Tuesday, June 24, 2014

Ինչու՞ մենք չենք տեսնում Աստծուն

Սերը ո՞նց տեսնես:
Ես չգիտեմ մի այլ կրոն կամ հավատք, որ ասի թէ Աստված սեր է: Մեկն ասում է թէ տիեզերքի արարիչը բարձրագույն իմաստություն է, մյուսն ասում է արդար զորություն, մեկ այլն ասում է մի այլ բան, բայց սե՞ր: Այն որ Աստված սեր է, այս միտքը Քրիստոնեությանը արմատական կոնտրաստի մեջ է դնում բոլոր այլ կրոնների հետ: Գիտենք, որ Աստված արդար է, բայց նա արդարություն չէ, այլ սեր: Պատկերացնում էք ինչ կլիներ մեր վիճակը, եթե Աստված միայն արդարություն լիներ: Ո՞վ կդիմանար:
Հովհաննես Առաքյալի առաջին նամակի 4րդ գլուխը շատ հետաքրքիր կերպով մեկնաբանում է այս միտքը: Խորհուրդ կտամ բացեք Նոր Կտակարանն ու կարդացեք այս հատվածը: Չի ասում թէ սերն Աստծու մոտ է, կամ Աստված սեր ունի, բայց սևով սպիտակի վրա գրված է "Աստված սեր է:" (8րդ համարում):
Հիմա, շատերն ուզում են Աստծուն տեսնել ու հարցնում ինչպես կարելի է դա անել, կամ թէ ինչու չենք տեսնում: Ու այստեղից հետևություն: Սերն ինչպե՞ս կարելի է տեսնել: Սերը ոչ շոշափելի բան է, ոչ ուտելու բան, ոչ էլ տեսնելու բան է: Դա զգացողություն է: Իսկ զգացողությունը մարդն իր ներսում է զգում, հոգով: Եվ արի ու տես որ Հովհաննես առաքյալն իր Ավետարանի 4րդ գլխի 24րդ համարում (շատ հետաքրքիր հատված է խորհուրդ կտամ կարդալ) հստակ ասում է, որ "Աստված հոգի է..."
Ուրեմն մարմնի աչքերը սահմանափակ տեսողություն են ցուցադրում ու մենք գիտենք, որ մարմնի աչքերը հոգևոր բաներ չեն կարող տեսնել: Ամենամոտիկ բանն այստեղ քամու օրինակն է, ինչպես որ Տէր Հիսուսն էլ ցույց է տալիս: Մենք քամին չենք տեսնում, բայց հստակ տեսնում էնք իր շարժը, գործ, արդյունքը: Սերն էլ այսպես է:
Բայց կա՞ արդյոք հնարավորություն Աստծուն իսկապես տեսնել: Պարզվում է, որ այո: "Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն։" (Ավետարան ըստ Մաթևոսի գլ 5, համար 8):
Ուրեմն կա մի վիճակ, խորթ մարդկանցից շատերին, ուր սրտով մաքուր, անկեղծ ու խոնարհ (ԵՍ չունեցող) մարդուն կտրվի մի տեսողություն (չգիտեմ երբ), երբ անձը, համաձայն Քրիստոսի խոսքի, կտեսնի Աստծուն:
Մեզ համար սա անհասկանալի ու անհասանելի է թվում, որովհետև մենք չունենք սրտի այդ մաքուրթյունը: Մեզ թվում է թէ մենք ահագին մաքուր ենք, բայց չենք գիտակցում, որ եթե մեր մեջ նույնիսկ մի քիչ հպարտություն, կեղտ, եսասիրություն ու ատելություն կա, ապա դա Աստուծո կողմից չի ընդունվում:
Ահա մի պարզ օրնակ: 
Վերցրեք մի բաճակ մաքուր ու պաղ ջուր: Հաճույքով խմեք: Լավ է չէ՞ ծարավ սրտին: Ձգում է: Հիմա վերցրեք մի բաժակ մաքուր ջուր, ու դրա մեջ մի քիչ կեղտ ավելացրեք (ինչ կեղտ որ մտքներովդ անցնի): Ջուրը գույնը կփոխի: Եթե դուք ճարահատ չէք ու ծարավ չէք, կխմե՞ք այդ կեղտաջուրը: Ոչ: Ինչու՞, չէ՞ որ 95 տոկոսը մաքուր ջուր է և միայն 5 տոկոսն է կեղտ: Այնուամենայնիվ չէք խմի: Կզզվեք: Հետ կտաք: Նույնպես էլ աստեղ: Ինչու՞ էք կարծում, որ Աստված կխմի այն ջուրը որ ոչ տաք է, ոչ էլ պաղ, ոչ մաքուր, ոչ էլ այդքան կեղտոտ: Հիսուսը շատ խիստ խոսք ունի այս մասին Հայտնության գրքի 3րդ գլխի 16րդ համարում: Ասում է "կփսխեմ..."
Եզրակացություն
Աստված սեր է և սերը չենք կարող տեսնել: Սերը և սիրո գործերը կարող էնք զգալ մեր ներսում (Հիշեք Հիսուսի խոսքերը թէ "Երկնքի արքայությունը ձեր ներսում է:" Ղուկաս 17:21): Աստծուն կարող էնք տեսնել եթե մաքրվենք սրտով, մաքրենք մեր ներսն ու դուռը բացելով հրավիրենք Հիսուսին ներս: "Ահա՛ւասիկ ես դռան առաջ եմ եւ բախում եմ. եթէ մէկը ականջ դնի իմ ձայնին եւ բաց անի դուռը, կը մտնեմ նրա մօտ եւ կ՚ընթրեմ նրա հետ, եւ նա՝ ինձ հետ։" Հայտնություն 3:20
Երբ մարդիկ իրար հետ ընթրում են, սեղանակիցներն իրար տեսնում են, իրար հետ խոսում, իրար հետ ուրախանում: Ես չգիտեմ մի այլ պատիվ, քան ընթրել Աստուծո հետ, իր սեղանին:

No comments:

Post a Comment