Wednesday, November 5, 2014

Ինչպես վարվել երբ մեկին պատմում ես հավատքի մասին ու նրանք չեն ուզում լսել


Լինում են չէ՞ դեպքեր երբ ոգևորված խոսում ես հավատքի մասին, կիսում այն մարդկանց հետ ու դիմացինդ քեզ չի հասկանում և չի ընդունում: Այս պատասխանը գրել էի ընկերներիցս մեկի կոմենտին ի պատասխան, բայց մտածեցի նաև մյուս ընկերներիս էլ կհետաքրքրի ու կիսում եմ նաև այստեղ:
Նախ, ամեն իրավիճակ տարբեր է, ու մոտեցման մեջ պետք է շատ զգույշ ու սիրալիր լինել, քանի որ այնպիսի պատասխանատու և նուրբ բաների մասին ենք խոսում: Եթե հանկարծ սխալվենք, դա կտանի գոռոզության ու հպարտության, որը դիմացինին կվանի, օգուտ չունի և տանում է կործանման: Բայց Աստուծո խոսքը մեզ մի քանի հստակ ուղղություններ տվեց նման իրավիճակների համար՝ երբ դուք մարդկանց պատմում էք մեր Քրիստոնեական հավատքի մասին ու ձեզ չեն ընդունում:
1. Ամեն հարաբերություն պետք է ծնվի անձնուրաց սիրուց: Եթե դա չկա ուրեմն ճիշտ ու Քրիստոնեական չէ մոտեցումը: Նույնիսկ երբ ծնողը երեխային պատժում է չարաճճիության համար, երեխան պետք է դրա ետևում ծնողի անձնուրաց սերը տեսնի: Երբ դուք մարդկանց խոսում էք Հիսուս Քրիստոսի հավատքի մասին, մարդիկ պիտի տեսնեն ձեր անձնուրաց սերը, որ այս ամենը սեր է, հոգատարություն, ձեռք մեկնել: 1995 թվականն էր: Մութ ու ցուրտ տարիներն էին: Հրապարակում էի: Մետրոն փակվեց չհասցրեցինք մետրո նստել (այն ժամանակ շուտ էր փակվում): Մի անծանոթի հետ հրապարակից քայլեցինք մինչև Կայարան: Նրա ձեռքին երկու միջին չափսի կանիստր կար, որ տանում էր տունը տաքացնելու համար: Ես Երուսաղեմից նոր էի վերադարձել: Ձեռքիս անձրևանոց կար, հագիս էլ սպիտակ կոստյում: Կրթված երիտասարդ էր զրուցակիցս: Ամբողջ ճանապահին խոսեցինք, ոգևորված պատմում էի Երուսաղեմից ու մեր հավատքից: Երբ հասավ բաժանվելու պահը, նա նրբորեն նկատեց ու ասեց. «տես դու Քրիստոնեությունից ու հավատքից ես խոսում: Այդ հավատքը ամբողջովին սեր է: Մենք իրար հետ քանի կանգառ քայլեցինք, ու դու մի հատ ինձ չասեցիր, տուր մի կանիստրն էլ ես տանեմ:» Ամեն ինչ պարզ է: Ես անամոթս չէի ասել՝ մտահոգվելով թէ բենզին չթափվի սպիտակ կոստյումիս վրա: Մի գուցե այսօրվա պամվելու համար էր: Հանկարծ դուք այդպես չվարվեք:
2. Մեկին մի բան սովորեցնելուց առաջ անհրաժեշտ է ձգտել բացարձակ խոնարհության, կամ գոնե լինել այդ ճանապահին՝ առաջ ընթանալով: Պատմության մեջ այն մարդիկ ովքեր մաքրվել, սրբացել ու մեծ շնորհներ են ստացել, եղել են շատ խոնարհ մարդիկ: Երբեք պիտի մարդկանց վերևից չնայենք: Երբեք:
3. Մարդկանց վրա ամենալավ դրական ազդեցություն գործելը սեփական սիրո, նվիրումի ու խոնարհության օրինակ ապրելն է: Եթե այդպես լինի, ձեզ կտեսնեն ու ձեր պես կուզենան դառնալ: Բայց եթե այդպես չէ, հազար ճշմարտություն էլ ասեք, ոչ մի օգուտ չի տա: Երբ որ ձեր դիմացինները տեսնեն, որ դուք ոչ թէ իրենց ուզում էք մի բան սովորեցնել, այլ դուք զբաղված էք ձեր սեփական մեղքերն ու տկարությունները տեսնելով ու դրանց համար զղջալով, այն ժամանակ իրենք ձեզ ավելի կգնահատեն ու կփորձեն ձեզ նմանվել: «Թող այդպէս փայլի ձեր լոյսը մարդկանց առաջ, որպէսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառաւորեն ձեր Հօրը, որ երկնքում է»։ (Մաթևոս 5:16) Մարդիկ հոգևոր սխրանքի կարոտ են:
4. Կա նաև մի այլ հարթություն: Հիսուսն ասեց որ երբեմն լինում են պահեր երբ մարգարիտները խոզերի առաջ պետք չէ նետել (Մաթևոս 7:6): Բայց սա այն դեպքը չէ, երբ մենք սուրբ ենք ու արժանիքներ ունեցող, նրանք էլ խոզեր են կամ շներ: Չէ՛, դա գոռոզություն է, մեծամտություն, հոգևոր խաբեություն ու հպարտություն: Դա մահ է: Աստված մարդու կամքին հակառակ ոչ մի բան չի անում: Երբ տեսնում էք, որ մարդը դեռ պատրաստ չէ Հիսուսի մասին լսելու, մի խոսեք այդ մասին, այլ թող այդ մարդիկ տեսնեն ձեր սերն ու նվիրումը, անկեղծությունն ու հոգատարությունը, խոնարհությունն ու հեզությունը (սովորեցէ՛ք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ Մաթ. 11:29): Ժամանակ տվեք: Աստված տալիս է այդ ժամանակը, դուք էլ տվեք: Օրինակ, նորածին երեխայի առաջ խորոված ու մարգարիտներ չեն դնում: Երեխան չգիտի դրանք ինչպես օգտագործի: Խորովածը կթափի, մարգարիտներն էլ շաղ կտա սենյակով մեկ: Սա չի նշանակում որ երեխան վատն է, մայրն էլ սրբակենցաղ: Չէ՛: Ամեն ինչին իր ժամանակը կա: Ու ամեն ինչ պետք է արվի անձնուրաց սիրով: Ասում եմ անձնուրաց, որովհետև սիրո 4 տեսակներ կան, ու դրանցից միայն մեկն է անձնուրաց նվիրում:
5. Եվ անշուշտ պետք է աղոթել, սրտանց աղոթել այն մարդկանց համար, որոնց որ դուք նույնպես այնքան էք սիրում, որ փնտրում էք նրանց դարձը՝ սեփական անձը վնասելու ճանապահից դեպի լույս ու իսկական կյանք: (Ինչպես աղոթել երբ հոգին ոչինչ չի զգումhttp://bit.ly/1xnQFEr )
---------
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: Ամեն օր կարդացեք Ավետարանն ու ամեն օր աղոթեք ձեր սրտի խորիքից: Նույնիսկ մի պարզ աղոթք, ինչպես օրինակ «Տէր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, Ողորմյա ինձ մեղավորիս»: Բարին ընդ ձեզ: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26

No comments:

Post a Comment