Thursday, November 27, 2014

Այս կյանքը «եղունգ ունես գլուխդ քորի» չէ՛, այլ եղբորը հասնել

Երբ որ մարդն սկսում է բարի գործեր անել ու անկեղծորեն հոգ տանել իր նմանակցի նկատմամբ, նրա մեջ սկսում է ծիլ տալ ու ծաղկել այն սերմը, որի մասին Հիսուսը պատմում էր: Նա ասում էր, որ երկնքի արքայությունը «նման է մանանեխի հատիկին, որ մի մարդ վերցրեց եւ նետեց իր պարտէզը։ Սա աճեց եւ ծառ եղաւ, եւ երկնքի թռչունները ապրում էին նրա ճիւղերի վրայ»: Այո՛, այնպիսի ծառ դարձեք ձեր շրջապատի համար, որ մարդիկ կարողանան գալ ու ԱՊՐԵԼ ձեր ճյուղերի վրա:

Երբ որ մարդն սկսում է անշահախնդրորեն բարի գործեր անել, նրա մեջ սկսում է գործել իսկական մարդկային կոչումը: Ախր չէ՞ որ այս կյանքը «եղունգ ունես գլուխդ քորի» չէ՛, այլ ամեն մեկս կոչված ենք գնալ մեր եղբոր ետևից: Անառակ Որդու պատմության մեջ ավագ որդին անառակից ինչքանո՞վ էր լավը: Նա սիրում էր հորը ակնկալիքով թէ մի օր հայրն իրեն պիտի գնահատի, ու չէր սիրում եղբորը: Չգնաց եղբոր ետևից: Անտարբեր էր հոր ցավի նկատմամբ, մինչդեռ հայրը սպասում էր հեռացած որդու վերադարձին: Հեռվից տեսավ նրան:

Այս կյանքում մեզ 2 հզոր պատվիրան տրվեց՝ սիրել Աստծուն և սիրել մերձավորին: Եթե ասում էք, որ սիրում էք Աստծուն, ապա պիտի գնաք մերձավորի ետևից ու սեր/հոգատարություն ցույց տաք նրան: Ով է ձեր մերձավո՞րը: Դա ձեր ընտանիքի անդամներն են, հարևանը որի հետ դուք նստում ելնում էք ու հետևից բամբասում ու երբեմն էլ նախանձում, կանգառում կանգնած մարդիկ որոնց դուք հրմշտում էք տեղ գրավելու համար, փողոցում քայլող մարդիկ: Քո մերձավորը աղբի մեջ ուտելիք փնտրող մարդն է, այն հավաքարարն է որ ամեն օր չնչին աշխատավարձով մաքրում է քո քաղաքը իսկ դու նրան վերևից էս նայում կողքով անցնելիս: Քո մերձավորը քո բանվորն է, ուսուցիչն ու զինվորը: Քո մերձավորը քո պետությունն է, քո հայրենիքը:


Երբ որ դուք գնում էք ձեր եղբոր ետևից ու նրան սեր ու հոգատարություն ցույց տալիս Բարի Սամարացու պես, ձեր մերձավորը Աստուծո Սերն է տեսնում, որը հոսում է ձեր միջով: Ու նա կդառնա ու փառք կտա Աստծուն (Մաթ. 5:16): Ու ձեր երկնավոր Հայրը նայելով իր հրեշտակներին երևի կասի «Տեսնու՞մ էք, այս զավակս ԻՄ պես է մտածում, ԻՄ սերն է հասցնում իմ մյուս զավակներին: Ես նրան պիտի ավելի օրհնեմ ու ավելի զորացնեմ այս գործի համար, քանի որ քիչ բաների վրա հավատարիմը շատի վրա պիտի կարգվի, և ով որ ունի, նրան ավելի պիտի տրվի:»


Այսօր է բարի գործեր անելու ժամանկը սիրելի եղբայրներ ու քույրեր: Հենց հիմա: Ու դուք կոչված էք լինելու այս զավակը մեր երկնավոր Հոր համար, մեր մեծ ու սիրելի ընտանիքի համար: Այս կյանքում մեզ 2 հզոր պատվիրան տրվեց՝ սիրել Աստծուն և սիրել մերձավորին:



-------------------------------
Սիրելի ընկերներ, որոնց ես սիրում եմ որպես մեր մեծ ընտանիքի անդամների: Եթե այս գրվածքը ձեզ մտածելու առիթ տվեց՝ ապա մի վարանեք, մի հետաձգեք: Ուր էլ լինեք այս պահին, կանգնած թէ նստած, քայլ արեք ու մի պահ ձեր հոգու մեջ անկեղծությամբ ասեք, «Տէր Հիսուս Քրիստոս, ես զղջում եմ իմ արած սխալների համար: Օգնիր ինձ լսել Քո ձայնը: Ահա, սիրտս եմ բացում Քո առաջ: Ներս արի քո զավակի տուն: Ես փնտրում եմ քեզ:» Ամեն օր ասեք սա: Բայց այս խոսքերն ասելիս անկեղծ եղեք, հոգով ասեք, ճշմարտությամբ ասեք: Եթե դուք սիրում էք Աստծուն, ավելի սիրեք Նրան:

No comments:

Post a Comment