Wednesday, October 22, 2014

Ձեր Խոսքի Զորության Ուժը


Երեկ 7 տարեկան Նարեկիս ֆուտբոլի պարապունքի էի տանում: Ճանապահն անցնում էր դաշտերի միջով որտեղից երևում էին գեղեցիկ անտառներով պատված լեռներ: Ովքեր Նարեկիս մասին արդեն մի քիչ գիտեն այստեղից ( տես http://bit.ly/1wokWiP) ապա այս պատմությունն ավելի լավ կհասկանան: Ճանապահին, չգիտեմ ինչից սկսվեց, բայց մոտավորապես այպիսի հարց ու պատասխան գնաց:
_Պապա Հիսուսն ամենաուժեղն ա չէ՞
_Այո բալես:
_Պապա ջան, մի բան եմ ուզում հարցնեմ, բայց խնդրում եմ Հիսուսը հանկարծ չնեղանա:
_Ի՞նչ ես ուզում հարցնել Նարեկ ջան:
_Նայի, ես իրեն շատ եմ սիրում, ու գիտեմ որ ինքն ամենաուժեղն է, բայց խնդրում եմ Հիսուս ջան մի նեղացի:
_Մի վախեցի Նարեկ ջան, Հիսուսը չի նեղանում երբ մենք հարցեր ենք տալիս, այլ քեզ շատ է սիրում:
_Պապա ջան, ինձ թվում է Հիսուսն այս սարերը չի կարող շարժել, ասե՞մ ինչի, ինքն այդքան մուսկուլներ չունի:
_Նարեկ ջան Հիսուսը սարերը իր խոսքով է շաժում, ոչ թէ մուսկուլներով...
Ու այդ պահին, մեքենայի ղեկին, այս տարիքւոմ իմ ներսում մի ամբողջ մտածողություն փոխվեց: Հիշեցի ավետարանից Տէր Հիսուսի այս խոսքերը: «ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ այս լեռանն ԱՍԻ՝ ե՛լ եւ ծո՛վն ընկիր, եւ իր սրտում չկասկածի, այլ հաւատայ, թէ ինչ որ ԱՍՈՒՄ է, կը լինի, նա ինչ էլ ԱՍԻ, կը կատարուի»։ 4 Ավետարաններից երեքն էլ ունեն այս խոսքերը գրանցված (Մարկող 11:23, Մաթևոս 21:21, Ղուկաս 17:6):
Ու այստեղ առաջին անգամ մի այլ լույսի ներքո հասկացա թէ ինչ զորություն ունի Աստուծո խոսքը և ինչ զորություն կարող է ունենալ մարդու խոսքը եթե այն լի է հավատքով: Սահակ Եպիսկոպոս Մաշալայնն իր քարոզներից մեկում մի լավ հարց է տալիս: Ասում է, ինչպե՞ս է որ երբ Եղիա Մարգարեն է աղոթում, երկնքից կրակ է իջնում, իսկ երբ մենք ենք աղոթում, թվում է թէ ոչինչ չի պատահում: Ուրեմն սուրբերն այլ իմաստ են դնում իրենց բերանից դուրս եկող խոսքերի մեջ: Իսկ դա գալիս է հավատքից:
ԻՆՉՔԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ ԱՅՆ ԽՈՍՔԵՐԸ, ՈՐ ԾՆՎՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՄՏՔԻՑ ՈՒ ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ ՄԵՐ ԲԵՐԱՆԻՑ
Հաճախ մենք խոսում ենք առանց մտածելու, արագ, ու բարկությունից կամ դատարկությունից մղված: Քանի՞ անգամ էք լսել այս արտահայությունը, «դե լավ ամեն բառից մի կախվի»:
ԵԹԵ ԴՈՒՔ ՁԵՐ ԽՈՍՔԻՆ ՈՒ ԲԱՌԵՐԻՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԴԱՐՁՆԵՔ, ԱՍՏՎԱԾ ԻՆՉՈՒ՞ ՊԻՏԻ ԴԱՐՁՆԻ
Սիրելի ընթերցող ընկեր: Մարդկային խոսքը և արտահայտված բառերը հզորագույն նշանակություն ունեն: Աստված իր ԽՈՍՔՆ ուղարկեց մեզ (Հիսուսին) ամենայն լրջությամբ, որովհետև շատ կարևոր ասելիք ունի ինձ ու քեզ: Բայց մենք մարդիկ այդքան լրջությամբ ու զգուշությամբ չենք օգտագործում մեր խոսքը: Եթե մենք մեր խոսքերին ուշադրություն չդարձնենք, դիմացինն ինչու՞ պիտի դարձնի, եթե մենք մեր խոսքերին ուշադրություն չդարձնենք Աստված ինչու պիտի ուշադրություն դարձնի: Եթե ձեր դիմացինը ձեզ հետ խոսում է առանց ձեզ ուշադրություն դարձնելու, դուք ինչպե՞ս էք ձեզ զգում:
Միտքն արդեն հասկանում էք: Բերանից ելած խոսքն ունի անսահման ներուժ (պոտենցիալ): Ինչքան ավելի հավատք ու հոգատարություն դուք դնեք ձեր խոսքերի մեջ (թէ աղոթքի ժամանակ և թէ մարդկանց հետ խոսելիս) այնքան ավելի ուժ և կարողություն կունենան ձեր խոսքերը: Նույնիսկ լեռներ շարժելու աստիճան:
Դրա համար մեր ժողովուրդն իր հազարամյա փորձից մի լավ արտահայտություն է կտակել մեզ, թէ «խոսքդ քամուն մի տուր» ու «լեզուն թրից էլ ուժեղ է կտրում»:
Ուրեմն հավատքով ասված ամեն մի խոսք հզոր զորություն ունի, առավել ևս երբ դա Աստուծո խոսքն է: Իսկ մեկին ամբողջությամբ հավատալու համար, պետք է նրան ճանաչել, վստահել ու սիրել:
---------
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26

No comments:

Post a Comment