Friday, November 7, 2014

Երեխաներին որբ մի՛ թող, նրանց բողոքը բարձրանում է առ Աստված

Երբ ծնողները զվարճանում են երեխա ունենալու հույսով, նրանք պիտի պատրաստ լինեն սիրով ընդունելու այն, ինչ որ Աստված իրենց կտա: 

Ինչ լավ բան կլինի եթե ամեն մարդ տարին մի քանի անգամ որբանոց այցելի ու երեխաների հետ մի ժամ անցկացնի:

Հոկտեմբերի 23-ին «Մալաթիա» բժշկական կենտրոնում առանց ձեռնաթաթերի եւ մի ոտնաթաթի մի բալիկ է ծնվել: Առողջ տղա երեխա է: Ծնողները նրան լքել են ու գնացել տուն:

Ժողովուրդ, պատկերացնում է՞ք մենք ինչ հասարակություն ենք դառնում՝ անպատասխանատու և անպտուղ: Երկրաշարժից հետո ունեցանք մոտ 3000 որբ երեխա, բայց այդ երեխաներից գրեթե ոչ ոք չհայտնվեց մանկատներում (հղում http://bit.ly/1GtgLZw), բայց այսօր, 25 տարի անց, և անթիվ աբորտներ և մանկատներում շատացող որբ ու լքված բալիկներ, Աստուծո զավակներ, մեր փոքրիկ ու անօգնական քույրեր ու եղբայրներ: Երեխաները լքվում, որբանում ու սպանվում են (հղիության արհեստական ընդհատում) սեփական ծնողների կողմից, որոնցից միայն սեր ու գուրգուրանք էին սպասում ու որոնց պիտի նվիրեին առաջին անգին ժպիտը:

Իսկ այս ծնողները, (և իրենց տների մեծերն ու մասնակիցները) գնում են հիվանդանոց, կամ հղիությունն ընդհատում երեխային սպանում, կամ էլ ինչ ինչ պատճառներով սեփական երեխային լքում, որբացնում ու գալիս տուն: Ու այս մարդիկ շարունակում են կյանքում երջանկություն ու սեր փնտրել: Հիշու՞մ էք երեկվա հոդվածում «ով որ ունի, նրան կը տրուի, իսկ ով որ չունի, եւ այն, ինչ որ նա կարծում է, թէ ունի, կը վերցուի նրանից» (Ղուկաս 8:18) http://bit.ly/1x9fBwY Եթե ունեցածդ էս սպանում կամ լքում, Աստվա էլ ի՞նչ պիտի տա քեզ այս կյանքում: Ու՞ր պիտի թափառես ու ի՞նչ պիտի գտնես:

Ի՞նչ պիտի անի Աստված այս վիճակու՞մ: Այս խոսքերը բավարար են, ով ականջ ունի թող լսի: «Ոչ մի այրի կնոջ կամ որբի մի՛ տանջէք։ Եթէ տանջէք նրանց, եւ նրանք բողոք բարձրացնելով դիմեն ինձ, ես կը լսեմ նրանց ձայնը, սաստիկ կը բարկանամ, սրակոտոր կ՚անեմ ձեզ, ձեր կանայք կ՚այրիանան, իսկ ձեր զաւակները որբ կը դառնան:» ԵԼՔ 22:22-24

Խիստ խոսքեր են չէ՞ Ծնողներ, տատիկներ ու պապիկներ, մեծեր ու ջահելներ, դուք պիտի հասկանաք, որ երբեք երջանկություն չէք գտնի եթե դուք այսպիսի բաներ էք անում, մասնակցում, քաջալերում կամ ընդունում: Դա հնարավոր է միայն անկեղծորեն, արտասուքով զղջալուց հետո, իսկ եթե արդեն զղջացել էք, գնացեք, պատեպատ ման եկեք ու գտեք ձեր երեխաներին, ներողություն խնդրեք, որովհետև նրանց բողոքը հասել է Աստծուն: Դուք ի՞նչ պիտի անեք՞

Հիմա կասեք, դժվար վիճակ է, երկու ձեռնաթաթ ու մի ոտնաթաթ չունի, ծնողներն էլ հղիության ժամանակ չէին իմացել, թեև նույն կենտրոնում 5-ից ավելի ուլտրաձայնային հետազոտություն են անցկացրել (Նախ 5 հատ անցկացնում էք որ ի՞նչ, դա այդքան էլ լավ չի երեխայի առողջության համար: Եվ 2րդ, թերևս ավելի լավ որ չեն իմացել, քանի որ հավանաբար աբորտ կանեյին ու կսպանեին Աստուծո զավակին): Բայց սիրելի ընթերցող, խոսքն այստեղ ապագայի հեշտության ու դժվարի մասին չէ, այլ մարդկային պատասխանատվության մասին: Ամբողջ հարցն այն է թէ պատրա՞ստ էք ընդունել այն ինչ որ Աստված ձեզ կտա՞ Թէ՞ դուք էք ընտություն կատարելու: Հարցն այն է թէ ում կամքը պիտի լինի այստեղ՝ մարդու՞ թէ Աստծո:

Չգիտեմ թէ ինչու են երեխաներն այսպես ծնվում: ՄԻ գուցե ընտանիքում մի մեծ մեղք կա ու այս երեխան իրենց տրվել է որպես նվեր ապաշխարության ու խոնարհությւան համար: Անկեղծ եմ ասում, չգիտեմ: Կամ էլ ի՞նչ գիտենք, հիվանդ երեխաները շատ հաճախ հետևանք են ծնողների անառողջ ապրելակերպի: Աստված հատուկ օրենքներով է կարգել այս աշխարհը: Օրինակ, եթե ասեղների վրայով կամ ջարդված ապակիների վրայով քայլես, ոտքերդ կարյունոտվեն չէ՞ Ո՞վ է մեղավոր, Աստված թէ՞ դու: Հիմա, ինչ իմանաս ծնողներն ինչեր են անում իրենց կյանքերում որի հետևանքով երեխաներն էլ ծնվում են այդպես: Մենք չգիտենք: Բայց ինչու՞ է Աստված արտոնու՞մ: Որովհետև Աստված արտոնում է որպես բուժում, որպես ապաշխարության հնարավորություն, որպես վերականգնում: Եվ այո, ամեն բուժման մեջ ցավ կա: Դա էլ կյանքի անխուսափելի օրենքն է: Գնում էս բժշկի ու նա ասում է, եթե օպերացիա չանենք մի ժամից կմեռնես: Օպերացիան ցավ է, տանջանք ու տառապանք, բայց դու ոչ միայն համաձայնվում էս, այլ առավել ևս նույնիս պարտք անում ու վճարում դրա համար:

Սիրելի մարդիկ, չկա՛ երջանկություն առանց պատասխանատվության: Չկա՛ երջանկություն առանց սիրո: Չկա՛ երջանկություն ու խաղաղություն այս երկուսից փախուստի մեջ: Չկա՛ երջանկություն սեփական զավակին որբ թողնելու մեջ:

Իմ հայրն ու մայրը լքեցին ինձ, բայց Տէրն ինձ ընդունեց։ (Սաղմոս 26:10)
Ձեզ որբ չեմ թողնի, կը գամ ձեզ մօտ։ (Հովհ. 14:17)

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ - Երեկ Armenian Parents' Corner խմբից մի քանի հոգատար ծնողներ այցելել են այս փոքրիկին (http://on.fb.me/1Gtpknb) , սեր ու գուրգուրանք տվել: Ինգա Մարտինյանն ասաց, որ մի անձ ասլ է որ կորդեգրի այս բալիկին: Չգիտեմ, որքան հաստատակամ է, քանի որ դեռ երկար գործնթաց կա: Որդեգրման պահը հաստատված չէ: Խնդրում եմ աղոթեք այս բալիկի և աշխարհի բոլոր որբ ու երկրավոր ծնողների կողմից լքված երեխաների համար: Ծնված բալիկն այժմ գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: 3 տարեկանից հետո պետք է պրոթեզավորում կատարվի:

Կա՞ ներում աբորտից հետո http://mkrtutiunhrov.blogspot.com/2014/11/blog-post_6.html

---------
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: Ամեն օր կարդացեք Ավետարանն ու ամեն օր աղոթեք ձեր սրտի խորիքից: Նույնիսկ մի պարզ աղոթք, ինչպես օրինակ «Տէր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, Ողորմյա ինձ մեղավորիս»: Բարին ընդ ձեզ: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26

No comments:

Post a Comment