Tuesday, February 25, 2014

Հիսուսի թերևս ամենատպավորիչ ինքնաբացահայտման խոսքերն իր Օծեալ-փրկչական առաջնորդության մասին

Անցյալ Կիրակի մեր եկեղեցում Ավետարանի ընթերցման ժամանակ ընթերցվեց Հիսուսի թերևս ամենատպավորիչ ինքնաբացահայտման խոսքերն իր Օծեալ-փրկչական առաջնորդության մասին (ավելի լավ բառ չեմ կարողանում գտնել Messiahship բառի թարգմանության համար): Ընթերցվածքը ՅՈՎՀԱՆՆԷՍԻ Ավետարանի 7րդ գլխի 37 պարբերությունից էր ուր Հիսուսն ասում է - "Մեծ տօնի վերջին օրը Յիսուս կանգնած էր եւ աղաղակում էր՝ ասելով. «Եթէ մէկը ծարաւ է, թող ինձ մօտ գայ եւ խմի։ Ով ինձ հաւատում է, - ինչպէս Գիրքն է ասում, - նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն»։" Ինչ էլ լինի Ձեր հավատքը, համաձայնեք, որ պատմության մեջ ոչ մի մարդ երբեք այնպէս չի խօսել, ինչպէս այս մարդը:

Գրելուս նպատակն այս հատվածը մեկնաբանելը չէ, այլ այն իր ամբողջությամբ ներկայացնելն ու թերևս դրա մասին մտածել տալը:

Այդ "Մեծ տօնը" որի մասին գրում է Հովհաննես Ավետարանիչը, Տաղավարահարաց տոնն էր, որը շատ հանրաճանաչ ու կարևոր 7-օրյա տոնակատարություն էր: Այն իր մեջ ներառում էր ամենօրյա ջրի հեղման արարողություն: Քահանայական թափորը ժողովրդի ուղեկցությամբ գնում էր դեպի Սիլովամի ավազան, այնտեղից ոսկե սափորով ջուր վերցնում, թափորով ու երգեցողությամբ հետ վերադառնում Տաճար ու քահանան բարձրանալով Տաճարի աստիճանների վրա այն հեղում էր Խորանի վրա, իսկ ժողովուրդը նրան շրջապատած երգում էին, ձեռքներին ունենալով ճյուղեր: 7րդ օրը, ինչպես Ավետարանիչն է գրում "Մեծ տօնի վերջին օրը," ջրի հետ կապված այս արարողությունը կատարվում էր 7 անգամ.

Հիմա պատկերացրեք մի հսկա ծիսա-ժողովրդական տոն: Լիքը երգ և ուրախություն. Լավ շուխուր ինչպես մեր ժողովուրդն է ասում, հազարավոր մարդիկ. Բոլորի ուշադրության կենտրոնը արարողությունն ու Տաճարի քահանաներն են, բարձրաստիճան ու կարևոր մարդիկ: Նրանք են առաջնորդում այս ամբողջ հսկա ծեսը: Երևի մի քանի հազար մարդ առնվազն ներկա են: Ու ջրի հետ կապված արարողությունն այս տօնակատարության մի մեծ մասն է կազմում: Պատկերացնում էք չէ՞ ինչ մեծություն:

Բայց մեկ էլ հանկարծ ժողովրդի միջից մի աղքատ, սովորական, հասարակ, սակայն պատկառանք թելադրող մի մարդ ոտքի է կանգնում ու "աղաղակում," գրում է Հովհաննեսը - «Եթէ մէկը ծարաւ է, թող ինձ մօտ գայ եւ խմի։ Ով ինձ հաւատում է, - ինչպէս Գիրքն է ասում, - նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն»

Դուք պատկերացնում եք թե այդ մարդն ինչքան ճիշտ պիտի լինի, ինչքան վստահ լինի իր ճշմարտության ու զորության վրա, որ այսպիսի միայնակ ու քաջ դիրք բռնի առանց վախենալու թե կողքիններն ինչ կասեն: Համաձայնեք որ սա անելը ծայրահեղ դժվար է, գրեթէ անիրական: Բայց Ինքը չվարանեց ճշմարտությունից:

Նման իրավիճակներում երբ Ձեր արարողությունը խանգարում են ու Դուք էլ իշխանություն ունեք ինչ՞ էք անում: Մարդիկ էք ուղարկում որ բռնեն կարգազանցին չէ՞ Բայց այստեղ պատմությունն ավելի հետաքրքիր է դառնում: Հիմա պատկերացրեք որ Ձեր ուղարկած զինված մարդիկ հետ են վերադառնում առանց Նրա: Ահա թէ այստեղ ինչ է գրում Ավետարանիչը:

«Ինչո՞ւ նրան այստեղ չբերեցիք», քահանայապետերն ու փարիսեցիները հարցրեցին նրանց: Սպասաւորները պատասխանեցին ու ասացին. «Ոչ մի մարդ երբեք այնպէս չի խօսել, ինչպէս այն մարդը»։

Այո, այսպիսի խոսքերի տիրոջը ողջունելու համար, արժե և հարկ է ամեն Կիրակի շուտ արթնանալ ու շտապել եկեղեցի Նրա հետ հաղորդվելու, Նրա սերը կիսելու, Նրա առջև խոնարհվելու և Նրա ընտանիքում ապրելու: Նա չվախեցավ դժվարին պահերին ճշմարտությունը հայտնելուց և ասաց թե Ինքն է կյանքի աղբյուրը և ով իրեն հավատա "նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն."

Վերջում, ևս մի շատ հետաքրքիր բան: Ջրի հետ կապված այս խոսքերը Հիսուսի վերջին խոսքերն են գրված Հայտնության գրքում, նրա վերջին գրառված կոչը մարդկությանը: Այն կարող էք գտնել կարդալով Հայտնության գրքի 22-րդ գլխի (վերջին) 17-րդ պարբերության մեջ:

----------
Եթե ձեր մեջ հետաքրքրություն առաջացավ Հովհաննեսի Հայտնության գրքի 22րդ գլխի 17րդ համարի նկատմամբ և մղվեք դեպի Ավետարանը, արտագրեք այդ հատվածը կոմենտների բաժնում:  Տեսեք ինչ հաճելի է:



No comments:

Post a Comment