Monday, October 20, 2014
Ինչպես օգնել մարդու անհավատությանը և զորացնել հավատքը
Ինձ միշտ հետաքրքրել է թէ ինչու ոմանք հավատում են Աստծուն իսկ ոմանք ոչ: Մի քանի օր առաջ միտքս եկավ Աստվածաշնչից այն հատվածը, ուր հիվանդ երեխայի հայրը աղաղակելով դիմում է Տէր Հիսուսին ու ասում, «Հաւատում եմ, օգնի՛ր իմ անհաւատութեանը» (Կարդացեք Մարկոս 9:15-28)։ Այդ պահին ձեռքիս տակ Սբ. Գիրք չկար ու չէի հիշում թէ Տէրն ինչ ասեց, ինչպես պատասխանեց: Մտածում էի որ այդ պատասխանը կլինի անհավատությունից ազատվելու խնդրի լուծումը: Բայց այդպես չէր:
Եթե չորս Ավետարանները կարդացել էք, նկատած կլինեք մի այսպիսի բան: Մարդիկ Հիսուսին մի բան են հարցնում, Նա նրանց կարծես թէ լրիվ ուրիշ բան է պատասխանում: Ու մենք առաջին հայացքից չենք հասկանում իմաստը: Ահա միայն մեկ օրինակ: Հիշու՞մ էք երբ Նիկոդեմոսը եկավ Հիսուսի մոտ: Տեսեք հարցն ու պատասխանը: «Ռաբբի՛, գիտենք, որ Աստծուց ես եկել որպէս վարդապետ, որովհետեւ ոչ ոք չի կարող կատարել այն նշանները, որ դու ես անում, եթէ Աստուած նրա հետ չլինի»։ Այստեղ մտածում ես, որ հեսա Հիսուսը կասի, ապրես դու Նիկոդեմոս ջան, շատ լավ ես հասկացել ամեն ինչ: Արի մտի երկնքի արքայություն (Որովհետև Նիկոդեմոսի ուզածն ի՞նչ է: Նա ծեր մարդ է, մի քանի տարուց պիտի մեռնի ու երկնքի արքայություն է ուզում): Բայց Հիսուսը նրան ի՞նչ է պատասխանում: Չի ասում ապրես, արի, բայց լրիվ ուրիշ բան - «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթէ մէկը վերստին չծնուի, չի կարող Աստծու արքայութիւնը տեսնել»։ (Հովհ. 3:2-3) Ու Հիսուսի պատասխանից մենք տեսնում էնք բոլոր մարդկանց երկնքի արքայություն գնալու ճանապարհի բանալին:
Բայց այստեղ, հիվանդ երեխայի հորը, ով հուսահատության ու փոքր հավատքի մեջ խնդրում էր Հիսուսին թէ օգնիր իմ անհավատությանը, Հիսուսը ոչինչ չպատասխանեց, այլ բուժեց երեխային: Բայց հարցը նորից մնում է չէ՞ Ո՞րն է անհավատությունից ազատվելու և իսկապես հավատալու և այդ հավատքով ապրելու բանալին: Առաջին հայացքից մտածում ես, հայրը շատ կարևոր հարց տվեց, գոնե Տէրը Նիկոդեմոսի պես մի պատասխան տար, որ մենք էլ իմանայինք թէ այդ անհավատությունն ինչպես է բուժվում: Բայց դա էլ չկար, այլ եղավ միայն բուժումը: Հիսուսը դուրս արեց պիղժ ոգուն ու բուժեց երեխային: Ծնողները ստացան իրենց խնդրածը:
Այսպիսի դեպքում, երբ հարցին Հիսուսը չի պատասխանում այլ շնորհում է խնդրածը, ապա ուրեմն ամեն ինչ հարցի մեջ պետք է փնտրել:
Այս աշխարհում, միակ բանը որ մարդը կարող է անել ինքն իրենից, դա զղջումն ու անկեղծությամբ Աստծուն դառնալն է, նույնիսկ փոքր հավատքով: Քանի քանի մարդկանց ենք հանդիպել, որ կամ ասում են չենք հավատում, կամ չեն ուզում հավատալ, կամ էլ անկեղծորեն ասում են կուզեի հավատալ, բայց չեմ կարողանում հավատալ: Սա նրանք ասում են իրենց հետ խոսող մարդկանց, բայց ոչ Աստծուն:
Հիվանդ երեխայի հոր պատմությունից մենք տեսնում ենք, որ այն մարդիկ ովքեր անկեծորեն ուզում են հավատալ, եթե դառնան Աստծուն և սրտանց ասեն, «Հաւատում եմ, օգնի՛ր իմ անհաւատութեանը», այդ օգնությունը գալիս է (որովհետև Հիսուսն անմիջապես բժշկեց զավակին):
Եթե ձեզ թվում է որ ձեր հավատքը փոքր է, կայուն չէ, թույլ է ու դուք հեշտությամբ սայթակում ու երկմտում էք փորձության ժամանակ, ապա դատարկեք ձեր հոգին ու դարձեք Աստծուն ասելով Տէր «Հաւատում եմ, օգնի՛ր իմ անհաւատութեանը»: Միայն խնդրում եմ, Աստծուն փորձելու համար չանեք դա, որպեսզի տեսնեք կլինի թէ ոչ, այլ երբ անկեղծ ուզենաք ճանաչել: Գրված է թէ քո Տէր Աստծուն չպիտի փորձես (2րդ Օրինաց 6:16, Մաթևոս 4:7): Ոչ թէ մի անգամ ասեք, այլ ամեն օր ասեք (չլինի թէ դռան զանգը տաք ու փախնեք): Անկեղծ սրտով ու ցանկությամբ ասեք ինչպես այս երեխայի հայրը: Բանալին սա է ժողովուրդ ջան: Եթե խնդրում ենք, տրվում է, եթե չենք խնդրում, ոչ մի բան էլ չի տրվում: Եթե թակում ենք, բացվում է, եթե չենք թակում, ոչ մի դուռ էլ չի բացվում: Եթե փնտրում ենք, գտնում ենք, եթե չենք փնտրում, շարունակում ենք քայլել խավարի և հուսահատության մեջ:
Մինչդեռ Աստված ինչեր խոստացավ իր զավակներին: Երբ այս Կիրակի եկեղեցի գնաք, կլսեք այս խոսքերը Ավետարանի ընթերցման ժամանակ որ Հիսուսն ասեց: «Տիրոջ Հոգին իմ վրայ է, դրա համար իսկ օծեց ինձ, ինձ ուղարկեց աղքատներին աւետարանելու, սրտով բեկեալներին բժշկելու, գերիներին ազատում քարոզելու եւ կոյրերին՝ տեսողութիւն, կեղեքուածներին ազատ արձակելու, Տիրոջը ընդունելի տարին հռչակելու» (Ղուկաս 4:18-19)։ Այս ազատությանն ու կյանքին, որի մասին Տէր Հիսուսը խոսում է, մարդ միայն ու միայն իսկական ու արտահայտվող հավատքով կարող է հասնել: Եթե դուք այն դեռ չեք զգում, ապա ձեր խղճի մեջ, նայեք ձեր ներսը ու քննեք ձեր սիրտը, մի գուցե դուք էլ իմ պես կարիք ունեք ծնկի գալու ու աղաղակելու, Տէր «Հաւատում եմ, օգնի՛ր իմ անհաւատութեանը»: Բարի Կիրակի բոլորիդ:
---------
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26
Labels:
Աստվածաշունչ,
Հավատք
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment