Monday, March 31, 2014

Ինչու էն մարդիկ տառապում այս աշխարհում

Պատասխանը չգիտեմ, բայց ահա մի քանի մտածումներ այս հարցի մասին թէ ինչու էն մարդիկ տառապում այս աշխարհում:

1. Չունեմ համապարփակ պատասխան, որովհետև մենք հարցին նայում էնք այս կյանքի տեսանկյունից, իսկ ԱՍտված հավիտենական կյանքի տեսանկյունից.

2. Այս հարցը նոր չէ: Դժբախտաբար այն մեզ հուզում է այն ժամանակ երբ տառապանքը խփում է մեզ: Իսկ երբ խփում է այլ ազգերին, այլ ժամանակներում, մարդիկ աշխարհում ընդհանրապես անտարբեր էն: Իսկ հարցը հարցրել է թէ Հոբ Երանելին Հին Կտակարանում, թէ Սաղմոսերգուն և թէ ցեղասպանության, թէ հրեական ողջակիզման, թէ Ալեքսանդրի (որին մարդիկ չգիտեմ ինչու Մեծ էն ասում) արշավանքներից տառապողների կողմից, թէ Նապոլէոնի ժամանակ և թէ 20-21րդ դարերում:

3. Մի կարճ պատասխան կա: Աստված մարդուն տվել է ազատություն, ազատ կամք, բայց մարդը բռնաբարում է այդ ազատ կամքն ու ձեռք բարձրացնում իր եղբոր կամ մերձավորի վրա: Մենք բոլորս էլ բռնաբարել էնք այդ ազատ կամքը և դեռ էլի կբռնաբարենք, հենց այսօր, կամ մեր գործերով կամ էլ մտքով: Իսկ Աստված իր հաշիվներն այս աշխարհում չի տեսնում (Տէո Որոմների Առակը, Մատթ. 13:24-43).

4. Ինչքան էլ պարադոքսալ ու զարմանալի թվա, Հիսուսը՝ Աստուծո Որդին, ազնվորեն ասեց որ մենք կտառապենք: "Այստեղ, աշխարհում նեղութիւն պիտի ունենաք," ինքն ասեց Հովհաննեսի Ավետարանի 16րդ գլխում: Մի շարք քարոզիչներ, որ Քրիստոսին հետևէլը փող աշխատելու միջոց են դարձրել, քարոզում էն թէ հավատացեք ու հարուստ, խաղաղ ու ապահով կյանք կունենաք: Պետք չէ հավատալ խաբեբա ու թանկարժեք կոստյումով քարոզիչներին, որ մոլորեցնում են մարդկանց՝ գործիք դառնալով հենց այն ուժերի ձեռքերին որոնք հիմա Սիրիայի մասին իրարամեժ ու մոլորեցնոց դաժան, երբեմն էլ սուտ տեղեկատվություն են տարածում: --- Բայց Հիսուսն ազնվորեն ասաց որ տառապանքը դեռևս կլինի այս աշխարհում, որքան էլ իր ասածը ժողովրդականություն չվայելեր:

5. Բայց Աստուծո պատասխանը մարդկային տառապանքին ոչ թէ դեղամիջոց է, այլ հեն Իր մարմնացումը: Նա մարդու պես մարմին առավ, եկավ բնակվեց մի ամբողջ անմեղ կյանք ու կիսեց մեր տառապանքները: Դու տխու՞ր էս, Նա էլ է տխրել: Քո ծնողները հնարավորություն չունեին քեզ լավ ուսման տալու՞ Նրա մայրը նրան գոմի մեջ ծննդաբերեց, Հունվարյան մի ցուրտ գիշեր: Դու գոհ չէս քո ֆինանսական վիճակից ու փող չունես որ լավ մեքենա գնես՞ Աղվեսները նույնիսկ որջեր ունեն, իսկ Նա մի քար չուներ գլուխ վրան դնելու: Դու երբեմն վախենու՞մ էս գալիք դժվարությունների անհայտությունի՞ց Նա դա դա էլ գիտի: Նա էլ խաչելությունից առաջ խնդրեց Հորը թէ Հայր, եթե կարէլի է հեռացրու ինձնից այս բաժակը: «Անարելի է տղաս,» ասաց Հայրը, որովհետև միայն դու կարող սա անել ու փրկության՝ հաղթանակի ճանապարհը ցույց տալ մեր մեծ ընտանիքի զավակներին: Դու անմեղ էս ու քեզ սպանու՞մ էն՞ Նա ընդհանրապես չգործեց, բայց նրան ծեծեցին, անագեցին ու խաչելով տանջամահ արեցին: Այդուհանդերձ Նա ասաց, «Այստեղ, աշխարհում նեղութիւն պիտի ունենաք, սակայն քաջալերուեցէ՛ք, որովհետեւ ես յաղթեցի աշխարհին:»

6. Ուրեմն նա 2 բառ թողեց այս աշխարհի նեղություննը հաղթահարելու համար: Ա. Խաղաղություն (ներկա դժվարությունները հաղթահարելու համար) և Բ. քաջություն/հավատք (գալիք դժվարությունների համար):

7. Մենք ընդհանրապես տառապում էնք մեր մեղքերի պատճառով: Օրինակ հարբեցողը փայծախի հիվանդությամբ մեռնում է երիտասարդ տարիքում: Ո՞վ է մեղավոր: Սիգարետ ծխողը մեռնում է թոքերի ռակից: Ո՞վ է մեղավոր: Օրեկան 1 բաժակ կոկա կոլա խմողն ու Մակդոնալդ ուտողը դառնում է Օբիս և հիվանդանում դիաբետով: Ո՞վ է մեղավոր: Եվ այսպես շարունակ: ----- Սակայն ամեն տառապանք սեփական մեղքի պատճառով չէ:

8. Մենք պետք է հասկանանք հոգևոր կյանքին վերաբերվող մի ճշմարտություն՝ լավն ու վատը (լինի մտավոր թէ շոշափելի) ազդում էն հեռու կամ մոտիկ մարդկանց վրա: Օրինակ, ընտանիքում կա հարբեցող: Ինքը իրեն վնասում է, քանի որ գնում է իր բնությանը հակառակ, վնասելով իր կյանքն ու մարմինը: Նա միայն իրե՞ն է վնասում: Հայրը, մայրը, քույը, եղբայրը, հարևանները, թաղի բնակիչները չէ՞ն տառապում կամ նեղվում դրա վարքից: Նրանք ի՞նչ մեղք ունեն: Մյուս կողմից, ենթադրենք մի շենքում մի մարդ կա, որը միշտ լի է հույսով, ոչ մի վատ բան չի խոսում ու ոչ մի վատ բան չի մտածում: Միշտ լավատէս է ու իր զրուցակիցներին հույս է տալիս վաղվա օրվա համար: Ինչքան հաճելի է այսպիսի մարդը թէ իր ընտանիքի, թէ իր գործնկերների և թէ բակի ու շրջապատի համար: Ասածս այն է, որ մեղքն ու չարությունը կորպորատիվ բաներ էն, ինչպես լույսը վառելով լուսավորում է ամբողջ սենյակը, այնպես էլ մենք մի մեղք գործելով, ինչ որ մի ձևով վնաս էնք տալիս ամբող մարդկությանը: Կամ պատկերացնենք այսպես: Մի մեծ սենյակ, լուսավորված է 1000 մոմերով և ամեն գործված մեղէ մի մոմ է հանգցնում: Քիչ քիչ այդ սենյակը կդառնա մութ, չէ՞

9. Աստված այս աշխարհը բարի ստեղծեց (Ծննդոց 1:31), բայց մարդն իր մեղքի, անհնազանդության ու իր բնությանը հակառակ գնալու պատճառով այն դարձրեց այն ինչ որ ունենք մեր շուրջն այսօր: Երկու ճանապարհ ունենք: Կամ շարունակենք սենց ի միջայլոց ապերլը, որը նշանակում է սրնթաց դեպի կործանում գնալ, կամ էլ ես ու դու սիրելի ընթերցող, սկսենք փոխվելու գործը հենց հիմա, գոնէ միայն բարին մտածելով ու չանելով այն, ինչ որ անհարիր է մեր բնությանն ու վիրավորական մեր ԾՆՈՂԻ անսահման սիրուն:

10. Ավարտեմ Հովհաննես Առաքյալի Առաջին Ընդհանրական Նամակի 5րդ գլխի 13-15 համարներով:  ----  Այս բաները գրեցի ձեզ, որպէսզի գիտենաք, թէ յաւիտենական կեանք ունէք, եւ թէ՝ հաւատում էք Աստծու Որդու անուանը։ Եւ ա՛յս է այն վստահութիւնը, որն ունենք մենք նրա հանդէպ. այն, որ ի՛նչ էլ խնդրենք ըստ նրա կամքի, նա մեզ կը լսի. եւ քանի որ գիտենք, թէ նա լսում է մեր խնդրանքները, ապա գիտենք նաեւ, որ կը ստանանք այն խնդրանքները, որ հայցեցինք նրանից։


Ինչ պիտի խնդրեք ձեր աղոթքներում և ինչու՞ նրանք միշտ չեն պատասխանվում:



Նկատե՞լ էք որ շատ ժամանակ Քրիստոնեա մարդիկ տասնամյակներով եկեղեցի էն գնում, աղոթում, կարծես թէ ընդհանուր առմամբ ազնիվ կյանքով են ապրում, բայց ոնց որ թէ ոչինչ չի փոխվում իրենց կյանքերում: Ինչու՞

Այս Կիրակին մեր եկեղեցում կոչվում է Անիրավ Դատավորի Կիրակի, որի իմաստն է հարատև լինել աղոթքի մեջ: Նաև Կիրակնօրեա ընթերցվածքի մեջ ուշադրություն դարձրեք Տէր Հիսուսի, թէրևս ամենաշրջադարձային հայտարարությանը, թէ "Երկնքի Արքայությունը ձեր մեջ է:" Ղուկաս 17:21

Անիրավ Դատավորի մասին կարդացեք Ղուկաս 18:1-8 համարներում: Սա մի ամբողջ դասագիրք է, որն ավարտվում է ևս մի շատ անսպասելի հայտարարությամբ: "իսկ երբ մարդու Որդին գայ, արդեօք երկրի վրայ հաւատ կը գտնի՞" ................ Լսեցի՞ք: --- Ինչու Հիսուսը չի ասում երբ մարդու Որդին գա եկեղեցի կգտնի՞, աղանդ կգտնի՞, եպիսկոպօս ու քահանա կգտնի՞: Էրէվում ա էտ ամեն ինչը կլինի իր տեղում, բայց Հիսուսն ասում է հավատք կգտնի՞:

Չկա Քրիստոնեություն առանց իսկական հարատև աղոթքի: Չկա քրիստոնեություն առանց աղոթքի, որն ասվում է խոնարհությամբ, ուշադրությամբ և գալիս է սրտի խորքից:

Սիրելի եղբայրներ ու քույրեր, որ մտածում էք ձեր կյանքերի մասին լրջորեն և փնտրում սիրով լի ու շիտակ հարաբեություն Նրա հետ, որ ձեզ կյանք տվեց և որին դուք ասում էք Հայր մեր.... ---- Կարդալով անիրավ դատավորի մասին առակը մենք տեսնում էնք որ նույնիսկ անաստված ու անբարտավան դատավորը կարող է արդար դատ անել, որպէսզի այրի կինն "անընդհատ չգայ եւ ինձ չանհանգստացնի” Ղուկաս 18:5

Ինչ էնք մենք խնդրում աղոթքի մեջ և ինչպես:

Նախքան այս հարցին մոտենալը, եկեք մի բան հստակ նկատենք: Մեզանից շատերը բարորություն են համարում այս աշխարհի նվաճումները - լավ տուն, մեքենա, լավ գործ, կյանք առանց հիվանդության, լավ ընտանիք, փող, իշխանություն և գովեստի խոսքեր լսել մեր շուրջի մարդկանցից (օրինակ որ մարդիկ selfie-ներ են դնում Ֆեյսբուկում որ իրեն ընկերնեն ասեն թէ ինչ լավ էս դու) : Իսկ Աստված մեր բարորությանը նայում է հավիտենականության տեսանկյունից: Թէ արդյոք այս բանը եթե մեզ տրվի լա՞վ է մեզ համար հավիտենականության տեսանկյունից թէ ոչ: Մենք նայում էնք ժամանակավորի տեսանկյունից իսկ ՆԱ հավիտենական բարիքի տեսանկյունից:

Երբ դուք աղոթքի մեջ խնդրում էք որ ասենք թէ լոտո շահեք, դուք անկեղծորեն գիտե՞ք, դա լավ է ձեզ համար թէ ոչ. Ինչ գիտեք, 2 ամիս հետո դուք այդ փողով ինչ փորձանք կբերեք ձեր կամ ձեր երեխաների գլխին: Երբ դուք հիվանդանում էք, թվում է թէ վատ բան է չէ՞: Առնվազն անցանկալի է: Բայց անկեղծ ասեք, հավիտենականության տեսակետից դուք արդյոք գիտե՞ք դա լավ է ձեզ համար թէ ոչ: Ինչ իմանաս, թերևս հիվանդությունը քեզ ետ է պահում մի այլ մեծ ծուղակից որի մեջ պիտի ընկերի եթե առողջ քայլերի: Ահա մի օրինակ: Պատկերացրեք մի ալկոհոլիկ, որ նոր նոր բուժվում է ալկոհոլիզմից, աղոթում է որ գինու և կոնյակի գործարանի պահեստում բանվոր ընդունվի: Եթե դուք Աստուծո տեղը լինեիք, այդ աղոթքին դրական կպատասխանեիք թէ՞ ոչ:

Հիմա տեսնում էք, մենք իրականում չգիտենք թէ մեզ համար ինչն է լավ և ինչը վատ: Եթե Տէրը մեզ մի բան չի տալիս, թէրևս ետ է պահում մի ավելի մեծ վտանգից եթե դա մեզ տրվեր: Իսկ եթե մեկին շատ ավելի է տալիս, թէրևս այդ մարդուն առիթ է տալիս որ նա հասկանա որ շատ ունենալու մեջ չէ ուրախությունը, այլ բաժանելու մեջ, քանի որ այս ամենը միայն այս աշխարհին են պատկանում և ժամանակավոր են:

Հետևաբար, սիրելի ընթէրցող, միակ բանը որ մենք կարող էնք հանգիստ խղճով խնդրել դա իր բարեխնամ ողորմությունն է, ինչպես հին ավանդական աղոթքը: "Տէր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, ողորմեա ինձ, մեղավորիս:" Սրանից ավել եթե մենք մի բան էնք խնդրում առանց իմանալու դրա լավի ու վատի մասին (հավիտենականության տեսանկյունից), ո՞ր հայրը քար կտա իր զավակին..... հացի փոխարեն:

Աստված չի շնորհի մեր խնդրվածքները եթե դրանք վնաս էն մեզ, ինչպես և ծնորղները խորոված չեն տալիս անատամ նորածնին:

Նկատե՞լ էք որ աղոթքի ժամանակ միտքը թափառում է: Փորձեք այս աղոթքն ասել դանդաղ 20 անգամ (Տէր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, ողորմեա ինձ, մեղավորիս:) ու տեսեք թէ ինչ ինչ պատմություններ կանցնեն ձեր մտքով: Ինչու՞ Որովհետև, էրէվում ա մեկը կա, որ չի ուզում որ դուք ուշադիր աղոթք անեք և ամեն բան փորձում է որ ձեր միտքը ցրի: Այո, նա՝ չարը, կարող է ազդել ձեր մտքի վրա, եթե դուք թույլ տաք: Միշտ հիեք թէ ինչ պատահեցին սերմնացանի առակի մեջ ճամփեզերքին ընկած սերմերին: Ո՞վ գողացավ:

Եկեղեցու սուրբ հայրերն ասում էն (սրանք մարդիկ էն որ խոնարհությամբ հասել էն հոգևոր այնպիսի բարձունքների, որ վեր էն մեր պատկերացումներից), որ աղոթքը դա հանգիստ ու մեդիտատիվ պրոցես չի, այլ պայքար է, որի ժամանակ մարդկային միտքը ձգտում է կենտրոնացած մնալ: Մինչդեռ թշնամին փորձում է ցրել այդ միտն ու աղոթքը դարձնել մեխանիկորեն ասված, արտաքին մի երևույթ: Պատկերացրեք, որ դուք ձեր աշխատավայրում գնում էք ղեկավարի գրասենյակ ու իրեն պիտի հաշվետվություն ներկայացնեք կամ մի բան խնդրեք: Մինչդեռ խոսում էք ձեր միտքն այլ տեղ է, իսկ աչքերը պատունից դուրս են նայում: Սա ընդունելի՞ կլինի ղեկավարի կողմից: Իսկ Աստուծո՞

Հետևաբար սիրելի ընթերցող, մինչ այս Կիրակի դուք շատ օգտակար խոսքեր կլսեք մեր եկեղեցիներում հարատև աղոթքի մասին, երկու բան եկեք միշտ մտքներիս առաջ պահենք:

1. Ինչ էնք խնդրում աղոթքի ժամանակ. Այն ինչ խնդրում էք, դուք գիտե՞ք արդյոք, դա ձեզ օգտակա՞ր է թէ ոչ: Օրինակ ես այլևս չգիտեմ:

2. Որքան ջանք էնք թափում ուշադրությամբ աղոթելու համար: Դուք թողնում է՞ք որ ձեր միտքը թափառաի ու մեխանիկորեն ասում էք Հայր մեր, որ հերկինս ես.... թէ՞ քրտնում էք միտքը միայն Հոր ուշադրության վրա պահելու համար:

Monday, March 24, 2014

Ո՞րն է ավելի լավ, բարեգործութիւն անելով չարչարուել, եթէ այդ է Աստծու կամքը, թէ՞ չարիք գործել։

Հարց իմ Քրիստոնեա ընկերներին հոգևոր կյանքի մասին: Ո՞րն է ավելի լավ,  բարեգործութիւն անելով չարչարուել, եթէ այդ է Աստծու կամքը, թէ՞ չարիք գործել։

Մենք գիտենք, որ երբ մարդ իր կյանքում բարի ընթացքի մեջ է Քրիստոսով, երբեմն կարող է պախարակվել ու բամբասվել չարագործների կողմից: Եվ Աստված թույլ է տալիս դա: Մինչդեռ թվում է, թէ եթե Քրիստոնեաներն այս աշխարհի ջրերով գնան և Աստծո հետ հարաբերությունը պահեն տարածության վրա, ապա իրենք էլ չէն տարբերվի ոչ Քրիստոնեանրից իրենց վարքով ու մտքերով և հետևաբար և կդառնան այս աշխարհինն ու ավելի շատ մարդ կնդունի իրենց:  (Նկատեք որ գրեցի Քրիստոնեաներ որ տարբերվում էն վարքով ու մտքերով)

Հետևաբար այս երկուսից, ո՞րն է ավելի լավ: Թէ ինչ է ասում այս մասին Պետրոս Առաքյալը, կարող էք գտնել կամ մեր 21րդ օրվա Պահքախաղի իմ կոմենտում (http://tinyurl.com/q8acxco), կամ էլ Պետրոս Առաքյալի Առաջին Ընդհանրական Թղթի 3րդ գլխի 17րդ համարում:

Friday, March 14, 2014

Ինչպես Ադամն ու Եվան արտաքսվեցին դրախտից՝ մի այլ դրախտ փնտրելով

Ինչու՞ էն Քրիստոնեաները մեղք գործում: Նրանք երկու աշխարհ էն փնտրում (չտարբերվելով Ադամից ու Եվայից), Աստուծո արքայությունն ու ապահովությունը և այս աշխարհն իրենց ուզածի պես վայելելը (այլ ոչ թէ Աստուծո ուզածի պես): Մենք Աստուծո հետ միասին լինելուց սկսում էնք մի թեթև ձանձրանալ ու սկսում էնք մեր ԵՍը աշխատեցնել՝ փնտրելով այն ինչ մենք էնք ուզում և ոչ թէ այն ինչ Աստված օգտակար է համարէլ: Արդյունքում մենք կորցնում էնք այն ինչ ունենք:

Սահակ եպիսկոպոս Մաշալյանի Մարտ 10, 2014-ին խոսված քարոզը Սբ. Եղիա եկեղեցու մեջ: Կ. Պոլիս: Արտաքսման Կիրակի

-----------------
Անվամբ Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո: Ամէն:
Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ: Աստուծո Հոգին թող մեր վրա լինի: Իր խոսքը հասկանալու համար իմաստություն տա մեզ:

Արտաքսման Կիրակի էր երեկ և մենք խորհրդակցում ու մտածում էնք թէ ինչու համար մարդը Դրախտի մեջ չէ այսօր: Ինչու համար այս գեղեցիկ աշխարհը մարդու դրախտը չէ, այլ տառապում է մարդն ու տառապեցնում ուրիշներին:

Սրա պատճառը մենք գտնում էնք այն բանի մեջ, որ մարդը  հաստատորեն և սահուն կերպով մերժեց Աստվածային խոսքն ու խրատը և ինքը դրախտի մեջ լինելով մի այլ դրախտ ուզեց:

Ադամն ու Եվան երբ որ մեղք գործեցին իրենք անհավատ չդարձան: Չասեցին թէ Աստված չկա ու գնանք մեղք գործենք: Չէ: Ադամն ու Եվան ոչ թէ Աստծուն հավատում էին, այլ գիտեին Աստծուն: Ինչպես որ դուք ձեր կողքը նստած անձին գիտեք, ինչպես որ երբ ձեր հարևանի տուն գնաք նրան գիտեք, ինչպես որ երեկոյան ձեր բարեկամը ձեր տուն է գալիս և պիտի ճաշեք՝ Ադամն ու Եվան այդպես գիտեին որ Աստված կա, որովհետև իրենց հետ այդպես խոսում էր Տէրը: Զրուցում էր նրանց հետ: Մարդու պես կերպար էր վերցնում և զրուցում նրանց հետ:

Հետևաբար, ոչ թէ անհավատ ու անաստված դարձան և մեղք գործեցին, այլ դրախտից ավելի բարձր, մի այլ դրախտ ուզեցին: Ինչ է նշանակում դրախտից ուրիշ, մի այլ դրախտ ուզելը սիրելիներ: Ասել է թէ Աստված մեզ ուրիշ տալու բան չունի: Աստված գլխիս վրա, բայց այս աշխարհի մեջ ինձ սրանից ավելի տալիք բան չունի, հետևաբար ես որպես հաճույք, որպես երջանկություն ուրիշ բաներ պետք է փորձեմ:

Եվ այսպես մենք մեր ապահով վայրից դուրս էնք գալիս և սկսում երջանկություն որսալ: Արդյոք ի՞նչ կարող էնք անել, որպեսզի ավելի երջանիկ ու ավելի ուրախ լինել և հարկավե թէ, շատ հաճախ ծուղակի մեջ էնք ընկնում. Աստված մեզ արդեն տվել է հաճույքներ ու երջանկություններ: Եթե մենք նրանք ճիշտ օգտագործենք արդեն երջանիկ կարող էնք լինել: Բայց, քանի որ Աստված մեզ տվել է երջանիկ լինելու ճանապարհներ՝ սրանց չափն անցնելու մեջ միշտ մեղք կա:

Մեղքը չափազանցության մեջ է: Նույնիսկ բարին: Նույնիսկ սերը, երբ որ չափազանցնում էք, այնտեղ անմիջապես անկում կա:

Ձեր զավակներին ինչու՞ համար էք շփացնում: Որովհետև շատ էք սիրում: Լա՞վ էք անում շփացնելով: Իրեն բոլոր ուզածներն առնելով լա՞վ էք անում: Ո՛չ, որովհետև մի օր պիտի գա, որ այդ զավակն այլևս պիտի չկարողանա ընդունել այդ չափ տրվածն ու պիտի գժտվի կյանքի հետ:

Հետևաբար, չափազանցությունը, նույնիսկ բարի, վատ բան է: Աստված մեզ ուտելու, խմելու, տեսնելու, լսելու, հոտոտելու և այլ գեղեցիկ հաճույքներ է տվել: Այս բոլորի չափազանությունն ի՞նչ է: Ծուղակ է:  Եվ մարդը երբ որ ուզում է Աստուծո մոտից դուրս գալ և հանգիստ փնտրել, ապա ինչ է լինու՞մ: Ծուղակն է ընկնում:

Մենք սա պիտի տեսնենք առաջիկա շաբաթին երբ որ Անառակ Որդու Կիրակին գա. Այնտեղ կրտսեր որդին հեռանում է հոր տնից ինչու՞ համար՝ ուրիշ դրախտ փնտրելու համար: Բայց այտեղ տեսնում էնք իր գլխին ամեն ինչ գալիս է և վերջում նա ետ է վերադառնում:

Ուրեմն, սիրելիներ, մեր այս կյանքն իրականության մեջ դրախտ փնտրելով, երջանկություն փնտրելով է անցնում, բայց հետո չենք կարողանում գտնել, մեր գլխին փորձանքներն են գալիս և հետո ետ էնք վերադառնում: Բայց խնդիրը սա է՝ մենք Աստվածային դրախտից վռնդված էնք, արտաքսված էնք: Եվ այդ արտաքսված վիճակը մենք զգում էնք ամեն օր:

Ադամի և Եվայի սխալը սա էր: Նրանք ուզում էին երկու բան միասին ունենալ՝ թէ դրախտն ունենալ և Աստսծուն ունենալ և թէ իրենց ուզածն անել ու Աստուծո ուզածը չանել, այլ սատանայի ուզածն անել: Այսպես նրանք ուզում էին երկու աշխարհներն էլ շահել: Սա մեզանից էլ շատ հեռու չէ, այդպես չէ՞ Մենք էլ այդպես էնք: Եթե այդպես չլիներ հավատացյլաը մեղ չէր գործի: Բայց ամենքս էլ ամեն օր մեղք էնք գործում: Ինչու՞ Ոչ թէ անաստված լինել էնք ուզում կամ Աստծուց հեռանալ էնք ուզում, բայց ուզում էնք և Աստծուն ու նրա ապահովությունը և մեռնելուց հետո դրախտ գնալ և թէ այս աշխարհը վայելքը ոչ թէ Աստուծո ուզածի պես, որովհետև Աստված չի արգելում այս աշխարհը վայելելը, այլ ուզում էնք այս աշխարհը վայելենք մեր ուզածի պես:

Աստված չի ասում որ մի խմեք, խմիչք մի օգտագործեք: Բայց մենք ուզում էնք մինչը փսխելու աստիճան խմել: Աստված մեզ չի ասում մի կերեք, այլ ճիշտ հակառակը, պտուղներ ու բանջարեղեններ է ստեղծել մեզ համար որ մարդիկ քեֆ անեն, բայց Աստված չի ասում թէ այնքան կեր մինչև որ չաղանաս ու այլևս չկարողանաս շնչել:

Մենք էնք որ Աստուծո հետ միասին լինելուց մի քիչ ձանձրանում էնք և սկսում էնք մեր ԵՍը աշխատեցնել ու այս ԵՍը սկսում է փնտրել թէ ինչն է ավելի հաճելի ու մենք ընկնում էնք դրա հետևից՝ կորցնելով այն ինչ որ մեջ ձեռքի մեջ կա:











Ինչպես ավազակն առաջինը մտավ Աստուծո Արքայություն

Բոլոր սպասումներին հակառակ, առաջինն Աստուծո Արքայություն մտավ ավազակը, որը չէր համապատասխանում Երկնքի Արքայություն մտենլու Տէր Հիսուսի պատվիրած 2 ամենակարևոր պայմաններին: Հարց է առաջանում՝ սա ինչպե՞ս եղավ:

Աստուծո Արքայություն մտնելու համար Տէր Հիսուսը 2 շատ կարևոր պայման դրեց:

1. Մկրտություն - «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթէ մէկը ջրից ու Հոգուց չծնուի, չի կարող Աստծու արքայութիւնը մտնել. որովհետեւ մարմնից ծնուածը մարմին է, իսկ Հոգուց ծնուածը՝ հոգի։» Հովհաննես 3:5

2. Հաղորդություն - «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ չուտէք մարդու Որդու մարմինը եւ չըմպէք նրա արիւնը, ձեր մէջ կեանք չէք ունենայ։» Հովհ 6:54

Ավազակին ո՞վ էր մկրտել: Ավազակին ո՞վ էր հաղորդություն տվել: Առաքյալների՞ն ով էր մկրտել: Աստվածամո՞րն ով էր մկրտել: "Արդյոք մենք ճի՞շտ էնք հասկանում Քրիստոնեա լինելը," հարցնում է Ռուս Աստվածաբան Ալեքսեյ Օսիպովն այս հետաքրքիր դասախոսության մեջ (http://bit.ly/PAlrau):

Հանկարծ չմտածեք թէ այս գրվածքի նպատակը մկրտությունն ու հաղորդությունը մերժէլն է: Երբեք: Այլ հակառակը, այս երկու կարևոր Եկեղեցական խորհուրդների իմաստավորումը:

Կա մի չափազանց մեծ արժեք, առանց որի և Սերը, և Մկրտությունը և Հաղորդությունը դառնում էն զուտ արտաքին երեևոյթներ: Առանց այս արժեքի առկայության այս սրբազան խորհուրդները դառնում էն անոգութ և դատապարում անձի համար: Իսկ այս արժէքի առկայության դեպքում այս խորհուրդները կյանքի էն տանում: Դա Խոնարհությունն է:

Առանց Խոնարհության չի կարող լինէլ սեր: Առանց Խոնարհության՝ Հաղորդությունը կդառնա անարժանիօրեն ստացված և կլինի դատարապտություն (1 Կորնթ. 11:29): Առանց խոնարհ կյանքի՝ մկրտվածը չի կարող արժանանալ մեր երկնավոր Հոր բարեհաճությանը, որովհետև Աստված դեմ է հպարտներին, բայց շնորհք է տալիս խոնարհներին (Հակոբոս 4:6): Նա բարձրացնում է խոնարհներին պաշաճ ժամանակին: (1 Պետրոս 5:6):

Իսկ մենք ինչպիսի՞ վերաբերմունք ունենք իրար նկատմամբ: Հպարտություն, ֆանատիզմ, եկեղեցուց դուրս գտնվողների նկատմամբ անողորմ դատապարտում, կոչում էնք նրանց անհավատներ ու անաստվածներ, ձեռք էնք առնում նրանց, զվարճանում նրանց թուլություններ ու տկարության վրա: Ի՞նչ էնք անում, ոնց էնք բոլորին վերեվից նայում: Մինչդեռ... մկրտված էնք և հաղորդություն էնք վերցնում Կիրակի օրերին:

Այստեղ օգտակար է հիշել, որ Հուդան Իսկարիովտացին էլ հաղորդություն վերցրեց...

Ուրեմն այստեղ մի այլ բան ևս կա: Մենք մի բան սխալ էնքն անում և պիտի հենց այսօր դադարեցնենք այդ սխալն ու ետ նայենք: Ներքև նայելու փոխարեն՝ վերև նայենք ներքևից, որպեսզի չտառապենք և ուիշներին էլ տառապանք չպատճառենք:

Մենք, որպես մարդ, անհատ (արդյունքում որպես ազգ) պետք է հենց այսօր դադարենք մարդկանց վերևից նայել: Դա միայն տառապանք է բերում բոլորիս:

Իսկ ավազակը ներքևից վերև էր նայում:

«Յիշի՛ր ինձ, Տէ՛ր, երբ գաս քո թագաւորութեամբ, (Ղուկաս 23:42), խնդրեց ավազակը Հիսուսին: Ես այնտեղ երբեք չեմ կարող մտնել իմ չարագործ կյանքի պատճառով: Ես իմ սխալ կյանքի համար իմ արժանի պատիժն եմ կրում հիմա և իմ նմանները երբեք չէն կարող մտնել քո Սուրբ Արքայության մեջ: Ես ոչ մի շանս չունեմ այնտեղ հայտնվելու: Ես սխալ ապերցի իմ կյանքն ու կորցրի այն: Բայց դու հիշիր ինձ խնդրում եմ, երբ գաս: Չեմ ասում երբ գաս ինձ էլ տար այնտեղ, քանզի ես արժանի չեմ, բայց գոնե միայն հիշիր ինձ խնդրում եմ:

Ո՞վ, կամ քանի՞ հոգի մեզանից ունի այսպիսի մոտեցում: Հավանաբար բոլորս մտածում էնք, որ հաստատ մի փոքր անկյուն մեզ համար Աստուծո Արքայության մեջ ապահոված ունենք... Մարդ չէնք սպանում, գողություն չենք անում, ամեն Կիրակի Հաղորդություն էնք վերցնում, Մկրտված էնք...

Հիսուսի ժամանակ Փարիսեցիներն ու Տաճարի ծառայողներն էլ էին այսպես մտածում: Բայց միշտ հիշենք: Բոլոր սպասումներին հակառակ՝ խոնարհված ու զղճացող, արդարադատ ավազակն առաջինը մտավ Աստուծո հավիտենական կյանքի մեջ:


Tuesday, March 11, 2014

Ո՞վ կարող է ազդել մարդու կամքի վրա

Ուր նայում էս մամուլը վախ է սփռում: Բանը հասել է նրան որ հիմա էլ ֆիլմեր էն ցուցադրում թէ որոշ գաղտնի կազմակերպություններ կարող են ազդել մարդկանց կամքի վրա և ուղղորդել այն:

Սիրելիներս, նման բաներից մի վախեցեք: Ոչ մի բան չի կարող մարդու կամքի վրա ազդել եթե մարդին ինքն իր կամքով, իր անտարբերությամբ իր կամքը չհանձնի կործանարար կրքերին (հպարտություն, փողասիրություն, իշխանատենչություն, փառասիրություն, եսասիրություն, ստախոսություն, թուլակամություն և այլն), դրանցից բխող բոլոր հետևանքներով: Իսկ չարը, մարդուն մոտենում է այսպիսի ներքին կրքերով այլ ոչ թէ արտաքին ազդեցությամբ:

Ամեն մարդ ազատ կամք ունի, և ոչ մի չար, ոչ մի կենդանի, ոչ մի հրեշտակ չի կարող մոտենալ ու ազդել այդ ազատ կամքի վրա եթե մենք ինքներս թույլ չտանք: Նույնիսկ մեր Տէր Աստվածը չի բռնանում ու հարգում է այդ ազատ կամքը: Ինչպես կարող է մի այլ ստեղծված էակ ազդել մարդու ազատ կամքի վրա երբ ինքն այդ կամքի Արարիչն է հարգում այն:

«Ահա՛ւասիկ ես դռան առաջ եմ եւ բախում եմ. եթէ մէկը ականջ դնի իմ ձայնին եւ բաց անի դուռը, կը մտնեմ նրա մօտ եւ կ’ընթրեմ նրա հետ, եւ նա՝ ինձ հետ։» Հայտնության Գիրք, Գլ. 3, համար 20:

Ձեր կամքի դուռը միայն դուք կարող էք բացել: Ձեզնից է կախված թէ ում առջև կբացեք այն՝ ձեզ կյանք տվողի ու պաշտպանի՞ թէ՝ չարի արբանյակների, որ էն հպարտություն, փողասիրություն, իշխանատենչություն, փառասիրություն, եսասիրություն, ստախոսություն, թուլակամություն և այլն:

Պետք չէ վախով ապրել: Մարդը դրա համար չի ստեծված: Բայց կարող էն մարդուն վախեցնելով խաբել ու այդ դռնից ներս մտնել:

Որպեսզի չխաբնվեք՝ դուք պիտք է իմանաք թէ որն է ձեր տկարությունը, ով է այդ տկարությունից ձեզ փրկողը և ով թշնամին:

Բայց սա արդեն այն կետն է ուր մարդը հասկանում է որ ինքն այս կրքերին մենակ չի կարող հաղթէլ: Եվ պատերազմն էլ իր մեջ է այլ ոչ թէ այլ մարդկանց հետ: Եվ այստեղ նա զգում է մի այնպիսի Փրկչի կարիք, որ կարող է իրեն օգնել հաղթել այս կրքերի դեմ:

Մաքրեք մարդիկ ձեր միջից այս ախտերը և Աստուծո արքայությունը կգա ձեզ (բայց թէ ինչպես սա արդեն այլ հարց է):

«Աստծու արքայութիւնը դրսից տեսանելի կերպով չի գալիս, եւ չեն ասի, թէ՝ ահաւասիկ այստեղ է կամ այնտեղ, որովհետեւ ահա Աստծու արքայութիւնը ներսում, ձեր մէջ է»։ Ավետարան ըստ Ղուկասի: Գլ. 17, համար 21

Wednesday, March 5, 2014

Այս կյանքում հավաքեք Հիսուսի հետ, թէ չէ կցրվեք

Ով որ ինձ հետ չէ ինձ հակառակ է: Ով որ ինձ հետ չի հավաքում պիտի ցրվի:

Տէր Հիսուս Քրիստոսը, սիրելիներ, երբ որ իր խոսքերն էր ուղղում ժողովրդին, հավաքված ժողովրդին դարձավ ու այս խիստ խոսքն ասեց:  Ով որ ինձ հետ չի հավաքում պիտի ցրվի:

Մարդը հավաքող արարած է: Մենք միշտ ինչ որ բաներ հավաքում էնք: Մեր մանկության օրերից սկսված, մեզ տրված դրամներ հավաքեցինք և հետո կամաց կամաց հավաքել սովորեցինք: Այնպես որ, մինչև գերեզման մենք հավաքում էնք: Դրամ դրամի վրա, տուն տան վրա հավաքում էնք: Որքան հավաքում էնք, այնքան մենք մեզ ավելի ապահով էնք զգում: Որովհետև մարդն ունի երեք ժամանակ՝ ներկա, անցյալ և ապագա: Մենք ապագա ունենք: Մենք չգիտենք թէ այդ ապագան մեզ ինչ է բերելու: Հետեևաբար հավաքում էնք:

Տէր Հիսուսն էլ է ասում հավքեք: Հավաքեք, բայց ինձ հետ հավաքեք: Եթե ինձ հետ չհավաքեք պիտի ցրվեք:

Գնացեք բոլոր գերեզմանոցներն ու հարցրեք մարդկանց: Ի՞նչ եղան ձեր հավաքածները: Բանկեում կուտակված ձեր գումարներն ի՞նչ եղան: Պիտի ասեն որ, ինձանից հետո որոշ մարդկանց մնաց, բայց չգիտեք թէ ինչպես էն գործածվում: Իսկ քեզ ինչ մնա՞ց: Եվ ձեզ պիտի ասեն, որ այն ինչ որ տվեցի ուրիշին, այն մնաց:

Միայն այդ պատասխանը կարող էն տալ: Հետևաբար Տէր Հիսուսն ասում է որ, հավքեցեք, բայց ինձ հետ հավաքեցեք: Քանի դեռ մահվան հպումը չի հասել ձեզ, հավաքեցեք հավիտենական կյանքի համար, երկնքի մեջ գանձեր դիզեցեք, ուր ոչ գողը կարող է մտնել, ոչ էլ ցեցը ուտել: Եվ ուր որ քո գանձն է, սիրտդ էլ այնտեղ պիտի լինի:

Սիրելիներ, ինչ է նշանակում Քրիստոսի հետ հավաքել:

Քրիստոսի հետ հավաքել, նշանակում է, որ այն ինչ որ մենք անում էնք հավատքով անենք: Այն ինչ որ անում էնք, ուրիշին բաժին հանելով անենք: Այն ինչ որ մենք անում էնք սիրո հավաքում պիտի լինի՝ ուրիշների հետ բաժնելու և ուրիշներ հետ տալու:


Չմոռանա՛ք: Աստված մեզ երբեք ոչինչ չի տալիս միայն մեր անձի համար: Այն ինչ որ տվրում է մեզ, ուրիշների հետ բաժանելու համար է: Ոչ մի կոշկակար կոշկակար չի դառնում միայն իր համար: Ոչ մի դերձակ դերձակ չի միայն իր համար, ոչ մի էլեկտրիկ էլեկտրի չի միայն իր համար: Այլ ուրիշ մարդկանց կարիքները հոգալու համար: Հացթուխն էլ հացը չի թխում միայն իր ընտանիքի համար:

Հետևաբար, սիրելի հավատացյալներ, դուք էլ հավատացյալ չպետք է լինեք միայն ձեզ համար, այլ ուրիշների համար նույնպես: Եվ Տէրն ասեց, "Դուք էք աշխարհի աղը, դուք էք աշխարհի լույսը:" Հետևաբար մենք կոչված էնք այնպես հավաքելու, որ ոչինչ չկորչի ու չկործանվի: Մեր հավաքածներից մի մասը մենք փոխադրենք ուրիշներին. Աստված նայի մեզ ու ասի "ապրե՛ս, դու միայն քո համար չէս ապրել:"

Պետք է մենք ներդրումներ կատարենք: Այս շաբաթվա սկզբին մենք Վարդանանց տոնը հիշատակեցինք: Իրենք իրենց կյանքը դրեցին այս հավատքի համար, Քրիստոսի համար: Եվ 1700 տարիներ անց իրենց հիշատակն անթառամ է մնում թէ երկրի վրա թէ երկնքում:

Հետևաբար սիրելիներ, կյաքն անցում ու գնում է: Երազի պես է: Աստուծո հետ պետք է հաշտվենք մենք: Պետք է Աստուծո ճանապարհների մեջ քայլենք մենք: Աստուծո ճանապահներն իր եկեղեցու համար թանկագին են, քանի որ մեզ առնում և հավիտենական կյանք էն տանում: Երբ որ ոչ մեկ բան գործի չի ծառայում կյանքի մեջ, այս եկեղեցին, այս եկեղեցում մեր սովորածները, այս եկեղեցում մեր սովորած աղոթքները, Հայր Մերը, շարականները, հավատքը, հույսը և սերը - այն ժամանակ մենք կհասկանանք որ մեր մեծագույն գանձն է եղել եկեղեցում սովորած բաներն ու այդ կյանքն ապրելը:

------
Այս քարոզը Սահակ Եպիսկոպոս Մաշալյանը խոսել է 2014 թվականի Մարտի 1-ին, Պոլսօ Կետիկփաշայի Սբ. Հովհաննես եկեղեցում, նորաօծ հայր Շնորհքի անդրանիկ Պատարագի ընթացքում: Սա քարոզի միայն առաջին մասն է: Շարունակության մեջ սրբազանը խոսում է եկեղեցու դերի և հայր Շնորհքի եկեղեցական ճանապարհի մասին:



Շնորհակալություն Մարի Կարագյոզյանին քարոզի աուդիո տարբերակն այստեղ տեղադրելու համար: http://bit.ly/1gbv2Kc

Monday, March 3, 2014

Սահակ Եպիսկոպոս Մաշալյանի Բարեկենդանի Օրվա Քարոզը

Անվամբ Հօր և Որդվո և Հոգվույն Սրբո, Ամեն:

Երանի սգավորներին, որովհետեև նրանք պիտի մխիթարվեն: Երանի սովածներին, որովհետև նրանք պիտի կշտանան:

Մեր զգացմունքների բնությունը շատ հետաքրքրական է՝ ալիքների պես է ընթանում: Հատակ ունի և գագաթ ունի: Հետևաբար մենք այդ զգացումների մեջ էնք և շարունակ ուզում էնք վերևում գտնվել, այսինքն միշտ երջանիկ, միշտ ուրախ լինել. Ամեն ինչ ուրախ ու կայտառ լինի: Ոչ մի բան մեզ անհանգիստ չանի: Մենք միշտ այսպիսի վիճակի մեջ լինել էնք ուզում:  Բայց որքան էլ մենք ուզենանք, մի բան կա, որ մեզ այդ բարձր վիճակից կամաց կամաց ցած է բերում: Այս առումով նույնիսկ ժողովրդական առած էլ կա, թէ շատ խնդացինք, հիմ պիտի լացենք: Ինչու՞, որովհետև մեր զգացմունքների կառուցվածքն այսպիսին է, երբեք միշտ վերևում չի մնում ինչքան էլ որ մենք ուզենանք:

Դրա համար Հիսուսն ասում էր, որ «երանի սգավորներին:" Ինչու՞ Որովհետև զգացումները միշտ ներքևում էլ չեն մնալու: Այսինքն միշտ տխուր, միշտ լաց ու կոծ, միշտ սրտաճմլիկ չի լինում: Այդպես չէ՞ Միշտ խավար ու գիշեր չի լինում: Հետո կամաց կամաց մի բան ձեր ձեռքից բռնում ու այդ տխրությունից դեպի ուրախություն և խավարից դեպի լույս է տանում: Փողոցով քայլում էք ու մեկից հանկարծ ձեր սիրտը լցվում է ուրախությամբ: Դուք էլ չգիտեք թէ ինչու: Զգացմունքներն այդպես են:

Ուրեմն եկեղեցու մեջ, ինչպես որ տեսնում էք վարագույրները փակվեցին: Այլևս 40 օր վարագույրները փակ պիտի մնան: Շատ քիչ պիտի բացվեն միայն որոշ տոներին: Այսինքն եկեղեցին ասում է որ հիմա մի քիչ տխրության շրջան մտնենք: Մի քիչ ապաշխարհության շրջան մտնենք: Մի քիչ տխրենք մենք մեր սխալների վրա: Մեր մեղքերի վրա ողբանք:

Մի քիչ ավելի լրջանանք. Մի քիչ ավելի մտածենք: Ավելի շատ Սուրբ Գիրք կարդանք: Ավելի շատ աղոթենք: Ավելի շատ եկեղեցի գնանք: Ավելի շատ երկնքի մասին մտածենք:

Որովհետև եկեղեցին ասում է, որ եթե միշտ բաց լինի վարագույրը, ապա արժեքը չէնք հասկանա: Եկեղեցին էլ պետք է մի քիչ մթանա: Եկեղեցին էլ պետք է մի քիչ տխրի: Որպեսզի երբ այն նորից իր իր ամբողջ փայլով փայլի, տարբերությունը հայտնի դառնա:

Եկեղեցում ծեսի մեջ էլ այս տեսակ խորհուրդներ կան: Օրինակ, սովորական Պատարագի ընթացքում մինչև Սուրբ Սուրբ երգելու պահը բոլոր մոմերը չեն վառվում: Երբ որ Սուրբ Սուրբը երգվում է, բոլոր լույսերը վառվում էն, որպեսզի տարբերությունը հայտնի դառնա: Այդպես ծեսի մեջ էլ մենք անդրադառնում էնք որ շատ կարևոր մի հատվածի մեջ մտանք:

Ուրեմն Բարեկենդանն է այսօր: Մեծ Պահքի առաջին օրն է: Ուրախության օրն է և անունն առնում է Բարի Կյանք, Բարի Կենդանություն ունենալուց: Եվ այս զգացումը Քրիստոնեա աշխարհի մեջ այն է, որ մարդիկ այս օրն ապրեն իրենց ապրելիք ուրախության գագաթնակետին հասնելով, կառնավալներով, ուտել խմելով, զվարճանալով, պարելով, խենթանալով... հասնեն այդ գագաթնակետին և հետո սկսեն իջնել ներքև, կյանքի ուրշ երեսներն էլ տեսնելու և ճանաչելու:

Դրա համար սիրելիներ այսօր մենք պետ է մտածենք ավելի լավ ու ավելի որակավոր կյանքի մասին: Այսինքն ունենալ կյանք, չի նշանակում միշտ ապրել: Մարդուն առնում ու բանտի մեջ էս դնում: 20 տարի այդ բանտի խցի մեջ է: Կյա՞նք է սա: Կյանք է այօ, քանի որ ապրում է, բայց ի՞նչ կյանք է: Այդպես չէ՞ Եվ կամ մեկը 7 օր աշխատում է: Ամեն օր 12 ժամ: Միայն - ճաշ ուտելու և քնելու ժամանակ ունի: Սա կյա՞նք է: Այօ կյանք է, ապրում է, բայց սա կյանք չէ:

Ուրեմն կյանքը պետք է որակավոր լինի: Կյանքը երբ որ որակավոր է, այն ժամանակ է որ կյանք է: Եվ Աստված կյանքը որակավոր ստեղծեց: Այսօրվա խորհուրդն այս է: Աստված կյանքը Դրախտի մեջ ստեղծեց: Չստեղծեց մարդն անապատի մեջ, այլ պարտեզ շինեց: Եդեմական պարտեզի մերջ դրեց մարդուն: Գեղեցիկ ծառեր ու գեղեցիկ բույսեր կային այնտեղ: Եվ մենք տեսնում էնք որ այդ գեղեցկության մեջ մարդն Աստուծո հետ միասին լի ու կատարյալ կյանք ուներ:

Ուրեմն կատարյալ ու որակավոր կյանքը մենք այսպես էնք հասկանում՝ դրախտի մեջ եղած կյանքը: Ինչ է դա՞ Մի կյանք որ մարդը նյութական ամեն ինչ ունի, իր մարմնի մեջ ոչ մի խնդիր չունի, հիվանդություն չունի և անմահ է ու Աստուծո հետ ընկէր է - զրուցում է Աստուծո հետ: Ուրեմն դրախտը սա է: Սրա համար ստեղծվեցինք մենք: Մարդու 10 տրիլիոն բջիջների, իր գենետիկ կոդի մեջ սա է արձանագրված: Միայն ու միայն այսպիսի պարագաում կարող է մարդը երջանիկ լինել: Այսինքն մարմնական բոլոր պետքերդ իրականում են: Ամեն ինչի լավագույնն ունես, ոչ մի թշնամի չունես, Աստուծո հետ բարեկամ էս, առողջ էս, ոչ մի հիվանդություն չունես, չէս ծերանում և չէս մեռնում:

Այս է կյանքը: Աստված այս ուզեց: Այսպիսի կյանք ուզեց մեզ համար, բայց հիմա չունենք: Սակայն ունենանք, թէ չունենանք, մեր մեջ այդ փափագը կա:  Մեր հոգու մեջ այդ փափագը կա: Այդ պատգամը դրել է Աստված մեր սրտի մեջ: Ասել է, որ այսպես կարող էս երջանիկ լինել: Եթե սրանցից մեկը պակասի, պիտի տանջվես և միշտ պիտի փնրտես այդ կորցրած դրախտը:

Դրա համար է, որ մենք այս բոլորն ուզում էնք իրականացնել: Դրա համար է որ դուք միշտ տեսնում էք առասպելների մեջ թէ ինչպես ենք մարդիկ փնտրում կենդանության ջուրը: Երիտասարդության ջուրը, որ երբ խմես պիտի երիտասարդանաս: Հիշու՞մ էք, նույնիսկ Ֆաուստը սատանային իր հոգին ծախեց այս բաներին տիրանալու համար:

Մինչև որ մենք անմահ չլինենք երջանիկ չէնք լինի: Քանի դեռ մահվան սուրը մեջ գլխավերևում կախված է դամոկլյան սրի նման ապա չէնք կարող երջանիկ լինել: ՄԻշտ վախենում ենք: Մահը միշտ 1000 ու մի տեսակ ուրվականներով գալիս ու կանգնում է մեր առջևը և վախենում էնք մենք: Հատկապես երբ արդեն տարիքներս առած էնք: Չենք կարող մշտապես երջանիկ լինել հիվանդություններով հանդերձ: Դրա համար մարդը փորձում է հիվանդությունները հանել արանքից: Արդի բժշկագիտությունն այս է ուզում այսօր: Մարդու գեների մեջ հիվանդություն առաջացնոց տարրերը դուրս հանել և մարդուն 1200 տարի կյանք պարգևել:

Մենք այս պարտեզն էնա փնտրում: Արդձակուրդներ էնք ուզում և այդ արդձակուրդներին փնտրում էնք ամենալավ տեղերը: Գնում էք 5 աստղանի, 7 աստղանի հյուրանոցներ ու այտեղ տեսնում մարդկային ձեռքով ստեղծված դրախտները, թագավորների պալատներն ու պարտեզները: Ինչու՞ Քան որ կարողություն ունեմ, ասւմ էս, մեջս թաքնված դրախտը ստեղծեմ: Եվ մասամբ հաջողում ենք: Մասամ ստեղծում էնք մենք այդ թաքնված դրախտը: Բայց... երբ մյուս տարրերը պակաս էն լինում, դա չի հաջողվում:

Այնպես որ մարդիկ դրախ էն փնտրում: Իրենք իմանան թէ չիմանան: Երբ որ չարություն է գործում մարդը, նպատակը դրախտ գտնելն է: Երբ որ մարդիկ գողանում, կողոպտում էն ու դրամներ էն դիզում, նրան նպատակը դրախտ գտնելն է, դրախտ ունենալն է:

Մեր մեջի բնազդն է այն:

Ինչխես բադերը ձվից դուրս գալով վազում էն դեպի ջուրը, ինչպես զավակը ծնվելով ձգտում է մայրական կրծքին սնվելու համար, նույնպես և մեզ համար բնազդ է դրախտ փնտրելն ու դրախտին ձգտելը: Դրախտ չուզող մարդ չի լինում: Անկարելի է: Ամենամեղավորից սկսած մինչև ամենասուրբև մենք բոլորս դրախտ էնք ուզում: Բակց... չկա:

Չկա, որովհետև մեր նախահայրերը մի արկածախնդրության համար մեժեցին այդ դրախտը տարբեր տեսակի երջանկության համար՝ աստվածներ լինելու, առանց Աստուծո: Մենք ուզեցինք մեր կամքը կատարել, նույնիսկ եթե այն հակառակվում է Աստուծո կամքին: Այդպես մենք ուզեցինք: Եվ արդյունքում, մեր երջանկությունն ապահովող բոլոր տարրերը մեզանից սկսեցին խուսափել:  Աստված լքեց մեզ: Դրախտը լքեց մեզ: Անասուններն ու բույսերը լքեցին մեզ ու թշնամի դարձան մեզ և մենք այսպես, հիվանդոտ ու մահկանացու էակներ դարձած հիմա մեր փնտրածն ու մեր կորցրածն էնք փնտրում:

Եվ այստեղ Աստուծո մանկավարժությունը սա է: Ասում է, չէս հասկանա մի բան, երբ դու դրա մեջ էս: Եվ ինչ պիտի անես այդ դեպքու՞մ: Դուրս պիտի ելնես դրա միջից: Հեռվից պիտի նայես ու պիտի ընթանաս դեպի նա: Այն ժամանակ պիտի հասկանաս դրա արժեքը:

Եվ սրա համար սիրելի եղբայրներ ու քույրեր, շատ կարևոր է որ մենք մեր շարժումները ճիշտ հասկանանք թէ ինչու համար էնք անհանգիստ: Անհանգիստ էնք, որովհետև դրախտի մեջ չէնք: Ինչու համար էնք անհանգիստ էնք, որորվհետև բարի կենդանություն չունենք: Եվ այսօր մենք ուզում էնք այն տեսնել ու հիշել: Սակայ այսօր դու ուզածիդ չափ ուրախանաս էլ այդ երջանկության միայն սիվոլը կարող էս տեսնել: Որովհետև մեր այստեղի երջանկությունը, դժբախտաբար, նաև մեղքի հետ է խառնված:

Ավերված մարդու բնությունն ավերված բաներ է ուզում:  Եվ այդ պահանջն այս աշխարհը հետզ հետէ վերածում է ավելի մեծ դժոխքի և ոչ թէ դրախտի:

Սահակ Եպիսկոպոս Մաշալյանի Բարեկենդանի Օրվա Քարոզը, խոսված Պոլսում, Մարտ 2, 2014.
Գուրուչեշմեի Սբ. Խաչ եկեղեցում:

Saturday, March 1, 2014

Ինչպես Պահք Պահել Որ Տէրն Ընդունի Այն

Ժողովուրդ, այս Կիրակի օրվա  Հին Կտակարանյան ընթերցվածքը հանկարծ բաց չթողնեք: Պահքի վերաբերյալ ձեր բոլոր հարցերի պատասխանն այնտեղ կա: (Եսայի 58:1-14)  --- Աստված հստակ ասում է թէ երբ ընդունելի չի համարի ձեր պահքն ու չի լսի ձեր աղոթքները և երբ կլսի ու «մինչեւ դու խօսես, նա պիտի ասի, թէ՝ «Ահա հասել եմ»։

«Մինչեւ դու խօսես, նա պիտի ասի, թէ՝ «Ահա հասել եմ»։  ------ Հիշու՞մ էք Մարկոսի Ավետարանից 11րդ գլխի 24րդ համարը: Տէր Հիսուսն ասում է, «ամէն ինչ, որ աղօթք անելով խնդրէք եւ հաւատաք, թէ կը ստանաք, կը տրուի ձեզ։» Լավագույն Հունարեն բնագրերում գրված է "հավատացեք թէ արդեն ստացել էք այն և կտրվի ձեզ:" Աղոթքի ժամանակ հավատալ որ դու արդեն ստացել էս այն, արդյոք նման չէ՞ Եսայի Մարգարեի այսօրվա ընթերցվածքի այս հատվածին թէ «մինչեւ դու խօսես, նա պիտի ասի, թէ՝ «Ահա հասել եմ»։

Բայց ինչպե՞ս: Սա դժվար է չէ՞

Ոչ թէ դժվար է, այլ անհնար նրանց համար որ հպարտության, սիրո բացակայության, փառասիրության, անարդարության և այլ մեղքերի պատճառով հեռու են մնում Աստծուց:  Բայց իրականություն է սրբերի համար, որ խոնարհությամբ Աստծուն փնտրելով գտնում են Նրան իրենց սրտերում և իրենց շուրջի մարդկանց սրտերում և.... սիրում: Մոտենում են Աստծուն, նրան Հայր կոչում և մինչդեռ մոտենում են ավելի ու ավելի էն վստահում Նրան: Իսկ վսահում էս երբ գիտես, գիտես երբ մոտ էս, մոտ էս երբ մաքրվում ես ու խոնարհ էս, եվ արդյունքում դու կհավատաս որ կստանաս քանի որ գիտես, սիրում էս ու վստահում էս:

Եվ Տերն այսօրվա Մարգարեական ընթերցվածքում տալիս է բանալին:  Ահա օրինակ մի փոքրիկ հատված՝ Եսայի Մարգարեի գրքի 58րդ գլխից, 6ից 11րդ պարբերությունները:

Քանդի՛ր անիրաւութեան հանգոյցը, խորտակի՛ր քո վաճառականական խարդախութիւնն ու բռնութիւնը,
ների՛ր ու արձակի՛ր նեղեալներին
եւ պատռի՛ր բոլոր անիրաւ մուրհակները։
ՀԱՑԴ ԿԻՍԻ՛Ր ՔԱՂՑԱԾԻ ՀԵՏ
Քաղցածների՛ն բաժանիր քո հացը
եւ անօթեւան աղքատների՛ն տար քո տունը.
եթէ մերկ մարդ տեսնես՝ հագցրո՛ւ նրան,
բայց քո ընտանիքի զաւակին մի՛ անտեսիր։

Այն ժամանակ այգաբացի պէս պիտի ծաւալուի քո լոյսը,
եւ արագօրէն պիտի հասնի քո ապաքինումը,
քո առջեւից պիտի ընթանայ քո արդարութիւնը,
եւ Աստծու փառքը պիտի պահպանի քեզ։

Այն ժամանակ պիտի կանչես,
եւ Աստուած պիտի լսի քեզ.
մինչեւ դու խօսես, նա պիտի ասի, թէ՝ «Ահա հասել եմ»։

Եթէ դու քո միջից հեռացնես խարդախութիւնը,
ձեռնձգութիւնն ու տրտունջի խօսքերը,
քո հացը յօժար սրտով քաղցածներին տաս
եւ չքաւոր մարդկանց կշտացնես,
այն ժամանակ խաւարի մէջ կը ծագի քո լոյսը,
քո խաւարը կը վերածուի միջօրէի։
Քո Աստուածը ամէն ժամ քեզ հետ կը լինի,
քո անձն ըստ ցանկութեան յագեցում կը ստանայ...

Ինչ մխիթարական ու բացահայտող է չէ՞ Ձեռքդ վերցրու այսօր Աստվածաշունչն ու կարդա այսօրվա հատվածևը: Հին Կրակարան | ԵՍԱՅՈՒ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ, գլուխ 58, համար 1:14. Եթե կարդաս, մեզ էլ այստեղ լուր տուր և բոլորս քեզ հետ կուրախանանք, քանի որ որքան շատ մարդ կարդա Սուրբ գիրքն ամեն օր, այնքան լավ թէ նրա, թէ նրա շրջապատի, թէ իմ ու քո և թէ մեր սիրելի Աստծու մեծ ընտանիքի համար: