքով, հոգով ու ճշմարտությամբ փառք տվեք Աստծուն: Լինի դա 50 անգամ, 100, թե 1000 անգամ: Աստված իմ, փառք եմ տալիս քեզ, որ սա ուղարկեցիր ինձ: Քանզի ես հավատում եմ, որ սա իմ հոգու համար լավագույնն է: 

Պարզվում է՝ այն մարդը, որը սա անում է շարունակաբար, նրա հոգին միանգամից ազատվում է տխրությունից ու հուսահատությունից: Հոգին խաղաղվում է եւ ահա, այստեղ է, որ սկսվում է իսկական հավատքը՝ իսկական քրիստոնեական սերն Աստծո եւ մարդկանց նկատմամբ: Ահա այստեղ է, որ սկսվում է իսկական հոգեւոր փորձառությունը, ուր չկա ոչ տխրություն, ոչ էլ հուսահատություն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/05/08/569289/ 

© 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

No comments:

Post a Comment