Friday, February 13, 2015

Ինչների՞դ է պետք նախանձն ու բամբասկոտությունը

Հունվարի սկզբին Ուրուգվայում մի լավ դեպք պատահեց: Մի մարդ, աշխատանքից հոգնած, տուն հասնելու համար փորձում էր մեքենա կանգնեցնել: Մոտ 25-30 մեքենա անցավ ու ոչ մեկը չկանգնեց: Երեւի նրա հոգնած ու բանվորական տեսքից էր, քանի որ նա գործարանում էր աշխատում: Հետո հանկարծ մի 30 տարվա հին Volkswagen Beetle աջ քաշեց ու կանգնեց, որ նրան տեղ հասցնի: Երբ մարդը դուռը բացեց, որ նստի, զարմանքով տեսավ, որ վարորդը Ուրուգվայի նախագահն է: «Ես չէի կարողանում հավատալ, երկրի նախագահն ինձ տուն էր հասցնում»,- պատմում է մարդը El Observador  թերթին: 

Հիմա այստեղ դուք հավանաբար կասեք. «Վա՜յ, այս ինչ լավ բան է կատարվել, ինչո՞ւ մեզ մոտ էլ այդպես չէ, երանի մեր նախագահն էլ այսպես վարվեր երբեմն…»: Իսկ ես ուրիշ բան կասեմ: Երանի դու այդպես վարվես (ես էլ՝ իմ հերթին): Երանի դու այդպես հոգատար լինես քո շրջանակի մեջ, որում ապրում ես: 

Երանի դու սիրես քո ծնողներին ու ազգականներին, եղբայրներին ու քույրերին, քո բակի հավաքարարին ու փողոցում դանդաղ քայլող անծանոթին, ինչպես քո անձը: 

Դժվա՞ր է այդպես սիրելը: Ո՛չ: Բայց անփորձ մարզիկի համար 200 կիլոգրամանոց ծանրաձող բարձրացնելն էլ անհնար է: Իսկ մի քանի ամիս պարապելուց հետո՞: Սկզբի համար, գոնե որեւէ մեկին վատ բան մի կամեցիր, նրանցից ոչ մեկի մասին վատ բան մի մտածիր: Դու ավելի կարեւոր բաներ ունես անելու այս կյանքում: Դրա համար էլ կյանքի կոչվեցիր այս հողի վրա: 

Մեզանից ամեն մեկս, որ աշխարհ ենք գալիս ու ապրում այս երկրի վրա, պատասխանատու ենք այս հողի, այս երկրի ու այս հողի վրա ապրող մարդկանց համար: Նրա առաջ, որ քեզ ու նրանց կյանք տվեց: Սրա համար անդիմադրելի փաստարկները շատ են, իսկ հակառակն էլ որեւէ մեկը չի կարողացել ապացուցել: 

Մեր հասարակության մեջ մենք անմիջապես կարող ենք մեր շուրջը լուսավորել ու ջերմացնել, եթե առաջինը մենք մեր սեփական մոմը վառենք: Բայց դրանից հետո դու չես գնում եւ ուրիշների ասում՝ «ես լույս եմ, ես լույս եմ, դուք էլ լույս դառեք»: Չէէէ: 

Դու պարզապես շարունակիր վառվել ու լուսավորել՝ կողքից մարդկանց միայն բարություն անելով ու կամենալով: Մի քիչ կսպառվես, բայց ոչինչ: Մեկ էլ տեսար, հանկարծ մեկը եկավ ու քեզանից ուզեցավ իր մոմն էլ վառել: Մեկ էլ հանկարծ մյուսն էլ…. ու այսպես շարունակվում է: Ոչ միայն քո անմիջական շրջանն է լուսավոր ու ջերմ, բայց նաեւ արդեն բակն ու թաղամասն էլ: 

Սիրելի ընթերցող, մեր կյանքերն իսկապես աննկարագրելիորեն կփոխվեն դեպի լավը, եթե մենք միայն բարիք գործենք, բարի բաների մասին մտածենք ու իրար նկատմամբ ավելի ներողամիտ լինենք: Մեր միջից դուրս պիտի հանենք «եղունգ ունես գլուխդ քորի» եսասիրական մտածողությունը: Իրար նկատմամբ բարություն անելու եւ իրար նկատմամբ բարի տրամադրվածություն ունենալու կոչումը միայն որեւէ երկրի ղեկավարներինը կամ եկեղեցականներինը չէ: Մենք բոլորս պետք է իրար նկատմամբ բարությամբ ու կամեցողությամբ ապրենք՝ շինարար, թե նախագահ, ուսուցիչ, թե բժիշկ, մեքենավար, թե առեւտրական: 

Ինչպիսին ձեր մտքերն են, այնպես էլ կլինեն ձեր կյանքերը: Եթե ձեր մտքերը բարության ու կամեցողության մասին են, ձեր կյանքերն էլ այդպիսին կլինեն: Իսկ եթե ձեր մտքերը բամբասկոտության, նախանձի ու փառասիրության մասին են, ձեր կյանքերն ու շուրջի մարդիկ էլ այդպիսին կլինեն: Դա նեղում է մարդուն: Ինչների՞դ է պետք: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/02/05/538649/ 

© 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

No comments:

Post a Comment