Tuesday, October 14, 2014

Ինչու է մարդու քունը տանում Ավետարան կարդալիս և ինչպես հաղթահարել դա



Եթե 100 հոգու, կամ Քրիստոնյաների հարցնեք թէ ինչու կանոնավոր Ավետարան չեն կարդում, երևի 95ը ձեզ պատասխանեն թէ հենց Սբ. Գիրքը վերցնում են ձեռքերը քունը տանում է, կամ էլ չեն հասկանում: Այս թվերն անշուշտ իրական չեն, բայց դուք էլ երևի համաձայնվեք որ սա հիմնական իրականությունն է: Գիտե՞ք ինչ հետաքրքիր բան կա: Նկատե՞լ էք երբ սովորական գիրք էք վերցնում ու կարդում, մանավանդ երեկոյան ժամերին, էլի քունը գալիս է: Բայց նկատե՞լ է որ երբ մեծերը կամ երեխաները թեկուզ երեկոյան ժամը 10ին սկսեն վիդեո խաղեր խաղալ, նրանք կարող են մինչև ուշ գիշեր այդ խաղերը խաղալ առանց հոգնելու ու հոգնում են միայն երբ որ խաղերը վայր են դնում: Ուրեմն ի՞նչն է պատճառը: Ես աղոթեցի այս մասին մեր սիրելի Աստծուն ու անկեղծորեն խնդրեցի այս տարածված խնդրի պատասխանը: 


Ահա 3 պատճառներ, որոնք լավ հասկանալու համար դուք կհասկանաք նաև այս խնդրի լուծումը: Սա հավանաբար ամբողջական ցանկը չէ, բայց երեևի կօգնի՝ եթե իսկապես ուզում էք տառապանքից ազատվելու ձեր ճանապարհը հասկանաք ու ճանաչեք ինքներդ ձեզ:



1. ՄԱՐԴԸ ԲԱՎԱԿԱՆ ՔՈՒՆ ՉԻ ԱՌՆՈՒՄ
Ոչ միայն Ավետարան կարդալիս, այլ նաև այլ գրքեր կարդալիս մարդու քունը տանում է, եթե այդ մարդը բավական լավ չի քնում գիշերները: Եթե դուք գիշերը քիչ էք քնում ու քնի պակաս ունեք, ապա ձեր քունը կտանի ոչ միայն Ավետարան կարդալիս, ոչ միայն ուրիշ գրքեր կարդալիս, այլ նաև հեռուստացույց դիտելիս: Քանի՞ անգամ էք ձեր տնեցիներին քնած տեսել հեռուստացույցի առջև կամ դասերը սովորելիս: Լուրջ ընթերցանությունը պահանջում է ուղեղի կենտրոնների հագեցած օգտագործում, որոնք արտադրում են մեծ քանակությամբ նյարդամիջնորդներ (neurotransmitters): Երբեմն մենք կարդում կամ հեռուստացույց ենք դիտում կիսապարկած վիճակում, սա դանդաղեցնում է շնչառությունը ու նպաստում քնելուն: Դրա համար վիդեո խաղեր խաղացողների քունը չի տանում: Նրանք խաղալիս խանդավառվում են, սիրտ ու հոգի են դնում իրենց արածի վրա, սրտի աշխատանքն ու շնչառությունն արագանում է և այլն: Փորձեք պարզապես օրվա մեջ լավ հանգստանալ:



2. ԴՈՒՔ ՈՒԶՈՒՄ ԷՔ ԿԱՐԴԱԼ, ԲԱՅՑ ԿԱՄ ՉԳԻՏԵՔ ՈՐՏԵՂԻՑ ՍԿՍԵԼ, ԿԱՄ ԷԼ ՉՈՒՆԵՔ ՃԻՇՏ ԴՐԴԱՊԱՏՃԱՌԸ
Այն մարդիկ ովքեր նոր էն Քրիստոնեության կամ հավատքի կյանքի մեջ, շատ հաճախ վերցնում են և ուզում Սբ. Գիրքը կարդալ ինչպես գեղարվեստական գիրք: Աստվածաշունչը գրքերի հվաքածու է մեկ գրքի մեջ: Հարցրեք ձեր քահանային թէ որտեղից սկսել և ինչպես կարդալ: Հարցրեք ձեր քահանայից թէ արդյոք ո՞ր օրերին համայնքում կան Սբ. Գրքի սերտողության ժամեր ու մասնակցեք դրանց: Օրինակ սկսեք Մարկոսի 

Ավետարանից http://on.fb.me/1sr464K

Իսկ այն մարդիք, ովքեր արդեն քիչ թէ շատ սկսել են Քրիստոնեական կյանքը, հնարավոր է որ Ավետարան կարդում են, բայց ոչ ճիշտ շարժառիթներով: Ավետարան կարդալու ճշմարիտ դրդապատճառը պետք է լինի ոչ թէ ինչ որ անհասկանալի հանգստություն ձեռք բերելը, այլ անկեղծ ձգտումը ճանաչել մեր Տէր Հիսուս Քրիստոսին: Ավելի մոտիկից ճանաչել՝ այնքան, մինչև որ ՆԱ հայտնի ԻՐԵՆ Ձեզ (Հովհ. 14:21): Ու դուք կարողանաք հասկանալ թէ ինչպես է մարդը փոխվում, ավելի մաքուր ու սուրբ դառնում ու ազատվում այն կրքերից որ տառապանք են պատճառում իրեն: Ու ինչպես է մարդն այսպիսով կանգնում ու սկսում քայլել Աստուծո Արքայության հրավերի ճանապարհին: Ավետարան կարդում են Աստուծո արքայությունն ու արդար կյանք փնտրելու պատճառով (Մաթ. 6:33): Աստվածաշունչը կարդում են հասկանալու համար թէ ինչպես է մարդը զղջում ու ապաշխարում, երբ է Աստված ներում ու ինչպես է Աստված սիրում իր զավակներին: Այս ամենը կյանքը փոխելու և սեփական անձի ներսը նայելու համար են: Երբ դուք Ավետարան կարդաք ճիշտ դրդապատճառով, ապա շնչառությունը դանդաղեու և քունը տանելու փոխարեն ձեր խանդավառությունը կշատանա, շնչառությունը կարագանա, սրտի աշխատանքը կարագանա: Դուք ամբողջ հոգով ու էությամբ կձգտեք սնվել որթատունկից ինչպես մի ճյուղ որ ուզում է պտուղ տալ: (Հովհ. 15:1-8): Ասում եմ ԱՄԲՈՂՋ հոգով ու սրտով, հիշե՛ք ու պահե՛ք առաջին պատվիրանը: Դուք կուզենաք փոխել ձեր կյանքը:



3. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԴԱ ՊԱՏԵՐԱԶՄ Է: ՀԱՂԹՈՒՄ Է ՈՒԺԵՂԸ
Սատանան, նախանձից ու չարությունից դրդված, չի ուզում որ դուք փոխվեք ու հասնենք այնտեղ, որտեղից նա է ժամանակին արտաքսվել: Սա հեքիաթ չի: Նայեցեք ձեր շուրջն ու տեսեք թէ որքան չարություն կա նախանձի, փառասիրության, եսասիրության ու ինչաքաղցության պատճառով: Աստված՝ մեր ԾՆՈՂԸ, մեզ շատ սիրելով հրավիրում է ՏՈՒՆ (իր մոտ, իր արքայության մեջ): Չար սատանան սա չի ուզում ու ամեն կերպ ձեր ուշադրությունը գրավելով, ու տարբեր ձևերով, հաճույքներով հմայելով, ձեզ հետ է պահում այս ճանապարհից: Սա պատերազմ է: Սա Հոգևոր բարի պատերազմ է: Սա քո ազատության մի տեսակ ցուցանիշն է: Սրանով դու իմանում էս որ իսկապես ազատ ես ընտրություն կատարելու մեջ: Կամ սատանայի դիմաց մեն մենակ էս ու պարտվում ես, կամ դուռդ (կամքդ) լրիվ բացում ես քո Աստուծո առաջ, ով անհանգիստ ու մտահոգ ծնողի պես անդադար թակում է դուռդ (Հայտնություն 3:20) ու սպասում թէ երբ պիտի բացես, որ ներս մտնի, քեզ պաշտպանի, ազատի քեզ չարի այդ կրքերի գերությունից ու նրան դուրս շպրտի քո կյանքից իր բերանի շնչով (2 Թեսաղոնիկեցիներ 2:8): Եթե ամենակարող ՊԱՊԱՆ (հիշեք սա երբ ասում էք Հայր Մեր...) քեզ հետ է, քեզ ոչինչ չի կարող սպառնալ: Մեր ՊԱՊԱՆ ամենաուժեղն է (Մարկոս 1:34, 1:39 ...):



Մենք ընտանիքով գրեթե ամեն երեկո երեխաների քնելուց առաջ Ավետարան ենք կարդում ու միասին աղոթում: Երբ դրդապատճառը ճիշտ է, ապա նրանք ոգևորվում են, խանդավառվում, ընդհատում են ու հարցեր տալիս, իսկ հետաքրքրությունն էլ ավելանում է: Քնելու մասին էլ հարց չկա: 



Հիմա դուք էլ կարող էք ինքներդ ձեզ հարց տալ, Ավետարան կարդալու ձեր նպատակն ի՞նչ է: Դա կվորոշի ձեր քունը գալու աստիճանը: Եթե ճիշտ շարժառիթով Ավետարանը վերցնեք ձեր ձեռքն ու մի պարզ աղոթքով էլ խնդրեք Աստուծո օգնությունը, ապա ձեր քունը չի գա:


---------
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26

No comments:

Post a Comment