«Երեխաները խաղում են բակում, մեկ էլ ինչ ինչ պատճառներով սկսում են կռվել, հարվածել, ու մայրն էլ մի կողմից է խառնվում, ու փոխանակ խրատելու երեխային, ընդհակառաը ասում է.. տուր գլուխը ջարդի, քեզ խփում են, դու էլ արա, հիմա խելոքի դար չի.. խեղճացար՝ վերջ.. ու էլի նման բաներ, կամ մի օր կանգառում կանգնած լսում էի, թե ոնց է ծնողը երեխային սովորեցնում, որ մեծերին, նունիսկ ծերերին հրելով, ինքը առաջինը բարձրանա երթուղային.. հիմա էտ դարը չի, հարգել-մարգել չկա:»
ԻՆՉՊԵ՞Ս ՍԱ ՓՈԽԵԼ
Այն մարդը, ով իր երեխային այսպես է դաստիարակում, եթե հիմա իրեն ասենք, որ սա սխալ է մի արա, դա համոզիչ չի թվա: Դրա համար, որքան էլ զարմանալի թվա, այսպիսի ծնողներին (և բոլոր ծնողներին) պետք է հորդորել, որ սկսեն երեխայի հնազանդության հարցից: Պարզ է որ վերոհիշյալ կերպով դաստիարակվող երեխաները հնազանդ չեն կարող լինել սեփական ծնողի նկատմամբ: Նրանք չարաճճի են, մեծաբերան, պահվացքով գոռոզ ու անբարտավան: Այսպիսի ընտանիքներում չկա սեր ու խաղաղություն, որովհետև դրանք փոխարինվել են հարցերը խփելով ու «գլուխ ջարդելով» քանի որ, ինչպես իրենք են ասում «հիմա խելոքի դար չի:»
ՍԿՍԵՔ ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆԻՑ
Ծնողներ ջան միշտ հիշեք, եթե ձեր երեխան ձեզ չի հնազնադվում, ապա նա ոչ մեկին չի հնազանդվում: Սիրեք ձեր երեխաներին, շատ սիրեք, բայց երես մի տվեք: Հնազանդության ու շնորհքի ետ բերելը շատ դժվար կլինի: Չգիտեմ ինչ մեթոդներով էք երեխային դաստիարակում ու հնազանդություն սովորեցնում, բայց այնպես արեք որ ձեր ամեն մի գործի ու խստապահանջության ետևում երեխան տեսնի ձեր սերը ու «հալվի» այդ անձնուրաց սիրո առաջ: Եթե երեխան խստապահանջության ետևում սերը չի տեսնում, դա երկարաժամկետ արդյուքն չի տա:
ԻՆՉՈՒ՞ Է ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՔԱՆ ԿԱՐԵՎՈՐ
Եթե երեխան ծնողին հնազանդվել չգիտի, ապա երբ մեծանա, նա ոչ մի մեծի չի հարգի ու չի սիրի: Առավել ևս, նա ոչ մի փոքրի չի կարող սիրել: Իսկ դուք ծնողներդ վաղը մնալու էք այնպիսի երեխաների խնամքի հույսին, որոնք այսօր արդեն չեն հնազանդվում այսպիսի փոքր տարիքում: Վաղն ի՞նչ պիտի անեն: Որքան ծնողներ եմ տեսնում իմ շրջապատում այսօր, որ ունեն 20-40 տարեկան երեխաներ, որ ոչ ծնող գիտեն, ոչ մեծ ու ոչ էլ փոքր: Շատ տխուր է:
Սիրելի ծնողներ, ձեր փոքրահասակ երեխաներին ու թոռներին երես տալով մի մեծացրեք: Սիրեք, շատ սիրեք, անձնուրաց սիրեք, բայց էգոիստ, գոռոզ ու ամբարտավան մի դաստիարակեք: Ետ բերելը շատ դժվար է: Դրա փոխարեն սովորեցրեք սիրել ու հոգ տանել դասարանի կամ մանկապարտեզի ընկերների նկատմամբ: Սովորեցրեք տեղը զիճել թէ ծերին թէ փոքրին: Դուք էլ օրինակ ցույց տվեք իրենց: Երեխաներիս փորձից եմ ասում, որ ամեն մի օրինակը մի ավելի մեծ դպրոց է, քան հարյուր հատ հայրական խրատ:
Արդյունքում նրանք կմեծանան ձեր խոսքին հնազանդ, մեծ ու փոքր հարգելով ու լավ մարդ, որ ձեզ պատիվ կբերի ծերության օրը: Սիրելիներ, հիմա իսկապես այդ դարն է: Հիմա է հարգելու և սիրելու դարը, քանի դեռ ժամանակ ունենք բարիք գործելու:
---------
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: Ամեն օր կարդացեք Ավետարանն ու ամեն օր աղոթեք ձեր սրտի խորիքից: Նույնիսկ մի պարզ աղոթք, ինչպես օրինակ «Տէր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, Ողորմյա ինձ մեղավորիս»: Բարին ընդ ձեզ: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26
No comments:
Post a Comment