Thursday, May 28, 2015

Այս աշխարհից մյուս աշխարհ գնալը նման է շորերը փոխելուն

Շորերը փոխելուց մարդը թարմանում է: Իսկ հին շորերի վրա նոր շորեր հագնելը մարդուն չի թարմացնում: Դրա համար ենք ասում «գնա շորերդ փոխի:» Պողոս առաքյանլ ասում է այս աշխարհից մյուս աշխարհ գնալը նման է շորերը փոխելուն: Բայց, ասում է, դուք հառաչում էք, որովհետև ոչ թէ մտածում էք շորերը փոխելու մասին, այլ ուզում էք հին շորերի վրա նոր շորեր հագնել (Բ Կորնթ 5:4): Բայց մի մտահոգվեք ու մի վախեցեք: Աստված պատրաստում է ձեզ այդ փոփոխությանն ու ձեզ տվել է իր Սուրբ Հոգին որպես առհավատչյա: (Բ.Կորնթ 5:5): 

Բարի օր սիրելի մարդիկ: Ձեր օրն ապրեք, մտածելով որ ձեր երկնավոր Հայրը ձեզ պատրաստում է այն բոլոր փոփոխություններին, որ անհրաժեշտ են ձեր կյանքերի համար, քանի դեռ դուք սիրում էք Նրան ու պահում Իր պատվիրանները, որ նույնպես մեր բարիքի համար են տրված: Եթե սա ձեզ հոգեպես օգտակար եղավ, դուք էլ խնդրում եմ տարածեք ձեր ընկերներին:

Գիտե՞ք որ Աստված հատուկ գարանտիա է տվել որ հավիտենական կյանքը կա

Մահից մի վախեցեք: Գիտե՞ք որ Աստված հատուկ գարանտիա է տվել որ հավիտենական կյանքը կա: Կասկածելու կարիք այլևս չկա: Ու այդ գարանտիան իր Սբ. Հոգին է: Միայն թէ շատ-շատերն այդ գարանտիան չեն զգում ու ապրում, որովհետև իրենց անհավատության պատճառով չեն կարողանում ընդունել Սբ. Հոգուն: Գարանտիա բառի Հայերեն համարժեքը «առհավատչյա»ն է: Ես հատուկ այդ բառը գրեցի, որպեսզի իմաստն ավելի լավ հասկացվի: Երբ Հիսուսն ասում է մի վախեցեք, մի մտահոգվեք, թող ձեր սրտերը չխռովեն, դրանք պատահական խոսքեր չեն: Հայրն իր Հոգին է ուղարկում իր զավակների վրա ու ասում, չկասկածես, տես թէ ինչ եմ անում, տես թէ ինչպես եմ հես փոխելու քո կյանքը: «Եւ Աստուած է, որ մեզ պատրաստում է այս փոփոխութեանը, նա, որ տուեց մեզ Հոգու առհաւատչեան» (Բ.Կորնթ 5:5): Աստուծո Սբ. Հոգին մերժելուց վախեցեք: Մահից մի՛ վախեցեք:

Ամեն մարդու Աստված որոշակի շնորհ է տալիս՝ այսինքն ընդունակություն ինչ որ բան անելու

Ամեն մարդու Աստված որոշակի շնորհ է տալիս՝ այսինքն ընդունակություն ինչ որ բան անելու: Պողոս առաքյալն ասում է (Բ Կորնթ. 4:15), որ այդ շնորհն առատանում է, երբ մարդը գոհություն է հայտնում դրա համար ու արտահայտում:  «քանզի ամէն ինչ ձեզ համար է, որպէսզի շատերի գոհութեամբ առատացած շնորհը աւելանայ ի փառս Աստծու (Բ.Կորնթ. 4:15): Հետևաբար, ինչ լավ կլինի եթե ամեն մեկս ապրենք մեր հավատքը, վկայենք մեր հավատքի մասին մեր էջերին, մեր հարևաններին, հավաքույթներին ու խնջույքների սեղանների շուրջը: Այսպիսով՝ ավելի շատ մարդիկ կլսեն ձեզանից Հիսուսի մասին ու այսպիսով Աստուծո Խոսքը նրանց էլ կկպնի, կամ կքաջալերի: Սիրելիներ, ուշադիր եղեք թէ ինչ էք կիսում Ֆեյսբուքում ձեր էջերին: Չլինի թէ մեկը չիմանալով գայթակղվի ու Աստված ձեզ մի օր պատասխանատվության կանչի այդ բանի համար: Մինչդեռ, ավելի լավ է ճշմարտության ու բարության մասին վկայել, որպեսզի Շնորհն առատանա տարածվելով:

ժողովուրդ ջան ձեր աչքերը դրեք անտեսանելի բաների վրա, որ հավիտենական են

Այն ամենն, ինչ մենք տեսնում ենք մեր աչքերով՝ ժամանակավոր են: Իսկ ինչ որ մենք չենք տեսնում, հավիտենական են: Դրա համար Պողոս առաքյալն ասում է (Բ Կորնթ. 4:18), ժողովուրդ ջան ձեր աչքերը դրեք անտեսանելի բաների վրա, որ հավիտենական են (հավատ առ Քրիստոս, հոգու մաքրություն, հոգու անմահություն, բարություն, նվիրում, սեր), այլ ոչ թէ այն բաների վրա որ տեսնում էք ու ժամանակավոր են ու անցողիկ (փող, հարստություն, պաշտոն, մարդկանցից-փառք): Բայց չար սատանան ձեզ ու ինձ միշտ ուզում է հրապուրել ու գայթակղել այս տեսնաելի ու ժամանակավոր բաներով, որպեսզի հեռացնի Աստծուց ու կործանի: Զգույշ եղեք, արթուն կացեք ու հավատքով պայքարեք այս հակառակորդի դեմ:

Աստղագուշակներն ու բախտ նայողները սրբապատկերներ են պահում իրենց մոտ ու աղոթքներ ասում ձեզ խաբելու համար

Աստղագուշակներն ու բախտ նայողները սրբապատկերներ են պահում իրենց մոտ ու աղոթքներ ասում ձեզ խաբելու համար, այլ ոչ թէ նրանց զորությունն Աստծուց է: Աստվածաշնչում գրված է, որ սրանք և ժամանցի համար սրանցով զբաղվողները գարշելի են Աստուծո առաջ: Սրանք ձեզ ցույց կտան որ աղոթում են, բայց դա միայն իրենց բերաններն են, որ աղոթում են, իրենց սրտերը չեն աղոթում: Դուք էլ, որ ոչ Ավետարան էք կարդում, ոչ էլ պատվիրան սովորում, կխաբնվեք ու կմտածեք թէ, «հա էլի, սրանք էլ Աստծուց են, հլը տես համ հրաշք են անում համ էլ աղոթում:» Սրանք Քրիստոսի թշնամիներն են, մի գնացեք սրանց մոտ, մի տարածեք սրանց հետ կապված ոչ մի բան: Դուք ձեր միամիտ սրտերն էք բացում սրանց առաջ իսկ սրանք հրաշք կատարելով, կեղտոտ ոտքերով, զզվելի տեսքով ներս են մտնում ձեր սրտերի մեջ ու կեղտոտում ձեր ամբողջ տունը: Մի գնացեք սրանց մոտ, «որովհետեւ Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղւում է այդպիսի բաներով. այդպիսի գարշելի բաների համար է, որ Տէրը նրանց վերացնում է քո միջից։ Քո Տէր Աստծու առջեւ կատարեալ պէտք է լինես» (Բ.Օր 18:12,13): Դրա համար Սբ. Հովհաննես Առաքյալը ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. «Սիրելինե՛ր, մի՛ հաւատացէք ամէն մի հոգու, այլ փորձեցէ՛ք հոգիները, թէ արդեօք Աստծո՞ւց են, որովհետեւ բազում սուտ մարգարէներ են երեւան եկել աշխարհում» (Ա. Հովհ. 4:1): Հիիմա տեսնու՞մ էք թէ սրանք ինչու են սրբապատկերներ պահում ու աղոթքներ ասում: Ժողովուրդ ջան մի խաբնվեք: Ձեզ ահավոր շատ կվնասեք:

Ի՞նչ պատահեց «Զվարթնոց» օդանավակայանում, երբ մի հայ մարդ 60 տարի անց առաջին անգամ այցելեց Հայաստան

Այսօր Ուրբաթ է: Սա իմ վերջին աշխատանքային օրն է գրասենյակում: Ես պարտաստվում եմ իմ առաջին պատմական այցելությանս դեպի հայրենիքս Հայաստան: Ես շատ խանդավառ եմ ու անհանգիստ Զվարթնոց Օդանավակայան իմ ժամանման համար: Ես շատ հուզված եմ, ափսոսում եմ ու ինձ մեղավոր զգում անցյալ 60 տարիների համար, որ սպասել են իմ առաջին ճամփորդությանս համար դեպի իմ սիրելի երազի երկիր Հայաստան: Օհ Աստված իմ: Շնորհակալություն Տէր:

Այս տողերն է երկու շաբաթ առաջ իր Ֆեյսբուկի էջին գրել իմ լավ բարեկամ Լևոն Բաղդասարյանը Հյուսիսային Կարոլինայի Շարլոտ քաղաքում՝ Հայաստան իր առաջին այցելությունից մի քանի օր առաջ:  Գեղեցիկ է, հուզիչ ու անկեծ: Չէ՞ Առողջական խնդիրների պատճառով Լևոնը չի քայլում, ու տեղաշարժվում է սայլակի օգնությամբ:  Բայց նա 4 ժամ քշեց հասավ Ատլանտա, այնտեղից թռավ Փարիզ ու Փարիզից Երևան: Ընտանիքն էլ իր ետևից, իր առաջնորդությամբ, երեք շաբաթվա համար:

Այս երկու պարբերության մեջ արդեն այնքան ազնվություն ու նվիրում կա, որ կարծես բավական էր մի կարճ պատմության համար: Բայց սա ընդհամենը պատմելիք պատմությանս մի կողմն է: Այն գնալով ավելի հետաքրքիր է դառնալու:

Մեր հին ընդհանուր բարեկամներից մեկը, Գասպարյան Գագիկը, ով առաջ բնակվում էր Շարլոտում ու հիմա տեղափոխվել է Հայաստան, տեսավ մեր Լևոնի այս անկեղծ Ֆեյսբուկյան գրառումն ու ինձ հարցրեց, թէ «Լևոնենք ո՞ր թռիչքով են գալիս, ուզում եմ ուրախ անակնկալ մատուցել ու օդանավակայանում իրենց դիմավորել:»

Գագիկը Երևանից դուրս է բնակվում: Նա 1996 թվականի Ատլանտայի Պարա-Օլիմպիական խաղերի մասնակից է ու առողջական դժվարության պատճառով նույնպես տեղաշարժվում է սայլակի օգնությամ: Մարդը ուրախ սրտով ու ծաղիկներով եկավ օդանավակայն ու դիմավորեց Լևոնենց ընտանիքին: Լևոնն ասում է, տեսնես մի ինչ ուրախացանք ու ինչ անսպասելի անակնկալի եկանք՝ Գագիկին այդքան տարիներից հետո օդանավակայանում ծաղիկները ձեռքին տեսնելով... Մնացածն արդեն գիտեք ժողովուրդ ջան: Իրար հետ Հայաստանով դես ու դեն ման գալ, հաց կիսել, տեսնել մեր գեղեցիկ երկիրն ու վայելել նրա օրհնությունը:

Ինչու որոշեցի գրել այս կարճ պատմությունը:

Ես շատ եմ սիրում այսպիսի բաներ, երբ պարզ ու փոքր բաների մեջ, մարդը ցանկանում է մի այլ մարդու հասարակ ուրախություն պատճառել: Քեֆս բերում է: Մարդն առաջին անգամ գալիս է հայրենիք, մյուսն էլ պատահական իմանում է ու ասում, ե՞րբ է գալիս, իմանանք, գնանք դիմավորենք, թող լավ զգա իրեն մարդը, թող առաջին տպավորությունը հայրենիքից կրկնակի ու անսպասելի ուրախություն լինի, թող ուրախ գա մարդը: Իսկական անշահախնդիր մարդկային սեր ու հոգատարություն:

Ինչքան է մեր հասարակության մեջ պակասում սա: Ինչքան է մեր շրջապատում պակասում այս տեսակի վերաբերումնքն իրար նկատմամբ: Կամ թերևս կա ու մենք, ջղաձգված ու պրկված լինելով մեր կրքերով ու մոլուցքներով, չենք կարողանում տեսնել ու հավուր պատշաճի տոնախմբել այս տեսակ սերն իրար նկատմամբ: Պետք է սա իրար:

Սիրելի ընթերցող, ուզու՞մ ես փոփոխություն քո կյանքում: Մեր Քրիստոնեական հավատքից եմ ասում, ամեն առավոտ, երբ աչքերդ բացես ու փառք տաս Աստծուն լույսի համար, թող քո հաջորդ միտքը լինի, «քանի՞ մարդու կարող եմ ես այսօր օգնել, քանի մարդու կարող եմ ես այսօր ուրախացնել, քանի մարդու կարող եմ ես այսօր մխիթարել:» Հավատա՛ երիտասարդ փորձառությանս ու հազարավոր տարիների պատմական փորձին՝ այսպիսի մտածողությամբ դու ավելի կշահես քան թէ կտաս, քեզ ավելի կգա քան թէ քեզանից կգնա: Ու դու գոքդ լեփ-լեցուն կվերցնես՝ դիմացինին ուրախություն ու մխիթարություն հասցնելով: Բարի օր ձեզ սիրելի մարդիկ:

Դուք խոստում ունեք, որ ձեր հակառակորդը չունի

Եթե դուք ձգտում էք ապրել Տէր Հիսուսի պատվիրաններով ու մարտահրավերները պաշարել են ձեզ, մի՛ վախեցեք: Որովհետև դուք խոստում ունեք, որ ձեր հակառակորդը չունի: Նա խոստացավ, որ «կը լցնի ձեր կարիքները իր հարստութեան չափով, փառքով, Քրիստոս Յիսուսի միջոցով» (Փլպ 4:19)» Նաև ասեց որ ամեն մեկիս տվել է այնքան շնորհք, որ բավական լինի մեզ ու իր «զօրութիւնը տկարութեան մէջ է ամբողջական դառնում» (Բ.Կր 12:9): Նա նաև խոստացավ, որ փորձությունները չեն հաղթի իր երեխաներին ու Նա միշտ ելքը ցույց կտա, նույնիսկ ամենաանհավանական իրավիճակներում (1 Կորնթ. 10:13): Միայն թէ եթե շարունակեք սիրել Իրեն ու պահել Տէր Հիսուսի պատվիրանները, որպեսզի ընդունենք Սբ. Հոգին: -- Բարի օր սիրելի մարդիկ: Խնդրում եմ կիսեք ձեր ընկերենրի հետ, եթե Աստուծո խոսքից այս մեջբերումները ձեզ մխիթարեցին:

Ձեր մեջ Աստուծո Սերմը Կա, որ Նա Աճեցնում է

Երբեք մի հուսահատվեք, որովհետև ձեր մեջ Աստուծո սերմը կա: Ու Աստված է, որ այն աճեցնում է (1 Կրնթ. 3:5): Եթե զգում էք, որ այդ սերմը չի աճում, ուրեմն մի բան կա ձեր ներսում, որ խանգարում է: Ձեր ներսը նայեք ու փորձեք այնտեղ գտնել այն, ինչ խանգարում է այդ սերմի պտղաբերությանը: Դուք Աստուծո կառույցն էք: Ձեր մեջ հզորագույն սիրո ներուժ կա: Աստուծո Արքայությունը կա ձեր ներսում (Ղուկ. 17:21): - Բարի օր սիրելի մարդիկ: Եթե սա ձեզ մխիթարեց, դուք էլ տարածեք ձեր ընկերներին խնդրում եմ:

Միայն Սուրբ Հոգու տված ուժով է, որ մարդը կարող է դիմադրել չարին ու հաղթել

Միայն Սուրբ Հոգու տված ուժով է, որ մարդը կարող է դիմադրել չարին ու հաղթել: Ինչ է ասում Աստված Նոր Կտակարանում: Վստահիր իրեն, փորձությունը գալու է ու դա Աստծուց չէ: Եթե դու հնազանդվում ես Աստուծո պատվիրաններին (Գրծ 5:32), Սուրբ Հոգին քեզ ընդունակություն և ուժ կտա չարին դիմադրելուև հաղթելու: «Ձեր վրայ ոչ մի փորձութիւն չի եկել, բացի մարդկանցից եկածից։ Բայց հաւատարիմ է Աստուած, որ ձեզ աւելի փորձութեան մէջ չի գցելու, քան կարող էք տանել. այլ՝ փորձութեան հետ փրկութեան ելք էլ է ցոյց տալու, որպէսզի կարողանաք համբերել» (Ա.Կորնթ. 10:13): Բայց եթե չես հնազանդվում Աստուծո պատվիրաններին ու անում ես այն ինչ ԴՈՒ ես ուզում, ապա քեզ չի տրվի Սբ. Հոգին, ու դու քո թշնամու դիմաց կմնաս մեն մենակ: Շատ մարդիկ այսպես են վարվում, դրա համար էլ իրենց մոտ ոչինչ չի ստացվում, ու ասում են բա ու՞ր ա Աստված: --- Բարի օր սիրելի մարդիկ: Եթե սա ձեզ օգտակար եղավ, դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ խնդրում եմ:

Սուրբ Հոգին տրվում ու գործում է այն մարդկանց մեջ, ովքեր հնազանդվում են Աստծուն

Մարդիկ Սուրբ Հոգուն չեն ճանաչում, որովհետև Աստծուն սիրելն ու Աստուծո պատվիրաններին հնազանդվելը նրանց կյանքի ամենակարևոր նպատակները չեն: Մի բան, որ գիտես մեղք է ու գիտակցաբար շարունակում ես դա անել, ընդունելի չէ Աստծո համար: Մեզ թվում է, թէ գնացինք մկրտվեցինք, Սբ. Հոգին ստացանք, ու կարող ենք ապրել մեղքով ու Սուրբ Հոգին էլ կ՛հնազանդվի մեզ: Այդպես չէ: Պետրոս առաքյալը, որ 3 տարի Հիսուսի հետ էր, ներկա էր եղել Վերջին Ընթրիքին, Ստացել էր Սուրբ Հոգին ու ապրում էր Սուրբ Հոգով, ասում է. «... Սուրբ Հոգին, որը Աստուած տուեց իրեն հնազանդուողներին» (Գրծ 5:32): Տեսա՞ք: Ուրեմն Սուրբ Հոգին տրվում ու գործում է այն մարդկանց մեջ, ովքեր հնազանդվում են Աստծուն: Այլ ոչ թէ նրանց, ովքեր իրենց կոչում են Քրիստոնեաներ ու անում այն ինչ իրենք են ուզում օրվա ընթացքում, հետո էլ աղոթքի կանգնում ու ասում, «Հայր մեր... թող քո կամքը լինի երկրի վրա ինչպես երկնքում:» Ժողովուրդ ջան, Աստուծո Խոսքին շատ լուրջ մոտեցեք, որպեսզի կարողանաք Սբ. Հոգով ապրել ու ազատվել այն բոլոր կրքերից, որ խանգարում են մեզ հասնել երջանկության ու լավ կյանքի:

Դուք միայն հավատքով աղոթեցեք ու Աստված ամեն ինչ կանի ձեր բարիքի համար

Առակաց Գրքում ասում է, Աստված թագավորի սիրտը որ կողմն ուզենա այն կողմն էլ կդաձնի, ինչպես ջրի հոսանքը (Առակ. 21:1): Երբ ձեզ անկարող զգաք ու մտածեք ոչ չէք կարողանում մարդկանց սրտերը փոխել, ապա հիշե՛ք այս պարբերությունը Աստուծո խոսից: Նա ամբողջ տիեզերքն է կառավարում ու ձեր Հայրն է: Նույնիսկ թագավորի սիրտը որ կողմ ուզենա այն կողմ էլ կփոխի: Դուք միայն հավատքով աղոթեցեք ու Աստված ամեն ինչ կանի ձեր բարիքի համար (Հռոմ. 8:28): --- Սիրելի մարդիկ բարի լույս ձեզ: Եթե սա ձեզ մխիթարեց և ուրախացրեց ձեր սիրտը, դուք էլ խնդրում եմ կիսեք ձեր ընկերների հետ և ուրախացրեք նրանց:

Ինչ է երջանկությունը Քրիստոնեության մեջ

Ինչպես լինել երջանիկ այսքան պատերազմների ու տառապանքների մեջ:

ԻՆՉ Է ՏԽՐՈՒԹՅՈՒՆԸ
Նախ տեսնենք թէ ինչու ենք տխրում: Մարդկային սիրտը բնականաբար ձգտում է երջանկության: Չարը մարդուն առաջարկում է սխալ ուղղություն, մարդուն հրապուրելով այս աշխարհի երջանկությամբ - հարստություն, պատիվ, ճոխ շորեր ու կահույք, ոսկի, իշխանություն, մեծ տուն, ավտո, սիրուն պարտեզներ, ճոխ քեֆեր ու արձակուրդնե 5-աստղանի հյուրանոցներում: Քրիստոնեությունը չի ասում սրանք վատ են, բայց ասում է, եթե ձեր նպատակը միայն սա է, կամ առաջին հերթին սա է, ապա դուք կխաբնվեք, կտխրեք ու կհիասթափվեք: Հասնեք սրանց թէ չէ: Կտխրեք եթե չհասնեք, ու ձեզ կասեն, բախտը չբերեց: Ոմանք էլ սպանում են ու թալանում, որպեսզի հասնեն: Իսկ նրանք էլ որ հասնում են, շուտ ձանձրանում են ու հոգնում: Արդյուքնում մարդը տառապում է:

ՃԻՇՏ ՆՊԱՏԱԿ Է ՊԵՏՔ ՄԱՐԴՈՒՆ
Միայն ուղիղ Քրիստոնեական կյանքի մեջ է (սեր առ Հիսուս, աղոթք, ծոմապահություն), որ մարդը սկսում է իր առաջ ավելի բարձր նպատակ դնել: Փորից ու կայֆից վեր բարձրանալ: Իմաստ փնտրել իր կյանքի մեջ ու գտնել դա հավիտենական կյանքի մեջ: Միայն այս ժամանակ է, որ մարդը՝ Քրիստոսի սիրելին, քիչ-քիչ հասկանում է որ աշխարհի սկսբից ի վեր նա եղել է ամբողջ արարչության փոքրիկ մասնիկը և նա հետևաբար անքակտելիորեն կապված է Աստծուն և Աստծո ծրագրին: Հետևաբար, մարդը այստեղ հասկանում է, որ ամեն բան, բարի կամ չար, որ նա անում է կամ ՄՏԱԾՈՒՄ իր ՍՐՏԻ մեջ, այս կամ այն կերպով ազդում է Աստուծո փրկչագործությամ հանդեպ եկեղեցու վկայության վրա:

Հիսուսն ասում է, ժողովուրդ ջան, սիրելիս, ավելի բարձր բաներ կան, դուք երկնքում ստեղծող ունեք, հո հենց նենց չեղաք՞ Էդ ստեղծողը ձեզ շատ շատ սիրում է, ձեր Հայրն է: Ու Ինքը ձեզ համար հավիտենական, մշտական կյանք է ստեղծել: ՄԻ վախեցեք մահվանից: Չէ՞ որ կյանքը իմաստ չէր ունենա եթե այն միայն 60-80 տարվա համար լիներ: Դրա համար եմ ասում նախ փնտրեցեք երկնքի արքայությունը, մնացած մանր մունր բաները ձեզ ավելիով կտրվեն (Մաթ. 6:33): Եթե դուք ՆԱԽ փնտրեք ու հավատաք ճշմարիտ արժեքին:

ԻՆՉՆ Է ԵՐՋԱՆԿԱՑՆՈՒՄ ՄԵԶ
Ինչպես երջանիկ լինել այս դաժան աշխարհում երբ չորս կողմը պատերազմ է, կործանում ու թալան: Քանի որ շատերի մոտ չի ստացվում, ուրեմն կամ չկա նման բան (անհավատն է ասում), կամ սխալ ճանապահով ենք գնում, կամ էլ ձևը չգիտենք: Խոսքն ամենևին այս աշխարհի ձևով իմացած եսակենտրոն երջանկության մասին չէ (ես լավ ու ապահով լինեմ, ինձնից հետո թեկուզ ջրհեղ): Ամենևին ոչ: Ըստ մեր հավատքի իմաստը հետևյալն է - հարաբերություն Աստուծո հետ և համոզիչ գիտակցություն, որ հավիտենական կյանք կա Աստուծո մոտ, որտեղ այս աշխարհի հոգսերն այլևս չեն լինելու: Այս ճշմարտության նկատմամբ ունեցած աներեր հույսը իսկական երջանկություն է բերում մարդու սրտում, որովհետև խոսքը կարճ ու անցողիկ հաճույքի մասին չէ, այլ հավիտենական ՀՈՒՅՍԻ:

Հենց այս ճշմարտությունը մեր համար դառնում է համոզիչ իրականություն, մարդը սկսում է զգալ մի զարմանալի ուրախություն իր ներսում, անկախ արտաքին հանգամանքներից:
Իսկ այս հույսը, որ երջանկություն ու Հիսուսի խոստացած խաղաղությունն է տալիս մեր սրտերին (չէ՞ որ զգացմունքները մենք ապրում ենք մեր ներսում) պիտի հաստատ համոզում լինի: Այդ վիճակի մեջ տատանվել չկա: Այ օրինակ, չէք կարող դուք այս վիճակը վայելել ու ասենք բախտագուշակի մոտ գնալ, կամ էլ աստղագուշակության նայել: Ուրեմն դուք չէք հավատում 100 տոկոսով: Իսկ առաքյալն ասեց, թերահավատները թող ոչ մի բան չսպասեն Աստծուց (Հակոբոս 1:7):

Հենց դու ունես այս 100 տոկոսանոց հավատքն ու համոզումը, դու սկսւմ ես այլ կերպով մտածել ամեն ինչի մասին: Քո միտքը փոխվում է որովհետև դու ՀԱՎԱՏՈՒՄ ես, որ Հիսուս Քրիստոսը, Աստուծո Որդին հաղթել է ամեն տառապանք, հաղթել է մահվանն ու Աստուծո Սուրբ Հոգին տրված է մարդուն դեպի ազատության ու կյանք առաջնորդելու համար: Դու էլ չես վախենում (Հովհ. 14:1, 16:33): Դու հավատում ես որ այս հոգսերը ժամանակավոր են, ու ամեն հոգս հոգացված է, ու Հոր մոտ, այնտեղ, չկա ոչ ցավ, ոչ տառապանք: Նույնիսկ այստեղ, քեզ ոչ մի վատ բան չի կարող պատահել, որովհետև չարը քեզ չի դպնի (1 Հովհ 5:18, 91րդ Սաղմոս, Հոբ 5:19) ու ամբողջ երկիրը լի է ՊԱՊԱՅԻ փառքով (Եսայի 6:3):

Քո միտքը այս համոզումից սկսում է փոխվել: Ուրիշ զգացողություն է սկսում լցնել քո սիրտը: Ու ոչ ոք չի կարող այդ ուրախությունը քեզանից վերցնել, խոստացավ Հիսուսը (Հովհ. 16:22): Իսկ Հիսուսը հենց դրան էր կոչում, թէ էրէխեք ջան երկնքի արքայությունը մոտեցել է, փոխե՛ք ձեր մտածողությունը, որովհետև ՊԱՊԱՆ լիքը լավ բաներ ա պատրաստել ձեր համար: Հայերենում այդ մտածողություն փոխելը կոչվում է ապաշխարություն:

--------
Սիրելի մարդիկ, եթե սա ձեզ օգնեց ու մխիթարեց, դոք էլ խնդրում եմ կիսեզ ձեր ընկերների հետ, որպեսզի ավելի շատ մարդկանց օգտակար լինի ու մարդիկ իրենց կյանքերը չապրեն տխրության մեջ: Շնորհակալություն:

Պատկերացնու՞մ էք մի կյանք ուր անհնար բան չկա

Պատկերացնու՞մ էք մի կյանք ուր անհնար բան չկա ու ամեն ինչ հնարավոր է: Ինչքան էլ զարմանալի թվա, ահա այսպիսի կյանք Տէր Հիսուսը խոստացավ նրանց, ովքեր գոնե մանանեխի հատիկի չափ հավատք կունենան: Նա ասեց «որևէ բան ձեզ համար անհնար չի լինի» (Մաթ. 17:20): Հենց տենց էլ ասեց, «որևէ բան ձեզ համար անհնար չի լինի»: Ահա ձգտեք այսպիսի հավատքի, ձգտեք այպիսի համոզմունքի, ու փոխեք ձեր կյանքը դեպի ուրախություն: Հավատու՞մ էք, «որևէ բան ձեզ համար անհնար չի լինի» (Մաթ. 17:20): 

Բարի լույս ձեզ սիրելի մարդիկ: Եթե սա ձեր մեջ հույս ավելացրեց, դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որ Աստուծո խոսքը նրանց սրտերն էլ լցնի հույսով և ուրախությամբ:

Ինչու Աստված իր Սուրբ Հոգին ուղարկեց իրեն հավատացողներին

Եթե դուք նույնիսկ մի պահ կասկածեք Աստուծո ներկայության կամ սիրո վրա ու ձեզ մենակ զգաք, ապա միշտ հիշեք թէ ինչու Նա իր Սուրբ Հոգին ուղարկեց իրեն հավատացողներին: Առաքյալն ասում է, որպեսզի Աստուծո սերը սփռվի մեր սրտերում (Հռոմ 5:5): Տեսնու՞մ էք: Մարդը ո՞վ է, որ Նա բանի տեղ է դնում մեզ: Բայց Նա իր Հոգին է թափում իրեն սիրողների ու այն ընդունողների վրա (Գործք 2:17), որպեսզի իր ՍԵՐԸ սփռի մեր սրտերում: Ուրեմն ձեր օրը թող սկսվի այս հզոր մխիթարությամբ, որովհետև կյանքում չկա ավելի մեջ ուրախություն, քան Աստուծո Հոգին ու Սերն ընդունել ձեր սրտում: 

Բարի օր սիրելի մարդիկ: Եթե սա ձեր սրտերը մխիթարեց, դուք էլ խնդրում եմ այն կիսեք ձեր ընկերների հետ ու պատմեք ձեր աշխատավայրում՝ մխիթարանք ու սեր հոսեցնելով ձեր սրտերից:

Երջանկության հասնելու ճանապահին մեզ խանգարող բաները

Երջանկության հասնելու ճանապահին մեզ խանգարող բաները ոչ թէ դիմացի մարդու սխալներն են, այլ բոլոր կրքերն ու մոլուցքները որ նստած են ամեն մարդու ներսում և իշխում են նրան: Հպարտությունը, նախանձը, ստախոսությունը, ատելությունը, ագահությունը, փառասիրությունն ու եսասիրությունը: Սրանք մեր «ստրկատերերն» են (Հովհ. 8:34), ու կռվում են մեր դեմ, մեզ ստրկացնելով (Հռոմ. 7:26): Մենք գիտեքն որ ստելը վատ բան է, բայց ստում ենք, որովհետև չենք կարողանում հաղթել դրան: Հիմա. Ով որ հասկանա սա, այն ժամանակ կհասկանա որ իրեն փրկիչ է պետք, որպեսզի այս վիճակից դուրս գա ազատության ու մաքուր սրբության: Իսկ եթե չհասկանաք ու չգաք այս վիճակին որ «հոգով աղքատ» էք ու չունեք միջոց այս ստրկությունից ազատվելու համար, ապա ձեզ փրկիչ պեք չի գա, ու դուք Աստծուն կձգտեք ու կաղոթեք միայն ձեր նպատակներին հասնելու համար: Հիսուսն ասեց, որ ինքն է այդ ՓՐԿԻՉԸ ու եկել է մեզ ազատելու (Հովհ. 8:32): Հենց իրեն այսպես էք դիմում (Տէր հասիր, ես չեմ կարողանում մենակ պայքարել սրանց դեմ), նա գալիս է ներս ու կյանքի մնացած մասը դառնում է հաղթական պայքար այս չարիքի դեմ: «Ով հաղթի, նրան թոյյլ կտամ նստելու ինձ հետ իմ աթոռին, ինչպէս որ ես հաղթեցի եւ նստեցի իմ Հոր աթոռին։ (Հայտն. 3:21) 

Խնդրում եմ եթե ձեզ սա օգտակար եղավ, կիսեք նաև ձեր ընկերների հետ, որպեսզի մարդիկ ազատության ճանապահը տեսնեն, համաձայն մեր հավատքի:

Դուք մի բաժակ ջուր էք ուզում, ինքն ասում է, ես քեզ ուզում եմ օվկիանոս տալ

Դուք մի բաժակ ջուր էք ուզում, ինքն ասում է, ես քեզ ուզում եմ օվկիանոս տալ: Մի սահմանափակեք Աստուծո հնարավորությունը ձեր կյանքի մեջ: Առաքյալ մարդը Եփեսացիների ասում է, որ Աստված «կարո՛ղ է աւելին անել, առաւել առատութեամբ, քան այն ամէնը, ինչ մենք խնդրում ենք եւ մտածում...»: Տեսնում էք՞ ինչ բառեր է օգտագործում: Բայց նաև ավելացնում է, որ Աստված կարող է հրաշքներ գործել ձեր կյանքում «ըստ այն զօրութեան, որ գործում է մեր մէջ:» (Եփ 3:20): Իսկ թէ Աստված ինչ զորությամբ կգործի ձեր մեջ, կախված է ձեր կամքից, քանզի ՆԱ ՍԵՐ Է, ու դուռը չի ջարդում ներս մտնելու համար, այլ թակում է ու ասում, «եթե բացեք...» (Հայտ. 3:20): Բացեք այսօր ու մի փակեք, որպեսզի այս զորությունը լցնի ձեր կյանքերը և ուրախությունը ձեր սրտերը: --- Բարի լույս ձեզ սիրելի մարդիկ: Եթե սա ձեր մեջ հույս ավելացրեց, դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որ Աստուծո խոսքը նրանց սրտերն էլ լցնի հույսով և ուրախությամբ:

Մի մերժիր այս սերը ու ոտքդ քարին չի դպչի

Եթե Աստծուն ձեր հենարանն անեք և ուրախությամբ Նրանով պաշարեք ձեր անձը, ապա տեսեք թէ Նա ինչ է խոստանում: «Քեզ կիմաստնացնեմ ու խելամիտ կը դարձնեմ քո ընթացած ճանապարհին եւ աչքերս վրադ կը պահեմ»: (Սղ 31:8): Գիտե՞ք սա ինչ է նշանակում: Ասում է դու իմ կողքը մնա, հեռու մի գնա, քեզ սիրում եմ ու քեզ հետ ծնողական հարաբերություն եմ ուզում: Մի մերժիր այս սերը ու ոտքդ քարին չի դպչի: Ասում է քեզ լավ ապրել կսովորեցնեմ, կուսուցանեմ քեզ, ու պետք եղած հրահանգներն ու կարգադրությունները կանեմ քեզ համար: Աչքերս վրադ կպահեմ: --- Բարի լույս ձեզ սիրելի մարդիկ: Եթե սա ձեր մեջ հույս ավելացրեց, դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որ Աստուծո խոսքը նրանց սրտերն էլ լցնի հույսով և ուրախությամբ:

Սիրելի Քրիստոնյա մարդիկ, խնդրում եմ ձեզ, հույսի ու բարի բաների մասին խոսեք ձեր մտերիմներին

Երեկ ընկերներիցս մեկը պատմեց որ իր երիտասարդ ընկերներից մեկն ինքնասպանություն էր գործել՝ մի քանի օր առաջ կամուրջից նետվելով: Ինչպիսի դառը հուսահատություն: Ինչու՞ մարդիկ հույս չեն գտնում մեր հասարակության մեջ: Սիրելի Քրիստոնյա մարդիկ, խնդրում եմ ձեզ, հույսի ու բարի բաների մասին խոսեք ձեր մտերիմներին, ձեր շրջապատներում: Լավ բաների մասին պատմեք ձեր Ֆեյսբուկի էջերին: Այնպես արեք, որ այս անապատի մեջ ամեն մեկդ մի կանաչ ծառ դառնաք, որ մարդիկ երկնքի թռչյունների պես գան ու հանգիստ գտնեն ձեր ճյուղերի վրա: Ինչ իմանաս էդ երիտասարդը նախքան իրեն կամրջից նետելը քանի հեռուստա-ալիք էր միացրել, քանի թերթ էր բացել, մեզանից քանիսի էջերն էր գնացել մի քիչ հույս ու արև գտնելու ու չէր գտել ու գնացել այդ քայլին: Ես չգիտեմ, բայց գրում եմ, որ մենք, որպես Քրիստոնյա, բոլորս պատասխանատու ենք թէ ինչ հասարակություն ենք կերտում ու ինչ մտքեր ենք սերմանում մեր շուրջը՝ Աստուծո զավակների սրտերում: - Եթե սա ձեզ խորհելու տեղիք տվեց, դուք էլ տարածեք խնդրում եմ:

Մեծ երազներ ունեցեք ձեր կյանքերի համար, որովհետև լեփ լեցուն ուրախ լուր կա

Մեծ երազներ ունեցեք ձեր կյանքերի համար, որովհետև լեփ լեցուն ուրախ լուր կա: Այսօր Համբարձման տօնն է: Ոչ թէ «ջան գյուլում», այլ Համբարձում, որով մեր Տէրը մարդուն ճանապարհ ցույց տվեց դեպի երկինք: Նա ոչ միայն հարություն առնելով նորից կյանք վերցրեց ու նոր մարմին ցույց տվեց, այլ նաև երկնքի ճանապարհը ցույց տվեց ու ասեց, դուք էլ էք այնտեղ գալու, եթե ուզում էք: Նա վերջին ընթրիքի ժամանակ խոստացել էր, որ կգնա, ու դա լավ է մեզ համար: Որովհետև նա կուղարկի մեզ Աստուծո Սբ. Հոգին (Հովհ. 16:7-11), որպեսզի մեզ ճշմարտությամբ առաջնորդի: Իսկ մենք ինչքան ունենք դրա կարիքը: Նա համբարձվեց իր խոստումի համաձայն ու մարդուն ուղարկեց Աստուծո Սուրբ Հոգին: Սա մեծ ուրախություն է: - Բար օր սիրելի մարդիկ:

Այնտեղ որտեղ դուք գտնվում էք ձեր կյանքում, ձեր առավելագույն սահմանը չէ

Հիսուսն ասում է որ ինքը իր կյանքը կամավոր է տալիս իր հոտի համար, որովհետև ինքը լավ հովիվն է, ինքը իսկական ու հոգատար հովիվն է մարդու համար: Ինքը վարձկան չի, այլ սիրում է իր հոտին ու մինչև հաղթանակ պաշտպանում իր հոտին: Սիրելի մարդիկ, կյանքը երբեմն արդար չի թվում, ու մենք էլ սխալվելով՝ սիրո փոխարեն արդարություն ենք փնտրում: Այնտեղ որտեղ դուք գտնվում էք ձեր կյանքում, ձեր առավելագույն սահմանը չէ: Ավելին կա ձեզ համար: Հիսուսն ասեց. «ես եկա որ դուք կյանք ունենաք, առավել ևս ունենաք (Հովհ. 10:10): Եթե դուք սիրեք ու հետևեք այս Հովվին ապա դուք առավել ևս կունենաք այդ լիառատ և ուրախ կյանքը որ Հիսուսը խոստացավ իր սիրելիներին: Դրա համար մեզանից ամեն մեկը պիտի հարց տա. «Ես ու՞մ եմ հետևում իմ կյանքում»:

Տիեզերքի մեջ չկա ավելի մեջ երջանկություն քան ապրել իմանալով որ Աստված քո Հայրն է

Մեր կյանքերի համար հրաշալի խոստում կա ու մեծ հույս: Հովհաննես Առաքյալը մեզ պատմեց Աստուծո մեծ սիրո մասին ու Նրա որդիներ կոչվելով գիտենք, որ, երբ նա հայտնուի, լինելու ենք նրա նման, քանի որ նրան տեսնելու ենք այնպէս, ինչպէս նա կայ (Ա.Հովհ 3:2): 

Բայց սրա համար սիրելի եղբայրներ ու քույրեր, անհրաժեշտ է որ մենք սուրբ կյանքով ապրենք, որ ամեն մեկիս ներսում Քրիստոսը ձևավորվի (Գաղատ. 4:19): 

Մեզանից ամեն մեկը պիտի ձգտի Քրիստոսի պես մաքուր ու արդար ապրել՝ չստի, ագահություն չանի, չհպարտանա, սիրի, սիրի ու էլի սիրի մեր երկնավոր Հորն ու մեկս մեկին որպես մարդ: Ու մեր տէրն ասեց. «⁷ Ով հաղթի, պիտի ժառանգի այս ամէնը. եւ ես նրանց համար Աստուած պիտի լինեմ, եւ նրանք ինձ համար պիտի լինեն ՈՐԴԻՆԵՐ։ (Հայտնություն 21:7) 

Տիէզերքի մեջ չկա ավելի մեծ երջանկություն քան երբ դու քայլում ես ու գիտես որ այս ամենի Տէրն ու Աստվածը քո Հայրն է: - Բարի Կիրակի սիրելի մարդիկ:

Պողոս Առաքյալի Դարձը - Եթե Կասկաժում էք, Ապա Կեղծիքն Այսպես Չի Լինում

Մեր Փրկչի համբարձումից հետո կատարված ամենանշանակալի դեպքերից մեկը, որի մասին այսօր ընթերցվում է մեր եկեղեցիներում, Պողոս Առաքյալի դարձի պատմություննէ: Նրանց համար, ովքեր կասկածանքով կամ անհոգաբար են մոտենում Քրիստոսի հետ կյանքին, այս պատմությանը թող լավ նայեն: 

Այն ինչ մենք տեսնում ենք Նոր Կտակարանում, կապված այս պատմության հետ շատ համոզիչ է: Այն մի քանի անգամ պատմվում է Գործք Առաքելոցում (գլ. 9, գլ. 22, գլ 26): Մարդը, ինքը մի քանի անգամ իր դարձի պատմությանն անդրադառնում է իր նամակներում, այն էլ տարբեր նամակներում՝ գրված տարբեր ժամանակներում (Գաղատացիների առաջին գլխում, Առաջին Կորնթացիների 15րդ գլխում...): 

Գիտե՞ք, սուտը կամ կեղծքին այսպես չի լինում: 

Ու եթե այս ամբողջ շղթան իրական է, ապա ես չեմ հասկանում, մարդն ինչի վրա է հույսը դրել, երբ անտեսում է կյանքը Աստուծո Որդու հետ, ու մերժում Նրա սերը: Ի՞նչ ռիսկով:

Ահա համբերության 3 աստիճաններ, որ բացարձակապես ազատում են տխրությունից ու հուսահատությունից

Տխրության զգացումը վատ բան է, ու մարդը դրա համար չի ստեղծվել: Պարզվում է՝ դարերով փորձված ձեւ կա տխրության զգացումից ազատվելու համար: Այն գալիս է մեր քրիստոնեական հավատքից եւ ունի 3 աստիճան: 

Հետեւյալի մասին վկայում են ուղղափառ հավատքի բազում մարդիկ, որոնց պատմությունը սուրբեր է կոչել: 

Առաջին աստիճան 
Նեղություններին պարզապես համբերել է պետք: Մարդկանց մի մեղադրեք: Այլ պարզապես համբերեք: Բոլորս էլ սխալվում ենք, հետեւաբար այդ սխալների վրա աշխատենք, ու իրար չմեղադրենք: 

Երկրորդ աստիճան
Հասեք այս աստիճանին ու ձեր նեղության պահին ասեք. «ախր ես իմ արժանին եմ ստանում»: Քանի անգամ եմ խաբել ու ստել, քանի անգամ եմ բամբասել, իմ նման մարդուն վերեւից նայել, եսասիրություն արել, քանի անգամ եմ բաներ մտածել, որոնց համար ես կամաչեի, եթե մարդիկ իմանան: Ու ահա, ես այսօր, այս նեղության պահին ասում եմ. «ես իմ արժանի հատուցումն եմ ստանում»: Ինչքան քիչ են մարդիկ, ովքեր այսպես են մտածում: Մենք ամեն մեկս մեզ ավելիին ենք արժանի համարում: Քրիստոսի հետ 2 ավազակներ էին խաչում: Երբ մեկը հայհոյում էր, թե՝ «Դու չե՞ս Քրիստոսը. փրկի՛ր ինքդ քեզ եւ մեզ»։ Մյուսը նրան սաստելով՝ ասաց. «Մենք իրավացիորեն արժանի հատուցումն ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, իսկ սա որեւէ վատ բան չի արել»։ Ու դառնալով Հիսուսին՝ ասաց. «Հիշի՛ր ինձ, Տե՛ր, երբ գաս քո թագավորությամբ»։ Եվ ահա Հիսուսի պատասխանը՝ «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես»։ Պարզվում է, որ այս երկրորդ աստիճանը, թե «ես իմ գործերի արժանին եմ ստանում», զարմանալի ազդեցիկ ներգործություն ունի հոգու դարմանման գործում: 

Երրորդ աստիճան 
Այս երրորդն ընդհանրապես ազատում է մարդու հոգին տխրությունից ու հուսահատությունից: Ձեզանից ո՞վ կարող է ասել՝ հիվանդությունը լա՞վ է, թե՞ վատ՝ հավիտենական կյանքի տեսանկյունից: Երբ բժիշկը վիրահատում է, դա մեծ ցավ է, բայց մենք գիտենք, որ դա լավագույնն է մարդու առողջության վերականգնման համար: Եթե իսկական քրիստոնյա ես, ապա հավատում ես, որ Աստված Սեր է (1 Հովհ 4:8): Հետեւաբար, այն, ինչ պատահում է մարդու հետ, լավագույնն է իր կյանքի համար (Հռոմ. 8:28): Լինի դա հիվանդություն, առողջություն, հարստություն կամ աղքատություն: Հետեւաբար 3-րդ աստիճանը՝ ամեն ինչի մեջ իսկապես փառք տվեք Աստծուն: Սրտանց փառք տվեք Աստծուն, համոզումով ու հավատքով, հոգով ու ճշմարտությամբ փառք տվեք Աստծուն: Լինի դա 50 անգամ, 100, թե 1000 անգամ: Աստված իմ, փառք եմ տալիս քեզ, որ սա ուղարկեցիր ինձ: Քանզի ես հավատում եմ, որ սա իմ հոգու համար լավագույնն է: 

Պարզվում է՝ այն մարդը, որը սա անում է շարունակաբար, նրա հոգին միանգամից ազատվում է տխրությունից ու հուսահատությունից: Հոգին խաղաղվում է եւ ահա, այստեղ է, որ սկսվում է իսկական հավատքը՝ իսկական քրիստոնեական սերն Աստծո եւ մարդկանց նկատմամբ: Ահա այստեղ է, որ սկսվում է իսկական հոգեւոր փորձառությունը, ուր չկա ոչ տխրություն, ոչ էլ հուսահատություն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/05/08/569289/ 

© 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Ինչ հարցեր պետք է հետաքրքրեն մեզ կրոնի մեջ առաջին հերթին

Երբ մարդկանց հետ խոսում ես հավատքի մասին անմիջապես հարցնում են «ո՞րն է տարբերությունը մեր և այլ եկեղեցիների միջև,» և այս տեսակի հարցեր: Մինչդեռ այս հարցերի պատասխաններին իմանալը կարևոր է և ամեն մարդ պետք է համոզումով իմանա թէ ինչու է նա այս կամ այն եկեղեցու անդամ, շատ ավելի կարևոր հարցեր կան, որ գալիս են սրանցից առաջ, երբ խոսքը գնում է Քրիստոնեության մասին: 

Սիրելի ժողովուրդ, ՍՈՍԿ այս հարցերի պատասխանները ձեզ ոչ մի բան չի տա ու ԿՅԱՆՔԻ չի տանի: Ամենից առաջ ձեզ պետք է հետաքրքրի թէ «ինչպե՞ս ես կարող եմ ավելի շատ սիրել Աստծուն ու ավելի շատ սիրել մարդկանց. Ես գիտեմ որ ստախոսությունն ու մեծամտությունը վատ բաներ են, բայց չեմ կարողանում սրանց հաղթել, անում եմ այն ինչ գիտեմ որ վատ է: 

Ինչպե՞ս կարող է Հիսուսն ինձ օգնել այս վատ բաները հաղթահարել: Հուսահատությունն ու տխրությունը տարբեր պատճառներով իմ կյանքը թշվառական են դարձնում: Հիսուսը կարա՞ ինձ օգնի, մի բան անի: Եթե այո, ապա ո՞նց:» 

Այ, այս տեսակ հարցրեն են, որ ամեն ինչից առաջ պետք է հետաքրքրեն մեզ, որովհետև կյանքի որակի իսկական փոփոխությունը գալիս է, երբ մեն իմանում ենք սրանց պատասխաններն ու գնում սրանց ետևից:

Ինչպես Մոտենալ Աստվածաշնչին

Աստվածաշունչը պետք է այնպես կարդանք, որ Աստուծո Խոսքից սովորենք, այլ ոչ թէ ժամանցի համար թեթևակի անցնենք բառերի վրայով, քուններս տանի ու ասենք, դժվար է: Մինչդեռ ամեն բառի տակ մեծ մխիթարություն կա մարդու կյանքի համար: Քո և մ կյանքի համար: 

Այ օրինակ, վերցրեք Գործք Առաքելոցից 10րդ գլխի 38րդ համարը: Այնտեղ Պետրոս Առաքյալն ասում է «գիտէք Յիսուսին, որ Նազարէթից էր, որին Աստուած օծեց Սուրբ Հոգով եւ զօրութեամբ, եւ որը շրջեց բարիք անելով եւ սատանայից բոլոր բռնուածներին բժշկելով, որովհետեւ Աստուած նրա հետ էր։» Կարծես թէ ոչինչ չասող նախադասություն չէ՞ Բայց ուշադիր նայեք: Հիսուսը շրջում էր՝ մարդկանց «բարիք անելով»: 

Աստուծո Որդին եկել էր մարդկանց բարիք անելու համար: Նա «բժշկում էր սատանայից բոլոր բռնվածներին»: 

Դուք պատկերացնու՞մ էք սա ինչ մեծ ուրախություն է մարդու համար: Նա վերականգնում է մարդու կյանքը, նրա ուրախությունը: Աստված քեզ հետ է: Քեզ ոչ մի վատ բան այլևս չի սպառնում: ՊԱՊԱՆ էկել ա: 

Բայց գիտե՞ք, սա զոռով չի անում Հիսուսը: Այլ միայն նրանց կյանքում, ովքեր բացում են դուռը, ընդունում նրան իրենց սրտում ու նրան սիրում՝ ապրելով նրա պատվիրաններով:

Ինչպես սիրել մերձավորին

Իմ ընկերներից մի քանիսն ինձ ասում են, որ դժվար է մերձավորին սիրելը: Ինչպե՞ս դա անել: 

Ես 3 զավակներ ունեմ: Երբ նրանց կանչում եմ տուն, հույս ունեմ, որ նա ով կլսի իմ ձայնը, կգնա իր քրոջ ու եղբոր ետևից, կգտնի նրանց ու կասի, «էրէխեք, պապան կանչում ա, եկեք տուն: Արդեն մութ է»: 

Որքան ես կուրախանամ, երբ իմ երեխաներն իրար հետ այդպես վարվեն: 

Որքան կտխերմ, երբ իմ ձայնը լսողը չգնա իր քրոջ ու եղբոր ետևից, այլ միայն իր մասին մտածելով, գա տուն ու ասի, պապ եկել եմ: 

Հիմա տեսնու՞մ էք Հայրը ինչպես է մտածում: Մենք չպիտի մեր քրոջը կամ եղբորը մենակ թողնենք: Դա չի ուրախացնի որևէ ծնողի, առավել ևս նրան, ու մենք բոլորս ասում ենք Հայր Մեր...

Դուք Աստուծո՞ Կողմից էք, Թէ՞ Մարդկանց

Երբեմն մեզ թվում է թէ Աստված մեր կողմից է ու այն, ինչ մենք անում ենք, լավ է ու ճիշտ: Մի անգամ այսպես թվաց նաև Պետրոս առաքյալին: Առաքյալ մարդը հանդիմանեց Հիսուսին ու իրենն էր ուզում առաջ տանել: 

Հիսուսի պատասախանը խիստ էր, կարճ ու սաստիկ. 

«Ետևս գնա, սատանա՛, որովհետեւ դու Աստծո՛ւ բաները չես խորհում, այլ՝ մարդկանցը» (Մարկոս 8:33): 

Ամեն անգամ երբ մի բան մտածենք կամ անենք, եկեք ինքներս մեզ հարցնենք, «Սա անելով ես ու՞մ կողմից եմ, Աստծու՞ թէ...»: Չլինի թէ հանկարծ մենք էլ այդպիսի պատասխան լսենք Աստուծո Որդուց: 

Եթե ձեզ մտածելու տեղիք տվեց, դուք էլ կիսեք, խնդրում եմ, ձեր ընկերների հետ:

Եթե ձեզ օգնության կարիք լինի, Տէր Հիսուսը գիշերով էլ լինի, ծովի վրայով քայլելով էլ լինի, կհասնի

Երբ Հիսուսը ցամաքից տեսավ որ իր աշակերտները հողմակոծ էին լինում ուժեղ քամու պատճառով: Գիշերով, ծովի վրա քայլելով հասավ նրանց ու ասեց, էրէխեք, «Քաջալերուեցէ՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցէք» (Մարկոս 6:51): Մտավ նավի մեջ ու քամին խաղաղվեց: Հիսուսը ինքն էր աշակերտներին նավով ուղարկել ծովի մյուս կողմը: 

Ու այսպես էլ մեր կյանքում: Երբ Տէրը մեզ պատվիրան է տալիս, ու մենք գնում ենք այդ պատվիրանը կատարաելու՝ ապա ինչ քամի էլ լինի, ինչ փոթորիկ էլ բարձրանա, ինչ դժվարություն կամ ուժ էլ կանգնի ձեր դիմաց, Հիսուսը գիշերով էլ լինի, ծովի վրա քայելով էլ լինի, անհնարը կդարձնի հնարավոր ու կհասնի ձեզ ու կասի «Քաջալերուեցէ՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցէք»: 

Մնում է մենք միայն հավատարիմ մնանք իրեն, սիրենք իրեն ու մեր նավակի մեջ առնենք իրեն: Դու պիտի որոշես, երբ Հիսուսը հասնի քեզ, դու իրեն սիրով կնդունե՞ս քո նավակի մեջ:

Ինչ որ թաքուն բաներ ենք անում ու մտածում, բոլորը պիտի հայտնի լինեն

Սիրող ծնողն իր երեխային միշտ ցույց է տալիս իր սերն ու զգուշացնում կյանքի փորձություններից: Օրինակ, ինչ կլինի եթե զավակը մերժի ծնողի սերը, պաշտպանությունն ու գիշերով թափառի ցուրտ փողոցներում, որտեղ շատ գող ու ավազակ կա: 

Այսօր այդ մասին մեզ զգուցանում է Պետրոս Առաքյալն ու հիշեցնում, որ երբ Տիրոջ օրը գա, «երկինքը պիտի անցնի չքանայ շառաչիւնով, եւ տարերքը, հրով կիզուած, պիտի լուծուի, եւ երկիրն ու ինչ գործեր, որ կան նրա վրայ, յայտնի պիտի լինեն։» (Բ.Պտ 3:10) 

Տեսնու՞մ էք, ասում է «հրով կիզված»: Ու հարցնում է առաքյալը, թէ ինչպիսի մարդիկ պետք է լինեք դուք երբ «հրավառ երկինքը չքանա ու տարերքը հրկիզվելով հալվի» (Բ. պտ. 3:11): Եվ ավելացնում՝ «սուրբ վարմունքով եւ աստուածապաշտ ընթացքով՝ սպասելով եւ հասնել ջանալով Տիրոջ օրուայ գալստեան»: (Բ.Պտ 3:12) 

Հա, մեկ էլ, տեսնու՞մ էք, ասում է, ինչ որ թաքուն բաներ ենք անում ու մտածում, բոլորը պիտի «հայտնի լինեն:» 

Եթե սա ձեզ խորհելու առիթ տվեց, դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի մեզանից ավելի շատերն ուշադրություն դարձնեն իրենց ընթացքին ու սրտի խորհուրդներին:

Մի կենտրոնացեք ձեր պակասությունների վրա, դուք մենակ չէք

Եկեք չկենտրոնանանք մեր պակասությունների վրա, այլ ամեն օր ձգտենք մեր իսկական կոչմանը, աղ ու լույս լինել իրար համար՝ Հիսուսից ստանալով ու իրար բաժանելով: 

Աստված իսկապես սիրում է մարդկանց: 

Մենք մենակ չենք այս աշխարհում, այլ մեր համբերատար ու սիրող Աստուծո հովանու ներքո: Հիսուսի գալստյան խոստումը չի ուշանում, այլ Աստված «համբերատար է ձեր հանդէպ. քանզի չի ուզում, որ որեւէ մէկը կորստեան մատնուի, այլ ուզում է, որ ամէնքը ապաշխարեն։» (Բ.Պետրոս 3:9) Տեսնու՞մ էք ինչպես է Հայրը սիրում ձեզ: 

Բարի օր սիրելի մարդիկ:

7 Բան Որ Քրիստոնյաներն Անում Էին Առաջին Դարում ու Մեծանում

1. Մարդիկ ՍՈՎՈՐՈՒՄ էին Հիսուսից ու ԱՃՈՒՄ Նրա ուսմունքի մեջ:
2. Մարդիկ ապրում էին իր ՔԱՋԱԼԵՐԵԼՈՎ, սնելով ու բարձրացնելով:
3. Մարդիկ կիսում էին իրար հետ ամեն ինչ ծայրահեղ ԱՌԱՏԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ:
4. Մարդիկ ՄՇՏԱՊԵՍ ԱՂՈԹՈՒՄ ԷԻՆ Տաճարում և իրար տներում:
5. Մարդիկ ՃԱՌԱԳԱՅԹՈՒՄ էին ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ և ՑՆԾՈՒԹՅՈՒՆ, նույնիսկ երբ ՏԱՌԱՊՈՒՄ էին:
6. Մարդիկ ՔԱՋՈՒԹՅՈՒՆ էին գտնում ՀԱՄԱՐՁԱԿՈՐԵՆ ԽՈՍԵԼՈՒ Հիսուս Քրիստոսի բերած Բարի Լուրի մասին:
7. Մարդիկ ԹՈՒՅԼ ԷԻՆ ՏԱԼԻՍ ՈՐ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԵՐԸ ՎԵՐԱՓՈԽՎԵՆ՝ ավելի ու ավելի նմանվելով Հիսուս Քրիստոսին:

Երբ նայում ես եկեղեցու պատմությանը, առաջին դարում թեև այդքան հալածանք կար ու Քրիստոնյա լինելը հավասար էր մահվան, արի ու տես որ Աստուծո ժողովրդը՝ սուրբ եկեղեցին, մեծանում էր: Տեսե՛ք թէ ինչի վրա էր հիմնված այս ամենը, որ մեզ այսօր օդի ու ջրի պես պետք է, մեծանալու համար: Եվ սա պետք է սկսվի ինձնից, որ գրում եմ այս տողերն ու քեզանից, որ կարդում ես այս տողերը: Եկեք ոչ մեկին չմեղադրենք, ու սկսենք ապել այնպես ինչպես գրված Գործք Առաքելոցոմ 2:42-46; 4:31-34; 5:40-42:

Ժողովուրդ ջան իսկ մենք այսօր ի՞նչ ենք անում: Արդյո՞ք այս բաները նույնիսկ ամենօրյա նպատա՞կ են մեզ համար: Եկեք ոչ մեկին չմեղադրենք ու ձգտենք, այս բաները այսօրվանից կիրառել մեր կյանքում: Ու մենք կաճենք ու կմեծանանք: Ու շնորհքները, կարողություններն ու ընդունակությունները կլցնեն մեր կյանքերն ուրախությամբ ու մեր հայրենիքը խաղաղությամբ: Եթե ես ու դու որդեգրենք այս ապրելակերպը: 

Թող Աստված ուժ տա բոլորիս:

Երեխաներին պետք է սովորեցնել որ ամեն ինչի մեջ սիրտը մաքուր պահելն ամենաբարձր առաքինությունն է

Մեր երեխաներին պետք է սովորեցնենք, որ ամեն բանի մեջ սիրտը մաքուր պահելն ամենակարևոր բանն է մարդու նկարագրի համար: Իմ երեխաներին գրեթե ամեն օր հիշեցնում եմ այդ մասին, ու արդեն մի քանի տարի անց տեսնում եմ դրա պտուղներն իրենց վարքի մեջ: Ահա մեր տանը հաճախ պատահող տիպիկ խոսակցություն smile emoticon 

Ենթադրենք մի բան են արել որ պիտի չարվեր: 


-Ի՞նչ էք արել:
Ծպտուն չկա, չգիտեն ինչ ասեն: Ճիշտն ասելը դժվար է, սուտ էլ չեն ուզում ասեն, որ սիրտը մաքուր մնա:
-Սրտներդ մաքուր պահեք, ճիշտն ասեք:
-Որ ճիշտն ասենք կջղայնանա՞ս
-Կարևոր չի, կարևորը որ դու քաջ լինես, ճիշտն ասես ու սիրտդ մաքուր պահես:
-Ես եմ մեղավորը...

Այդ ժամանակ փաթաթվում եմ «մեղավորին», ճակատը պաչում ու քաջալերում որ չվախեցավ (պետք էլ չի վախենալ, այլ սիրել) ու սրտի մաքրությունը գերադասեց, քան թէ ստով իրեն «փրկելու» համար: Եկեք բոլոր մեր զավակներին միշտ սիրերը մաքուր պահելու քաջալերենք: