Tuesday, June 24, 2014

Ինչպե՞ս Ներել, Երբ Ներելը Շատ Դժվար Է


Հայր Մեր-ի ներման մասին բաժնի վրա խորհելուց հետո ընկերներց մեկը հարցրեց ներելու դժվարության մասին: Ինչպե՞ս ներել երբ ներելը թվում է անկարելի ու դժվար: Իրոք ի՞նչ է ներելն ու ի՞նչպես է այն կատարվում: Ինչու է այն այդքան դժվար մարդկանց համար ու այդքան հեշտ սուրբերի համար:

Եթե մեզանից յուրաքանչյուրը մոտենա 200 կիլոգրամանոց ծանրաձողին, ամենայն հավանականությամբ չի կարող այն բարձրացնել: Ինչու՞, որովհետև մարզվել է պետք: Հոգևոր կյանքի մեջ, պատմում են եկեղեցու հայրերը, նույնպես կան այսպիսի ծանրություններ, որոնք առանց «մարզվելու» անհնար է բարձրացնել: Այստեղից էլ գալիս է «ասկետիզմ» (ճգևավոր) բառի մեկնաբանությունը, որ Հունարեն նշանակում է վարժություն, մարզանք: Մենք էլ պիտի սովորենք այսպես «վարժվել ու մարզվել», որպեսզի «հզորանանք» սիրո և խոնարհության մեջ, որովհետև Երկնքի Արքայությունը «հզօրներն են յափշտակում», ասեց մեր Տէր Հիսուս Քրիստոսը: (ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 11:12)

ԻՆՉՈՒ Է ՆԵՐԵԼԸ ԴԺՎԱՐ
Ներելը դժվար է ու երբեմն անկարելի երբ անձի ԵՍ-ը դեռ գործում է: Ներելը նաև շատ դժվար է երբ մարդը սպասում է արդարության, որպեսզի ցավը փարատվի: Արդարությունը լավ բան է չէ՞ Բարձր կատեգորիա է: Բայց մենք արդարություն էնք սպասում մեր պես մարդկանցից, որոնք էլ մեր պես չգիտեն կամ չեն կարողանում ներել: Իսկ դուք գիտե՞ք որ ներողամտությունն ու ողորմությունն ավելի բարձր կատեգորիաներ են քան արդարությունը: Արդարությու՞ն էք ուզում: Լավ: Իսկ եթե մեր երկնավոր Հայրը որոշի մեզ հետ արդար վարվել այն ժամանակ ի՞նչ պիտի անենք, ու՞ր պիտի գնանք:

Եկեղեցու հայրերը գրում են, որ Քրիստոնեան պատճառ չունի վիրավորվելու, որովհետև Քրիստոնեաի ԵՍ-ի փոխաեն Հիսուսն է գործում սիրո օրենքով:

Ինչը կարող է վիրավորել Քրիստոնեաին երբ վերջինս ամբողջ տիրեզերքի ու կյանքի արարչին կոչում է «Հայր» մեր: Ի՞նչը կարող է լինել ավելի զորավոր, քան թէ այսպիսի պաշտպանություն ունենալը: Ուրեմն ներել կարողանալու համար պետք է սա գիտակցել ու ԵՍ-ն ու հպարտությունը կոտրել: Բայց ինչպե՞ս:

ԻՆՉՊԵՍ ԿՈՏՐԵԼ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Միանգամից ընդունենք: Միայնակ չէք կարող կոտրել ձեր հպարտությունը: Հպարտության դեմ միայնակ չէք կարող պայքարել ու հաղթել: Եթե ձեզ թվում է որ կարող էք, ապա սա արդեն մի այլ տեսակի հպարտություն է: Որովհետև Պողոս առաքյալն է գրում այս մասին, որ նա մեղքին չի կարողանում մենակ հաղթել: Տեսեք ինչ է գրում նա Հռոմեացիներին ուղղված նամակի 7րդ գլխի 15րդ համարում. « չեմ իմանում, ինչ որ գործում եմ. ոչ թէ այն եմ անում, ինչ որ ուզում եմ, այլ գործում եմ այն, ինչ որ ատում եմ.» Վեջին նախադասությունը մի հատ նորից կարդացեք, շատ մեծ խորհուրդ ունի:

Մենք ուզում ենք ներել, բայց չենք ներում, ինչ որ մի բան թույլ չի տալիս: Տառապում ենք: Ուզում ենք բարին գործել, բայց գնում ու չարություն, կողմնապահություն, նախանձ ու փառասիրություն էնք պաշտում: Եթե Պողոս առաքյալը, մարդ, որ Հիսուսի է տեսել, ու Նրա կողմից առաքելության կոչվել «գործում է այն ինչ որ ատում է» մե՞նք ինչ անենք: 

Ուր է այս խնդրի լուծումը:

Հենց ինքը Պողոս առաքյալն այս հարցին պատասխանում է հաջորդ 8րդ գլխում ասելով որ ազատագրումը այս վիճակից գալիս է Սուրբ Հոգուց, երբ Աստուծո ներկայությունը մտնում է իր զավակի կյանքի մեջ ու օգնում նրան բոլոր կործանարար պահվածքներից ու մտքերից, «որովհետեւ Քրիստոս Յիսուսով կեանք տուող հոգու օրէնքը ինձ փրկեց,» գրում է Պողոս առաքյալը 8րդ գլխում:

Սիրելի քույրեր ու եղբայրներ, որպեսզի Հիսուս Քրիստոսի ոգու օրենքը ձեզ կարողանա փրկել այս կործանարար կրքերից (հպարտություն, նախանձ, ագահություն, փառասիրություն, փողասիրություն և այլն), դուք պետք է Նրան ներս թողնեք ձեր էության այն վայրերը որտեղ դուք որոշումներ էք ընդունում ձեր կյանքի ու վարքի համար: 

«Ահա՛ւասիկ ես դռան առաջ եմ եւ բախում եմ. եթէ մէկը ականջ դնի իմ ձայնին եւ բաց անի դուռը, կը մտնեմ նրա մօտ եւ կ’ընթրեմ նրա հետ, եւ նա՝ ինձ հետ,» ասում է մեր Տէրը Հայտնության 3րդ գլխի 20րդ համարում:

Դուք պետք է բացեք ձեր սրտերն ու մտքերն ու ասեք, ներս արի Տէր Հիսուս: Ներս արի ու լույս տուր: Ներս արի ու օգնիր, որովհետև ես մենակ չեմ կարողանում հաղթել այս կրքերին, որոնք հեռացնում են ինձ քեզնից: Ներս արի ու եղիր իմ լավագաույն միտքը: Ներս արի ու եղիր իմ ներսի տաճարի արքան: Ներս արի և օգնիր ներել, որովհետև ես մենակ չեմ կարողանում ներել, քանի որ ներողամտությունն ու անձնվեր սերն Աստվածային որակներ էն, իսկ ես մարդ եմ: Բայց ես հավատում եմ, որ քեզ հետ կարող եմ Տէր: Ես հավատում եմ որ դու կարող ես փշրել իմ եսասիրությունն ու հպարտությունը: Ես այլևս ինձ տրված ժամանակը կօգտագործեմ քեզ հետ մարզվելու, որովհետև ես միայն կարող եմ հաղթել քեզ հետ միասին, իմ Տէր: Ես չգիտեմ թէ սա ինչպես է կատարվում, չեմ հասկանում թէ դու ինչպես էս սա անում, բայց ես հավատում եմ Քեզ ու գիտեմ որ Դու քո մոտ գալացողին ետ չես ուղարկում:

Իսկ հիշու՞մ էք Հիսուսի պատասխանը, «Ով յաղթի, նրան թոյլ կը տամ նստելու ինձ հետ իմ աթոռին, ինչպէս որ ես յաղթեցի եւ նստեցի իմ Հօր աթոռին։» (Հայտնություն 3:21) - Ով որ հաղթի.... Իսկ հաղթում են ուժեղները: Եվ ուժեղներն էն որ կարողանում են ներս մտնել Աստուծո Արքայության մեջ, «հզօրներն են յափշտակում այն: Մաթ. 11:12

Հիմա տեսնու՞մ էք ինչու չենք կարողանում ներել երբ մենակ էնք, եվ միայն որ պարագայում կարող էնք և ներել, և ներողություն հայցել, եվ հպարտությանը հաղթել, եվ նախանձին և թէ չար մտածողություններից ազատել միտքը: Դուք սա կարող էք անել միայն ու միայն Տէր Հիսուսին ձեր ներսը հրավիրելով, բերանով ու բառերով հրավիրելօով, ու չեք մտահոգվի ձեր ԵՍի մասին, չեք մտահոգվի որ ներելու կամ ներողություն հայցելուց խոցելի էք դառնում: Չեք մտահոգվի որ մարդիկ ձեր մասին կասեն թէ հարիֆ էր, կամ էլ թէ կուլ գնաց: Որովհետև Հիսուսի հետ դուք բարձրացող ուժ էք:

Ուրեմն ժամանակ չկրոցնենք սիրելի եղբայրներ ու քույրեր: Ո՞վ գիտի թէ իրեն ինչքան ժամանակ է մնացել այս աշխարհում: Ներել ու ներողություն հայցել սովորենք Հիսուսի հետ: Որովհետև հակառան անհնար է նույնիսկ պատկերացնել: «Իսկ եթէ դուք մարդկանց չներէք իրենց յանցանքները, ձեր Հայրն էլ ձե՛զ չի ների ձեր յանցանքները»։
Բացեք ձեր սրտերը Նրան ու աղոթքի մեջ ասեք, Տէր Հիսուս ներս եկ, իմ դուռը բաց է քո համար: - Խնդրենք Աստծուն, որ շնորհ անի բոլորիս:

No comments:

Post a Comment