Tuesday, December 30, 2014

Սբ. Սիղուան Աթոնացու խոսքը Հոգևոր Պայքարի մասին

Նրանք, ովքեր որ հետևում են Հիսուս Քրիստոսին, հոգևոր պայքար են մղում: Այդ պայքարի մեջ հաղթելուն վարժվում ենք Սբ. Հոգու տված շնորհների օգնությամբ, որոնք էլ ստանում ենք խոնարհության ու հեզության մեջ: Բոլոր իսկական սրբերը մի ընդհանուր գիծ են ունեցել, նրանք խոնարհ են եղել:

Այսօր, Սբ. Ծննդյան Պահքի առաջին օրը, եթե ռուսերեն գիտեք, քաջալերում եմ ձեզ լսել  Սբ. Սիղուան Աթոնացու (Преподобный Силуан Афонский) խոսքը Հոգևոր Պայքարի մասին: Միանգամից գրավիչ է ու խորաթափանց:


Thursday, December 18, 2014

Հիսուս Քրիստոսի Ինը Երանենիները

Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ բարձրացաւ լերան վրայ։ Եւ երբ այնտեղ նստեց, նրա մօտ եկան իր աշակերտները. 2եւ նա սկսեց նրանց ուսուցանել ու ասել. 

1. Երանի՜ հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը։ 

2. Երանի՜ սգաւորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարուեն։ 

3. Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք երկիրը պիտի ժառանգեն։ 

4. Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետեւ նրանք պիտի յագենան։ 

5. Երանի՜ ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմութիւն պիտի գտնեն։ 

6. Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն։ 

7. Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն։ 

8. Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը։ 

9. Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք՝ սուտ ասեն։ Ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք, որովհետեւ երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպէս հալածեցին մարգարէներին, որոնք ձեզնից առաջ են եղել։

Ավետարան Ըստ Մաթևոսի, գլ. 5, համարներ 1-12

Նաև սովորեք մեր Աստուծո 10 Պատվիրանները, որ ամեն մարդ պետք է անգիր իմանա և գործադրի իր կյանքում:

Wednesday, December 17, 2014

Ինչպես Ավելացնել Աստուծո Նկատմամբ Սերն ու Վստահությունը

Աստուծո նկատմամբ ձեր սերն ու վստահությունը կավելանա, եթե դուք ձեր աղոթքներում խնդրեք այն բաները, որոնք անհրաժեշտ են ձեր անհատականության փրկության համար, այլ ոչ թէ այն մանր-մունր բաները, որոնք դուք էք ուզում կարճաժամկետ հարցեր լուծելու համար, առանց իմանալու թէ իրականում դրանք լավ են ձեզ համար թէ ոչ: 

Դրա համար Հիսուսը մեզ սովորեցրեց փնտրել Աստուծո անվան սրբություն, ուզենալ որ նրա արքայությունը գա քանի որովհետև չկա դրանից ավելի լավ բան ու ավելի լավ տեղ, կամենալ որ նրա կամքը լինի քանի որ դա ավելի բարի է քան մերը, մեր ապրելու համար անհրաժեշտ հացը տա (և ուտելիք և իր Խոսքը), ների մեզ ոչ թէ արդարությամբ այլ այնպես ինչպես մենք էնք ներում մեր նկատմամբ անարդար վարվողներին, ու չթողնի որ գնանք փորձության մեջ ու կրակն ընկնեք, այլ հեռու պահի մեզ ամենայն չարից որ տառապեցնում են մեզ: Հիսուսը մեզ այսպիսի բաներ սովորեցրեց, այլ ոչ թէ ասեց ժողովուրդ ջան, երբ որ աղոթքի կանգնեք, աղոթեք որ լավ գործ ունենաք, ձեր երեխաները հարուստ լավ տեղեր ամուսնանան, ծնվելուց էլ մենակ տղա երեխաներ ծնվեն, դուք էլ միշտ մեծ ու լեն տներում ապրեք: Եթե այսօր Հիսուսը հայտնվի ձեզ ու ասի հենց հիմա երկնքի արքայություն եմ տանում, գալի՞ս էս, քրիստոնյաներից քանի մարդ կասի այո, հենց հիմա գալիս եմ: Հենց հիմա ուզում եմ:

Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: Ամեն օր կարդացեք Ավետարանն ու ամեն օր աղոթեք ձեր սրտի խորիքից: Նույնիսկ մի պարզ աղոթք, ինչպես օրինակ «Տէր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, Ողորմյա ինձ մեղավորիս»: Բարին ընդ ձեզ: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26

Tuesday, December 16, 2014

Ինչու Է դաժանությունն ու տառապանքն ավելնաում աշխարհում

Այսօր չար մարդիկ իրենց ազատ կամքով 130 երեխաներ են սպանել Պակիստանի Փեշավար քաղաքի դպրոցներից մեկում: Նրանք մեր փոքրիկ քույրերն ու եղբայրներն են ու նրանց ծնողները մեր աղոթքների կարիքն ունեն որ դիմանան: Այստեղ հիմա շատ հարցեր կծնվեն, որոնց պատասխանները մենք չունենք: Միայն գիտենք, որ երեխաները գնացին տուն, իրենք նեղ դռնով անցան, իսկ ծնողները մնացին, պիտի սպասեն ու դիմանան:

Ինչու՞ է այսպես: Մարդն ասում է, որ ես եմ Աստվածը, իմ կամքն եմ ուզում, իմ համար եմ ուզում, թքած ունեմ բոլորի վրա (դրա համար նա հեռացավ Աստծուց, մի այլ դրախտ փնտրելով ու այս աշխարհ գալով): Ինչ ուզեմ կանեմ, կսպանեմ, կթալանեմ, կխաբեմ, կգողանամ, կվերցնեմ, իմ շահի համար, իմ փառքի համար, դուք ո՞վ էք: Ինչ լավ է սա պատկեված Մովսեսի մասին նոր ֆիլմում, ուր Փարավոնն ասում է, «ե՛ս եմ աստված, ես եմ աստվածը...» (տես 2րդ րոպեի 14րդ վայրկյանից http://bit.ly/1CG7zhB):

Մարդն Աստծուց հեռու մնալով իր կամքը տվել է այս աշխարհի կառավարչին, որը միայն ցանկանում է ապստամբել ամեն մի բարության վրա, հպարտանալ, խաբել մարդուն ու ասել դու ես աստված, ինչ ուզում ես արա: Այս աշխարհի կառավարչը ոչ մի ընդհանրություն չունի մեր Տէր Հիսուս Քրիստոսի հետ ու ոչ մի իշխանություն չունի մեր Տիրոջ վրա: (Հովհ. 14:30)

Նայեցե՛ք ձեր շուրջը սիրելի եղբայրներ ու քույրեր: Չորս կողմը մահ, սպանություն, խաբեություն, մոլորեցում, Պակիստանում քաոս, Ռուսաստանում համարյա դեֆոլտ, Ուկրաինաիում պատեազմ, Սիրիայում, Աֆղանստանում, Իրաքում քաոս, թե Կանադան ու Ավստրալիան մտածում էին որ իրենք ապահով են, տեռորը նրանց էլ հասավ: Ու ինչ լկտիություն, Ավստրալիայում մարդիկ սելֆիներ էին նկարվում այդ սրճարանի մոտ ուր պատանդներն էին պահված:

Ինչպե՞ս կողմնորոշվել այս ամենի մեջ:

Պատասխանը շատ հստակ է: Եթե դուք չեք մնում իսկական Աստուծո սիրո մեջ, ապա դուք այս աշխարհի իշխանի հետ մնում էք մեն մենակ: Մեն մենակ: Իսկ նա ձեր թշնամին է, միայն մահ ու քաոս է սփռում ձեր կյանքերում: Պատմության մեջ միշտ այդպես է եղել ու մարդը, մեն մենակ չի կարողացել երբեք հաղթահարել դա: Այս աշխարհի իշխանը դա անում է մարդու մեջ ագահություն, խորամանկություն, եսասիրություն, փառասիրություն ու անմտություն սփռելով: Պարզապես միացրեք հեռուստացույցն ու դուք կտեսնեք թէ այս աշխարհի իշխանն ինչպես է խոսում՝ գնեք ավելի շատ, կերեք ավելի շատ, պարտք վերցրեք ու մի մտածեք թէ ինչպես պիտի այն վերադարձնեք, հպարտացեք ձեր սեղանների ճոխությամբ ու մրցեց իրար հետ թէ ով ավելի շատ ունի, թէ ով ավելի մեծն ունի, թէ ով ավելի շատ կարող է: Ի՞նչ անել:

Մա՛րդ: Դու պիտի հենց հիմա վերագտնես քո իսկական մարդկային կոչումը: Դու պիտի հենց հիմա ճանաչես քեզ ստեղծողին ու քեզ ամեն շնչիդ հետ կյանք տալացողին (ամեն հարաբերությունից երեխա չի ծնվում չէ՞): Դու պիտի հենց հիմա ճանաչես թէ ով է քո բարեկամը և ով է քո թշնամին: Դու պիտի սիրես քո տէր Աստծուն քո ամբողջ սրտով ու մտքով ու պիտի սիրես քո մերձավորին: Դու չպիտի չար բան մտածես քո մերձավորի նկատմամբ: Դու չպիտի խորամանկես ու խաբես նրան: Դու պիտի զղջաս ու ապաշխարես քո անցյալ սխալների համար ու անկեղծ ներողություն խնդրես Աստծուց, քանի դեռ ժամանակ ունես: Դու պիտի իմանաս, որ քո Աստվածը սեր է, Նա քո երկնավոր Հայրն է ու քեզ համար փրկություն է ուղարկել, որի անունն է Հիսուս Քրիստոս: Պատմության մեջ միայն Տէր Հիսուս Քրիստոսն է, որ կապել է այս աշխարհի իշխանին ու ազատել Աստուծո որդիրներին (Մարկոս 3:27): Մա՛րդ: Դու պիտի ձգտես Հիսուս Քրիստոսին, այսօր կուլ տալով ամեն մի ԽՈՍՔ, որ դուրս է եկել Նրա բերանից: Եթե ոչ, դու կմնաս այս աշխարհի իշխանի իշխանի դիմաց մեն մենակ: Իսկ երբ դու նրա դիմաց մեն մենակ ես, դու շանս չունես հաղթելու: Քո հայ, թուրք, հրեա, ռուս կամ ֆրանսիացի լինելը քեզ չի օգնելու: Ընտրությունը քոնն է, քանի դեռ ժամանակ ունես, ու չգիտես թէ ինչքան ունես:

Տէր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, ողորմյա քո զավակներին որպեսզի ձգտեն քեզ ու այսօր ողորմյա Պակիստանում սպանված երեխաներին ու նրանց ընտանիքներին:

------------
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: Ամեն օր կարդացեք Ավետարանն ու ամեն օր աղոթեք ձեր սրտի խորիքից: Նույնիսկ մի պարզ աղոթք, ինչպես օրինակ «Տէր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, Ողորմյա ինձ մեղավորիս»: Բարին ընդ ձեզ: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26

Friday, December 5, 2014

Ինչ է կատարվում, երբ Աստուծո նկատմամբ վախը փոխվում է սիրո

Ինչ է կատարվում, երբ Աստուծո նկատմամբ վախը փոխվում է սիրո

Մարկոսի Ավետարանում Տէր Հիսուսն առաջին հայացքից դժվար հասկանալի մի շատ մխիթարական խոսք ունի, ուր նա ասում է « ամէն ինչ, որ աղօթք անելով խնդրէք եւ հաւատաք, թէ կը ստանաք, կը տրուի ձեզ» (Մարկոս 11:24):

Սա գրեթե անկարելի բան է թվում: Աղոթքի պահին ո՞նց հավատաս, որ այն, ինչի համար դու աղոթում ես, արդեն ստացել ես: Ինչքան էլ հավատաս, մեկ է, երկմտությունը , մտքերի մոլեգնությունը, կասկածը վրա են տալիս (տեսնես կտա թէ՞ չի տա, հա՞ որ, ես ինչ իմանամ սա կստանամ թէ չէ, և այսպիսի մտքեր): Իսկ երկմտությունն ու կասկածն անմիջապես փակում են դռները: Հիշու՞մ էք Պետրոսն անմիջապես ջուրն ընկավ ծովի վրայով քայլելիս երբ մտքում կասկածեց այն զորության վրա որ իրեն թույլատրել էր դա անել:  Իսկ դա աննկատ չմնաց Հիսուսի կողմից (Մաթ. 14:31): Ուրեմն ինչպե՞ս վարվել:

Եթե աղոթքի պահին նույնիսկ մի նշույլ իսկ կասկածում ենք, թէ արդյոք կստանանք թէ ոչ մեր խնդրվածքները, ապա դա 100 տոկոսանոց հավատքի ու վստահության բացակայություն է չէ՞ Ահա այդ բանալի բառը՝ վստահություն:

Բացատրում է Հովհաննես Առաքյալն իր Առաջին Նամակի մեջ:

Վստահում ես միայն նրան ում իսկապես սիրում ես: Իսկ ում իսկապես սիրում ես, կատարում ես նրա պատվիրանները: Այս տեսակ սիրո մեջ դու սկսում ես դիմացինին շատ լավ ճանաչել ու վստահել նրան: Որովհետև իսկակակ սիրո մեջ վախ չկա: Կատարյալ սերը չի վախենում: Կատարյալ սիրո միջից վախը դուրս է մղվում: Կատարյալ սիրո մեջ երկու կողմերն էլ իրար շատ լավ ճանաչում են: ՆԱ մեզ գիտի, ու մենք սկսում ենք իրեն ճանաչել, ԻՐ պես մտածել, ԻՐ մտահոգությունները կիսել (սիրել ԻՐ մյուս զավակներին այդ նույն սիրով): Ախր սա կատարյալ սիրո հարաբերություն է սիրելի զավակի և ամենակարող Հոր միջև: Ու այդ սիրո մեջ (երբ պահում ենք Նրա մեր իսկ օգուտի համար տրված պատվիրանները) ծնվում է այն վստահությունը, թէ ինչ էլ որ խնդրեք Հորից դուք կունենաք այդ վստահությունը, որով առանց կասկածի կիմանաք, որ դուք ստացել էք այն ամենը ինչ որ խնդրել էք:

Հիմա կասեք լավ, բա որ մեկը վատ բան խնդրի: Պատասխանը շատ հեշտ է: Այս տեսակ հարաբերությունն սկսվում է ապաշխարությամբ (ինչպես http://bit.ly/1yTTyeF), երբ որ մարդու միտքը փոխվում է, տանում դեպի Աստված ու մարդն սկսում է Աստուծո պես մտածել: Այս տեսակ մարդն Աստծուց լինելով, չի կարող վատ բան խնդրել, կամ չի կարող մի այնպիսի բան խնդրել որը Հոր կամքով չէ: Աստուծո Հոգին նրա մեջ գործելով առաջնորդում է միայն ճշմարտության մեջ (Հովհ. 16:13):

Այս մտքերն իմը չէին, այլ ընդամենը վերապատմում էին այս հարցի շուջ Հովհաննես առաքյալի նամակում գրված մի քանի բացահայտիչ հատվածներ: Ահա թէ ինչպես է անդրադառնում Հովհաննես առաքյալը Տէր Հիսուսի այն խոսքերին  թէ «ամէն ինչ, որ աղօթք անելով խնդրէք եւ հաւատաք, թէ կը ստանաք, կը տրուի ձեզ»:

1 Հովհ. 3:21-22 --- Սիրելինե՛ր, եթէ մեր սրտերը մեզ չդատապարտեն, համարձակութիւն կ՚ունենանք Աստծու առաջ. եւ ինչ էլ որ հայցենք, կը ստանանք նրանից, որովհետեւ պահում ենք նրա պատուիրանները եւ կատարում նրան հաճելի բաները։


1 Հովհ. 4:17-18 -- Աստծու հանդէպ եթէ սէրը կատարեալ է մեր մէջ, ուրեմն վստահութիւն կ՚ունենանք դատաստանի օրը նրա դիմաց կանգնելու. որովհետեւ, ինչպէս որ նա է, այնպէս էլ մենք ենք այս աշխարհում։ Սիրոյ մէջ երկիւղ չկայ. եւ կատարեալ սէրը հեռու է վանում երկիւղը, որովհետեւ երկիւղը տանջանքի ենթակայ է. եւ ով երկնչում է, կատարեալ չէ սիրոյ մէջ։

1 Հովհ. 5:14-15 -- Եւ ա՛յս է այն վստահութիւնը, որն ունենք մենք նրա հանդէպ. այն, որ ի՛նչ էլ խնդրենք ըստ նրա կամքի, նա մեզ կը լսի. եւ քանի որ գիտենք, թէ նա լսում է մեր խնդրանքները, ապա գիտենք նաեւ, որ կը ստանանք այն խնդրանքները, որ հայցեցինք նրանից։

Որտեղից է առաջանում իսկական սերը http://bit.ly/1uqbn3b

-----
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: Ամեն օր կարդացեք Ավետարանն ու ամեն օր աղոթեք ձեր սրտի խորիքից: Նույնիսկ մի պարզ աղոթք, ինչպես օրինակ «Տէր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, Ողորմյա ինձ մեղավորիս»: Բարին ընդ ձեզ: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26