Հարևանդ գալիս է տուն մի բաժակ սուրճ խմելու: Սկսում էք դեսնից դենից խոսել ու աստիճանաբար խոսակցությունն անցնում է սրանից-նրանից բամբասելուն: Քանի որ բամբասանքը, կամ մարդկանց հետևից վատ բաներ խոսելը բացասական բան է, ձեր միտքն սկսում է բեռնել բացասական մտածումներ ու մարդն աստիճանաբար դառնում է հոռետես: Սուրճից հետո ցրվում էք տներով ու այս բացասական մտքերով զինված՝ վերադառնում էք ձեր ընտանիքներին ու այդպես ազդում ձեր ամուսնու (կամ կնոջ) և երեխաների վրա: Նրանք էլ են լցվում բացասականությամբ:
Ինչ որ ձեր մտքերն են, այն էլ կլինի ձեր կյանքը: Եթե ձեր մտքերը հոռետեսական ու բացասական են, կյանքը չի կարող լինել լույսի մեջ և հույսով լի: Իսկ եթե դուք ձեր մտքերից հանեք ամեն մի բացասական բան, ու չթողնեք որ հոռետեսական ու նեգատիվե մտածումները մտնեն ձեր հիշողության մեջ, ապա ձեր անձի մեջ կմնա միայն բարին ու սերը: Կյանքը կդառնա խաղաղ ու սիրով լի: Եթե ձեր մտքերը խաղաղ մտքեր են ու դուք կարողանում էք ձեզ տրված թեկուզ քչով գոհանալ, ապա ձեր կյանքերն էլ կլինեն խաղաղ ու գոհությամբ լի:
Գիտենք որ, այս կյանքում դժվարություններ կան, բայց չի նշանակում որ մեր մտքերը այդ դժվարությունների գերին պիտի դառնան: Ձեր մտքերը միայն դուք էք տնօրինում: Միայն դուք:
Հետևաբար, սիրելի ընկերներ, մի վնասեք ինքներդ ձեզ, ձեր մտքերը նեգատիվ ու հոռետեսական մտածումներով լցնելով: Մի վնասեք ինքներդ ձեզ ձեր հիշողությունը ուրիշի սխալներով լցնելով, մինչդեռ դուք ինքներդ դրա փոխարեն կարող էք ձեր սեփական սխալները տեսնել ու ինքներդ մաքրվել զղջալով այդ սխալների համար: Դա օգնում է առաջին հերթին ձեզ, իսկ ուրիշի կեղտերը հաշվելն առաջին հերթին վնասում է ձեզ:
Ուրիշի կեղտերը չէք կարող լվանալ: Հետևաբար, ավելի լավ է սեփական սխալները լվանալ, քան թէ ուրիշի կեղտերը հաշվել: Կեղտերը հաշվելուց գարշահոտ է գալիս, իսկ լվացքի հոտն ավելի հաճելի է: Քո տունն է մաքրվում:
No comments:
Post a Comment