«Երեկ առավոտ շուտ տնից դուրս եկա, մեկ էլ սև կատու անցավ դիմացովս,» պատմեց ինձ մտերիմ Քրիստոնեա ընկերներցս մեկը: «Վայ ասի Տէր Աստված, ես սենց բաների չեմ հավատում, բայց հեռու պահիր մեզ փորձանքներից: Գնացի գործ տեղն ու մեկ էլ տեսնեմ, մեր աշխատողներից մեկը շատ վատ է: Ասեցի, տես էլի ուրեմն ինչ որ բան կա:» Ես այս մեջբերումը կատարում եմ այդ անձի թույլտվությամբ, որովհետև մեր խոսակցությունից հետո երկուսս էլ մտածեցինք որ սա օգտակար կլինի կիսել բոլորի հետ:
ՍՆԱՀԱՎԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ ԿՈՉՎՈՒՄ Է ԿՌԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ
Բախտին ու պատահականությանը հավատալը վիրավորում է Աստծուն (տես թէ ինչու այստեղ http://bit.ly/1vvgeTp ): Սա սնահավատություն է ու Առաջին Պատվիրանի կոպիտ բռնաբարում: Հիշու՞մ էք Առաջին Պատվիրանը: «Ե՛ս եմ քո Տեր Աստվածը, որ քեզ հանեցի եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից: Ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար:» (Ելք 20.1–17 տես բոլոր 10 Պատվիրաններն այստեղ http://bit.ly/1wI6SBT) Լավ սովորեք Առաջին Պատվիրանի 2րդ նախադասությունը թէ «Ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար:» Իսկ եթե դուք հավատում էք սև կատվին, 13 թվին, բախտին ու աստղագուշակությանը, դուք փաստորեն ասում էք, որ սրանք ավելի մեծ զորություն ունեն քան թէ ձեր Տէր Աստվածը: Այսպես կլինի՞ Հետո էլ դառնալու էք ու ձեր Տէր Աստծուն ասեք Հայր Մեր... փրկիր մեզ չարից: Կլինի՞ այսպես ժողովուրդ ջան:
Եթե հավատում էք որ սև կատուն, կամ 13 թիվն է որոշելու ձեր օրը, բա ինչու՞ էք էլ Աստծուն աղոթում: Սա մի՞ թէ ձեռ առնել չի Աստուծո նկատմամբ: «Չէք կարող երկու Տիրոջ ծառայել» ասեց մեր Տէր Հիսուս Քրիստոսը (Ղուկաս 16:13): Եթե հավատում էք այսպիսի սնահավատության, ապա սա կռապաշտություն է ու ամեն մի սնահավատ Քրիստոնյա պիտի որոշի, ով է իր Տէր Աստվածը և ում պետք է ինքը պաշտի ու երկրպագի: Չէ՛ք կարող երկու Տիրոջ ծառայել:
ՏԻԷԶԵՐՔՈՒՄ ԱՄԵՆ ԲԱՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ԿԱՄ ԱՍՏՈՒԾՈ ԿԱՄՔՈՎ ԿԱՄ ԱՍՏՈՒԾՈ ԱՐՏՈՆՈՒԹՅԱՄԲ
Գործք Առաքելոցում և Եփեսացինարի նամակում երկու հատվածներ կան, որոնք հստակ ասում են, որ ամեն ինչ այս տիեզերքում Աստուծո բովանդակության տակ է: Կարդացեք Գործք 4:28 և Եփեսացիներ 1:10 հատվածները համոզվելու համար:
ՈՒՐԵՄՆ ԻՆՉՈՒ՞ ԵՆ ՎԱՏ ԲԱՆԵՐ ԿԱՏԱՐՎՈՒՄ
Այո՛ շատ վատ բաներ կան որ կատարվում են մեր կյանքում: Բայց դրանք նույնպես Աստուծո բովանդակության տակ են: Ցավալի բաներ կան որ ՆԱ արտոնում է, որովհետև այդպես պետք է: Օրինակ, գնում ես բժշկի ու ասում է, անմիջապես օպերացիա, թէ չէ կմեռնես: Օպերացիան ցավ է, բայց տանում է ապաքինման: Ուրեմն բաներ կան, որ արտոնվում են, որպեսզի մենք ապաքինվենք, խոնահվենք, հպարտությունը հաղթենք ու կարգի գանք: Որ մեզ չվնասենք: Շատ տխուր ու ողբերգական բաներ էլ կան, որ արտոնվում են, որովհետև Աստված մեզ ազատ կամք է տվել ու չի բռնանում այդ ազատության վրա: Նա տխրում ու ցավում է երբ մենք մեղքերով վիրավորում ենք մեզ (ո՞ր հայրը չի ողբա երբ զավակները վիրավորում են իրենց անձերը), բայց այդ ազատությունն իր կողմից նվեր է մեզ, որովհետև մեզ ստեղծել է իր ազատ պատկերով ու նմանությամբ: Այսուհանդերձ, մեր իմացած կյանքում գրեթե ամեն ինչ կլոր է: Մոլորակները կլոր, նրանց շարժումը կլոր և ինչ որ գնում է մի կողմից, հետ է գալիս մյուս կողմից: Եթե դուք մեկին միշտ նախանձում էք, բամբասում, վատություն էք ցանկանում, տակը քանդում, նրանից գողանում, այս ամենը ձեզանից դուրս են գալիս ու պտտվելով գալիս է հետ՝ կամ ձեր վրա, կամ ձեր երեխաների վրա: Ո՞վ իմանա: Էգոիստական ու չար բան մի՛-ա-րեք: Ոչ մեկին, ոչ մի չար բան մի-ա-րեք ու մի մտածեք:
ՍԵՎ ԿԱՏՈՒՆ ՉԷ, ԱՅԼ ՄԵՐ ՏԳԵՏ ՀԱՎԱՏՔԸ
Ժողովուրդ ջան, սև կատուն ու 13 թիվը չեն որ որոշիչ են, այլ մեր հավատքի տկարությունն ու տգիտությունը՝ չիմանալը: Ինչպե՞ս կարող է սև կատուն որոշել ձեր օրվա ընթացքը, ինչպե՞ս կարող է 13 թիվը կամ իրար ձեռ սոխ ու աղ չփոխանակելը որոշեն ձեր լավն ու վատը: Նույնիս Տէր Աստվածը չի բռնանում ու հարգում է այն ազատությունը որ ՆԱ տվեց մեզ, իսկ սնահավատ Քրիստոնեաները փաստորեն ասում են որ չէ, աստեղրը, պատահականությունները, 13 թիվն ու սև կատուն ավելի մեծ իշխանություն ունեն մեր վրա քան թէ մեր Տէր Աստվածը: Լավ, ասենք թէ մարդն անհավատ է ու չգիտի այս բաները, բա Քրիստոնեաները՞ Ախր չէ որ դուք մկրտված մարդիկ էք Սբ. Երրորդության անունով:
ԱՍՏՎԱԾ ԽՍՏՈՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԿՌԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Ինչպես վերևում է գրված, սնահավատությունը կռապաշտություն է ու Աստված շատ խստորեն բարկանում ու դատապարտում է այն: Անիրազեկ հավատքի ու չիմանալու պատճառով մի՛ ընկեք Աստուծո բարկության տակ: Սա իսկապես վիրավորում է մեր ԾՆՈՂԻՆ, մեզ չարից պաշտպանողին, մեր կյանքերը պահպանողին, մեզ փրկողին: Սա վիրավորում է մեր բարեկամին, որ ամենաուժեղն է ու չարի դիմաց մեր կողմից, մեր պաշտպանն է:
Արմատախիլ արեք սնահավատությունը ձեր միջից ու ձեր ընտանիքներից, եթե այն կա, ու կտեսնեք թէ ինչ լույս կգա ձեր մեջ, ինչ լուսավորություն, ողորմություն ու օրհնություն կգա ձեր ընտանիքների վրա ու դուք կտեսնեք թէ ինչ ազատություն ու խաղաղություն կգա ձեր մեջ ու շուրջ՝ թոթափվելով այսպիսի սին կապանքներից: Ուրախությունը կդառնա անսահման: Մի՞թէ սև կատուն ու վախն ավելի լավ են քան թէ սերը, լույսն ու ազատությունն Աստուծ օրհնության մեջ:
---------
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: Ամեն օր կարդացեք Ավետարանն ու ամեն օր աղոթեք ձեր սրտի խորիքից: Նույնիսկ մի պարզ աղոթք, ինչպես օրինակ «Տէր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, Ողորմյա ինձ մեղավորիս»: Բարին ընդ ձեզ: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26
No comments:
Post a Comment