Thursday, October 30, 2014

Աստուծո Տաս Պատվիրանները

1. «Ե՛ս եմ քո Տեր Աստվածը, որ քեզ հանեցի եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից: Ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար:

2. Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես: Չպիտի երկըրպագես ու չպիտի պաշտես դրանց, որովհետև ե՛ս եմ քո Տեր Աստվածը՝ մի նախանձոտ Աստված. հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին, ինձ ատող մարդկանց նույնիսկ երրորդ ու չորրորդ սերնդին, իսկ ինձ սիրող ու իմ հրամանը կատարող մարդկանց մինչև հազարերորդ սերնդին ողորմում եմ:

3. Քո Տեր Աստծո անունն զուր տեղը չպիտի արտասանես, որովհետև Տերը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում:

4. Հիշի՛ր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն: Վեց օր պիտի աշխատես և պիտի կատարես քո բոլոր գործերը: Յոթներորդ օրը քո Տեր Աստծու շաբաթ օրն է: Այդ օրը դու ոչ մի գործ չպիտի անես, ոչ էլ քո տղան ու աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո էշն ու քո եզը, քո բոլոր անասունները, քեզ մոտ գտնվող օտարականն ու քեզ մոտ բնակվող պանդուխտը, որովհետև Տեր Աստված վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու այն ամենը, ինչ դրանց մեջ է, իսկ յոթներորդ օրը հանգստացավ: Դրա համար էլ Տերն օրհնեց յոթներորդ օրը և այն սուրբ հռչակեց:

5. Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տեր Աստված տալու է քեզ:

6. Մի՛ սպանիր:

7. Մի՛ շնացիր:

8. Մի՛ գողացիր:

9. Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր:

10. Ո՛չ քո մերձավորի տան, ո՛չ նրա ագարակի վրա աչք մի՛ ունեցիր: Ո՛չ քո մերձավորի կնոջ վրա, ո՛չ նրա ծառայի վրա, ո՛չ նրա աղախնու վրա, ո՛չ նրա եզան վրա, ո՛չ նրա էշի վրա, ո՛չ նրա անասունի վրա, ո՛չ այն ամենի վրա, ինչ քո մերձավորինն է, աչք մի՛ ունեցիր»:


Համեմատության համար տես (Ելք 20.1–17)

Ահա մեր Տէր Հիսուս Քրիստոսի 9 Երանենիները, որոնք ամեն մարդ պիտի իմանա և գործադրի իր կյանքում:

Wednesday, October 22, 2014

Ձեր Խոսքի Զորության Ուժը


Երեկ 7 տարեկան Նարեկիս ֆուտբոլի պարապունքի էի տանում: Ճանապահն անցնում էր դաշտերի միջով որտեղից երևում էին գեղեցիկ անտառներով պատված լեռներ: Ովքեր Նարեկիս մասին արդեն մի քիչ գիտեն այստեղից ( տես http://bit.ly/1wokWiP) ապա այս պատմությունն ավելի լավ կհասկանան: Ճանապահին, չգիտեմ ինչից սկսվեց, բայց մոտավորապես այպիսի հարց ու պատասխան գնաց:
_Պապա Հիսուսն ամենաուժեղն ա չէ՞
_Այո բալես:
_Պապա ջան, մի բան եմ ուզում հարցնեմ, բայց խնդրում եմ Հիսուսը հանկարծ չնեղանա:
_Ի՞նչ ես ուզում հարցնել Նարեկ ջան:
_Նայի, ես իրեն շատ եմ սիրում, ու գիտեմ որ ինքն ամենաուժեղն է, բայց խնդրում եմ Հիսուս ջան մի նեղացի:
_Մի վախեցի Նարեկ ջան, Հիսուսը չի նեղանում երբ մենք հարցեր ենք տալիս, այլ քեզ շատ է սիրում:
_Պապա ջան, ինձ թվում է Հիսուսն այս սարերը չի կարող շարժել, ասե՞մ ինչի, ինքն այդքան մուսկուլներ չունի:
_Նարեկ ջան Հիսուսը սարերը իր խոսքով է շաժում, ոչ թէ մուսկուլներով...
Ու այդ պահին, մեքենայի ղեկին, այս տարիքւոմ իմ ներսում մի ամբողջ մտածողություն փոխվեց: Հիշեցի ավետարանից Տէր Հիսուսի այս խոսքերը: «ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ այս լեռանն ԱՍԻ՝ ե՛լ եւ ծո՛վն ընկիր, եւ իր սրտում չկասկածի, այլ հաւատայ, թէ ինչ որ ԱՍՈՒՄ է, կը լինի, նա ինչ էլ ԱՍԻ, կը կատարուի»։ 4 Ավետարաններից երեքն էլ ունեն այս խոսքերը գրանցված (Մարկող 11:23, Մաթևոս 21:21, Ղուկաս 17:6):
Ու այստեղ առաջին անգամ մի այլ լույսի ներքո հասկացա թէ ինչ զորություն ունի Աստուծո խոսքը և ինչ զորություն կարող է ունենալ մարդու խոսքը եթե այն լի է հավատքով: Սահակ Եպիսկոպոս Մաշալայնն իր քարոզներից մեկում մի լավ հարց է տալիս: Ասում է, ինչպե՞ս է որ երբ Եղիա Մարգարեն է աղոթում, երկնքից կրակ է իջնում, իսկ երբ մենք ենք աղոթում, թվում է թէ ոչինչ չի պատահում: Ուրեմն սուրբերն այլ իմաստ են դնում իրենց բերանից դուրս եկող խոսքերի մեջ: Իսկ դա գալիս է հավատքից:
ԻՆՉՔԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ ԱՅՆ ԽՈՍՔԵՐԸ, ՈՐ ԾՆՎՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՄՏՔԻՑ ՈՒ ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ ՄԵՐ ԲԵՐԱՆԻՑ
Հաճախ մենք խոսում ենք առանց մտածելու, արագ, ու բարկությունից կամ դատարկությունից մղված: Քանի՞ անգամ էք լսել այս արտահայությունը, «դե լավ ամեն բառից մի կախվի»:
ԵԹԵ ԴՈՒՔ ՁԵՐ ԽՈՍՔԻՆ ՈՒ ԲԱՌԵՐԻՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԴԱՐՁՆԵՔ, ԱՍՏՎԱԾ ԻՆՉՈՒ՞ ՊԻՏԻ ԴԱՐՁՆԻ
Սիրելի ընթերցող ընկեր: Մարդկային խոսքը և արտահայտված բառերը հզորագույն նշանակություն ունեն: Աստված իր ԽՈՍՔՆ ուղարկեց մեզ (Հիսուսին) ամենայն լրջությամբ, որովհետև շատ կարևոր ասելիք ունի ինձ ու քեզ: Բայց մենք մարդիկ այդքան լրջությամբ ու զգուշությամբ չենք օգտագործում մեր խոսքը: Եթե մենք մեր խոսքերին ուշադրություն չդարձնենք, դիմացինն ինչու՞ պիտի դարձնի, եթե մենք մեր խոսքերին ուշադրություն չդարձնենք Աստված ինչու պիտի ուշադրություն դարձնի: Եթե ձեր դիմացինը ձեզ հետ խոսում է առանց ձեզ ուշադրություն դարձնելու, դուք ինչպե՞ս էք ձեզ զգում:
Միտքն արդեն հասկանում էք: Բերանից ելած խոսքն ունի անսահման ներուժ (պոտենցիալ): Ինչքան ավելի հավատք ու հոգատարություն դուք դնեք ձեր խոսքերի մեջ (թէ աղոթքի ժամանակ և թէ մարդկանց հետ խոսելիս) այնքան ավելի ուժ և կարողություն կունենան ձեր խոսքերը: Նույնիսկ լեռներ շարժելու աստիճան:
Դրա համար մեր ժողովուրդն իր հազարամյա փորձից մի լավ արտահայտություն է կտակել մեզ, թէ «խոսքդ քամուն մի տուր» ու «լեզուն թրից էլ ուժեղ է կտրում»:
Ուրեմն հավատքով ասված ամեն մի խոսք հզոր զորություն ունի, առավել ևս երբ դա Աստուծո խոսքն է: Իսկ մեկին ամբողջությամբ հավատալու համար, պետք է նրան ճանաչել, վստահել ու սիրել:
---------
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26

Tuesday, October 21, 2014

Որտեղից է առաջանում իսկական սերը



Չգիտեմ այն քչանում է թէ շատանում, բայց տեսնում ենք որ հասարակության մեջ ընդհանուր առմամբ սիրո վտանգավոր պակաս կա: Ի նկատի ունեմ նվիրված, հավատաիմ ու անշահախնդիր սերը: Մեզանից շատերը սիրում են փարիսեցիների պես պահել Քրիստոնեության արտաքին պատվիրանները (ինչ ուտել, ինչ չուտել, այսինչ բանը երբ անել կամ չանել), բայց երբ բանը հասնում է գործով, մտքով կամ վարքով համար առաջին պատվիրանն ապրելուն, սայթաքում ենք: Ներելու, ոխ չպահելու, դիմացինին զիջելու կարողությունը մի տեսակ չի երևում, իսկ երբ ներում կամ զիջում ենք, դա էլ հաճախ արվում է շահադիտական նկատառումներով: Սա Սեր չէ:

ՈՐՏԵՂԻՑ Է ԱՌԱՋԱՆՈՒՄ ԻՍԿԱԿԱՆ ՍԵՐԸ

Մենք գիտենք Հովհաննես առաքյալի նամակից, որ մեր Աստվածը, մեր երկնավոր Հայրը, ՍԵՐ է: Հիմա, ինչպե՞ս է այդ ՍԵՐԸ լցվում մեր անձերի մեջ: Պողոս Առաքյալը Տիմոթեոսին սովորեցնում է, որ սերը բխում է սուրբ սրտից, բարի խղճմտանքից ու անկեղծ հավատքից (1 Տիմ. 1-5): Սրանք բաներ են, որ մեզանից են գալիս, այսինքն անձից: Աստված ձեր մեջ զոռով սուրբ սիրտ չի դնի: Աստված ձեր մեջ զոռով բարի խղճմտանք չի դնի: Աստված ձեր մեջ զոռով անկեղծ հավատք չի դնի: Իսկ եթե չունեք անկեղծ հավատք ահա թէ ինչպես այն ձեռք բերելhttp://bit.ly/1rnK1Gc Պարզապես պետք է ուղղակի խնդրել Աստծուց:

Գիտեմ ներելը դժվար է, զիջելը դժվար է, վիճաբանության մեջ տակ մնալն անցանկալի բան է, քանի որ ոչ ոք չի ուզում հարիֆ երևալ: Բայց դժվար է ու՞մ համար, քո համար: Իսկ Հիսուսի համար ոչինչ դժվար չէ: Դու խնդրիր նրանից և Նա կտա քեզ ու կպաշտպանի քեզ բարիք գործելու վախից: Բայց անկեղծորեն խնդրիր: Հանկարծ փորձելու համար չանես: Այլ պարզապես խնդրիր ու հավատա որ դու կստանաս: Եվ ՆԱ խոստացավ որ մենք կստանանք եթե հավատքով խնդրենք: (Տես ինչպես ներել և կոտրել հպարտությունը http://bit.ly/1t3QTOq)

Երբ սիրում ու ներում ենք, թեկուզ ոմանց համար տակ մնացող ու հարիֆ ենք երևում (քանի որ այս աշխարհի իշխանն այլ բան է սովորեցնում ու նրա իշխանության օրենքներն էլ այլ են), բայց իրականում անում ենք 2 շատ կարևոր բաներ: Նախ անմիջապես հանգցնում ենք վիճաբանության օջախն ու խաղաղություն հաստատում: Սա արդեն մեծ նվաճում է: Իսկ հետո, շահում ենք դիմացինին: Նա կյանքը սկսում է այլ աչքերով տեսնել: Իր շրջապատում չկար հավանաբար այդպիսի բան, բայց հիմա նա մի այլընտրանք է տեսնում ի շնորհիվ ձեր խոնարհության: Արդյունքում դուք թողեցիք որ ձեր ՊԱՊԱՅԻ սերը ձեր հեզության միջոցով հոսի դեպի ձեր եղբայրը: Եթե սա մենակ անեք, չի ստացվի: Իսկ եթե Հիսուսով, ապա ոչ մի ցավ չկա այստեղ, ոչ մի դժվարություն չկա, այլ միայն սեր, հաճույք, խնդություն, խաղաղություն ու ժպիտ:

Երբ սեր կա, ամեն ինչ կա, երբ սեր չկա, ոչինչ չկա: Սերն ավելի բարձր է քան ազատությունն ու արդարությունը http://bit.ly/1yUNx3D

Մի թողեք որ սերը պակասի:

---------
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26

Monday, October 20, 2014

10 Հարց, որ ամեն մարդ իրեն պիտի տա այս կյանքում



Երբեմն լինում են իրավիճակներ, երբ պատասխաններ փնտրելու փոխարեն ավելի լավ է հարցեր տալ: Որովհետև, եթե մենք ճիշտ հարցեր տանք, պատասխաններն էլ ճիշտ ուղղությամբ կփնտրենք: Իսկ եթե ոչ, ապա կապրենք, կուտենք կխմենք, հետո մի օր անսպասելիորեն ամեն ինչ կվեջանա ու դու կկորցնես ամեն ինչ: Ահա 10 հարց, որ ամեն մարդ իրեն պիտի հարցնի այս կյանքում, որքան շուտ այնքան լավ: Քանի դեռ ամեն ինչ անսպասելիորեն չի վերջացել:

1. Ի՞նչ բան է կյանքը, ես ինչպե՞ս է որ ապրում եմ:

2. Այս կյանքը ստեղծող ունի՞, թէ ոչ: Աստված կա՞ թէ ոչ:

3. Եթե կա, ապա ինձ ի՞նչ: ՆԱ ասելիք ունի՞ ինձ, թէ ոչ:

4. Եթե Աստված ինձ ասելիք ունի, ապա մոտ 4200 կրոններից, որի՞ միջով է խոսում Աստված:

6. Ասում են որ մի մարդ կար Հիսուս Քրիստոս անունով, նա իսկապե՞ս Աստուծո Որդին էր թէ պարզապես բար մարդ:

7. Եթե կյանքի Արարիչն իսկապես խոսել է Հիսուս Քրիստոսի միջոցով, ապա ի՞նչ է ասել ինձ:

8. Արդյոք ինձ մի բան սպառնու՞մ է, որ Աստված հարմար նկատեց ինձ իր Խոսքն ուղարկել: Եթե այո, ապա ինչ՞

8. Եթե Քրիստոնեությունն է ճշմարիտ հավատքը, ապա այն էլ բաժանված է տարբեր ուղղությունների: Ո՞րն է ճշմարիտ փրկության ճանապահը:

9. Ինչպես է մարդը փրկվում տխրության, հուսահատության ու տառապանքի գերությունից:

10. Այս ամենն իմանալուց հետո, ես ի՞նչ պիտի անեմ հիմա:

Ինչպես օգնել մարդու անհավատությանը և զորացնել հավատքը (http://mkrtutiunhrov.blogspot.com/2014/10/blog-post_20.html)

---------
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26

Ինչպես օգնել մարդու անհավատությանը և զորացնել հավատքը



Ինձ միշտ հետաքրքրել է թէ ինչու ոմանք հավատում են Աստծուն իսկ ոմանք ոչ: Մի քանի օր առաջ միտքս եկավ Աստվածաշնչից այն հատվածը, ուր հիվանդ երեխայի հայրը աղաղակելով դիմում է Տէր Հիսուսին ու ասում, «Հաւատում եմ, օգնի՛ր իմ անհաւատութեանը» (Կարդացեք Մարկոս 9:15-28)։ Այդ պահին ձեռքիս տակ Սբ. Գիրք չկար ու չէի հիշում թէ Տէրն ինչ ասեց, ինչպես պատասխանեց: Մտածում էի որ այդ պատասխանը կլինի անհավատությունից ազատվելու խնդրի լուծումը: Բայց այդպես չէր:

Եթե չորս Ավետարանները կարդացել էք, նկատած կլինեք մի այսպիսի բան: Մարդիկ Հիսուսին մի բան են հարցնում, Նա նրանց կարծես թէ լրիվ ուրիշ բան է պատասխանում: Ու մենք առաջին հայացքից չենք հասկանում իմաստը: Ահա միայն մեկ օրինակ: Հիշու՞մ էք երբ Նիկոդեմոսը եկավ Հիսուսի մոտ: Տեսեք հարցն ու պատասխանը: «Ռաբբի՛, գիտենք, որ Աստծուց ես եկել որպէս վարդապետ, որովհետեւ ոչ ոք չի կարող կատարել այն նշանները, որ դու ես անում, եթէ Աստուած նրա հետ չլինի»։ Այստեղ մտածում ես, որ հեսա Հիսուսը կասի, ապրես դու Նիկոդեմոս ջան, շատ լավ ես հասկացել ամեն ինչ: Արի մտի երկնքի արքայություն (Որովհետև Նիկոդեմոսի ուզածն ի՞նչ է: Նա ծեր մարդ է, մի քանի տարուց պիտի մեռնի ու երկնքի արքայություն է ուզում): Բայց Հիսուսը նրան ի՞նչ է պատասխանում: Չի ասում ապրես, արի, բայց լրիվ ուրիշ բան - «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթէ մէկը վերստին չծնուի, չի կարող Աստծու արքայութիւնը տեսնել»։ (Հովհ. 3:2-3) Ու Հիսուսի պատասխանից մենք տեսնում էնք բոլոր մարդկանց երկնքի արքայություն գնալու ճանապարհի բանալին:

Բայց այստեղ, հիվանդ երեխայի հորը, ով հուսահատության ու փոքր հավատքի մեջ խնդրում էր Հիսուսին թէ օգնիր իմ անհավատությանը, Հիսուսը ոչինչ չպատասխանեց, այլ բուժեց երեխային: Բայց հարցը նորից մնում է չէ՞ Ո՞րն է անհավատությունից ազատվելու և իսկապես հավատալու և այդ հավատքով ապրելու բանալին: Առաջին հայացքից մտածում ես, հայրը շատ կարևոր հարց տվեց, գոնե Տէրը Նիկոդեմոսի պես մի պատասխան տար, որ մենք էլ իմանայինք թէ այդ անհավատությունն ինչպես է բուժվում: Բայց դա էլ չկար, այլ եղավ միայն բուժումը: Հիսուսը դուրս արեց պիղժ ոգուն ու բուժեց երեխային: Ծնողները ստացան իրենց խնդրածը:

Այսպիսի դեպքում, երբ հարցին Հիսուսը չի պատասխանում այլ շնորհում է խնդրածը, ապա ուրեմն ամեն ինչ հարցի մեջ պետք է փնտրել:

Այս աշխարհում, միակ բանը որ մարդը կարող է անել ինքն իրենից, դա զղջումն ու անկեղծությամբ Աստծուն դառնալն է, նույնիսկ փոքր հավատքով: Քանի քանի մարդկանց ենք հանդիպել, որ կամ ասում են չենք հավատում, կամ չեն ուզում հավատալ, կամ էլ անկեղծորեն ասում են կուզեի հավատալ, բայց չեմ կարողանում հավատալ: Սա նրանք ասում են իրենց հետ խոսող մարդկանց, բայց ոչ Աստծուն:

Հիվանդ երեխայի հոր պատմությունից մենք տեսնում ենք, որ այն մարդիկ ովքեր անկեծորեն ուզում են հավատալ, եթե դառնան Աստծուն և սրտանց ասեն, «Հաւատում եմ, օգնի՛ր իմ անհաւատութեանը», այդ օգնությունը գալիս է (որովհետև Հիսուսն անմիջապես բժշկեց զավակին):

Եթե ձեզ թվում է որ ձեր հավատքը փոքր է, կայուն չէ, թույլ է ու դուք հեշտությամբ սայթակում ու երկմտում էք փորձության ժամանակ, ապա դատարկեք ձեր հոգին ու դարձեք Աստծուն ասելով Տէր «Հաւատում եմ, օգնի՛ր իմ անհաւատութեանը»: Միայն խնդրում եմ, Աստծուն փորձելու համար չանեք դա, որպեսզի տեսնեք կլինի թէ ոչ, այլ երբ անկեղծ ուզենաք ճանաչել: Գրված է թէ քո Տէր Աստծուն չպիտի փորձես (2րդ Օրինաց 6:16, Մաթևոս 4:7): Ոչ թէ մի անգամ ասեք, այլ ամեն օր ասեք (չլինի թէ դռան զանգը տաք ու փախնեք): Անկեղծ սրտով ու ցանկությամբ ասեք ինչպես այս երեխայի հայրը: Բանալին սա է ժողովուրդ ջան: Եթե խնդրում ենք, տրվում է, եթե չենք խնդրում, ոչ մի բան էլ չի տրվում: Եթե թակում ենք, բացվում է, եթե չենք թակում, ոչ մի դուռ էլ չի բացվում: Եթե փնտրում ենք, գտնում ենք, եթե չենք փնտրում, շարունակում ենք քայլել խավարի և հուսահատության մեջ:

Մինչդեռ Աստված ինչեր խոստացավ իր զավակներին: Երբ այս Կիրակի եկեղեցի գնաք, կլսեք այս խոսքերը Ավետարանի ընթերցման ժամանակ որ Հիսուսն ասեց: «Տիրոջ Հոգին իմ վրայ է, դրա համար իսկ օծեց ինձ, ինձ ուղարկեց աղքատներին աւետարանելու, սրտով բեկեալներին բժշկելու, գերիներին ազատում քարոզելու եւ կոյրերին՝ տեսողութիւն, կեղեքուածներին ազատ արձակելու, Տիրոջը ընդունելի տարին հռչակելու» (Ղուկաս 4:18-19)։ Այս ազատությանն ու կյանքին, որի մասին Տէր Հիսուսը խոսում է, մարդ միայն ու միայն իսկական ու արտահայտվող հավատքով կարող է հասնել: Եթե դուք այն դեռ չեք զգում, ապա ձեր խղճի մեջ, նայեք ձեր ներսը ու քննեք ձեր սիրտը, մի գուցե դուք էլ իմ պես կարիք ունեք ծնկի գալու ու աղաղակելու, Տէր «Հաւատում եմ, օգնի՛ր իմ անհաւատութեանը»: Բարի Կիրակի բոլորիդ:

---------
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26

Wednesday, October 15, 2014

Ինչու Հիսուսն անիծեց թզենուն




Ինչու Հիսուսն անիծեց թզենուն: Չէ՞ որ գրված էր, որ բերքի ժամանակը չէր: Սա ի՞նչ է նշանակում մեզ համար այսօր:


Անցյալ օրը երբ բախտի մասին գրառում էի արել (http://bit.ly/1vvgeTp), ընկեներիցս մեկը հարցրեց այդ հարցը:


Թզենու պտուղ տալու ժամանակը չէր հասել ու առաջին հայացքից թվում է թէ Տէր Հիսուսը սոված լինելով՝ անարդար ձևով խեղճ թզենուն անիծեց: Բայց ինչպես կարող է այդպես լինել երբ Աստված ՍԵՐ Է: 



Հարցի պատասխանը պետք է գտնել թզենու հատկության մեջ, գրում են Ավետարանի մեկնաբանները: Իսրայելում, ասում են որ թզենին տարին 2-3 անգամ կարող է պտուղ տալ: Դեպքը կատարվեց գարնանը (կարդացեք Մարկոս 11:12-25) ու հնարավոր է որ գարնան վերջին պտուղ էր սպասվում: Բայց տեսեք թէ ինչ նրբություն կա այստեղ: Թզենին մի հատկություն ունի: Նախ «ցոգոլն" է սկսում երևալ, ապա հետո նոր տերևները (տես նկարում): Ուրեմն խակ թզերը քանի որ նույնպես կանաչ գույնի են, նրանք թաքնվում են տերևների տակ: Ու երբ մոտենում ես սպասում ես որ եթե տերև կա ուրեմն արդեն թուզ էլ կլինի, բայց մեկ էլ հասնում էս ու տեսնում էր նույնիսկ ցոգոլ չկա: 



Հիսուսը հեռվից տեսնելով թզենին լավ կանաչած (թեև դեռ բերքի ժամանակը չեր հասել) եկավ մի հատ գոնե կիսահասած թուզ քաղեր, քանի որ սոված էր ու պտուղի կարիքն ուներ: Ինչպե՞ս է որ ծիրանի ժամանակը չհասած մարդիկ սիրում են ցոգոլ քաղել: Իսկ Հիսուսենք երբեմն քաղցած էին պտտվում Իսրայելի մեջ: Հիշում էք այն ժամանակ երբ Հիսուսն անցնում էր արտերի միջով ու աշակերտները քաղցած էին ու սկսեցին հասկ պոկել և ուտել (Մաթևոս 12:1): Հիմա, Տերն եկավ մի հատ կիսահասած թուզ քաղի, էն էլ թփերի արանքում ոչ մի «ցոգոլ» թուզ չտեսավ: Ու վերջում արդեն գիտեք: Ծառը չորացավ որովհետև պտողւ չէր տալիս: Իր ժամանակը լրացավ: Որպեսզի իզուր հողը չզբաղեցնի:



Նայեք խաղողի ճյուղերին: Դուք կարիք չունեք մինչև աշուն սպասելու որպեսզի տեսնեք թէ այդ ճյուղը պտուղ ունի թէ ոչ: Գարնանն էլ արդեն հայտնի է թէ այդ ճյուղը պտուղ կտա թէ ոչ:



Այս պատմությունը շատ լուրջ զգուշացում է մեզ բոլորիս, որի մասին Տէրը շատ մանրամասնորեն խոսեց Հովհաննեսի Ավետարանի 15րդ գլխում, թէ ճյուղեր ջան, մնացե՛ք որթաունկի վրա, որպեսզի պտուղ տաք, թէ չէ անպտուղ ճյուղերին այգեպանը կտրում է, նրանք հավաքվում ու գցվում են կրակի մեջ: 



Աստված ուզում է որ իր զավակները բարի պտուղ տան այս կյանքում: Եթե դու դեռ ապրում էս, ուրեմն Աստված հույս ունի քո վրա: Մյուս անպտուղ թզենու առակի օրինակով (Ղուկաս 13:6-9) դեռ ժամանակ է տալիս քեզ որ բարի պտուղ տաս այս կյանքում: Ընդունիր Աստուծո սերը: Մի մերժիր այն: Սնվիր այդ որթատունկից (որ Հիսուսն է) որպեսզի պտուղ տաս, քանի դեռ ժամանակ ունես, որովհետև չգիտես թէ այգեպանը երբ կգա քեզ մոտ, գարնանը՞, ամռանը՞ թէ՞ աշնանը: Ժողովուրդ ջան, հանկարծ այնպես չլինի որ այգեպանը մոտենա ձեր ծառին ու նրա վրա պտուղ չտեսնի ու ասի վերջ, այլևս ժամանակը լրացավ:



---------
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26

Tuesday, October 14, 2014

Պապա ես սուտ չեմ խոսի, որ սիրտս մաքուր մնա



Սիրտը մաքուր պահելը ամենաթանկարժեք գանձն է որ մենք կարող ենք ունենալ մեր համար և ամենաթանկարժեք նվերը մեր սիրելի Աստծուն ներկայացնելու համար: 


Մոտ երկու շաբաթ առաջ ես փորձում էի իմ երեխաներին սովորեցնել որ սուտ խոսելը վատ բան է: Նրանք դա գիտեն, բայց նաև գիտեն որ սուտ խոսելը գլուխն ազատելու միջոց է: Դուք էլ դա գիտեք և բոլորս էլ արել կամ դեռ անում ենք: Սա վատ է: Հետո ես հասկացա, որ երեխաներին պետք է բացատրել, թէ նրանք ինչ են «շահում» սուտ խոսելով, և ինչ են կորցնում: Նաև նրանց պետք է բացատրել թէ ինչ են իրենք իսկապես շահում միշտ ճշմարտությանը հավատարիմ մնալով՝ թեկուզ ի գին դիմացինի բարկության: Սա նաև կարող է լավ օրինակ լինել մեծերիս համար:

ԱՄԵՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՍԻՐՏԸ ՊԵՏՔ Է ՄԱՔՈՒՐ ՊԱՀԵԼ
Տղաներիս պատմեցի, որ ամենամեծ ու իսկական գանձը, որը մարդը կարող է ունենալ ու ինքն իրենից ներկայացնել Աստծուն, դա սրտի մաքրությունն է: Ամեն անգամ մարդ սուտ խոսալով, կամ մի վատ բան անելով, կամ մի վատ բան մտածելով կեղտոտում է իր սիրտը (խիղճը, հոգին): Սուտ խոսելով դու շահում ես ժամանակավոր ու կեղծ փախուստ (գլուխն ազատել), բայց կորցնում ես սրտիդ մաքրությունը: Դա մեծ կորուստ է: Հիսուսը կեղտոտ սրտերի մեջ չի բնակվում: Կեղտոտ սրտերով մարդիկ Աստծուն չեն տեսնի: Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն (Ավետարան ըստ Մաթևոսի 5:8):



Մյուս կողմից, երբ դու գայթակղվում ես ու քաջություն ունենաս հանուն ճշմարտության, հանուն քո սրտի մաքրության ու Տէր Հիսուսի հետ քո հարաբերության հավատամության ճիշտը խոսել, դու պահպանում ես քո սրտի մաքրությունն ու ավելի ես պսպղացնում այն, քանի որ գայթակղության ժամանակ դու հավատարիմ մնացիր: Սա մեծ նվեր է, սա մեծ ուրախություն է: Դու վստահել ես Աստուծո ու մարդկանց աչքին: Դու պահպանում ես քո կոչումը, որ է Աստուծո պատկեր և նմանություն: Դու փոքր բանի մեջ հավատարիմ ես լինում Հիսուսին (Ղուկաս 16:10): 



Ես չգիտեմ իմ խոսքերն ինչ տպավորություն թողեցին տղաներիս ու իրենց հետագա դաստիարակության վրա: Բայց 3-4 օր առաջ նրանք խաղում էին մյուս սենյակում: Հետո գզվռտոց սկսվեց ինչ որ խաղալիքի հետ կապված ու երկուսն էլ դժգոհ եկան իմ մոտ բողոքելու: Հենց հասան իմ մոտ, Նարեկս (7 տարեկան) եղբորն ասաց, «Հարութ սպասի:» Հետո դարձավ ինձ ու ասաց, «պապա մի րոպե, ես ճիշտը կասեմ, որ սիրտս մաքուր մնա...»: 



Իմ հայրական ուրախությանը սահման չկար: Երեխան հասկացավ, որ սրտի մաքրության պահպանումը շատ ավելի մեծ արժեք է, քան թէ սուտ խոսելն ու ժամանակավորապես իրականությունից փախուստ տալով սիրտը կեղտոտելը:



Ինչ լավ կլիներ, որ մեծերս նույնպես հասկանայինք այս պարզ բանը: Աստված միայն մաքուր սրտերի մեջ է բնակվում: Մաքուր սրտերը պահպանում են Աստուծո պատվիրանները: Ու Հիսուսը հայտնում է իրեն նրանց, ովքեր պահում են իր պատվիրաններն (http://on.fb.me/1vxzwUN) ու այսպիսով մնում իր սիրո մեջ: 



Նույնիսկ մի գրամ կեղտոտ ջուր մի խառնեք ձեր մաքուր բաժակին, դա փոխում է ջրի գույնը:



---------
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26

Wishing "Good-luck" Insults God

Many Christians wish each other good-luck, but they forget how they hurt and insult God with that. My friends, there is no such a thing as luck or fate according to our Christian faith. 

If luck existed what would be the point of the Father giving His children the commandments? What would be the point of making the effort if the outcome is already determined? Thinking there is luck and wishing good-luck to someone insults God and the sacrifice Jesus made for us. If luck or fate existed then we could stand in front of God one day with our sins and say "why do you judge us, our fate was already predetermined..." 

There is no luck or fate. We harvest what we seed (Galatians 6:7), in thought, in word or in deed. Our thoughts and behavior determine our lives. With free will we can always change the direction and therefore the consequences as long as we have the time. The problem is, if you postpone it, you never know how long you have left.

Ինչու է մարդու քունը տանում Ավետարան կարդալիս և ինչպես հաղթահարել դա



Եթե 100 հոգու, կամ Քրիստոնյաների հարցնեք թէ ինչու կանոնավոր Ավետարան չեն կարդում, երևի 95ը ձեզ պատասխանեն թէ հենց Սբ. Գիրքը վերցնում են ձեռքերը քունը տանում է, կամ էլ չեն հասկանում: Այս թվերն անշուշտ իրական չեն, բայց դուք էլ երևի համաձայնվեք որ սա հիմնական իրականությունն է: Գիտե՞ք ինչ հետաքրքիր բան կա: Նկատե՞լ էք երբ սովորական գիրք էք վերցնում ու կարդում, մանավանդ երեկոյան ժամերին, էլի քունը գալիս է: Բայց նկատե՞լ է որ երբ մեծերը կամ երեխաները թեկուզ երեկոյան ժամը 10ին սկսեն վիդեո խաղեր խաղալ, նրանք կարող են մինչև ուշ գիշեր այդ խաղերը խաղալ առանց հոգնելու ու հոգնում են միայն երբ որ խաղերը վայր են դնում: Ուրեմն ի՞նչն է պատճառը: Ես աղոթեցի այս մասին մեր սիրելի Աստծուն ու անկեղծորեն խնդրեցի այս տարածված խնդրի պատասխանը: 


Ահա 3 պատճառներ, որոնք լավ հասկանալու համար դուք կհասկանաք նաև այս խնդրի լուծումը: Սա հավանաբար ամբողջական ցանկը չէ, բայց երեևի կօգնի՝ եթե իսկապես ուզում էք տառապանքից ազատվելու ձեր ճանապարհը հասկանաք ու ճանաչեք ինքներդ ձեզ:



1. ՄԱՐԴԸ ԲԱՎԱԿԱՆ ՔՈՒՆ ՉԻ ԱՌՆՈՒՄ
Ոչ միայն Ավետարան կարդալիս, այլ նաև այլ գրքեր կարդալիս մարդու քունը տանում է, եթե այդ մարդը բավական լավ չի քնում գիշերները: Եթե դուք գիշերը քիչ էք քնում ու քնի պակաս ունեք, ապա ձեր քունը կտանի ոչ միայն Ավետարան կարդալիս, ոչ միայն ուրիշ գրքեր կարդալիս, այլ նաև հեռուստացույց դիտելիս: Քանի՞ անգամ էք ձեր տնեցիներին քնած տեսել հեռուստացույցի առջև կամ դասերը սովորելիս: Լուրջ ընթերցանությունը պահանջում է ուղեղի կենտրոնների հագեցած օգտագործում, որոնք արտադրում են մեծ քանակությամբ նյարդամիջնորդներ (neurotransmitters): Երբեմն մենք կարդում կամ հեռուստացույց ենք դիտում կիսապարկած վիճակում, սա դանդաղեցնում է շնչառությունը ու նպաստում քնելուն: Դրա համար վիդեո խաղեր խաղացողների քունը չի տանում: Նրանք խաղալիս խանդավառվում են, սիրտ ու հոգի են դնում իրենց արածի վրա, սրտի աշխատանքն ու շնչառությունն արագանում է և այլն: Փորձեք պարզապես օրվա մեջ լավ հանգստանալ:



2. ԴՈՒՔ ՈՒԶՈՒՄ ԷՔ ԿԱՐԴԱԼ, ԲԱՅՑ ԿԱՄ ՉԳԻՏԵՔ ՈՐՏԵՂԻՑ ՍԿՍԵԼ, ԿԱՄ ԷԼ ՉՈՒՆԵՔ ՃԻՇՏ ԴՐԴԱՊԱՏՃԱՌԸ
Այն մարդիկ ովքեր նոր էն Քրիստոնեության կամ հավատքի կյանքի մեջ, շատ հաճախ վերցնում են և ուզում Սբ. Գիրքը կարդալ ինչպես գեղարվեստական գիրք: Աստվածաշունչը գրքերի հվաքածու է մեկ գրքի մեջ: Հարցրեք ձեր քահանային թէ որտեղից սկսել և ինչպես կարդալ: Հարցրեք ձեր քահանայից թէ արդյոք ո՞ր օրերին համայնքում կան Սբ. Գրքի սերտողության ժամեր ու մասնակցեք դրանց: Օրինակ սկսեք Մարկոսի 

Ավետարանից http://on.fb.me/1sr464K

Իսկ այն մարդիք, ովքեր արդեն քիչ թէ շատ սկսել են Քրիստոնեական կյանքը, հնարավոր է որ Ավետարան կարդում են, բայց ոչ ճիշտ շարժառիթներով: Ավետարան կարդալու ճշմարիտ դրդապատճառը պետք է լինի ոչ թէ ինչ որ անհասկանալի հանգստություն ձեռք բերելը, այլ անկեղծ ձգտումը ճանաչել մեր Տէր Հիսուս Քրիստոսին: Ավելի մոտիկից ճանաչել՝ այնքան, մինչև որ ՆԱ հայտնի ԻՐԵՆ Ձեզ (Հովհ. 14:21): Ու դուք կարողանաք հասկանալ թէ ինչպես է մարդը փոխվում, ավելի մաքուր ու սուրբ դառնում ու ազատվում այն կրքերից որ տառապանք են պատճառում իրեն: Ու ինչպես է մարդն այսպիսով կանգնում ու սկսում քայլել Աստուծո Արքայության հրավերի ճանապարհին: Ավետարան կարդում են Աստուծո արքայությունն ու արդար կյանք փնտրելու պատճառով (Մաթ. 6:33): Աստվածաշունչը կարդում են հասկանալու համար թէ ինչպես է մարդը զղջում ու ապաշխարում, երբ է Աստված ներում ու ինչպես է Աստված սիրում իր զավակներին: Այս ամենը կյանքը փոխելու և սեփական անձի ներսը նայելու համար են: Երբ դուք Ավետարան կարդաք ճիշտ դրդապատճառով, ապա շնչառությունը դանդաղեու և քունը տանելու փոխարեն ձեր խանդավառությունը կշատանա, շնչառությունը կարագանա, սրտի աշխատանքը կարագանա: Դուք ամբողջ հոգով ու էությամբ կձգտեք սնվել որթատունկից ինչպես մի ճյուղ որ ուզում է պտուղ տալ: (Հովհ. 15:1-8): Ասում եմ ԱՄԲՈՂՋ հոգով ու սրտով, հիշե՛ք ու պահե՛ք առաջին պատվիրանը: Դուք կուզենաք փոխել ձեր կյանքը:



3. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԴԱ ՊԱՏԵՐԱԶՄ Է: ՀԱՂԹՈՒՄ Է ՈՒԺԵՂԸ
Սատանան, նախանձից ու չարությունից դրդված, չի ուզում որ դուք փոխվեք ու հասնենք այնտեղ, որտեղից նա է ժամանակին արտաքսվել: Սա հեքիաթ չի: Նայեցեք ձեր շուրջն ու տեսեք թէ որքան չարություն կա նախանձի, փառասիրության, եսասիրության ու ինչաքաղցության պատճառով: Աստված՝ մեր ԾՆՈՂԸ, մեզ շատ սիրելով հրավիրում է ՏՈՒՆ (իր մոտ, իր արքայության մեջ): Չար սատանան սա չի ուզում ու ամեն կերպ ձեր ուշադրությունը գրավելով, ու տարբեր ձևերով, հաճույքներով հմայելով, ձեզ հետ է պահում այս ճանապարհից: Սա պատերազմ է: Սա Հոգևոր բարի պատերազմ է: Սա քո ազատության մի տեսակ ցուցանիշն է: Սրանով դու իմանում էս որ իսկապես ազատ ես ընտրություն կատարելու մեջ: Կամ սատանայի դիմաց մեն մենակ էս ու պարտվում ես, կամ դուռդ (կամքդ) լրիվ բացում ես քո Աստուծո առաջ, ով անհանգիստ ու մտահոգ ծնողի պես անդադար թակում է դուռդ (Հայտնություն 3:20) ու սպասում թէ երբ պիտի բացես, որ ներս մտնի, քեզ պաշտպանի, ազատի քեզ չարի այդ կրքերի գերությունից ու նրան դուրս շպրտի քո կյանքից իր բերանի շնչով (2 Թեսաղոնիկեցիներ 2:8): Եթե ամենակարող ՊԱՊԱՆ (հիշեք սա երբ ասում էք Հայր Մեր...) քեզ հետ է, քեզ ոչինչ չի կարող սպառնալ: Մեր ՊԱՊԱՆ ամենաուժեղն է (Մարկոս 1:34, 1:39 ...):



Մենք ընտանիքով գրեթե ամեն երեկո երեխաների քնելուց առաջ Ավետարան ենք կարդում ու միասին աղոթում: Երբ դրդապատճառը ճիշտ է, ապա նրանք ոգևորվում են, խանդավառվում, ընդհատում են ու հարցեր տալիս, իսկ հետաքրքրությունն էլ ավելանում է: Քնելու մասին էլ հարց չկա: 



Հիմա դուք էլ կարող էք ինքներդ ձեզ հարց տալ, Ավետարան կարդալու ձեր նպատակն ի՞նչ է: Դա կվորոշի ձեր քունը գալու աստիճանը: Եթե ճիշտ շարժառիթով Ավետարանը վերցնեք ձեր ձեռքն ու մի պարզ աղոթքով էլ խնդրեք Աստուծո օգնությունը, ապա ձեր քունը չի գա:


---------
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26

Եթե դուք հավատում էք Բախտին, դրանով դուք վիրավորում էք Աստծուն


Իմ բախտը չբերեց, ես հեչ բախտ չունեմ, բախտդ բերի մեծ գումար կշահես, ի՞նչ անեմ իմ տղու բախտն էլ չի բերում, բախտավոր լինեք, բախդ բերի մի հատ էլ լավ բախտավոր ամուսնանաս... Այս արտահայտությունների շարքը կարելի է անվերջ շարունակել: Ինչքան տարածված են սրանք ու սրանց նման «բախտավար» արտահայտությունները մեր Քրիստոնյա ազգի մեջ ու ինչքան խորապես վիրավորական են սրանք մեր Աստուծո նկատմամբ. Ահա թէ ինչու:

Եթե բախտ ասվածը իսկապես ճիշտ լիներ, ապա էլ ինչ պատասխանատվության ու մեղքի մասին է խոսքը: Դուք կարող էիք ապրել ձեր կյանքն ինչպես ուզենաք ու մի օր երբ կանգնեք Աստուծո առաջ, նրան կարող էիք ասել «դէ ես ինչ մեղք ունեմ, ինձ էլ սենց բախտ էս տվել ու ճակատագիր, ինչի՞ էս հիմա ինձ դատում թէ սխալ բաներ եմ արել....» Այսինքն սա խաբկանք է, որի միջոցով մարդը փորձում է իր վրայից պատասխանատվությունը քցել ու մեղադրել Աստծուն վատ բախտի համար: Ու այսպիսով մարդը Աստծուն ՍԻՐՈ փոխարեն մի այլ կերպ է պատկերացնում, որպես անգութ ու անտարբեր բախտ բաժանող մի կառավարիչ:

Սա չիմանալուց է գալիս: Որպեսզի իմանաք սիրելի ժողովուրդ ջան, խնդրում եմ, վերցրեք ու կարդացեք Սբ. Գիրքը: Սկսեք Ավետարաններից, ոչ թէ սկզբից: Ահա օրինակ մի փոքրիկ օգնություն Մարկոսի Ավետարանի ընթերցման համար, բաժանված 7 մասերի, կարճ մեկնաբանությամբ (http://on.fb.me/1sr464K): Կարող էք սկսել այստեղից:

Մեր Աստվածը, տիէզերքի ու կյանքի արարիչն է ու սիրող Հայր: Դրա համար մեր Տէր Հիսուս Քրիստոսը, որ Աստուծո մարմնավորումն է այս աշխարհի վրա, մեզ սովորեցրեց աղոթելիս ՆՐԱՆ ՀԱՅՐ ԿՈՉԵԼ ու ասել ՀԱՅՐ ՄԵՐ: Հիմա ինձ ասե՛ք, ինչքա՞ն արդար է, ու ինչքա՞ն վիրավորական երբ երեխաները գնան ու իրենց հորը մեղադրեն թէ իրենց քիչ է սիրել ու իրենց քիչ նվիրվել: Աստված ինքը մեզ այնքան սիրեց որ մեր պես մարմնացավ, մարմնի սահմանափակման մեջ մտավ, իր կյանքը տվեց մեզ համար: Դրանից թանկ էլ ի՞նչ կարող էր սիրող ծնողը տալ իր զավակներին: Բոլորիս համար տվեց: Հավասարապես: Իսկ մարդի՞կ՝ բախտս չբերեց, էս չբերեց, էն չբերեց: Չէ որ մենք ծնող լինելով, մեր բոլոր զավակներին հավասարապես էնք սիրում: Եթե այո, ապա ինչու՞ էք բախտ ասելով Աստծուն մեղադրում անարդար լինելու մեջ: Սա խիստ վիրավորական մեղադրանք է մեր երկնավոր ՀՈՐ նկատմամբ ու բացարձակապես անարդար:

Ուրեմն սիրելի ժողովուրդ ջան, եկեք խոսենք ու պատմենք մեր ընտանիքներում, բարեկամներին ու ընկերներին, որ Քրիստոնա ազգին ու անհատին պատիվ չի բերում այսպես համատարած իրենց կյանքերը կապել բախտի հետ: Դա խիստ վիրավորական վերաբերմունք է մեզ սիրող Աստծու նկատմամբ: Բայց սա չգիտենալուց է գալիս: Հուսով եմ, որ երբ բոլորս միասին իրար օգնենք Աստուծո խոսքը տարածելու և պատվիրանապահության մեջ լավ օրինակներ լինենք, մեր շուրջի մարդիկ աստիճանաբար, Սբ. Հոգու առաջնորդությամբ (եթե բացեն իրենց դռներն Աստծու առաջ) չիմանալուց կտեղափոխվեն դեպի աստվածգիտության ու աստվածսիրության:

Ահա Աստվածաշնչից մի քանի հատվածներ, որտեղ կտեսնեք թէ Աստված ինչ է ասում կյանքում պատահածների վերաբերյալ:

  • «Ես եմ, որ հաստատեցի լոյսը եւ ստեղծեցի խաւարը, ես եմ, որ խաղաղութիւն եմ անում եւ հաստատում չարը, ես եմ Տէր Աստուածը, որ կատարում եմ այս ամէնը:» Եսայի 45:7
  • «Բայց գիտենք, թէ ամէն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն, որոնք եւ կանչուեցին նրա նախասահմանումով. որովհետեւ նրանց, որ առաջուց գիտէր, նախասահմանեց կերպարանակից լինելու իր Որդու պատկերին, որպէսզի նա լինի անդրանիկը բազում եղբայրների մէջ.» Հռոմեացիս 8:28-29 (այս հատվածին լավ ուշադրություն դարձրեք, այս կյանքում ամեն բան կատարվում է ձեր բարիքի համար, հենց նույնիսկ նեղությունները: Թէ ինչու և թէ ինչպես, սա մի այլ գրառման նյութ է):
  • «Տիրոջ աչքը ամէն տեղ դիտում է չարերին եւ բարիներին։» Առակներ 15:3
  • «Անիրաւների չարիքները նորից իրենց ծոցն են դառնալու, քանզի Տէրն է սահմանում բոլորի իրաւունքը։» Առակներ 16:33


Սիրելի ընթերցող, սրանից հետո մարդկանց բարի բախտ (good luck) ցանկանալու փոխարեն, օրհնեք իրենց, օրհնեք ձեր զավակներին, օրհնեք ձեր ծնողներին, օրհնեք ձեր ամուսիններին ու տիկնանց, օրհնեք ձեր երկիրն ու հայրենիքը, օրհնեք բոլորին Աստվածաշնչյան այս գեղեցիկ խոսքերով որ ՏԷՐԸ պատգամեց իր ժողովրդին թէ այսպես օրհնեցեք իրար: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26 Լավ անգիր արեք այս օրհնությունը: Սա Աստված պատգամեց Հին Կտակարանում, ու հիշու՞մ էք, Տէր Հիսուսն էլ ասեց, որ ով որ իմ պատվիրանները պահի, ես ինձ կհայտնեմ նրան ու իմ խաղաղությունը կտամ նրան (http://on.fb.me/1vxzwUN):

Ուրեմն, այսուհետ, բախտ ցանկանալու փոխարեն այսպես ասենք օրհնենք իրար: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26

---------
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին:

Սբ. Թարգմանիչներ - Ինչ Պատահեց Երբ 4 Մարդ 5րդ Դարում Մի Այլ Տեսիլ Ունեցան Հայոց Համար

425 թվականին, երբ մեր հայրենիքը գտնվում էր երկու հզոր կայսրություններ արանքում ու քաղաքական ապագան էլ առաջիկա դարերի համար մշուշոտ էր, 4 մարդ մի այլ տեսիլ ունեցան մեր ազգի զավակների հավիտենական ճանապարհի համար: Այդ տեսիլի շնորհիվ էր, որ 5րդ դարը կոչվեց Հայոց Ոսկեդար: Եկեք լավ հիշենք այս չորս մարդկանց անուններն ու մեր զավակներին ու թոռներին էլ պատմենք ու սովորեցնենք այս մարդկանց հավատքի ու հայրենասիրության թողած դասերը: 1. Սբ. Մեսրոպ Մաշտոց, 2. Սբ. Սահակ Պարթև, 3. Պատմահայր Մովսես Խորենացու, 4. Պատմիչ Եղիշե.

Այս մարդիկ հասկացան, որ վտանգը հայրենիքի ու անհատի նկատմամբ ոչ թէ արտաքին է, այլ սպառնում է հենց ամեն անհատի ներսից: Դա մեր հպարտությունն է, դա մեր նախանձն է իրար նկատմամբ, դա մեր փառամոլությունն ու ինչաքաղցությունն է, դա մեր ագահությունն է ու ձևապաշտությունը, դա մեր եսասիրությունն է ու դիմացինի նկատմամբ վերևից դիրքավորվելու ձգտումն է, դա մեր ներսում թաքնված խորամանկությունն ու կեղծավորությունն է: Ով որ գերի չէ այս կրքերին թող առաջին քարը նետի: Այս կրքերը քանդում են և անհատի հոգին, և ընտանիք, և հասարակություն և ազգ ու պետություն:

Ուրեմն, այս մարդիկ հասկացան, որ հայրենիքը օրհնվում և զորանում է ոչ թէ թագավոր կամ կառավարություն փոխելով այլ երբ ամեն մեկս նայում ենք մեր ներսն ու մտածում թէ ինչպես կարող եմ ես ազատվել այս կրքերից, որ վերջին հաշվով տառապանք են սփռում թէ իմ մեջ և թէ իմ շուրջը:

Պատմության մեջ, բացի մեր Տէր Հիսուս Քրիստոսից, դեռ ոչ մի կրոն կամ կրոնական առաջնորդ չի խոստացել որ մարդուն կազատի կամ կարող է ազատել այս սպանող կրքերի գերությունից: Բայց մեր ազգի մեջ մինչև 5րդ դարը մենք մեծ խնդիր ունեինք, ժողովուրդը իր սեփական լեզվով չէր կարողանում հասկանալ մեր Տէր Հիսուս Քրիստոսի բերած այդ ուրախ ու բարի Ավետիսը: Աստծուց եկած այս սիրո լուրը շատ բարի է ու մեկ նախադասությամբ հետևյալն է: Հասկացիր որ գերի ես այս կրքերին, հավատա որ Աստված Հիսուսի միջոցով փրկություն է բերել քեզ, զղջա անցյալի սխալների համար, այլևս մի գործիր այս սխալներն ու ապրիր պատվիրաններով, ստացիր լուսավորություն Հիսուսով ու վեջում կմիավորվես Աստուծո հետ ապրելով: Քեզ ոչինչ չի սպառանա:

Ու մեր սուրբ Թարգմանիչները լծվեցին Աստուծո այս Խոսքը Հայ ժողովրդին Հայերենով հասկանալի դարձնելու շնորհակալ գործին: Նրանք թարգմանեցին ոչ միայն ամբողջ Աստվածաշունչը, այլ նաև այդ ժամանակվա լավագույն գրական միտքը: Մեզանից շատերը նույնիսկ մի Ավետարան չի կարդացել որ ընդհամենը 16ից 28 գլուխ է: Իսկ այս մարդիկ մի ամբողջ Աստվածաշունչ թարգմանեցին, դպրոցներ բացեցին ու ճանապահ սովորեցրին ազգի զավակներին: Համաձայնեք որ այսպիսի գործ անելու համար մեծ հավատք է պահանջվում, մեծ սեր, մեծ նվիրում ու հայրենասիրություն: Այս մարդիկ և նրանց նմանները մեր հերոսներն են և դաստիարակության օրինակելի կերպարներ մեր և մեր զավակների համար:

Շաբաթ օրը Սբ. Թարգմանչաց տօնն է: Ուրբաթ օրը՝ վաղը, Պահոց օր: Եկեք միասին այս Ուրբաթ օրը, Հոկտեմբերի 10ին, պահք պահելով հատուկ աղոթենք մեր ազգի ու հայրենիքի համար: Խնդրենք մեր սիրելի Աստծուց ողորմություն և ներողություն իրար նկատմամբ սխալ վարվելու համար և օրհնություն ու զորություն մեր հայրենիքի համար, խաղաղություն և ամրություն մեր բանակի ու զինվորի համար: Եթե ԱՅՈ՛, ապա Հոկտեմբերի 10, Երևանի ժամանակով 22:00-ին, ամեն հայերենասեր Քրիստոնյա հայ մարդ, աշխարհի որ ծայրում էլ լինի, թող խոնարհվի մի պահ ու իր սրտի խորքից սրտանց աղոթք ասի առ Աստված մեր հայրենիքի օրհնության համար: Դուք ավելին կարող էք անել եթե կամենաք: 1. Կարող էք տարածել այս պատգամը ձեր ընկերներին: 2. Կարող էք միանալ հարյուրավոր հայորդիների որ Հոկտեմբերի 10-ին մասնակցում են 24-ժամյա Հսկման աղոթքին ու հայտնել ձեր ցանկացած ժամը Facebook-ում այստեղ (http://on.fb.me/1skz2CJ): 3. Դուք կարող էք նաև միանալ ու տարածել այս նպատակով հատուկ ստեղծված Facebook Event-ը (տես այստեղhttp://on.fb.me/1o1myQn):

Ընդհանուր աղոթքը նույն նպատակի համար շատ զորավոր բան է, մեզ սովորեցրեց մեր Տէրը: Սա նման է այն բանին, ինչպես ասենք մի հայր 7 զավակներ ունենա, ու յոթն էլ միասին նույն պահին գան ու նոյն բանի համար խնդրեն հորից: Երբ դա ամբողջ ընտանիքի բարօրության համար է, ո՞ր հայրը կմերժի: Դրա համար Տէր Հիսուսն ասեց «եթէ ձեզնից երկուսը միաբանուեն երկրի վրայ որեւէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կը կատարուի նրանց համար իմ Հօր կողմից...» (Մաթ. 18-19): Եկեք վաղը հազարներով միաբանվենք ու խնդրենք որ մեր սիրելի Աստվածն օրհնի մեզ, ների մեզ մեր մեղքերն ու զորացնի մեր հայրենիքը:

---------
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին:

Տառապանքից ազատվելու և ազատ ապրելու ճանապարհը


Մեր ազգի մեջ կռապաշտությունը շատանում է: Մարդիկ հեռանում են հավատքից, շատ որդիներ անհնազանդ են իրենց ծնողներին, շատ ծնողներ էլ վատ օրինակ իրենց զավակների համար: Ու երբ ընտանեկան բջիջն է սկսում ապականվել (որի մեջ մարդն սկսում է ձևավորվել), ապա և ապականվում է հասարակությունը, ապականվում է ազգը: Ազատ անկումը կշարունակվի քանի դեռ չկա այն ճշմարիտ չափանիշը (criterion), որից մադը կարող է ու պետք է բռնվի իր կյանքի իրական իմաստը գտնելու և ուրախ ապրելու համար: Սրա հետևանքներից մեկն էլ այն է, որ շատերն այսօր մեր ազգում սխալապես մեղադրում են Քրիստոնեությանը որպես Մեծ Հայքի հզոր թագավորության վերացման պատճառ:

Մեծ ու փոքր թագավորությունները վերացվել ու նորից են հայտնվել ոչ միայն Քրիստոնյա այլ նաև ոչ Քրիստոնյա ազգերի մեջ: Պատմությունից հստակ է որ սա կրոնի հետ կապ չունի: Եթե այդպես է, ապա ոչ Ալեքսկանդր Մակեդոնացու կայսրությունը պիտի վերանար, ոչ էլ Օսմանյան: Երկուսն էլ Քրիստոնյա չէին: Մեկը վերացավ ագահության պատճառով, մյուսն էլ ատելության: Սա պարզապես օրինակի համար: Քրիստոնեությունը մեծ ու փոքր կայսրություններ չի խոստանում մեղավոր, իրար անմեղ տեղը վիրավորող, կեղծավոր, հաբռգած, զոռբա ու եսասեր մարդկանց: Մենք բոլորս, գերի ենք նույն կրքերին որոնք մշտական տառապանք են բերում մարդու կյանքում՝ հպարտություն, կեղծիք, խաբել, բամբասկոտություն, դիմացինին վերևից նայել, ագահություն, եսասիրություն, փառասիրություն, էլ որն ասեմ: Այս բաները կամ տառապանք են պատճառում մեր կողքի մարդկանց երբ մենք վերխ ենք վերցնում նրանց վրա, կամ էլ մեզ, եթե մեր ձգտածին չենք հասնում: Արդյունքում միշտ տառապում ենք, ապրում ցավով ու առանց հույսի:

Ոչ գիտության զարգացումը, ոչ էլ տեխնիկական առաջնթացը չեն կարողացել ոչ մի միլիմետր առաջ տանել ու լուծել այս խնդիրը, և արդյունքում մարդը մնում է գերի այս կրքերին ու տառապում: Իսկ Աստված մշտական կյանք, օրհնյան ու պաշտպանված, բարգավաճ հայրենիք է խոստանում այն մարդկանց ովքեր հավատարիմ են ԻՐԵՆ ու ապրում են ԻՐ տված սիրո ու արդարության պատվիրանները պահելով:

Պատմության մեջ միայն Հիսուս Քրիստոսն է ասել, որ մարդուն կազատի այս գերությունից ու մարդու առաջ բացեց մշտական ապրելու դուռը:

Ոչ մի կրոն այս խոստումը չի տվել մարդուն (ազատում մեղքի գերությունից): Այս մասին գրված է Ավետարաններում եթե ցանկանաք կարդալ ու որդեգրվել այս խոստմանը:

Բայց մի այլ նրբություն էլ կա: Մարդ կարող է կարդալ ու այդ կարդալու ընթացքում կամ քունը գա, կամ էլ ոչ մի բան չհասկանա: Հասկանալը տրվում է միայն այն մարդուն, ով գիտակցում է որ նա գերի է այս կրքերին ու իրեն այս կրքերից ազատելու համար փրկիչ է պետք: Այդ փրկիչը Հիսուս Քրիստոսն է: Սա հավատքի հարց է, բայց հավատացեք, այն տրվում է նրան ով փնտրում է: Եթե անկեղծորեն չէք փնրտում, այն չի տրվում:

Հավանաբար այս խոսքերը շատերին չհամոզի, բայց եթե դուք մի օր զգաք որ դուք, կամ ձեր մերձավորներից մեկը տառապում է որովհետև հպարտության ու ԵՍի պատճառով կռիվ դավի կա ընտանիքում, կամ ագահության պատճառով, կամ բամբասկոտության, կամ եսասիրության ու փառասիրության պատճառով տառապանք կա ձեր շուրջը, հարցրեք ինքնեդ ձեզ, ինչպե՞ս կարող է մարդն ազատվել այս գերությունից:

Միայն այդ ժամանակ մարդը կտեսնի թէ ով է իր իսկական թշնամին ու ինչ միջոցներով է այդ թշնամին պայքարում իր դեմ ու տառապանք սփռում իր շուրջը: Միայն այդ ժամանակ մարդը կիմանա թէ ինչպես պայքարել այդ թշնամու դեմ: Թէ զենքն ունենք, թէ զրահը:

---------
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին:

Պաշտպանվեք Մտքերի Մոլեգնությունից, Մի Թողնեք Բացասական Մտքերին Ներս

Մի թողեք որ բացասական ու սիրտ-քամող մտքերը ներս թափանցեն ձեր ներսը ու գերեն ձեր սիրտը: Դրանք միշտ գալիս են ու մոլի ձևով հարվածում մարդուն: Դրանց նպատակն է շեղել մարդուն բարիքից, լույսից, ճշմարիտը փնտրելուց և սթրեսն ավելացնելով դրդել մեղքի և հուսահատության: Հետևաբար այդպիսի մտքերի իսկական աղբյուրն էլ թշնամի է մարդուն:

Նման վիճակներում, դուք կարող էք օգտագործել Աստծուց ձեզ տրված արտահայտվելու կարողությունները և ասել, "Տէր, ներիր, ես համաձայն չեմ այս մտքերին, որ հիմա պտտվում են գլխումս: Ես չգիտեմ թէ սրանք որտեղից հայտնվեցին: Խնդրում եմ ազատիր սրանցից: Ես համաձայն չեմ այս մտքերի հետ:" Ու կտեսնեք, որ անմիջապես դրանք կհեռանան եթե անկեղծ սրտով խնդրեք այս օգնությունը Փրկչից: Երբ որ Աստված տեսնում է ձեր ջանքը փոքր բանի մեջ, Նա սիրող Ծնող լինելով անմիջապես հասնում է օգնության և ձեր տկարության մեջ լցնում իր ամբողջ զորությունը: «Իմ զօրութիւնը տկարութեան մէջ է ամբողջական դառնում» (2 Կորնթացիս 12:9):

Պատվիրանները պահելն ու սիրով լի կյանք ապերլը դժվար չէ:

Եկեղեցու սուրբ հայերերը խորհուրդ են տալիս փոքր բաներից սկսել ու այդ բաների մեջ հավատարիմ մնալ Տիրոջ խոսքին ու պատվիրաններին: Եթե ուզում էք մնալ մեր Տէր ՀԻսուսի սիրո մեջ ու սիրով պատասխանել նրա սիրուն, ապա այս փոքր բանի մեջ փորձեք շարունակ հավատարիմ լինել Տէր Հիսուսի պատվիրաններին: Ով որ փոքր բանի մեջ փորձում է հավատարիմ լինել Տիրոջը, Տէրը նրան վստաում ու կարողություն է տալիս հավատարիմ լինել շատ ավելի մեծ բաների վրա: (Ղուկաս 19:17)

Մի թողեք որ բացասական ու սիրտ-քամող մտքերը ներս թափանցեն ձեր ներսը ու գերեն ձեր սիրտը: Ավելի շատ տեղ կմնա ուրախությանն ու լույսին, որ Աստծուց են ուղարկվում:

---------
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին:

Հայր Մեր - 7 Հիշեցում Որ Մենք Ընտանիք Ենք

Երեկ աղոթքի մասին մի քարոզ էի լսում ու դրանից հետո անդրադարձա որ Հայր Մերի մեջ բոլոր խնդրվածքները "Մեր"-ի համար են ու չկա ոչ մի խնդրվածք Ես-ի համար: Ամեն ինչ, մեր Տիրոջ կողմից սովորեցրած այս աղոթքում, հոգնակի թվով է ու չկա որ մի խնդրվածք եզակի թվով: Օրինակ.

  1. Հայր Մեր, այլ ոչ թէ հայր իմ
  2. Մեր ամենօրյա հացը, այլ ոչ թէ իմ ամենօյա հացը
  3. Տուր Մեզ, այլ ոչ թէ տուր ինձ
  4. Ներիր մեզ, այլ ոչ թէ ներիր ինձ
  5. Ինչպես որ մենք ենք ներում, այլ ոչ թէ ինչպես որ ես եմ ներում
  6. Մի տար մեզ փորձության, այլ ոչ թէ մի տար ինձ փորձության
  7. Այլ փրկիր մեզ չարից, ոչ թէ փրկիր ինձ չարից


Ահա 7 հիշեցում մեր Տիրոջ կողմից սովորեցրած այս աղոթքում, որ աղոթքը զղջման ու ապաշխարության հետ զուգահեռ նաև հոգատարություն ու խնամք է ամբողջ ԸՆՏԱՆԻՔԻ կարիքների ու բարօրության համար: Իսկ դա սեր է: Ու հանկարծ պետք չէ, որ աղոթքը դառնա սեփական ընչաքաղցությունը բավարարելու միջոց ու հույս՝ թէ ինձ այս տուր կամ այն տուր, իմ մեղքը ներիր ու ինձ ազատիր փորձությունից, իսկ մնացածին էլ դու գիտես, ես այդքան էլ մտահոգված չեմ իրենց կարիքներով: Սա այդ սերը չէր լինի, որի մասին Տէր Հիսուսը հատուկ պատվիրեց թէ «սիրեցեք միմյանց ինչպես ես ձեզ սիրեցի:» Հովհ. 13:34

Պատմությունից մենք գիտենք սուրբեր ու Եկեղեցու հայրեր, որոնք ավելի շատ աղոթում էին ուրիշների համար քան թէ սեփական անձի համար: Ու մտածում եմ, ինչքան կսիրի Հայրն այն երեխային, որն ամեն օր իր սեփական կարիքները թողած գալիս ու խնդրում է իր եղբայրների ու քույրերի կարիքների համար: Հայրը այս երեխային երեբեք չի թողնի, որովհետև սա հասկանում է որ ՍԵՐՆ է որ շարժում է ընտանիքը:

Ընտանիքում մեկ անդամի լավը՝ լավ է և ուրախություն բոլորիս համար, իսկ մեեկ անդամի անկումն ու ցավը՝ տխրություն ու ցավ է բոլորիս համար: Մենք բոլորս այս աշխարհում Աստուծո մեծ ընտանիքի անդամներն ենք:

---------
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին:

Երբ Տէր Հիսուսն Ինքն Իրեն Հայտնում է Մարդուն

Այնքան լավ լուր ունեմ ձեզ հետ կիսելու: Ի՞նչ էք կարծում ինչքա՞ն մեծ ուրախություն կլինի մարդու կյանքում երբ Տէր Հիսուսն ինքը հայտնվի այդ մարդուն: Տեսեք թէ Տէր Հիսուսն ինչ պայման է դնում այդ հայտնության համար:

Երկուշաբթի երեկոյան երեխաներիս համար Ավետարան կարդալուց մի նախադասության վրա կանգ առա, որ 25 տարի Աստուծո Խոսքին ձգտելով այդ բանը չէի հասկացել: Լինում են չէ մարդու կյանքում, երբ մի բանը 20 անգամ կարդում ես ու մի ականջից մտնում ու մյուսից դուրս է գալիս, ու երբ կարդում ես ասենք 21րդ անգամ, նոր ասում ես թէ բա ինչպես է, որ այսքան կարդալուց սա չէի նկատել կամ հասկացել: Սրա համար Աստվածաշունչը պիտի լինի ամեն մարդու սեղանի Գիրքը, ոչ թէ համբուրելու համար, այլ ամեն օր կարդալու համար:

Ուրեմն այդ նախադասությունը Հովհաննեսի Ավետարանի 14րդ գլխի 21րդ համարն է: Տեսեք Տէրն ինչ է ասում ու ինչքան մեծ ուրախություն կա սրա մեջ: «Ով իմ պատուիրաններն ընդունում եւ դրանք պահում է, նա՛ է, որ ինձ սիրում է. եւ ով ինձ սիրում է, պիտի սիրուի իմ Հօրից. ես էլ նրան պիտի սիրեմ եւ ինձ պիտի յայտնեմ նրան:» Առաջարկում եմ հիմա երկու վայրկյան շունչ քաշեք, ու այդ հատվածը նորից կարդաք, ուշադրություն դարձնելով վեջին մի քանի բառերի իմաստի վրա՝ «ՊԻՏԻ ՍԻՐԵՄ, ԵՎ ԻՆՁ ՊԻՏԻ ՀԱՅՏՆԵՄ ՆՐԱՆ:»

Պատկերացնում էք ինչ քաղցր բան է ու ինչ երջանկություն/կյանք, սիրվել ամբողջ տիէզերքն ու կյանքը ստեղծող ԱՄԵՆՈՒԺԵՂԻ կողմից ու խոստում ունենալ նրանից որ ՆԱ իրեն կհայտնի քեզ: Ժամանակ է պետք սա հասկանալու և մտքով ու սրտով ընկալելու համար: ԲԱՅՑ ՊԱՅՄԱՆ ԿԱ: Նախադասության սկզբում Տէր Հիսուսն ասում է «ՈՎ ԻՄ ՊԱՏՈՒԻՐԱՆՆԵՐՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՔ ՊԱՀՈՒՄ Է:»

Հիմա ամփոփենք սա: Տէր Հիսուսն ասում է, որ եթե մենք ընդունենք ու պահենք իր պատվիրանները, ապա Նա իրեն կհայտնի այդ պատվիրանները պահողին ու դրանց հավատարիմ մնացողին: Տէր Հիսուսն ասում է որ կեղծավորություն չի կարելի անել: Ասում է, նա է ինձ սիրում, ով որ ընդունում ու պահում է իմ պատվիրանները: Տէր Հիսուսն ասում է, որ եթե դուք ընդունեք ու պահեք իր պատվիրանները կսիրվեք ՀՈՐ կողմից, կսիրվեք Հիսուսի կողմից և Աստուծո մխիթարիչ Հոգին հավիտյան պիտի բնակվի ձեր մեջ (Հովհ. 14:16): Գրված է հավիտյան: Այսինքն, Նա ձեզ երբեք չի թողնելու: Նա Ձեր պաշտպանն ու Հայրն է հավիտյան: Տէր Հիսուսն ասում է, որ եթե իր պատվիրաններն ընդունեք ու պահեք ապա ՆԱ ԻՆՔԸ ԻՐԵՆ ԿՀԱՅՏՆԻ ՁԵԶ ու աստված ձեզ որբ չի թողնի, կգա ու կօթևանի ձեզ մոտ (Հովհ. 14:23):

Բայց հետո էլ ավելացնում է, որ եթե չնդունեք ու չպահեք ԻՐ պատվիրաննեը, ապա նա իրեն չի հայտնի ձեզ: Որովհետև որ չի պահում Աստուծո Պատվիրաններն ուրեմն չի սիրում Հիսուսին: Ով որ չի սիրում Տէր Հիսուսին ուրեմն չի էլ կարող ճանաչել նրան, որովհետև Հիսուսը իրեն չի հայտնում աշխարհին:

Այստեղից մենք սովորում ենք որ կա ԵՐԿՈՒ ճանապարհ այս կյանքում՝ կամ բնակություն ու սեր բարի Աստծու հետ, կամ էլ Աստծո պաշտպանությունից հեռու, չարի ճանկերի տակ: Ո՞րն էք ընտրում:

Այս աշխարհը Հիսուսին չի ճանաչում, որովհետև Հիսուսն իրեն չի հայտնում այս աշխարհին: Ինչու՞ Որովհետև ՆԱ եկավ աշխարհ յուրայինների մոտ, ու յուրայինները Նրան չնդունեցին (Հովհ. 1:11): Հասկանում է՞ք ինչ պատահեց: Ծնողն եկավ զավակների տուն ու զավակները Ծնողին չնդունեցին: Ինքն էլ ասեց լավ, Ես կգամ միայն նրա տուն, ով որ ինձ կսիրի ու կպահի իմ խոսնք ու պատվիրանները: Դուք մի՞ թէ այդպես չէիք վարվի: Դուք կգնաք ձեր այն զավակի տուն (կամ կարո՞ղ էք գնալ), ով ձեզ չի սիրում, ձեզանով չի հետաքրքրվում, ձեր հայրական ու մայրական խոսքը չի պահում ու երբ դուք գնում էք իր տուն, նա ձեզ չի ընդունում: Դուք հավանաբար կսպասեք դռան մոտ ու կշարունակեք թակել (Հայտնություն 3:20) քանի որ ծնող էք, բայց ներս չեք կարող մտնել եթե ներսից զավակը չզղջա ու չբացի դուռը:

Սիրելի ժողովուրդ ջան, պատվիրաննեը դժվար չեն: Առավել ևս նրանք հաճելի են ու ազատարար, ազատում են մեղքի գերությունից: Ինչքան մոտիկ լինեք Տէր Հիսուսին Ավետարան կարդալով ու աղոթելով, այնքան ավելի քաջ կլինեք, զինված Աստուծո զորավոր խոսքով ու ներկայությամբ: Ինչքան ավելի լավ ճանաչեք Հիսուսին ու քաջ լինենք, այնքան ավելի հոգևոր հերոսություններ կարող էք անել, այսինքն պատվիրանները պահել, չխաբել, չհպարտանալ, եսասեր չլինել, խոնահ լինել, սիրել Աստծուն, շատ սիրել, մարդկանց սիրել, ագահ չլինել, փառասեր ու փողասեր չլինել և մյուսները: Իսկ եթե սովոր չէք, ապա փոքր բաներից սկսեք: Նայեք ձեր սրտի մեջ, ու տեսեք ձեր մեծ ու փոքր սխալները: Վերցրեք ամենափոքր վատ սովորությունն ու սխալը, եվ սկսեք դրանից: Փոքր բանի մեջ քաջ եղեք: Ցույց տվեք Տէր Հիսուսին որ սիրում էք իրեն ու պահում իր պատվիրաններից գոնե ամենափոքրը ու տեսեք թէ ինչ կլինի Հիսուսի պատասխանը ձեր հավատարմությանը: «ՊԻՏԻ ՍԻՐԵՄ, ԵՎ ԻՆՁ ՊԻՏԻ ՀԱՅՏՆԵՄ ՆՐԱՆ:» (Ավետարան ըստ Հովհաննեսի, գլ. 14, համար 21)

---------
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: