Tuesday, May 26, 2015

Ինչպես Պատրաստվել Ավագ Ուրբաթին

Ողջույն բարեկամներ: Ավագ Ուրբաթն ահա մոտենում է: Մնացին 12 օրեր: Դա այն օրն է, որ մեր Տէրը խաչվեց ու իր վրա վերցրեց աշխարհի մեղքը: Այդ օրը լավ կլինի, որ մեզանից ամեն մեկը տարբեր ու հատուկ կերպով ապրի իր օրը՝ զղջալով իր ապրած սխալների ու բացթողումներ համար, կողքինի նկատմամբ անտարբեր լինելու ու չսիրելու համար, Աստուծո սիրով մի օր ուրախանալու իսկ հաջորդ օրն այն մեղքով անպատվելու համար, մեծամտության, եսասիրության, փառասիրության ու ատելության համար: 

Եթե դուք ամեն օր զղջման պահեր չունեք ձեր աղոթքներում ու սրտերում ապա Ավագ Ուրբաթ օրը դժվար կլինի: 

Դրա համար պետք է պատրաստվել: Նույնիսկ եթե պահք չէք պահում ու չէք ձգտում կատարյալ լինելուն (Մաթ. 5:48), եկե՛ք այսօրվանից պատրաստվենք: Ամեն օր այս աղոթքն ասեք բազում անգամներ: «Տէր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, օգնիր ինձ տեսնել իմ սխալներն ու զղջալ դրանց համար»: 

Կամ այսպես աղոթեցեք, «Տէր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, ողորմյա ինձ մեղավորիս»: Երթուղայինի մեջ լինեք, թէ աշխատանքի վայրում, քայլելիս թէ նստած, շարունակ ասեք այս աղոթքը, միայն թէ ուշադրությամբ, սրտով, հոգով: 

Մի թողեք որ միտքը շեղվի: Հավատացեք ձեր ասած խոսքերին: 

Այսպիսով ձեզանից ամեն մեկն ավելի այլ կերպ պատրաստ կլինի Ավագ Ուրբաթ օրվան՝ օր, երբ ամեն մեկս պետք է հիշենք, թէ Աստված ինչ արեց մեզ համար, ինչքան սիրեց մեզ, իսպառ սիրեց մեզ (Հովհ 13:1): Ու մենք էլ մեր սրտերից անմաքրությունը զղջման միջոցով մաքրելով, հեռացնենք ամեն չար բան մեր սրտերից ու մտքերից: Եվ չարը կհեռանա մեր սրտեից ու Լույս Հիսուսը կթագավորի այնտեղ իր կամքով: Այդ Լույսի ուժով չար խավարը կհեռանա մեր սրտից ու մտքից, մեր շրջապատից, մեր կողքի մարդկանցից, մեր փողոցներից ու բարկերից, մեր քաղաքներից ու հայրենիքից, մեր սահմաններից ու անդին: Ու իսկական ՍԵՐԸ կմնա մեր մեջ:

No comments:

Post a Comment