Երեկ 2 լավ ու ողջունելի բաներ կատարվեցին մեր ազգային եկեղեցական կյանքում, որոնց մեջ եվ լավ օրինակ կա և վերափոխման հույս.
Առաջինը Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի այցելությունն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Ինչպես գիտենք մամուլից, երկու Աթոռների միջև խնդիրներ կային և հարաբերությունները աշխատանքային տեսակետից լարված էին: Պատրիարքը նույնսիկ անցյալ տարվա բացառիկ Եպիսկոպոսաց Ժողովին չէր մասնակցել: Սակայն շատ ուրախացա, որ եզակի կամք դրսևորվեց և ազգային միասնությունն այս խառը ժամանակներում ավելի վեր դասվեց քան պատճառավորված հակասությունը: Շատ գովելի է և օրինակ բոլորիս: Ամեն հակասություն կարելի է հարթէլ բարի կամքի և խոնարհ ոգու առկայության դեպքում: Լավ լուր էր Պատրիարքի այցելության մասին լուրն ու երանի մամուլն էլ այս տեսանկյունից նայի ու քաջալերի այս ոգին:
Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվող միաբանական համագումարի հայտարարությունն էր (http://on.fb.me/1ilCRop): Ավելի ճիշտ հետևյալ բաժինը: «Մենք նաև քաջ գիտակից ենք, որ հայ հանրության առջև ծառացած բարոյական և ընկերային մարտահրավերները դիմագրավելու, ինչպես նաև հոգևոր-եկեղեցական կյանքում տեղ գտնող սայթաքումները շտկելու համար Հայ Եկեղեցու սպասավորներից պահանջվում է առավել ջանք ու եռանդ, աստվածսիրության և հայրենանվիրումի անկոտրում ոգի: Այս առումով մենք ողջունում ենք անաչառ և կառուցողական քննադատությունը...» --- Սա էլ շատ առողջ գնահատանք ու մոտեցում է իրավիճակին և կոչ ամեն հայ Քրիստոնյաի, որ իսկապես մտահոգված է Աստուծո զավակների հոգևոր փրկությամբ, իր կառուցողական օգնությունն ու ներդրումը բերել մեր ազգի ու անհատի հոգևոր վերազարթոնքի նպաստման այս սուրբ գործին: Մեր եկեղեցականները գիտակցում են մարտահրավերների առավել պահանջները: Իսկ մենք, ամենքս, ուր էլ լինենք, մեր համայնքների մեջ մեր ծառայությունը պետք է բերենք բարի գործերով, եկեղեցականին օգնելով, նրա ընկերը դառնալով ու նրա համար անկեղծ աղոթելով՝ հեռու հպարտությունից, ատելությունից, բաժանումից ու եսասիրությունից:
Սիրելի նվիրյալ հոգևորականներ, որ Աստուծո զավակներին ծառայում էք այն մտահոգությամբ ու ջանասիրությամբ որ տեսնում էնք առաքյալների նամակներում: Աստված օրհնի, ողորմի ու առաջնորդի ձեզ ձեր բարի ծառայության մեջ: Վստահ եմ որ հոգևոր վերազարթոնքի այս նոր մթնոլորտում ամեն հայ Քրիստոնյա այսուհետ պիտի իր ավելին անի մեր ՄԵԾ ԸՆՏԱՆԻՔԻ զավակների հոգևոր բարորության համար: Որպեսզի ամեն «Հայր Մեր..» այսուհետ ավելի իմաստալից ու ընդունելի լինի:
Լավ լուրեր էին երեկ: Խանդավառող զորություն ունեին: Շատ ուրախացա:
No comments:
Post a Comment