Այսօր առավոտյան 10 տարեկան տղաս փոքրիկ անազնվություն արեց իր 7 տարեկան եղբոր նկատմամբ: Մեծին ասացի` «Գնա եղբորդ արթնացրու, բայց սիրով»: Գնաց… բայց սիրո փոխարեն մեղմ կտտացրեց եղբոր գլխին, թե վեր կաց: Եղբայրը լացակումած նվնվաց, թե թող քնեմ: Սա էլ թե. «Վեր կաց, այսօր ուրբաթ է… հիշո՞ւմ ես, այսինչ լավ բանը պիտի անենք»: Նա էլ լացակումած ու ոգեւորված վեր կացավ ու միանգամից հիասթափվեց, որովհետեւ այսօր այդ սպասված ուրբաթ օրը չէր: Մեծն էլ ինքնագոհ, թե կատարել է հոր պատգամը, եկավ մոտս: Ասացի` «ինչո՞ւ այդպես վարվեցիր»: «Ի՞նչ եմ արել որ, մեղմ կտտացրել եմ ու մեկ էլ ասել եմ ուրբաթ է, որ շուտ զարթնի…»: Հարցրեցի, թե արդյոք սիրտդ մաքո՞ւր է այդ բանի համար: Մտածեց, վարանեց ու ասաց` ոչ: Հարցրեցի` «եւ ի՞նչ»: Ասաց՝ գնամ ներողություն խնդրեմ: Գնաց: Խնդրեց: Փոքրը ներեց: Ամեն ինչ եղավ սրտով՝ սիրտը, խիղճը մաքուր պահելու համար:
Ու ես մտածում էի, ինչպես է, որ այս փոքրիկ երեխաների համար այսքան հեշտ է իրարից ներողություն խնդրելն ու իրար ներելը: Ահա մի անազնվություն, զղջում եւ ներում: Արագ ու հեշտ: Ինչո՞ւ մենք՝ մեծերս այդպես չենք կարողանում անել:
Այս հոդվածի նպատակը չէ այդ հարցին պատասխանել, այլ ծնողներին ու տատիկ-պապիկներին ցույց տալ ու քաջալերել, որ երեխաներին հայհոյանքի ու «գողականության» փոխարեն ազնվություն, ներողություն խնդրել ու ներելու կարողություն դաստիարակել փոքր հասակից, շատ փոքր հասակից: Ինչո՞ւ:
Դա առաջին հերթին պետք է իրենց՝ կյանքում երջանիկ լինելու համար: Երկրորդ հերթին դա պետք է ձեզ, որովհետեւ երբ նրանց տարիքը հասնի ու նրանք ձեր նկատմամբ անարդար վարվեն, դուք եք, որ սպասելու եք, թե արդյոք ե՞րբ կգան ու կասեն՝ մամ, պապ, ներողություն, ես անարդար ու անպատկառ եմ վարվել ձեր նկատմամբ: Երրորդ հերթին դա պետք է իրենց ընկերներին ու շուրջի մարդկանց: Սրա պատճառով իրենց ընկերներն իրենց շատ կսիրեն ու անկեղծորեն կսիրեն: Հակառակ դեպքում նրանք կամ կմնան մենակ, կամ էլ կշրջապատվեն մանկլավիկներով՝ քանի դեռ փող կա: Եվ չորրորդ, ամեն երեխա իրականում Աստծո կողմից ներդրում է ընտանիքի մեջ: Եվ Աստված կատարում է այդ ներդրումը, զավակներ տալիս ընտանիքներին որպես մխիթարություն, որպեսզի մարդիկ էլ բարին ճանաչող ու բարի գործող զավակներ մեծացնեն Աստծո համար, կյանքի համար: Այս չորրորդ պատճառն իրականում ամենաառաջին պատճառն է:
Տառապանքը շատանում է մեր կյանքում, որովհետեւ մենք չենք կարողանում իրար ներել: Ոչ էլ կարողանում ենք իրարից ներողություն խնդրել: Սրանք գլխավոր պատճառներից մեկն են միայն: Եվ սրա բացակայությունը մենք տեսնում ենք մեր կյանքի բոլոր հարթություններում: Ամուսինները լեզվակռիվ են տալիս ու չեն կարողանում ոչ ներողություն խնդրել, ոչ ներել, դա տարածվում է երեխաների վրա: Դպրոցում աշակերտները չեն կարողանում իրար ներել, ուսուցիչներն ու վերադասները չեն կարողանում իրարից ոչ ներողություն խնդրել, ոչ ներել: Աշխատանքի վայրում մենք չենք կարողանում սա գործածել: Քաղաքական հակառակորդները չեն կարողանում սխալի համար ոչ ներողություն խնդրել, ոչ ներել: Այսպիսի բաները շատ-շատ են աշխարհում: Ու աղբը մնում է մեր սրտերի մեջ, այն նեխում է ժամանակի հետ, ավելանում ամեն օր ու շնչահեղձ անում իսկական կյանքը:
Մինչդեռ պետք չէ, որ այսպես լինի ու այլ ճանապարհ կա:
Կյանքն ու ապրելը սա չեն: Ներողություն խնդրել ու ներել է պետք: Մի ժամվա ընթացքում կարելի է ամեն ինչ փոխել, եթե բոլորն այսպես վարվեն: Բոլորը ոչ սա կկարդան, ոչ էլ այսպես կվարվեն, բայց դու, որ կարդում ես, կարող ես: Դո՛ւ կարող ես հենց այսօր փոխել քո մտածողությունն ու ասել ինքդ քեզ, ներողություն խնդրելն ամոթ բան չի, այլ վսեմություն: Սեփական սխալն զգալը ու դրա համար ներողություն խնդրելը «տակ մնալ» չի, այլ ազատություն ու բարձրացում: Թե չէ կեղտը մնում է սրտի մեջ, նեխում ու շնչահեղձ անում կյանքը: Իսկ սա ո՞ւմ է պետք: Մի մտահոգվիր, թե արդյոք դիմացինը կհասկանա՞, թե՞ ոչ, այլ քո սխալի համար ներողություն խնդրիր, որ քո սիրտը մաքրես ու աղբը դուրս հանես: Եթե դիմացինը ների, ապա իր համար էլ շատ լավ, իսկ եթե ոչ, ոչինչ, ժամանակ տուր: Չէ՞ որ դու սխալ ես գործել, նա էլ դեռ չի կարողանում ազատվել իր արդար ցասումից: Ես ինչո՞ւ այս հոդվածը պատմությունով սկսեցի: Առավոտյան դեպքից հետո ես հասկացա, որ երեխաների համար ավելի հեշտ է ներողություն խնդրելն ու ներելը, քան մեծերի համար: Նրանք դեռ կապված չեն այն եսասիրական կապկանքներով, որով բռնված ենք մենք՝ մեծերս:
Եկեք գոնե սկսենք մեր երեխաներից: Քաջալերե՛ք նրանց մեջ ազնվություն, սրտի մաքրություն, սխալի համար ներողություն խնդրելու եւ ներելու կարողություն ու նրանք լավ մարդիկ կդառնան կյանքում: Հաջողությունն ու արդարությունը նրանց հետ կլինի: Բարիք կանեն ձեզ համար ու իրենց ընկերների համար: Օրհնությունը կգա ու կլցնի ձեր ընտանիքները: Ուրախությունն ու խաղաղությունը կլինեն ձեր անբաժան սեղանակիցները կյանքի ընթացքում: Քաջալերե՛ք ծնողներ ջան, քանի դեռ ժամանակ ունեք: Երեխաների համար ավելի հեշտ է ներողություն խնդրել սխալի համար ու ներել, քան թե մեծերիս համար: Բայց մեծերիս համար էլ դարման կա: Դրա մասին հաջորդ շաբաթ կգրեմ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/02/11/540550/
© 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից
No comments:
Post a Comment