Thursday, February 26, 2015

Ինչու՞ չէք խախտում ֆիզիկայի օրենքները, բայց հեշտությամբ խախտում էք հոգևոր կյանքի օրենքները



Նկատե՞լ էք աշխարհն ինչպես է ձեզ խաբում: Ձեզանից փակում է այն ինչի հետ դուք շփվում էք ամեն վայրկյան, բայց դրա փոխարեն փառաբանում է այն, ինչը վերջին հաշվով ձեր կյանքի հետ ոչ մի կապ չունի ու չի կարող նույնիսկ մի քիչ բարելավել ձեր զգացմունքները կամ երկարացնել ձեր կյանքը:

Տեսեք ինչ ՇՔԱՆՇԱՆՆԵՐ, ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ու փառքը են ստանում ֆիզիկայի, կենսաբանության, աստղագիտության և այլ բնագավառների հետազոտողները: Նրանք գտնում են օրենքներ, որոնցից շատերը միևնույնն է, ոչ մի գործնական նշանակություն չունեն ձեր անմիջական կյանքի հետ (ասենք մի մոլորակ ավել գտան):

Իսկ այ օրինակ հոգևոր կյանքի օրենքները, որոնց մարդն անդրադառնում է ամեն վայրկյան, մնում են հիմնականում անհայնտ:

Այս օրենքները խախտելը շատ ավելի վնասակար հետևանքներ ունեն ձեր համար քան ֆիզիկայի օրենքները խախտելը: Ահա դրանցից մի քանիսը, որի մասին սովորենցում է Ուղղափառ Քրիստոնեությունը. Շարունակությունը ռուսերեն է ու հատված է Ալեքսեյ Օսիպովի «Աստված» գրքից: Սիրելի բարեկամներ, ճանաչեք հոգևոր կյանքի օրենքներն ու մի խախտեք դրանց: Դրանք խախտելը կործանում է մարդու կյանքը:


-----
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: Ամեն օր կարդացեք Ավետարանն ու ամեն օր աղոթեք ձեր սրտի խորիքից: Նույնիսկ մի պարզ աղոթք, ինչպես օրինակ «Տէր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, Ողորմյա ինձ մեղավորիս»: Բարին ընդ ձեզ: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26

Monday, February 23, 2015

Ինչ է Պահքը և Որն է Մեր Նպատակը

Տարիներ առաջ մի օր գտնվում էի մի ծանոթիս տանն ու քանի որ այդ շաբաթը նախորդում էր Մեծ Պահոց Շրջանին, խոսակցության ժամանակ նա անակնկալ հարցրեց, "Դու էլ ես Պահքը պահելու չէ՞" Ես - որ երբեք Պահք չէի պահել, զղջալ չգիտեի ու այդուհանդերձ ինձ համարում էի "լավ Քրիստոնյա" - Պահք պահելու մտադրություն չունեի, բայց անակնկալի եկած, պատասխանեցի, որ այո՛ այս տարի ես էլ պիտի պահեմ: Պահեցի: Դրա հաջորդող տարիներին էլ պահեցի, բայց իմ կյանքում ոչ մի փոփոխություն չեղավ:

Պահածս պահքը միայն դիետա էր, ձևական ու Փարիսեցու պես: Կենդանական ծագում ունեցող ոչ մի կերակուր չէի ուտում, բայց դրա փոխարեն ավելի շատ կարտոֆիլ ու հաց էի ուտում: Եվ բարկանում էի, եվ մեծամտանում եվ մեղք գործում: Խաղաղություն չունեի: Մարմինս պայքարում էր, իսկ հոգիս մնում էր սոված: Եվ այսպես տարիներ շաունակ: Այս ընթացքում գործերս էլ վատացան ու մենք ծայրը ծայրին հազիվ էինք հասցնում: Ու ես ասում էի ինքս ինձ: Ու՞ր է այն խոստացված խաղաղությունն ու երջանկությունը որ Հիսուսը խոստացավ իր հետևորդներին: Ինչու՞ իմ վրա չի գալիս այն: Արդյո՞ք ես մի բան սխալ եմ անում:

Գարուն էր: Մոտենում էր առաջիկա Մեծ Պահոց շրջանը: Ես որոշեցի, որ այդ տարի ինձ համար առաջնային պիտի դառնա հոգիս սնելը: Եվ այդ ժամանակ էր, որ դրվեց իսկական փոփոխության սկիզբը: Իմ կյանքում տեղի ունեցավ մի շրջադարձ, որ փոխեց իմ միտքը:

Այս մասին գրում եմ, որովհետև անցյալում էր: Մեր Տէրն ասում է «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն` մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:16-18): Ես չեմ գրի թէ այս տարի այս իմաստով ինչ եմ անում, որպեսզի ձեզ "ծոմ պահող" չերևամ, բայց կգրեմ թէ ինչպես պիտի վարվենք բոլորս՝ ովքեր իրենց Քրիստոնյա են համարում, կամ գոնէ ձգտում են ավելին սովորել մեր հավատքի մասին:

ԿԵՐԱԿՈՒՐԻՑ ՀԵՌԱՆԱԼՈՎ ՍՆԻՐ ՀՈԳԻԴ
Հիմա հավանաբար ձեր մտքում կառաջանա այն հարցը թէ ինչ կերակուր կարելի է ուտել կամ չուտել: Այս հարցի պատասխանը դուք շատ տեղերում կարող էք կարդալ եթե փնտրեք: Կամ կարող էք ցանկացած եկեղեցականից հարցնել: Իմ նպատակն է այսօր ձեր ուշադրությունը բերել մի շատ ավելի կարևոր հարցի վրա՝ ինչպես սնել ձեր հոգին. Առանց հոգին սնելու Պահք չկա: Առանց հոգին սնելու կամ միայն սով ու տառապանք:

ՊԱՀՔԻ ՆՊԱՏԱԿԸ
Պահքի նպատակն է, մեղքից հեռանալ, որպեսզի մոտենալ Աստծուն՝ լույսի ու կյանքի աղբյուրին: Նյութական հացից ու տարբեր կերակուրներից հեռանալը, պետք է լցվի հոգևոր հացով: Եթե դուք մի շարք կերակուրներից հեռանաք ու դրա փոխարեն Աստծուն ավելի չմոտենաք, ապա ձեր զրկանքը կլինի լոկ դիետա ու ոչ մի հոգևոր արդյունք չի բերի:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Որոշ կերակուներից ձեր անձերն այս շրջանին հեռու պահելով հանդերձ, ամեն օր հատուկ ժամ ունեցեք աղոթքի և Ավետարանների ընթերցանության համար: Սա ամենակարևոր բանն է: Եթե սա չանեք, ուզում է հազար տեսակ կերակուրից ձեզ զրկենք, դրանով ոչ կսրբանաք, ոչ էլ մտքի փոփոխություն կունենաք: Աստծուն միայն կերակուրից զրկելով չէք մոտենա: Ի միջայլոց, Հիտլերն էլ կյանքի վերջին տարիներին բուսակեր էր դարձել: Դա օգնե՞ց որ նա զղջա ու պատերազմը շուտ ավարտվի: Անշուշտ ոչ: Ուրեմն ինչպե՞ս վարվել: Ահա մի օրինակելի մի նմուշ:

Առավոտյան աչքներդ բացելու հետ, փառք տվեք Աստծուն, որ ձեզ արթնացրեց ու լույսը տեսնել ու ապրել շնորհեց: Աշխատանքի կամ ուսման վայրում խուսափեք պոտենցիալ կոնֆլիկտային իրավիճակներից: Զիջող ու ներող եղեք: Դրանից միայն խաղաղությունը կշահի, իսկ դուք էլ ավելորդ չէք նեռվայնանա: Զղջացեք ձեր սխալների ու վատ մտքերի համար: Իսկ եթե դրանք չեք տեսնում, խնդրեք ձեր աղոթքների մեջ, որպեսզի Տէրը ձեզ օգնի տեսնել ձեր սխալները: Երեկոյան ընթրիքից հետո, երբ կատարեք ձեր ընտանեկան պարտականությունները ծնողների, զավակների կամ ամուսինների նկատմամբ, առանձնացեք մի անկյուն ու սկսեք Ավետարանը կարդալ: Կարդացեք, որովհետև ամեն մի խոսքն այնտեղ ձեզ ավելի կօգնի ձեր կյանքը հասկանալ ու մոտենալ Աստծուն:

Այսպիսի ընթերցանության ժամանակ սովածությունը փոխարինվում է հետաքրքրությամբ: Ուտելիքի փոխարեն սկսում ես մտածել քո կյանքի իմաստի ու ձգտումների մասին: Զգում ես որ Ավետարանների ամեն մի խոսքը սնունդ է քո հոգու համար: Այլևս դեպի խոհանոց չես նայում, այլ նայում ես ինքդ դեպի քո ներսը, որովհետև Հիսուսն ասեց մի բան, որի վրա շատ իմաստասերներ են ապշել, թէ «ահա Աստծու արքայութիւնը ներսում, ձեր մէջ է» (Ղուկաս 17:22)։ Ասել է թէ, երջանկությունն էլ ձեր ներսում է: Ձեր խնդիրներն էլ ձեր ներսում են: Մաքրեք ձեր միջից ամեն մի կեղտոտ կիրք, ու կգտնեք այնտեղ երջանկություն ու կյանք:

Իսկ որտե՞ղ են այդ կրքերը: Դրանք մեր մտքում ու ներսում են: Ահա մի քանի կրքեր, որոնց տրվելով մենք դառնում ենք սրանց գերին ու տառապանք պատճառում մեր անձերին, մեր կյանքերին: Հպարտություն, նախանձ, բարկություն, ծուլություն, խորամանկութեամբ, անզգամություն, վախկոտություն, շռայլություն, հուսահատություն, անիրավություն, չարահավանություն, հուսահատություն, նենգություն, ատելություն, անբարոյականություն, փառասիրություն, եսասիրություն, իշխանատենչություն, ստախոսություն, երդմնազանցություն, քսություն, հակառակություն, վիճաբանություն, բանսարկություն, ատելություն, տրտունջ, անիծաբանություն, բամբասկոտություն, ագահություն... էլ ո՞րն ասեմ, էլ որը: Պետք է զղջալ սրանց համար, որպեսզի մաքրվել ու մոտենալ Աստծուն: Զղջալը շատ ազատարար զգացում է: Դուք պետք է զգաք դա:

Դուք տեսնու՞մ էք, սրանք բոլորը մեղքեր են ու ամենազարմանալին այն է, որ այս բոլոր մեղքերը մարդու մտքի ու զգացմունքի հետ են կապված: Ոչ մի ֆիզիկական մեղք չկար: Ամեն ինչ կապված է մտքի հետ: Ու մենք այս կրքերին տրվելով կորցնում ենք մեր ներքին խաղաղությունը ու գերի դառնում այս կրքերին: Արդյունքում տառապանքն ու հուսահատությունը, կռիվն ու դավին ներխուժում ու կառավարում են մեր կյանքը, մեր ընտանիքները, մեր հասարակությունը, մեր հայրենիքը, երկիրը, որի վրա ապրում ենք մենք:

Եթե դու ուզում ես երջանիկ ու խաղաղ կյանք ունենալ, փորձիր ազատվել այս կրքերից ու կտեսնես թէ ինչպես կփոխվի քո կյանքը: Կտեսնես ինչպես կսկվի առողջանալ ու փոխվել կյանքը քո շրջապատում: Ու լույսը գնալով կտարածվի ու խավարը կչքանա, որովհետև խավարը չի կարող նվաճել լույսին (Հովհ. 1:5):

Ահա բարեկամներ: Սա է Պահոց Շրջանի իմաստը՝ մաքրվել, որպեսզի կարողանանք մոտենալ Ամենամաքուրին: Ճանաչել Նրան, որպեսզի Նրա միջոցով կարողանանք ազատվել  այս կրքերից, քանի որ մենակ դա անելը անհնար է:  Ոչ մեկին չի հաջողվել մենակ հաղթել այս կրքերին: Դրա համա էլ Նա կոչվում է Փրկիչ՝ ով գալիս է ներս ու փրկում այս կործանարար մտային կրքերից: Միայն թէ Նա գալիս է նրաց մոտ, ովքեր իրենց դռներն են բացում Նրա առաջ ու ասում, Ներս արի (Հայտնություն 3:20), ես չեմ կարողանում հաղթել առանց քեզ:

Թե ինչ ուտելիքներից կհրաժարվեք ու ինչ խստության Պահք կբռնեք, դուք գիտեք: Միայն խնդրում եմ, ձեր հոգիները սնեք: Ձեր հոգիները սոված մի թողեք: Մաքրեք ձեր մտքրեն ու վերանորոգեք ձեր անձերը: Հոգևոր կյանքի մեջ իսկական ապաքինումը սկսվում է այնտեղ, երբ մարդը սկսում է տեսնել սեփական սխալներն ու զղջալ դրանց համար: Այստեղ է իսկական ազատությունն ու երջանկությունը:
February 16th, 1:28am

Wednesday, February 18, 2015

Ինչ է պատահում մարդու հետ զղջալուց հետո

Որպեսզի մենք կարողանանք իսկապես հասկանալ թէ ինչն է բարին մենք նախ պետք է զղջանք (Հռոմ 12:2): Այս հերթականությունն է մեզ ցույց տալիս Պողոս առաքյալը՝ մարդ, որ 3րդ երկինքն էր տեսել:  Պատկերացրեք մի տուն ուր 3 սենյակ կա: Առաջինում գտնվելով՝ 2րդ սենյակը չենք տեսնում, քանզի դուռը փայտից է: Իսկ երբ 2րդ սենյակ ենք մտնում, այնտեղից 3րդ սենյակը երևում է, քանի 2րդի ու 3րդ միջև դուռը ապակյա է, ու միայն 2րդ սենյակը մտնելով է, որ մենք տեսնում ենք թէ ինչ կա չկա 3րդ սենյակում: Զղջալը, նման է այդ առաջին սենյակից 2րդին մտնելուն, երբ դու չես հարմարվում առաջին սենյակին և ուզում ես մի բան փոխել ու մտնել մի այլ սենյակ, որտեղից արդեն այլ բաներ են երևում:



Ապաշխարել նշանակում է մտքի փոփոխություն ունենալ, նորոգել միտքը, երբ մարդը չի հարմարվում այս մեղավոր մտածելակերպին և ուզում է այլ կերպ մտածել ու նայել կյանքին, նորոգել իր մտածողությունը: Ու տեսեք ինչ է ասում Պողոս Առաքյալը Հռոմեացիներին ուղղված նամակի 12րդ գլխում: «Եւ այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանուէք, այլ նորոգուեցէ՛ք ձեր մտքի նորոգութեամբ, ՈՐՊԵՍԶԻ դուք քննէք լաւը, եւ թէ ի՛նչ է Աստծու կամքը՝ բարին եւ հաճելին եւ կատարեալը։»


Ուրեմն տեսնու՞մ էք: Նախ պետք է մարդու մոտ զղջման միջոցով տեղի ունենա այդ մտքի փոփոխությունն ու նորոգումը, և միայն դրանից հետո է նրան տրվում բարին ու Աստուծո կամքը քննելու շնորհը: Իսկ ինչ է ապաշխարությունը տես այստեղ http://mkrtutiunhrov.blogspot.com/2014/11/blog-post_85.html


ԻՆՉՊԵՍ ԶՂՋԱԼ ԵՐԲ ՔԵԶ ԱՆՄԵՂ ԵՍ ՀԱՄԱՐՈՒՄ

Փորձեք Աստուծո պատվիրանները պահել գոնե 24 ժամ: Այ մի օր վերցրեք ու փորձեք: Եթե գեթ մեկ պատվիրանի մեջ սայթակեք (օրինակ սուտ խոսեք այդ օրը, կամ մեկի մասին վատ բան մտածեք, կամ մի խորամանկություն անեք), այն ժամանակ կզգաք որ մենակ չէք կարողանում պահել ու ձեզ Փրկիչ է պետք: Իսկ Պատվիրաններն իմանալու համար պետք է Աստուծո խոսքը կարդալ ու սովորել: Գոնե 4 Ավետարանները կարդացեք այս Պահոց շրջանին:


-----
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: Ամեն օր կարդացեք Ավետարանն ու ամեն օր աղոթեք ձեր սրտի խորիքից: Նույնիսկ մի պարզ աղոթք, ինչպես օրինակ «Տէր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, Ողորմյա ինձ մեղավորիս»: Բարին ընդ ձեզ: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26

Tuesday, February 17, 2015

Հույսի Դռան Միջով - Սահակ Եպիսկոպոս Մաշալյան

Դեկտեմբերին Սահակ Եպիսկոպոս Մաշալայնը Բեյրությում խոսել է այս գեղեցիկ քարոզը հույսի մասին:



-----
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: Ամեն օր կարդացեք Ավետարանն ու ամեն օր աղոթեք ձեր սրտի խորիքից: Նույնիսկ մի պարզ աղոթք, ինչպես օրինակ «Տէր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, Ողորմյա ինձ մեղավորիս»: Բարին ընդ ձեզ: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26

Monday, February 16, 2015

Աստված ոչ թէ հրաշքով զարմացնել, այլ փրկել է ուզում

Իմ ճանաչած մարդկանցից շատերը երբ մոտենում են Քրստոնեությանը, հրաշք են սպասում:
Աստված երբ մոտենում է մարդկանց, նրանց փրկությունն է ուզում, ոչ թէ հրաշքով զարմացնել:
-------------------
Հրաշքն այնպիսի մի բան է, որ կարող է զարմացնել մարդուն ու ինչ որ մի բանի մասին մտածել տալ: Բայց մարդիկ ինչպես զարմանում են, այնպես էլ մոռանում: Աստուծո նպատակը չէ՛ հրաշքով զարմացնել մարդուն, այլ ԻՐ ՍԻՐՈՎ մարդուն մտածել տալ իր ով լինելու մասին ու փրկել մարդուն այն ամենից ինչ որ տառապանք է պատճառում:
Իսկ փրկությունը դա ներքին երևույթ է: Մարդը զգում է որ սխալ է ապրում: Ուզում է փոխվել: Բացում է իր կամքի դուռը Քրիստոսի առաջ: Աստված ներս է գալիս քո ներսի այն վայրը ու որ դու որոշումներ էս կատարում: Ու Աստված սկսում է իր սիրով ու զորությամբ ջերմացնել ու լուսավորել: Աստիճանաբար կրակը բորբոքվում է:
Սիրելի ընկերներ, կյանքն Աստուծո հետ ցիրկում տեսնված ֆոկուսի պես չէ, այլ մի ներքին փոփոխությունների անվեջանալի շղթա: Իսկական հրաշքը միանգամից չի կատարվում մարդում մեջ, այլ աստիճանաբար հասունանում է: Մարդու մեծանալն ու հասունանալն է իսկական մի հրաշք, երբ քո կամքով, Աստուծո հոգու հետ միասին աստիճանաբար, ժամանակի ընթացքում հասունանում էս ու մաքրվելով մի օր կանգնում Աստուծո առաջ:
Հիշու՞մ էք Հիսուսն ինչ ասեց: «Երկնքի արքայութիւնը նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ, առնելով, սերմանեց իր արտի մէջ։ Այն փոքր է, քան բոլոր սերմերը. սակայն երբ աճում է, բոլոր բանջարներից աւելի է մեծանում ու ծառ է լինում, այն աստիճան, որ երկնքի թռչունները գալիս են ու նրա ճիւղերի վրայ հանգստանում» (Մաթևոս 13:31-32): ժամանակ է պետք չէ՞ մինչև որ սերմը այնպիսի մեծ ծառ դառնա որ նրա վրա կարողանան թռչուններ հանգստանալ:
Սիրելի ընկերներ մեր երկնավոր Ծնողից հեռուստատեսությամբ ցուցադրվող ֆոկուսներ մի սպասեք: ՆԱ չի ուզում մարդու ազատությունը ճնշի նրան ուժով զարմացնելով, որպեսզի մարդն էլ դառնա ու վախից սիրի նրան: Այդպիսի բաներ մարդիկ են անում: Իսկ մեր Ծնողն անձնուրաց ՍԵՐ է: Նա ձեր ձեր կյանքում ոչ մի բան չի կատարի ձեր կամքին հակառակ: Իսկ իսկական հրաշքը դա կամքով ընտրված ներքին փոփոխություններն են, որ կատարվում են ժամանակի ընթացքում ու տառապանքից ազատելով փրկրության տանում մարդուն, դեպի Կյանքի Աղբյուրը:
Աստված երբ մոտենում է մարդկանց, նրանց փրկությունն է ուզում, որ ազատի նրանց տառապանք պատճառող կրքերից ու անվերջանալի ապրելու կարողություն տա, այլ ոչ թէ հրաշքով զարմացնի:

Saturday, February 14, 2015

Սահակ Եպիսկոպոս Մաշալյանի Տեառնընդառաջի Քարոզը

Սահակ Եպիսկոպոս Մաշալյանի Տեառնընդառաջի Քարոզը՝ խոսված այսօր, Կ.Պոլսո Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:


Friday, February 13, 2015

Ինչ է տալիս մարդուն ներողություն խնդրելն ու ներելու կարողությունը Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/02/11/540550/ © 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Այսօր առավոտյան 10 տարեկան տղաս փոքրիկ անազնվություն արեց իր 7 տարեկան եղբոր նկատմամբ: Մեծին ասացի` «Գնա եղբորդ արթնացրու, բայց սիրով»: Գնաց… բայց սիրո փոխարեն մեղմ կտտացրեց եղբոր գլխին, թե վեր կաց: Եղբայրը լացակումած նվնվաց, թե թող քնեմ: Սա էլ թե. «Վեր կաց, այսօր ուրբաթ է… հիշո՞ւմ ես, այսինչ լավ բանը պիտի անենք»: Նա էլ լացակումած ու ոգեւորված վեր կացավ ու միանգամից հիասթափվեց, որովհետեւ այսօր այդ սպասված ուրբաթ օրը չէր: Մեծն էլ ինքնագոհ, թե կատարել է հոր պատգամը, եկավ մոտս: Ասացի` «ինչո՞ւ այդպես վարվեցիր»: «Ի՞նչ եմ արել որ, մեղմ կտտացրել եմ ու մեկ էլ ասել եմ ուրբաթ է, որ շուտ զարթնի…»: Հարցրեցի, թե արդյոք սիրտդ մաքո՞ւր է այդ բանի համար: Մտածեց, վարանեց ու ասաց` ոչ: Հարցրեցի` «եւ ի՞նչ»: Ասաց՝ գնամ ներողություն խնդրեմ: Գնաց: Խնդրեց: Փոքրը ներեց: Ամեն ինչ եղավ սրտով՝ սիրտը, խիղճը մաքուր պահելու համար: 

Ու ես մտածում էի, ինչպես է, որ այս փոքրիկ երեխաների համար այսքան հեշտ է իրարից ներողություն խնդրելն ու իրար ներելը: Ահա մի անազնվություն, զղջում եւ ներում: Արագ ու հեշտ: Ինչո՞ւ մենք՝ մեծերս այդպես չենք կարողանում անել: 

Այս հոդվածի նպատակը չէ այդ հարցին պատասխանել, այլ ծնողներին ու տատիկ-պապիկներին ցույց տալ ու քաջալերել, որ երեխաներին հայհոյանքի ու «գողականության» փոխարեն ազնվություն, ներողություն խնդրել ու ներելու կարողություն դաստիարակել փոքր հասակից, շատ փոքր հասակից: Ինչո՞ւ: 

Դա առաջին հերթին պետք է իրենց՝ կյանքում երջանիկ լինելու համար: Երկրորդ հերթին դա պետք է ձեզ, որովհետեւ երբ նրանց տարիքը հասնի ու նրանք ձեր նկատմամբ անարդար վարվեն, դուք եք, որ սպասելու եք, թե արդյոք ե՞րբ կգան ու կասեն՝ մամ, պապ, ներողություն, ես անարդար ու անպատկառ եմ վարվել ձեր նկատմամբ: Երրորդ հերթին դա պետք է իրենց ընկերներին ու շուրջի մարդկանց: Սրա պատճառով իրենց ընկերներն իրենց շատ կսիրեն ու անկեղծորեն կսիրեն: Հակառակ դեպքում նրանք կամ կմնան մենակ, կամ էլ կշրջապատվեն մանկլավիկներով՝ քանի դեռ փող կա: Եվ չորրորդ, ամեն երեխա իրականում Աստծո կողմից ներդրում է ընտանիքի մեջ: Եվ Աստված կատարում է այդ ներդրումը, զավակներ տալիս ընտանիքներին որպես մխիթարություն, որպեսզի մարդիկ էլ բարին ճանաչող ու բարի գործող զավակներ մեծացնեն Աստծո համար, կյանքի համար: Այս չորրորդ պատճառն իրականում ամենաառաջին պատճառն է: 

Տառապանքը շատանում է մեր կյանքում, որովհետեւ մենք չենք կարողանում իրար ներել: Ոչ էլ կարողանում ենք իրարից ներողություն խնդրել: Սրանք գլխավոր պատճառներից մեկն են միայն: Եվ սրա բացակայությունը մենք տեսնում ենք մեր կյանքի բոլոր հարթություններում: Ամուսինները լեզվակռիվ են տալիս ու չեն կարողանում ոչ ներողություն խնդրել, ոչ ներել, դա տարածվում է երեխաների վրա: Դպրոցում աշակերտները չեն կարողանում իրար ներել, ուսուցիչներն ու վերադասները չեն կարողանում իրարից ոչ ներողություն խնդրել, ոչ ներել: Աշխատանքի վայրում մենք չենք կարողանում սա գործածել: Քաղաքական հակառակորդները չեն կարողանում սխալի համար ոչ ներողություն խնդրել, ոչ ներել: Այսպիսի բաները շատ-շատ են աշխարհում: Ու աղբը մնում է մեր սրտերի մեջ, այն նեխում է ժամանակի հետ, ավելանում ամեն օր ու շնչահեղձ անում իսկական կյանքը: 

Մինչդեռ պետք չէ, որ այսպես լինի ու այլ ճանապարհ կա: 

Կյանքն ու ապրելը սա չեն: Ներողություն խնդրել ու ներել է պետք: Մի ժամվա ընթացքում կարելի է ամեն ինչ փոխել, եթե բոլորն այսպես վարվեն: Բոլորը ոչ սա կկարդան, ոչ էլ այսպես կվարվեն, բայց դու, որ կարդում ես, կարող ես: Դո՛ւ կարող ես հենց այսօր փոխել քո մտածողությունն ու ասել ինքդ քեզ, ներողություն խնդրելն ամոթ բան չի, այլ վսեմություն: Սեփական սխալն զգալը ու դրա համար ներողություն խնդրելը «տակ մնալ» չի, այլ ազատություն ու բարձրացում: Թե չէ կեղտը մնում է սրտի մեջ, նեխում ու շնչահեղձ անում կյանքը: Իսկ սա ո՞ւմ է պետք: Մի մտահոգվիր, թե արդյոք դիմացինը կհասկանա՞, թե՞ ոչ, այլ քո սխալի համար ներողություն խնդրիր, որ քո սիրտը մաքրես ու աղբը դուրս հանես: Եթե դիմացինը ների, ապա իր համար էլ շատ լավ, իսկ եթե ոչ, ոչինչ, ժամանակ տուր: Չէ՞ որ դու սխալ ես գործել, նա էլ դեռ չի կարողանում ազատվել իր արդար ցասումից: Ես ինչո՞ւ այս հոդվածը պատմությունով սկսեցի: Առավոտյան դեպքից հետո ես հասկացա, որ երեխաների համար ավելի հեշտ է ներողություն խնդրելն ու ներելը, քան մեծերի համար: Նրանք դեռ կապված չեն այն եսասիրական կապկանքներով, որով բռնված ենք մենք՝ մեծերս: 

Եկեք գոնե սկսենք մեր երեխաներից: Քաջալերե՛ք նրանց մեջ ազնվություն, սրտի մաքրություն, սխալի համար ներողություն խնդրելու եւ ներելու կարողություն ու նրանք լավ մարդիկ կդառնան կյանքում: Հաջողությունն ու արդարությունը նրանց հետ կլինի: Բարիք կանեն ձեզ համար ու իրենց ընկերների համար: Օրհնությունը կգա ու կլցնի ձեր ընտանիքները: Ուրախությունն ու խաղաղությունը կլինեն ձեր անբաժան սեղանակիցները կյանքի ընթացքում: Քաջալերե՛ք ծնողներ ջան, քանի դեռ ժամանակ ունեք: Երեխաների համար ավելի հեշտ է ներողություն խնդրել սխալի համար ու ներել, քան թե մեծերիս համար: Բայց մեծերիս համար էլ դարման կա: Դրա մասին հաջորդ շաբաթ կգրեմ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/02/11/540550/ 

© 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Ինչների՞դ է պետք նախանձն ու բամբասկոտությունը

Հունվարի սկզբին Ուրուգվայում մի լավ դեպք պատահեց: Մի մարդ, աշխատանքից հոգնած, տուն հասնելու համար փորձում էր մեքենա կանգնեցնել: Մոտ 25-30 մեքենա անցավ ու ոչ մեկը չկանգնեց: Երեւի նրա հոգնած ու բանվորական տեսքից էր, քանի որ նա գործարանում էր աշխատում: Հետո հանկարծ մի 30 տարվա հին Volkswagen Beetle աջ քաշեց ու կանգնեց, որ նրան տեղ հասցնի: Երբ մարդը դուռը բացեց, որ նստի, զարմանքով տեսավ, որ վարորդը Ուրուգվայի նախագահն է: «Ես չէի կարողանում հավատալ, երկրի նախագահն ինձ տուն էր հասցնում»,- պատմում է մարդը El Observador  թերթին: 

Հիմա այստեղ դուք հավանաբար կասեք. «Վա՜յ, այս ինչ լավ բան է կատարվել, ինչո՞ւ մեզ մոտ էլ այդպես չէ, երանի մեր նախագահն էլ այսպես վարվեր երբեմն…»: Իսկ ես ուրիշ բան կասեմ: Երանի դու այդպես վարվես (ես էլ՝ իմ հերթին): Երանի դու այդպես հոգատար լինես քո շրջանակի մեջ, որում ապրում ես: 

Երանի դու սիրես քո ծնողներին ու ազգականներին, եղբայրներին ու քույրերին, քո բակի հավաքարարին ու փողոցում դանդաղ քայլող անծանոթին, ինչպես քո անձը: 

Դժվա՞ր է այդպես սիրելը: Ո՛չ: Բայց անփորձ մարզիկի համար 200 կիլոգրամանոց ծանրաձող բարձրացնելն էլ անհնար է: Իսկ մի քանի ամիս պարապելուց հետո՞: Սկզբի համար, գոնե որեւէ մեկին վատ բան մի կամեցիր, նրանցից ոչ մեկի մասին վատ բան մի մտածիր: Դու ավելի կարեւոր բաներ ունես անելու այս կյանքում: Դրա համար էլ կյանքի կոչվեցիր այս հողի վրա: 

Մեզանից ամեն մեկս, որ աշխարհ ենք գալիս ու ապրում այս երկրի վրա, պատասխանատու ենք այս հողի, այս երկրի ու այս հողի վրա ապրող մարդկանց համար: Նրա առաջ, որ քեզ ու նրանց կյանք տվեց: Սրա համար անդիմադրելի փաստարկները շատ են, իսկ հակառակն էլ որեւէ մեկը չի կարողացել ապացուցել: 

Մեր հասարակության մեջ մենք անմիջապես կարող ենք մեր շուրջը լուսավորել ու ջերմացնել, եթե առաջինը մենք մեր սեփական մոմը վառենք: Բայց դրանից հետո դու չես գնում եւ ուրիշների ասում՝ «ես լույս եմ, ես լույս եմ, դուք էլ լույս դառեք»: Չէէէ: 

Դու պարզապես շարունակիր վառվել ու լուսավորել՝ կողքից մարդկանց միայն բարություն անելով ու կամենալով: Մի քիչ կսպառվես, բայց ոչինչ: Մեկ էլ տեսար, հանկարծ մեկը եկավ ու քեզանից ուզեցավ իր մոմն էլ վառել: Մեկ էլ հանկարծ մյուսն էլ…. ու այսպես շարունակվում է: Ոչ միայն քո անմիջական շրջանն է լուսավոր ու ջերմ, բայց նաեւ արդեն բակն ու թաղամասն էլ: 

Սիրելի ընթերցող, մեր կյանքերն իսկապես աննկարագրելիորեն կփոխվեն դեպի լավը, եթե մենք միայն բարիք գործենք, բարի բաների մասին մտածենք ու իրար նկատմամբ ավելի ներողամիտ լինենք: Մեր միջից դուրս պիտի հանենք «եղունգ ունես գլուխդ քորի» եսասիրական մտածողությունը: Իրար նկատմամբ բարություն անելու եւ իրար նկատմամբ բարի տրամադրվածություն ունենալու կոչումը միայն որեւէ երկրի ղեկավարներինը կամ եկեղեցականներինը չէ: Մենք բոլորս պետք է իրար նկատմամբ բարությամբ ու կամեցողությամբ ապրենք՝ շինարար, թե նախագահ, ուսուցիչ, թե բժիշկ, մեքենավար, թե առեւտրական: 

Ինչպիսին ձեր մտքերն են, այնպես էլ կլինեն ձեր կյանքերը: Եթե ձեր մտքերը բարության ու կամեցողության մասին են, ձեր կյանքերն էլ այդպիսին կլինեն: Իսկ եթե ձեր մտքերը բամբասկոտության, նախանձի ու փառասիրության մասին են, ձեր կյանքերն ու շուրջի մարդիկ էլ այդպիսին կլինեն: Դա նեղում է մարդուն: Ինչների՞դ է պետք: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/02/05/538649/ 

© 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Ձևական Քրիստոնեության Մահացու Վտանգը

Երբ ընկերներիս հետ խոսում եմ սեփական անձը և միտքը փոխելու, մաքուր խղճով ապրելու մասին, միանգամից ասում են, բա ինչու իշխանությունն այդպես չի անում, ինչու ընդիմությունն այդպես չի անում, ինչու եկեղեցին այդպես չի անում... 

Ու քննադատում են աջ ու ձախ՝ սեփական կեղտերի մասին լռելով: Այս մարդիկ ասում են, որ իրենք Քրիստոնյա են՝ այսինքն Քրիստոսի ուսմունքին հավատարիմ: Բայց նրանց համար Աստուծո Խոսքը կարևոր չի, այլ՝ «Ես մաքուր խղճով կապրեմ եթե սրանք էլ շտկվեն...»: Մարդը չի ուզում սրբանալ, այլ ուզում է որ իր շուրջն ամեն ինչ փոխվի ու ինքն իր ներսի կեղտերով մնա այդ սրբության կենտորնում: 

Այդպես չի լինում: 

Երկիրը կկառավարի նա, ում Աստված կտա այդ իշխանությունը (Հռոմ 13:1-2): Սա չէ կարևորը: Այլ կարևորն այն է, թէ դու ինչքան կհասցնես սրբանալ, սիրել ու խիղճդ մաքրել, քանի դեռ այս աշխարհում ես: Մեր ժամանակն ամեն օր սպառվում է: 

Ձեզ լավ կյանքի համար ամեն ինչ տրված է եթե իսկապես ճանաչեք Աստծուն (1. Պետ. 1:3): Դուք պիտի որոշեք: Հավատարիմ էք Հիսուսի՞ն, թէ ձեր կամքին ու մտքերին: Ձևական ու ստից Քրիստոնեությունը կսպանի ձեզ:
---
Եթե սա քեզ մտորելու տեղիք տվեց, դու էլ կարող ես կիսել ու տարածել այն քո ընկերների հետ, որովհետև միգուցե նրանք էլ մտածեն այս մասին ու նույնպես զգուշանալով օգտվեն: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26

Thursday, February 12, 2015

Երբ է Աստված Տալիս Մեր Խնդրվածքները

Երբ որ Աստծուց մի բան խնդրեք աղոթքի ժամանակ, հիշեք թէ մեր Տէր ինչ ասեց այդ մասին: «Եթէ իմ մէջ մնաք, եւ իմ խօսքերն էլ մնան ձեր մէջ, ինչ որ ուզենաք, խնդրեցէ՛ք Աստծուց, եւ ձեզ կը տրուի» (Հովհ. 15:7): Տեսնու՞մ էք նրբությունը: «Եթե իմ մեջ մնաք, եվ իմ խօսքերն էլ մնան ձեր մէջ:» 

Եթե... 

Ուրիշ խոսքով ասած՝ եթե ինձ այնքան սիրեք, որ իմ պատվիրանները պահելը ձեր համար լինի ամենաթանկ բանը, ու դուք չանեք մի բան որ կվիրավորի ինձ (կամ եթե անեք, այն ժամանակ անկեղծորեն զղջաք), ապա այն ժամանակ «ինչ որ ուզենաք, խնդրեցէ՛ք Աստծուց, եւ ձեզ կը տրուի»

Երբ սա անեք, մի նրբություն էլ կա: Խնդրելուց հավատքով խնդրեք ու առանց երկմտելու: (Մարկոս 11:24, Մաթևոս 21:22, Հակոբոս 1:6)

Ոչ մի իշխանափոխություն բարիք չի բերել մարդկությանը

Ոչ մի իշխանափոխություն բարիք չի բերել մարդկությանը, որովհետև մարդու թշնամին իր անձի մեջ է, այլ ոչ թէ իր անձից դուրս: Մարդու եսասիրությունը, խաբեբայությունը, խորամանկությունը, իշխանատենչությունն ու շահամոլությունն է, որ նստած է մարդու մեջ ու նրան դրդում չար գործողությունների: 

Եթե ձեր մեջ սրանցից չկա, ինձ ասեք իմանամ թէ ոնց էք անում, իսկ եթե կա, ասեք թէ ինչու՞ չէք խոսում ու պայքարում սրանց դեմ այլ փորձում էք ազգին գայթակղեցնել: Կյանքը փոխվում է, ոչ թէ իշխանություն փոխելով ու արյուն թափելով, այլ ինքներս փոխվելով: Մի՞ թէ կյանքն այսօր ավելի լավ է Ուկրաինայում, Լիբիայում, Աֆղանստանում, Սիրայում (ուր տակավին փորձում են...): 

Արժե՞ այն արյունը որ թափվեց ու այն տառապանքը որ պատճառվեց: Քրիստոնյա ընկերներ, լավ հիշեք Հիսուսի խոսքը ու հավատարիմ մնացեք այս խոսքին թէ «Երկնքի արքայությունը ձեր ներսում է (Ղուկ. 17:21)» ու դրսից չի գալու, ուրիշի աչքի փուշը հանելով չի գալու: «Կեղծաւո՛ր, նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը եւ ապա յստակ կը տեսնես՝ քո եղբօր աչքից շիւղը հանելու համար։» Մաթ. 7:5 

Ամեն մեկս պետք է սկսենց մեզանից, մեր տներից, մեր զավակներից: Լավ դաստարակեք ձեր երեխաներին, որպեսզի վաղը մյուս օր հանկարծ ձեզ կրակը չգցեն ու անեծք չդառնան:

Monday, February 9, 2015

Ինչպես Հասկանալ Երբ Մայրը Ցանկանում է Այրել Որդուն

Այսօր այլ բան պիտի գրեի իմ էջին, բայց սարսուռով կարդացի թէ ինչպես է Նոր Նորքում 46 ամյա մայրը մուրճով բազմաթիվ անգամ հարվածել 9 տարեկան երեխայի գլխին ու հետո էլ այրել: Սա հասկանալու համար, պետք է հասկանանք չարի և բարու հարաբերությունը մեր կյանքի մեջ:

Ժողովուրդ ջան, տեսնու՞մ էք, միայն զուտ բարոյականությունը, որին ձգտում են մարդիկ, չի հերիքում չարը մեր միջից հեռացնելու համար: Բարոյականությունն առանց հոգևորության (որ նշանակում է սեր Աստծուց) չի օգնում, չի հերիքում, չի լուծել ոչ մի խնդիր պատմության սկզբից ի վեր: Չարը իրական ուժ է: Նորից կրկնեմ: Չարը Իրական ուժ է, որ պայքարում է մարդու կյանքի ու մարդու երջանկության դեմ: Այն չի խնայում ու միջոցների մեջ էլ խտրություն չի դնում: Նայեք ինչ է կատարվում Ուկրաինայում, Սիրիայում, Իրաքում, ամբողջ աշխարհում: Լավ, մի՞ թէ հնարավոր չէ, նստել ու պայմանավորվել: Մի՞ թէ սպանելն ու կործանելն ավելի լավ է: Դուք տեսնու՞ էք կեղտոտ չարության ձեռագիրն այս բոլորի մեջ: Իսկ ինչու է Աստված արտոնու՞մ:

Աստված այս խնդիրները արագ լուծելու հստակ մեխանիզմ է տվել: Բայց խնդիրն այն է, որ այդ մեխանիզմը մենք չենք փնտրում: ՆԱ ասում է, զավակներս, ձեզ այս չարի դիմաց երբեք մենակ չեմ թողել, բայց դուք ձեր կամքով թողեք որ ձեզ փրկեմ սրանից: Դա կարող է լինել միայն ձեր կամքով: Ձեր կամքին հակառակ ձեզ չեմ փրկի: Ես ՍԵՐ եմ:

Իսկ եթե մենք մեր կամքը բացենք ու Նրան ասենք, բարի, արի ու գործիր մեր մեջ ապա դա նշանակում է, որ մարդը, անհատը, պիտի սկսի ՓՈԽՎԵԼ, որպեսզի նա կարողանա այդ չարին հաղթել: Չէ՞ որ ներկա վիճակում, մենք չենք կարողանում դրան հաղթել մենակ:

Մինչդեռ մարդն ասում է, ես հավատում եմ, բայց պրոբլեմը ես չեմ, այլ դիմացինս: Ինձ մի փոխի, գնա նրան փոխի: Ինչի՞ իրենք չեն փոխվում: Ես լավն եմ, կառավարությունն է մեղավոր: Մենք լավն ենք, դուք էք վատը: Մեր մոտեցումը ճիշտ է, թքած ձեր բոլորի վրա... Ու արդյունքում այս կյանքում, որը մենք կիսում ենք իրար հետ, ունենք այսքան չարություն:

Այն մեխանիզմը, որ այս աշխարհը տալիս է մեզ, սուտ է ու երբեք չի բավականացրել, որևէ հարց լուծելու համար: Մարդն այսօր տառապում է ու սայթաքում այն նույն պատճառներով, որով նա տառապել ու սայթաքել է, երեկ, 100 կամ 1000 տարի առաջ: Ահա հենց այս պատճառով, անհատը իր որոշումներում չի կարողանում հաղթել չարին ու մենակ մնալով՝ պարտվում: Իսկ պարտությունն ինչ է՝ դա սեփական անձնի նկատմամբ սխալ որոշում ընդունելն է: Մեղքը սա է՝ Աստուծո սերը մերժելով, մենք վնասում ենք սեփական անձը: Ահա այս պատճառով դուք միշտ կլսեք ու կկարդաք, որ ծնողները սպանում են զավակներին, հայերը որդիներին, զավակները ծնողներին, ամուսինները կանանց, կանայք ամուսիններին, եղբայրը եղբորը, Քրիստոնյաները Քրիստոնյաներին, ազգ ազգի, մարդ մարդու: Ու Աստված նայում է, ու "հոգու խորքում լալիս" (Երեմյա 13:17 հայերենում այլ կերպ է թարգմանված), մեր հպարտության պատճառով ու ԻՐ աչքերից արտասուք թափվում, որովհետև զավակները մերժում են իրենց երկնավոր Հոր սերն ու փրկությունն ու կործանվում չարի դեմ պարտվելով: Հիշու՞մ էք, Հիսուսն էլ լաց եղավ երբ մտավ Երուսաղեմ (Ղուկաս 19:41-44): Եվ Պողոս Առաքյալն էլ ասում է, որ «մի՛ տրտմեցրէք Աստծու Սուրբ Հոգին» (Եփես. 4:30):


Ահա տեսնու՞մ էք, թէ ինչպես է Հայրը, Որդին և Սուրբ Հոգին լալիս, արտասվում ու տրտմում, երբ ԻՐ երեխաները մերժում ու անարգում են Ծնողի սերը ու մնում չարի դիմաց մեն մենակ ու պարտվում: Իսկ այս աշխարհի բարոյականությունը չի հասցնում, կյանք չի տալիս, արտասուքը չի սրբում, տառապանքն էլ չի պակասում:

Բայց պետք չէ որ այսպես լինի: Թագավորի զավակներ ենք, բայց անօթևանների պես ուրիշների ագարակներում փորձում ենք մեր որովայնը լցնել "եղջերու պտղով, որ խոզերն են ուտում," ու նույնիսկ դա մեզ չեն տալիս: (Ղուկաս 15:16):

Լուծու՞մ էք փնտրում, հաղթանակ էք ուզում հրեշի դեմ՞ Ուրեմն շարունակեք կարդալ Անառակ Որդու Վերադարձը առակը, այնտեղ է դեղատոմսը (Ղուկաս 15-11:32): Եթե մենք չզղջանք ու չդառնանք, ապա այսպիսի չար բաները, ցավով եմ գրում, բայց կշարունակվեն: Ու անհատը կպարտվի, կկործանվի: Պետք չէ, որ այսպես լինի: Բոլորիս համար լրջանալու ժամանակն է: Ապաշխարությամբ սրբանալու և ապրելու ճանապահը փորձված է ու հաղթական: Իսկ եթե դուք համաձայն չէք, ինձ ցույց տվեք մի այլ ճշմարիտ զենք, որը լուծել է չարության խնդիրն այս աշխարհում, որ կա բոլորիս մեջ, առանց վնասելու մարդուն:

--
Եթե սա քեզ մտորելու տեղիք տվեց, դու էլ կարող ես կիսել ու տարածել այն քո ընկերների հետ, որովհետև միգուցե նրանք էլ մտածեն այս մասին և նույնպես օգտվեն: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26
----- Եթե որևէ թերթ կամ մամուլի տեսակ ցանկանա արտատպել այս հոդվանծը, ապա խնդրեմ, ամենայն սիրով:

Friday, February 6, 2015

Հիսուս Քրիստոսի վերջին գրառված կոչը մարդկությանը

Պատկերացրեք 33 թիվ: Երուսաղեմ, քաղաքի կենտրոն: Տասնյակ հազարավոր մարդիկ Քահանայապետի ու բարձրաստիճան քահանաների առաջնորդությամ մի հսկա ծիսա-ժողովրդական տոնախմբություն են տոնում: Այնքան մեծ, որ այն տևում է 7 օր: Այսօր վերջին եզրափակիչ օրն է: Լիքը երգ և ուրախություն. Բոլորի ուշադրության կենտրոնը արարողությունն ու Տաճարի քահանաներն են, բարձրաստիճան ու կարևոր մարդիկ: Նրանք են առաջնորդում այս ամբողջ հսկա ծեսը: (Խնդրում եմ շարունակեք կարդալ, գնալով հետաքրքիր ա դառնալու):

Այդ մեծ տոնը որի մասին գրում է Հովհաննես Ավետարանիչը, Տաղավարահարաց տոնն էր, որը շատ հանրաճանաչ ու կարևոր 7-օրյա տոնակատարություն էր: Այն իր մեջ ներառում էր ամենօրյա ջրի հեղման արարողություն: Պատկերացրեք, Քահանայական թափորը ժողովրդի ուղեկցությամբ գնում էր դեպի Սիլովամի ավազան (ահագին ճամփա), այնտեղից ոսկե սափորով ջուր վերցնում, թափորով ու երգեցողությամբ հետ վերադառնում Տաճար ու քահանան բարձրանալով Տաճարի աստիճանների վրա այն հեղում էր Խորանի վրա, իսկ ժողովուրդը նրան շրջապատած երգում էին, ձեռքներին ունենալով ճյուղեր: 7րդ օրը, ինչպես Ավետարանիչն է գրում "Մեծ տօնի վերջին օրը," ջրի հետ կապված այս արարողությունը կատարվում էր 7 անգամ. Պատկերացնում էք չէ՞ պահի մեծությունն ու զգաստությունը (սրան ամենամոտը երևի իր մեծության չափով մեր Մեռոնօրհնեքն է՝ քահանայապետ, եպիսկոպոսներ ու տասնյակ հազարավոր ժովուրդ): Հիմա տեսեք ինչ է կատարվելու:

Մեկ էլ հանկարծ ժողովրդի միջից մի աղքատ, սովորական, հասարակ, սակայն պատկառանք թելադրող մի մարդ ոտքի է կանգնում ու շատ ուժեղ ձայնով "աղաղակում," գրում է Հովհաննեսը - «Եթէ մէկը ծարաւ է, թող ինձ մօտ գայ եւ խմի։ Ով ինձ հաւատում է, - ինչպէս Գիրքն է ասում, - նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն» (Հովհ. 7:37):

Դուք պատկերացնում է՞ք թե այդ մարդն ինչքան ճիշտ պիտի լինի, ինչքան վստահ լինի իր ճշմարտության ու զորության վրա, որ այսպիսի միայնակ ու քաջ դիրք բռնի առանց վախենալու թե կողքիններն ինչ կասեն: Ու այսպիսի հայտարարություն անի: Համաձայն այս աշխարհի մտածողության, այս մարդը կամ խենթ պիտի լինի, կամ էլ մի քաջ հերոս, որ խոսում է բացարձակ հեղինակությամբ: Համաձայնե՛ք, որ սա անելը ծայրահեղ դժվար է, գրեթէ անիրական: Բայց Ինքը չվարանեց ճշմարտությունից: Ինքև չվախեցավ:

Նման իրավիճակներում երբ Ձեր արարողությունը խանգարում են ու Դուք էլ իշխանություն ունեք, ինչ՞ էք անում: Մարդիկ էք ուղարկում, որ բռնեն կարգազանցին չէ՞: Քահանայապետն ու փարիսեցիներն այդպես էլ վարվեցին: Բայց այստեղ պատմությունն ավելի հետաքրքիր է դառնում: Հիմա պատկերացրեք որ Ձեր ուղարկած զինված մարդիկ հետ են վերադառնում դատարկաձեռն, առանց Նրա: Ահա թէ այստեղ ինչ է գրում Ավետարանիչը:

«Ինչո՞ւ նրան այստեղ չբերեցիք», քահանայապետերն ու փարիսեցիները հարցրեցին նրանց: Սպասաւորները պատասխանեցին ու ասացին. «Ոչ մի մարդ երբեք այնպէս չի խօսել, ինչպէս այն մարդը» (Հովհ. 7:45-46):

Այո՛, այսպիսի խոսքերի տիրոջը ողջունելու համար, արժե և հարկ է ամեն Կիրակի շուտ արթնանալ ու շտապել եկեղեցի Նրա հետ հաղորդվելու, Նրա սերը ընդունելու, Նրա առջև խոնարհվելու և Նրա ընտանիքում ապրելու: Նա չվախեցավ դժվարին պահերին ճշմարտությունը հայտնելուց և ասաց թե Ինքն է կյանքի աղբյուրը և ով իրեն հավատա "նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն." Իսկ դուք Նրան հավատարիմ կմնա՞ք, երբ լսեք Նրա ձայնը: Գոնե փոքր բաների մե՞ջ:

Սիրելի բարեկամներ, այս Կիրակի Հայ Առաքելական Եկեղեցիներում այս հատվածն է ընթերցվելու և պատարագիչ քահանաները հավանաբար կխոսեն այս մասին ու կպատմեն այս պատմության խորհուդը՝ թէ ինչպես խմել այդ ջրից: Այն անչափ կարևոր է, բաց մի թողեք: Սա ձեր կյանքին, ձեր ապրելուն է վերաբերում:

Վերջում, ևս մի շատ հետաքրքիր բան: Ջրի հետ կապված այս խոսքերը Հիսուսի վերջին խոսքերն են գրված Հայտնության գրքում, նրա վերջին գրառված կոչը մարդկությանը: Եթե ձեզ հետաքրքրում է Հիսուսի վերջին գրառված կոչը մարդկությանը, ապա ձեռքներդ վերցրեք Ավետարանն ու կադացեք այն Հայտնության գրքի 22րդ գլխի 17րդ համարում: (Եթե անեք, կոմենտների բաժնում գրեք: Ես էլ կուրախանամ ձեզ հետ ու ձեզ համար:)

--
Եթե սա քեզ մտորելու տեղիք տվեց, դու էլ կարող ես կիսել ու տարածել այն քո ընկերների հետ, որովհետև միգուցե նրանք էլ մտածեն այս մասին և նույնպես օգտվեն: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26

----- Եթե որևէ թերթ կամ մամուլի տեսակ ցանկանա արտատպել այս հոդվանծն այս Կիրակի օրվան նախնթաց, ապա խնդրեմ, ամենայն սիրով: