Friday, February 6, 2015

Հիսուս Քրիստոսի վերջին գրառված կոչը մարդկությանը

Պատկերացրեք 33 թիվ: Երուսաղեմ, քաղաքի կենտրոն: Տասնյակ հազարավոր մարդիկ Քահանայապետի ու բարձրաստիճան քահանաների առաջնորդությամ մի հսկա ծիսա-ժողովրդական տոնախմբություն են տոնում: Այնքան մեծ, որ այն տևում է 7 օր: Այսօր վերջին եզրափակիչ օրն է: Լիքը երգ և ուրախություն. Բոլորի ուշադրության կենտրոնը արարողությունն ու Տաճարի քահանաներն են, բարձրաստիճան ու կարևոր մարդիկ: Նրանք են առաջնորդում այս ամբողջ հսկա ծեսը: (Խնդրում եմ շարունակեք կարդալ, գնալով հետաքրքիր ա դառնալու):

Այդ մեծ տոնը որի մասին գրում է Հովհաննես Ավետարանիչը, Տաղավարահարաց տոնն էր, որը շատ հանրաճանաչ ու կարևոր 7-օրյա տոնակատարություն էր: Այն իր մեջ ներառում էր ամենօրյա ջրի հեղման արարողություն: Պատկերացրեք, Քահանայական թափորը ժողովրդի ուղեկցությամբ գնում էր դեպի Սիլովամի ավազան (ահագին ճամփա), այնտեղից ոսկե սափորով ջուր վերցնում, թափորով ու երգեցողությամբ հետ վերադառնում Տաճար ու քահանան բարձրանալով Տաճարի աստիճանների վրա այն հեղում էր Խորանի վրա, իսկ ժողովուրդը նրան շրջապատած երգում էին, ձեռքներին ունենալով ճյուղեր: 7րդ օրը, ինչպես Ավետարանիչն է գրում "Մեծ տօնի վերջին օրը," ջրի հետ կապված այս արարողությունը կատարվում էր 7 անգամ. Պատկերացնում էք չէ՞ պահի մեծությունն ու զգաստությունը (սրան ամենամոտը երևի իր մեծության չափով մեր Մեռոնօրհնեքն է՝ քահանայապետ, եպիսկոպոսներ ու տասնյակ հազարավոր ժովուրդ): Հիմա տեսեք ինչ է կատարվելու:

Մեկ էլ հանկարծ ժողովրդի միջից մի աղքատ, սովորական, հասարակ, սակայն պատկառանք թելադրող մի մարդ ոտքի է կանգնում ու շատ ուժեղ ձայնով "աղաղակում," գրում է Հովհաննեսը - «Եթէ մէկը ծարաւ է, թող ինձ մօտ գայ եւ խմի։ Ով ինձ հաւատում է, - ինչպէս Գիրքն է ասում, - նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն» (Հովհ. 7:37):

Դուք պատկերացնում է՞ք թե այդ մարդն ինչքան ճիշտ պիտի լինի, ինչքան վստահ լինի իր ճշմարտության ու զորության վրա, որ այսպիսի միայնակ ու քաջ դիրք բռնի առանց վախենալու թե կողքիններն ինչ կասեն: Ու այսպիսի հայտարարություն անի: Համաձայն այս աշխարհի մտածողության, այս մարդը կամ խենթ պիտի լինի, կամ էլ մի քաջ հերոս, որ խոսում է բացարձակ հեղինակությամբ: Համաձայնե՛ք, որ սա անելը ծայրահեղ դժվար է, գրեթէ անիրական: Բայց Ինքը չվարանեց ճշմարտությունից: Ինքև չվախեցավ:

Նման իրավիճակներում երբ Ձեր արարողությունը խանգարում են ու Դուք էլ իշխանություն ունեք, ինչ՞ էք անում: Մարդիկ էք ուղարկում, որ բռնեն կարգազանցին չէ՞: Քահանայապետն ու փարիսեցիներն այդպես էլ վարվեցին: Բայց այստեղ պատմությունն ավելի հետաքրքիր է դառնում: Հիմա պատկերացրեք որ Ձեր ուղարկած զինված մարդիկ հետ են վերադառնում դատարկաձեռն, առանց Նրա: Ահա թէ այստեղ ինչ է գրում Ավետարանիչը:

«Ինչո՞ւ նրան այստեղ չբերեցիք», քահանայապետերն ու փարիսեցիները հարցրեցին նրանց: Սպասաւորները պատասխանեցին ու ասացին. «Ոչ մի մարդ երբեք այնպէս չի խօսել, ինչպէս այն մարդը» (Հովհ. 7:45-46):

Այո՛, այսպիսի խոսքերի տիրոջը ողջունելու համար, արժե և հարկ է ամեն Կիրակի շուտ արթնանալ ու շտապել եկեղեցի Նրա հետ հաղորդվելու, Նրա սերը ընդունելու, Նրա առջև խոնարհվելու և Նրա ընտանիքում ապրելու: Նա չվախեցավ դժվարին պահերին ճշմարտությունը հայտնելուց և ասաց թե Ինքն է կյանքի աղբյուրը և ով իրեն հավատա "նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն." Իսկ դուք Նրան հավատարիմ կմնա՞ք, երբ լսեք Նրա ձայնը: Գոնե փոքր բաների մե՞ջ:

Սիրելի բարեկամներ, այս Կիրակի Հայ Առաքելական Եկեղեցիներում այս հատվածն է ընթերցվելու և պատարագիչ քահանաները հավանաբար կխոսեն այս մասին ու կպատմեն այս պատմության խորհուդը՝ թէ ինչպես խմել այդ ջրից: Այն անչափ կարևոր է, բաց մի թողեք: Սա ձեր կյանքին, ձեր ապրելուն է վերաբերում:

Վերջում, ևս մի շատ հետաքրքիր բան: Ջրի հետ կապված այս խոսքերը Հիսուսի վերջին խոսքերն են գրված Հայտնության գրքում, նրա վերջին գրառված կոչը մարդկությանը: Եթե ձեզ հետաքրքրում է Հիսուսի վերջին գրառված կոչը մարդկությանը, ապա ձեռքներդ վերցրեք Ավետարանն ու կադացեք այն Հայտնության գրքի 22րդ գլխի 17րդ համարում: (Եթե անեք, կոմենտների բաժնում գրեք: Ես էլ կուրախանամ ձեզ հետ ու ձեզ համար:)

--
Եթե սա քեզ մտորելու տեղիք տվեց, դու էլ կարող ես կիսել ու տարածել այն քո ընկերների հետ, որովհետև միգուցե նրանք էլ մտածեն այս մասին և նույնպես օգտվեն: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26

----- Եթե որևէ թերթ կամ մամուլի տեսակ ցանկանա արտատպել այս հոդվանծն այս Կիրակի օրվան նախնթաց, ապա խնդրեմ, ամենայն սիրով:

No comments:

Post a Comment