Monday, April 28, 2014

Դուք սելիֆների կարիքը չունեք ինքնահաստատվելու

Ժողովուրդ դուք սելֆիների (selfie) կարիք չունեք ինքնագնահատանքի ու ինքնահաստատվելու համար: Վաղուց ուզում էի այս մասին գրել, բայց մի քանի օր առաջ մեր նահանգում մի դժբախտ դեպք տեղի ունեցավ: 32 տարեկան երտասարդ մի աղջիկ մեքենան վարելիս սելֆի արեց (երբ որ մարդ ինքն իրեն նկարում է ու նկարը տեղադրում ֆեյսբուկ հուսալով որ ընկերներին իրեն կգովեն ու կասեն ինչ սիրուն, ինչ լավն էս...) ծիծաղաշարժ դեմքով ու այն տեղադրեց ֆեյսբուկում իր հեռախոսից գրելով թէ ինչ ուրախ երաժշտություն է լսում ու ինչքան երջանիկ է իրեն զգում: Ավաղ, ճիշտ այդ պահին իր մեքենան մխրճվեց դիմացից ընթացող աղբատար մեքենայի ետևն ու աղջիկը տեղն ու տեղը մահացավ: Գնաց այս աշխարհից:

Մենք այսօր ապրում էնք մի աշխարհում որտեղ որ բոլոր արժեքները տակն ու վրա են եղել: Ու մենք չենք հասկանում թէ սա ինչքան վտանգավոր է մեր կյանքերի համար: Առաջ հերոսներ էին, որ իրենց կյանքերն էին տալիս գաղափարի ու մարդկանց համար: Այսօր դրանք փոխարինվել են լիդերներով ու առանջնորդներով, որոնք վերևից կառավաում էն նրանց, որոնք իրենք իրենց համարում են ներքևում: Առաջ խոնարհությունն ու հեզությունն էին արժեքների, իսկ այօր հպարտությունն ու սելֆիները:

Սիրելի ընկերներ, դուք էդ սելիֆների կարիքը չունեք ինքնահաստատվելու: Մի հատ կարդացեք ինտերնետում ու տեսեք թէ ինչպես էն մարդիկ իրականում ընկալում սելֆիները: Դուք սելֆի էք անում ու կիսում ինտերնետում հուսալով որ ձեր ընկերները կասեն "էս ինչ լավն էս, էս ինչ սիրուն էս," դուք էլ կտեսնեք թէ քանի հոգի ա լայկ անում և ուրախությունից կթռթռա ձեր սիրտը: Չէ՞ Այ այստեղ սխալվում էք: Վիկիպեդիայում տպագրված հասարակական հարցումները ցույց էն տալիս որ երբ ձեր ընկերները տեսնում էն ձեր սելֆիները, նրանք մտածում են ձեր ցածր ինքնահաստատման (low self-esteem), ցածր ինքնագնահատանքի մասին: Ինչքան ցավալի է, երբ հոգևորականներն էն այս գայթակղության մեջ ընկնում: Ի՞նչ պիտի սովորեն ժողովուրդը, որտեղի՞ց պիտի օրինակ վերցնեն…

Սիրելի ընկերներ, դուք իրականում ավելի բարձր էակներ էք, քան դուք ձեր մասին կարծում էք: Ամեն մարդ Աստուծո պատկեր է ու նմանություն: Սելֆի նկարը չէ որ գեղեցկացնում ու գնահատել է տալիս մարդուն, այլ այդ նկարի ետևում կանգնած անձի ներքին պատերը, որը ճանաչվում է գործերով ու մտքերով: Վեր կանգնեք այս ընկած վիճակից: Ճանաչեք ու հասկացեք ինչի համար էք եկել այս աշխարհ: Ի՞նչ պիտի անեք եթե մի օր սելֆի անեք ու ոչ մեկը կոմենտ ու լայք չանի: Կյանքն ինչպե՞ս պիտի իմաստավորեք: Իսկ եթե արդեն իմաստավորելիք արժեքներ ունեք, մի՞ թէ Ձեր երջանկությունն ու ներքին խնդությունը կախված են դիմացինների գովասանքից:

Լուսակի՛ր եղեք այլ ոչ թէ սին բաների հետևորդ ու գերի:

Sunday, April 27, 2014

Որն է ավելի լավ՝ վիրավորել թէ՞ վիրավորվել

Հետևյալ երկուսից որն է ավելի լավ՝ վիրավորել թէ՞ վիրավորվել: Իրականում ոչ մեկն էլ լավ չեն, բայց երբ բանը հասնում է դրան, պարզվում է որ վիրավորվելն ավելի լավ է (ուրիշ բառ չեմ գտնում) քան թէ վիրավորելը: Ահա թէ ինչու: Մեկնաբանում է հայր Թադևոս Վիտովնիցկին իր "Մեր Մտքերը Սահմանում էն Մեր Կյանքերը" գրքում:
"Ավելի լավ է վիրավորվել քան մեկին վիրավորել: Քանի որ երբ մենք վիրավորվում կամ անարգանք էնք կրում մենք տակավին կարող ենք պահել մեր խաղաղությունը, բայց երբ մենք էնք վիրավորում մեկին, ապա մեր խիղճը չի թողնի որ մենք խաղաղություն ունենանք ու մենք կկորցնենք մեր խաղաղությունը:"
Սա իհարկէ... եթե խաղաղությունն ու հոգու ուրախությունը ձեր համար բարձրագույն արժեքներ են և դուք չէք թողնի որ ոչինչ խաթարի նրանց: Եթե մեկը ձեզ վիրավորում է, պարզապես ներեցեք, քանի որ պայմանն այսպես է "եվ ներիր մեզ մեր պարտքեն այնպես ինչպես և մենք էնք ներում մեր պարտապաններին:" ( Մաթ. 6:12) Ներել կարողանալն ավելի բարձր է քան արդարությունը:
Իսկ ավելի լավ է երբեք չվիրավորենք իրար ու ամեն մարդու մեջ Աստուծո պատկերն ու նմանությունը տեսնենք, ապրենք իրար հետ սիրով, որպես մի մեծ ընտանիքի անդամներ:

Saturday, April 26, 2014

Ճանաչիր լույսը քանի դեռ այս աշխարհում ես

Դու կհասցնե՞ս ճանաչել իսկական լուսյը քանի դեռ ապրում ես այս աշխարհում: Շատերը չեն հասցնի:  Չեն հասցնի, որովհետև կամ չեն ուզում ճանաչել, կամ էլ հետաձգում են: Երկրորդն ավելի վտանգավոր է: Եթե քո լույսն արևից է գալիս ապա դա միայն մարմնի աչքերն է լուսավորում: Եվ ինչպես առաջին ատամնաշարը օգտագործելի է մինչև 7 տարեկան, արևի լույսն էլ օգտագործելի է մինչև գերեզման: Դրանից հետո այն անպետք կլինի քեզ համար:

Մինչդեռ կա մի այլ լույս, որը մշտական է ու կյանք է: Եվ այդ կյանքն է որ մեզ համար իսկական ու չխավարող լույս է: «Այդ լոյսն էր ճշմարիտ լոյսը, որ լուսաւորում է ամէն մարդու, որ գալու է աշխարհ։ Նա աշխարհի մէջ էր, եւ աշխարհը նրանով եղաւ, սակայն աշխարհը նրան չճանաչեց։ Իւրայինների մօտ եկաւ, բայց իւրայինները նրան չընդունեցին։ Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանութիւն տուեց լինելու Աստծու որդիներ, նրանց, որոնք իր անուանը կը հաւատան։ Նրանք ո՛չ արիւնից, ո՛չ մարմնի կամքից եւ ոչ էլ մարդու կամքից, այլ Աստծուց ծնուեցին։» ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ ԳԼ. 1:9-13

Դու կհասցնե՞ս ճանաչել ԱՅՍ լույսը քանի դեռ այս աշխարհում ես՝ կրել այն քո մեջ և ապրել նրանով ու այն տեսանելի դարձնել քո եղբայրներին ու քույրերին: Շտապի՛ր բարեկամս: Մութն օր օրի ընկնում է:

Բարի Կիրակի:

Tuesday, April 8, 2014

Մա՛րդ, Ժամանակը Քեզ Տրված Է Ինքնաճանաչողության Համար

Երբեմն թվում է, որ այս աշխարհում ապրելու ամենամեծ նպատակն այն է, որ մարդը ճանաչի ինքն իրեն (թէ որտեղից է նա, Ով իրեն ստեղծեց, ինչու համար, ինչ է կատարվում իր հետ, որտեղից է գալիս և ուր է գնում ինքը) և այդ ճանաչողությամբ ու ազատ կամքով սիրի իրեն Ստեղծողին (Ով մարդուն ասում է՝ դու կարող էս ինձ Հայր կոչել, դու ԻՄ ժառանգությունն էս) և այդ Ստեղծողի մյուս զավակներին, որ մարդու հարազատ քույրերն ու եղբայրներն էն:

Ինձ այս վերջերս անկեղծորեն զարմացնում ու հետաքրքրում է թէ ինչպես է որ ավազակն առաջինը մտավ Աստուծո Արքայության մեջ: Չէ որ նա անմեղ չէր, մինչդեռ խաչի տակ շատ շատերը կային որ իրենք իրենց արդար էին համարում: Առավել ևս այս ավազակը ոչ հաղորդություն էր վերցրել, ոչ էլ մկրտվել: Այո, ինքն իրեն տարբեր պահեց քան թէ մյուս խաչվող ավազակը, բայց ի՞նչ էր դա:

Այս ավազակը ճանաչեց իրեն: Վերջին պահին, ճանաչեց իրեն, որ ինքն արժանին է ստանում իր կյանքի սխալների համար: Որ ինքն այս կյանքը սխալ էր ապրել, գողացել ու թալանել ու այժմ այլևս չունի ոչ մի շանս այն շտկելու: Բայց ուներ մեկ հնարավորություն, ճանաչէլ այդ, ու ասել որ սա արդար է, որ ես արդար պատիժ եմ կրում իմ մեղքերի համար: Իսկ լինել արդար, նշանակում է գիտակցել ու ընդունել, որ Աստուծո արդարությունը հատուցում է պահանջում:

Մեզ թվում է թէ Աստուծո մասին ամեն ինչ գիտենք, բայց իրականում նույնիսկ մեզ չէնք ճանաչում: Հպարտության ցեխի մեջ էնք, բայց մեզ թվում է թէ արդար էնք, քանի որ աղանդավոր չէնք, մկրտված էնք ու եկեղեցում հաղորդություն էնք վերցնում: Մեր սրտում ու մտքում մութ է, ատում էնք սխալականներին ու զվարճանում թույլերի ու եկեղեցուց հեռացածների վրա, բայց համոզված էնք, որ Երկնքի արքայության մեջ գոնէ մի փոքր տեղ արդեն ունենք ապահոված մեզ համար:

Մենք չէնք ճանաչում մեզ այնպես ինչպես որ մենք կանք, այ մեզ միշտ բարձր էնք դասում: Մինչդեռ «ամեն մեծամիտ պիղծ է Տիրոջ առաջ» (Առակներ 16:5) եվ մեծամիտները, գոռոզներն ու ամբարտավանները չէն կանգնում Նրա ներկայության մեջ (Սաղմոս 5:5): Մեզանից քանիսն իրենց կյանքի ամենադժվար ու որոշիչ պահին, խաչի վրա, այդպիսի ցավի ու տառապանքի մեջ կարող էն ճանաչէլ իրենց ու ասել, ես արժանին եմ ստանում իմ վարած կյանքի համար:

Երանի թէ մեր եկեղեցու եպիսկոպոսները մի պարբերություն էլ հարմար նկատեին ավելացնել մեր Հավատո Հանգանակի վերջին պարբերությանը: «Հավատում էմ որ ստեղծված էմ Աստուծո պատկերով և նմանությամբ, որ ժամանակն ինձ տրված է ինքս ինձ ճանաչելու, ազատ կամքովս ինձ Ստեղծողին սիրելու ու նրա զավակների նկատմամբ հոգատար ու խնամակալ լինելու համնար: Հավատում էմ որ այս կյանքը ժամանակավոր է ու ես անցորդ էմ այստեղ: Հավատում եմ որ իմ նպատակավայրը իմ Ստեղծողի հետ միավորվելն է: Հավատում էմ որ իմ առջև դրված է կյանքն ու մահը: Հավատում էմ որ Աստուծո սիրո մեջ մնալով, բարի գործեր կատարելով ու չար մտքերը վանելով ես ընտրում էմ կյանքը և կյանքը բարի է»: Պատկերացրեք ինչքան կարող էր փոխվել աշխարհը երբ միլիոնավոր մարդիկ շաբաթը մեկ անգամ իրենք իրենց հիշեցնեին թէ իրենք ով էն և ինչու են ապրում:

Saturday, April 5, 2014

Քրիստոնեական կյանքը պացիֆի՞զմ է թէ պայքար:


Իրականում ճշմարիտ Քրիստոնեությունը նույնիսկ կրոն չի, այն իմաստով երբ այն համեմատենք այլ կրոնների հետ, այլ հարաբերություն զավակի և ծնողի միջև: Իսկ ինչ վերաբերում է պացիֆիստական է թէ ոչ, ապա սա էլ կախված է նրանից թէ մարդն ինչ է ուզում: Արդյոք նա ուզում է Քրիստոնեությունը հարմարացնել իր աշխարհիկ նպատակների իրագործման համար թէ իսկապես հարաբերություն է փնտրում Նրա հետ որ իրեն ստեղծեց: Եթե երկրորդը՝, ապա Հիսուսին ճանաչելով նա զգում է որ սխալ է ապրում այս կյանքում, զղճում է և ուզում է փոխվելով մոտենալ իր Հորը, իսկական ծնողին: Ճանապահին նա տեսնում է որ թշնամի ունի և իր կամքով գերի է այդ թշնամուն (հպատություն, փառասիրություն, նախանձ, իշխանատենչություն, եսասիրություն և այլն). Սկսում է պայքարել այդ թշնամու դեմ: Եթե խոնարհ է ու ազնիվ, հասկանում է, որ մենակ չի կարող պայքարել ու հաղթել: Նույնիսկ Պողոս Առաքյալը դա ընդունեց (Հռոմեացիս 7-8 գլուխներ): Ու նա այստեղ է, որ խոնարհվում է ու ասում Տէր ես մենակ չեմ կարող, փրկիր ինձ: Եվ ՆԱ գալիս է: Սրա համար էն մենք Նրան կոչում Փրկիչ:
Նորից պացիֆիզմի մասին: Եկեղեցու հայրերը (մարդիկ որ լուսավորության հասնելու ճանապահ էն անցել ու իրենց գրվածքները հոգևոր կյանքի մասին զարմանալիորեն համնկնում են իրար հետ) գրում են, որ ամբողջ հոգևոր կյանքը պայքար է: Պայքար է հպարտության, հոգևոր գողության, ավազակության, խաբեբայության, փառասիրության և այլ ներքին զգացումների դեմ (հիշե՛ք ինչ եղան սերմնացանի առակի միջի առաջին 3 սերմերին, հատկապես նրան որ ճամփեզերին ընկան և ով գողացավ:) Ու եթե աղոթքի ժամանակ դու չես պայքարում, չէս "քրտնում" ապա քո աղոթքը չի պատասխանվում: Աղոթքը չի ենթադրում, հաճելի, հանգստացնող ու մեդիտատիվ երևույթ: Սա պայքար է թշնամու դեմ, որ աղոթքի պահին, երբ դու ձգտում էս ուշադրությունդ ու միտքդ ամբողջովին տաս ՀՈՐԴ, չարն ամեն տեսակ լավ ու վատ մտքերով ձգտում է շեղել ուշադրությունդ, որպեսզի արդյունքում դու ոչինչ չստանաս:
Քրիստոնեությունը պայքար է: Սերը, խաղաղությունն ու ուրախությունը, որ Սբ. Հոգու պտուղներն են (Գաղատացիս 5:22), այդ պայքարում հաղթանակի աղբյուրն են: Հիշու՞մ էք, երբ Հիսուսն աղոթում էր Գեթսեմանիի պարտեզում "ամբողջ հոգով էր աղօթում։ “ Եւ նրանից քրտինքը հոսում էր արեան կաթիլների նման՝ շիթ-շիթ գետին թափուելով։" Ղուկաս 22:43-44
Սրա համար էր, որ աշակերտները Հիսուսին խնդրեցին որ իրենց աղոթէլ սովորեցնի (երբ Հիսուսը Հայր Մերը սովորեցրեց): Կարծում էք նրան աղոթէլ չգիտեի՞ն: Իհարկե գիտեին: Բայց նրանք ուրիշ բան էին խնդրում: Ասում էին չէ չէ, դու մեզ քո պես աղոթէլ սովորեցրու: Դու աղոթում էս կաղերը քայլում են, կույրերը տեսնում, մեռելները հարություն առնում: Մենք աղոթում էնք ոչ մի բան չի ստացվում: Հետո էլ ասում ես թէ դուք ավելի մեծ բաներ կանէք քան թէ Ես (Հով. 14:12): Էտ ո՞նց էս անում: Մեզ էլ այդպես աղոթել սովորեցրու: ---- Ու ինքը սովորեցրեց, ու նրա քրտինքը թափվում էր կաթիլ առ կաթիլ երբ նա աղոթում էր:
Էդ ինչ պայքար է որ աղոթքի ժամանակ քրտինք է թափվում կաթիլ առ կաթիլ: Սա պասիֆիզմ է՞
Եվս մեկ նկատառում: Պասիֆիզմը, խոնարհությունն ու բարոյականությունը չի կարելի շփոթէլ արժանապատվության հետ: Օրինակ, երբ մի չար մարդ փոձում է մի կնոջ բռնաբարել և վերջինս ապտակելով պաշտպանվում է: Համաձայն մեր հավատքի, այս կինն իրավունք ունի՞ պաշտպանելու իր արժանապատվությունը թէ՞ պետք է խոնարհաբար տանի անպատվությունը:
Բարի Կիրակի եմ ցանկանում բոլորիդ:

Friday, April 4, 2014

Ինչպես այնպես անել, որ մարդիկ իրենց շատ լավ զգան ձեր ներկայության մեջ

Մի շատ հետաքրքիր ձև կա, որ ճշմարիտ Քրիստոնեաներդ կարող էք այնպես անել որ մարդիկ իրենց շատ լավ զգան ձեր ներկայության մեջ: Երբ դուք փոխում էք ձեր մտքերը, զարմանալի բայց բնական ձևով ձէր շուրջի մարդկան մտքերը նույնպես փոխվում էն: Ահա թէ ինչպես:

Սերբիայի Վիտովնիցա քաղաքի վանքում մինչև 2003 թվականը Թադևոս անունով մի ծեր վանահայր էր ապրում, որի մոտ տասնյակ հազարավոր մարդիկ էին գնում հոգևոր կյանքի մասին խորհուրդների համար: Այս մարդը շատ խոնարհ ու հարգված մարդ էր: Ահա թէ նա ինչ էր ասում վերոհիշյալ հարցի մասին:

Երբ մենք հաճախ էնք մտածում մի անձի մասին, մենք սկսում էնք սիրել այդ անձին: Դուք հասկանու՞մ էք, անհնար է սիրել մեկին երբ մենք այդ անձին ոչ մի ուշադրություն չէնք դարձնում և չէնք մտածում իր մասին երկար ժամանակ:

Երբ մենք փնտրում էնք մեր սիրելի Տիրոջն ու հաճախ մտածում Նրա մասին, մեր սրտերը սկսում էն ջերմանալ:

Երբ սիրտը ջերմանում է ու միտքը կենտրոնանում մի կետի վրա (ի նկատի ունի Աստուծո) և երբ այդ կենտորնացումը զորավոր է՝ ապա ջերմացող սրտի կրակը ուժեղանում է և մենք սկսում էնք ամեն ինչ սրտով (խղճով) անել: Ու մեկ էլ հանկարծ մենք սկսում էնք մեր շուրջի իրադարձություններին այլ կերպ, այլ աչքերով նայել: Ու հանկարծ տեսնում էնք որ մեջ շուրջը ամեն ինչ փոխվում է: Մարդկանց մտքերը նույնպես իրականում փոխվում էն մեզանից ճառագայթող խաղաղության պատճառով: Նրանց իրենց լավ էն զգում մեր ներկայության ժամանակ: Թէրևս նրանք մեր հետ թշնամանք ունեին առաջ կամ կոնֆլիկտ, բայց հիմա նրանք զգում էն որ մեզանից խաղաղություն է ճառագայթում:

Իսկ ինչ վերաբերվում է մեզ, մենք այլևս նրանց հետ չէնք վարվում «աչքի տեղ աչք, ատամի տեղ ատամ» սկզբունքով, այլ նրանց մասին ունենք միայն բարի ու անկեղծ մտքեր (շեշտում էմ, բարի ՄՏՔԵՐ): Մեր ուզածն արդեն խաղաղություն է: Երբ երկու կոնֆլիկտային կողմեր կան, մի կողմը պետք է արժանապատվորեն զիճի: Դու դառնում էս այդ կողմը: Տէրն, ի վերջո, պատվիրեց մեզ սիրել մեր թշնամիներին:

Հետաքրքիր մոտեցում է ցույց տալիս հայր Թադևոս Վիտովնիցկին: Նա այս մտքերը շարադրել է մի գրքում, որ վերնագրված է այսպես - «Մեր Մտքերը Որոշում էն Մեր Կյանքը»: