Այսօր այլ բան պիտի գրեի իմ էջին, բայց սարսուռով կարդացի թէ ինչպես է Նոր Նորքում 46 ամյա մայրը մուրճով բազմաթիվ անգամ հարվածել 9 տարեկան երեխայի գլխին ու հետո էլ այրել: Սա հասկանալու համար, պետք է հասկանանք չարի և բարու հարաբերությունը մեր կյանքի մեջ:
Ժողովուրդ ջան, տեսնու՞մ էք, միայն զուտ բարոյականությունը, որին ձգտում են մարդիկ, չի հերիքում չարը մեր միջից հեռացնելու համար: Բարոյականությունն առանց հոգևորության (որ նշանակում է սեր Աստծուց) չի օգնում, չի հերիքում, չի լուծել ոչ մի խնդիր պատմության սկզբից ի վեր: Չարը իրական ուժ է: Նորից կրկնեմ: Չարը Իրական ուժ է, որ պայքարում է մարդու կյանքի ու մարդու երջանկության դեմ: Այն չի խնայում ու միջոցների մեջ էլ խտրություն չի դնում: Նայեք ինչ է կատարվում Ուկրաինայում, Սիրիայում, Իրաքում, ամբողջ աշխարհում: Լավ, մի՞ թէ հնարավոր չէ, նստել ու պայմանավորվել: Մի՞ թէ սպանելն ու կործանելն ավելի լավ է: Դուք տեսնու՞ էք կեղտոտ չարության ձեռագիրն այս բոլորի մեջ: Իսկ ինչու է Աստված արտոնու՞մ:
Աստված այս խնդիրները արագ լուծելու հստակ մեխանիզմ է տվել: Բայց խնդիրն այն է, որ այդ մեխանիզմը մենք չենք փնտրում: ՆԱ ասում է, զավակներս, ձեզ այս չարի դիմաց երբեք մենակ չեմ թողել, բայց դուք ձեր կամքով թողեք որ ձեզ փրկեմ սրանից: Դա կարող է լինել միայն ձեր կամքով: Ձեր կամքին հակառակ ձեզ չեմ փրկի: Ես ՍԵՐ եմ:
Իսկ եթե մենք մեր կամքը բացենք ու Նրան ասենք, բարի, արի ու գործիր մեր մեջ ապա դա նշանակում է, որ մարդը, անհատը, պիտի սկսի ՓՈԽՎԵԼ, որպեսզի նա կարողանա այդ չարին հաղթել: Չէ՞ որ ներկա վիճակում, մենք չենք կարողանում դրան հաղթել մենակ:
Մինչդեռ մարդն ասում է, ես հավատում եմ, բայց պրոբլեմը ես չեմ, այլ դիմացինս: Ինձ մի փոխի, գնա նրան փոխի: Ինչի՞ իրենք չեն փոխվում: Ես լավն եմ, կառավարությունն է մեղավոր: Մենք լավն ենք, դուք էք վատը: Մեր մոտեցումը ճիշտ է, թքած ձեր բոլորի վրա... Ու արդյունքում այս կյանքում, որը մենք կիսում ենք իրար հետ, ունենք այսքան չարություն:
Այն մեխանիզմը, որ այս աշխարհը տալիս է մեզ, սուտ է ու երբեք չի բավականացրել, որևէ հարց լուծելու համար: Մարդն այսօր տառապում է ու սայթաքում այն նույն պատճառներով, որով նա տառապել ու սայթաքել է, երեկ, 100 կամ 1000 տարի առաջ: Ահա հենց այս պատճառով, անհատը իր որոշումներում չի կարողանում հաղթել չարին ու մենակ մնալով՝ պարտվում: Իսկ պարտությունն ինչ է՝ դա սեփական անձնի նկատմամբ սխալ որոշում ընդունելն է: Մեղքը սա է՝ Աստուծո սերը մերժելով, մենք վնասում ենք սեփական անձը: Ահա այս պատճառով դուք միշտ կլսեք ու կկարդաք, որ ծնողները սպանում են զավակներին, հայերը որդիներին, զավակները ծնողներին, ամուսինները կանանց, կանայք ամուսիններին, եղբայրը եղբորը, Քրիստոնյաները Քրիստոնյաներին, ազգ ազգի, մարդ մարդու: Ու Աստված նայում է, ու "հոգու խորքում լալիս" (Երեմյա 13:17 հայերենում այլ կերպ է թարգմանված), մեր հպարտության պատճառով ու ԻՐ աչքերից արտասուք թափվում, որովհետև զավակները մերժում են իրենց երկնավոր Հոր սերն ու փրկությունն ու կործանվում չարի դեմ պարտվելով: Հիշու՞մ էք, Հիսուսն էլ լաց եղավ երբ մտավ Երուսաղեմ (Ղուկաս 19:41-44): Եվ Պողոս Առաքյալն էլ ասում է, որ «մի՛ տրտմեցրէք Աստծու Սուրբ Հոգին» (Եփես. 4:30):
Ահա տեսնու՞մ էք, թէ ինչպես է Հայրը, Որդին և Սուրբ Հոգին լալիս, արտասվում ու տրտմում, երբ ԻՐ երեխաները մերժում ու անարգում են Ծնողի սերը ու մնում չարի դիմաց մեն մենակ ու պարտվում: Իսկ այս աշխարհի բարոյականությունը չի հասցնում, կյանք չի տալիս, արտասուքը չի սրբում, տառապանքն էլ չի պակասում:
Բայց պետք չէ որ այսպես լինի: Թագավորի զավակներ ենք, բայց անօթևանների պես ուրիշների ագարակներում փորձում ենք մեր որովայնը լցնել "եղջերու պտղով, որ խոզերն են ուտում," ու նույնիսկ դա մեզ չեն տալիս: (Ղուկաս 15:16):
Լուծու՞մ էք փնտրում, հաղթանակ էք ուզում հրեշի դեմ՞ Ուրեմն շարունակեք կարդալ Անառակ Որդու Վերադարձը առակը, այնտեղ է դեղատոմսը (Ղուկաս 15-11:32): Եթե մենք չզղջանք ու չդառնանք, ապա այսպիսի չար բաները, ցավով եմ գրում, բայց կշարունակվեն: Ու անհատը կպարտվի, կկործանվի: Պետք չէ, որ այսպես լինի: Բոլորիս համար լրջանալու ժամանակն է: Ապաշխարությամբ սրբանալու և ապրելու ճանապահը փորձված է ու հաղթական: Իսկ եթե դուք համաձայն չէք, ինձ ցույց տվեք մի այլ ճշմարիտ զենք, որը լուծել է չարության խնդիրն այս աշխարհում, որ կա բոլորիս մեջ, առանց վնասելու մարդուն:
--
Եթե սա քեզ մտորելու տեղիք տվեց, դու էլ կարող ես կիսել ու տարածել այն քո ընկերների հետ, որովհետև միգուցե նրանք էլ մտածեն այս մասին և նույնպես օգտվեն: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26
Եթե սա քեզ մտորելու տեղիք տվեց, դու էլ կարող ես կիսել ու տարածել այն քո ընկերների հետ, որովհետև միգուցե նրանք էլ մտածեն այս մասին և նույնպես օգտվեն: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26
----- Եթե որևէ թերթ կամ մամուլի տեսակ ցանկանա արտատպել այս հոդվանծը, ապա խնդրեմ, ամենայն սիրով:
No comments:
Post a Comment