Tuesday, October 14, 2014

Պապա ես սուտ չեմ խոսի, որ սիրտս մաքուր մնա



Սիրտը մաքուր պահելը ամենաթանկարժեք գանձն է որ մենք կարող ենք ունենալ մեր համար և ամենաթանկարժեք նվերը մեր սիրելի Աստծուն ներկայացնելու համար: 


Մոտ երկու շաբաթ առաջ ես փորձում էի իմ երեխաներին սովորեցնել որ սուտ խոսելը վատ բան է: Նրանք դա գիտեն, բայց նաև գիտեն որ սուտ խոսելը գլուխն ազատելու միջոց է: Դուք էլ դա գիտեք և բոլորս էլ արել կամ դեռ անում ենք: Սա վատ է: Հետո ես հասկացա, որ երեխաներին պետք է բացատրել, թէ նրանք ինչ են «շահում» սուտ խոսելով, և ինչ են կորցնում: Նաև նրանց պետք է բացատրել թէ ինչ են իրենք իսկապես շահում միշտ ճշմարտությանը հավատարիմ մնալով՝ թեկուզ ի գին դիմացինի բարկության: Սա նաև կարող է լավ օրինակ լինել մեծերիս համար:

ԱՄԵՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՍԻՐՏԸ ՊԵՏՔ Է ՄԱՔՈՒՐ ՊԱՀԵԼ
Տղաներիս պատմեցի, որ ամենամեծ ու իսկական գանձը, որը մարդը կարող է ունենալ ու ինքն իրենից ներկայացնել Աստծուն, դա սրտի մաքրությունն է: Ամեն անգամ մարդ սուտ խոսալով, կամ մի վատ բան անելով, կամ մի վատ բան մտածելով կեղտոտում է իր սիրտը (խիղճը, հոգին): Սուտ խոսելով դու շահում ես ժամանակավոր ու կեղծ փախուստ (գլուխն ազատել), բայց կորցնում ես սրտիդ մաքրությունը: Դա մեծ կորուստ է: Հիսուսը կեղտոտ սրտերի մեջ չի բնակվում: Կեղտոտ սրտերով մարդիկ Աստծուն չեն տեսնի: Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն (Ավետարան ըստ Մաթևոսի 5:8):



Մյուս կողմից, երբ դու գայթակղվում ես ու քաջություն ունենաս հանուն ճշմարտության, հանուն քո սրտի մաքրության ու Տէր Հիսուսի հետ քո հարաբերության հավատամության ճիշտը խոսել, դու պահպանում ես քո սրտի մաքրությունն ու ավելի ես պսպղացնում այն, քանի որ գայթակղության ժամանակ դու հավատարիմ մնացիր: Սա մեծ նվեր է, սա մեծ ուրախություն է: Դու վստահել ես Աստուծո ու մարդկանց աչքին: Դու պահպանում ես քո կոչումը, որ է Աստուծո պատկեր և նմանություն: Դու փոքր բանի մեջ հավատարիմ ես լինում Հիսուսին (Ղուկաս 16:10): 



Ես չգիտեմ իմ խոսքերն ինչ տպավորություն թողեցին տղաներիս ու իրենց հետագա դաստիարակության վրա: Բայց 3-4 օր առաջ նրանք խաղում էին մյուս սենյակում: Հետո գզվռտոց սկսվեց ինչ որ խաղալիքի հետ կապված ու երկուսն էլ դժգոհ եկան իմ մոտ բողոքելու: Հենց հասան իմ մոտ, Նարեկս (7 տարեկան) եղբորն ասաց, «Հարութ սպասի:» Հետո դարձավ ինձ ու ասաց, «պապա մի րոպե, ես ճիշտը կասեմ, որ սիրտս մաքուր մնա...»: 



Իմ հայրական ուրախությանը սահման չկար: Երեխան հասկացավ, որ սրտի մաքրության պահպանումը շատ ավելի մեծ արժեք է, քան թէ սուտ խոսելն ու ժամանակավորապես իրականությունից փախուստ տալով սիրտը կեղտոտելը:



Ինչ լավ կլիներ, որ մեծերս նույնպես հասկանայինք այս պարզ բանը: Աստված միայն մաքուր սրտերի մեջ է բնակվում: Մաքուր սրտերը պահպանում են Աստուծո պատվիրանները: Ու Հիսուսը հայտնում է իրեն նրանց, ովքեր պահում են իր պատվիրաններն (http://on.fb.me/1vxzwUN) ու այսպիսով մնում իր սիրո մեջ: 



Նույնիսկ մի գրամ կեղտոտ ջուր մի խառնեք ձեր մաքուր բաժակին, դա փոխում է ջրի գույնը:



---------
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26

No comments:

Post a Comment