Friday, February 28, 2014

Սնիր հոգիդ, որպեսզի չնկնես հուսահատության գիրկը

Գնալով ավելի ու ավելի շատ մարդիկ են դիմում հոգեբանների օգնությանն Արևմտյան հասարակության մեջ: Աշխարհում միլիոնավոր մարդիկ մտածում են որ ապահով կյանքն ու կուշտ ստամոքսը պետք է որ մարդուն հասցնի որոշակի ուրախության: Բայց պարզվում է, որ այսպես չէ: 2004 թվականին ԱՄՆ-ում 30 միլլիոն մարդ դիմել է հոգեբույժի օգնությանը: 2009 թվականին 60 միլլիոն չափահաս մարդ ԱՄՆ-ում ախտորոշվել է տարբեր տեսակի հոգեկան խանգարումներով, համաձայն (Հղում http://bit.ly/1kgrI7z): Ի՞նչն է խնդիրը:

ՏԵսնու՞մ էք: Մարդը ուրախություն է փնտրում փողի ու զվարճանքի մեջ, մինչդեռ մոռանում է, որ ուրախությունը հոգևոր հարթության հարց է այլ ոչ թէ մարմնավոր: Հետևաբար մարդը չի գտնում իր փնտրածն այնտեղ որտեղ փնտրում է ու ընկնում հոգևոր խանգարման մեջ:

Երբ երկու շաբաթ հաց չուտեք կնկնեք մարմնավոր խանգարման մեջ չէ՞ Իսր երբ տարիներով հոգիդ չսնես ի՞նչ կլինի: Հոգևոր խանգարում:

Աստուծո նկատմամբ մեր Քրիստոնեական հավատքը վկայում է, որ եթե մարդը ճիշտ ու բնական կյանքով չի ապրում ապա նա անխուսափելիորեն իր անձի վրա կրկրի ճիշտ ապրելն ու մարդկային ամբողջական բնությունը ոտնահարելու հետևանքները:

Մենք մարմին էնք, միտք և հոգի: Սնում էնք մարմինը, բայց ամբողջովին անտեսում ու մոռանում հոգու ծարավը:

Դուք դժգոհ էք ձեր կյանքերից ու հավանաբար չգիտեք թէ ինչպես վարվել ու շտկել իրավիճակը: Ամեն ինչ փորձում էք: Արտագաղթում էք, ներգաղթում էք, քրտնաջան աշխատում էք, կարերա էք ստեղծում, մեկը քրտինքով է վաստակում, մյուսը թալանելով, բայց երկուսի մոտ էլ ոչինչ չի ստացվում: 2001 թվականին ԱՄՆ-ում 30 հազար ինքնասպանություններ էն տեղի ունեցել: 2005-ին 33 հազար: 2010-ին 38,000 ինքնասպանություն:  Եվ սա միայն ԱՄՆ-ում: Տարեկան 60 միլլիոն հոգեկան հիվանդ ու մոտ 40,000 ինքնասպանություն: Ինչու՞ այսքան հուսահատություն:

Սիրելի ընկերներ, լուծումը մեկն է՝ Սնեք Ձեր Հոգին: Մի անտեսեք ձեր հոգու ձգտումը: Եթե դուք այն չէք տեսնում չի նշանակում որ այն չկա: Դուք ուղեղն էլ չէք տեսնում, բայց այն կա չէ՞

Թողեք, որ ձեր հոգին կապնվի Նրա հետ որ կյանք տվեց ու չունչ, ու հետո եկավ այն փրկելու և ասեց, որ հողանյութ կերպարիդ մեջ շունչ փչողին կարող էս Հայր կոչել: Որպեսզի կապնվի, այն պետք է ճանաչի իրեն ստեղծողին: Որպեսզի դու ճանաչես, պիտի ձեռքդ վերցնես Աստվածաշունչն ու կարդաս այն: Հաջորդ շաբաթ երբ մեծ Պահոց շրջանը սկսվի, ձեռքդ վերցրու Աստվածաշունչն ու կարդա երկու գիրք՝ Սիրաքի իմաստության գիրքը Հին Կտակարանից (շատ կվայելես այն) և Ավետարան ըստ Ղուկասի: Եկեղեցի հաճախիր, մասնակցիր համայնքային կյանքին, սկսիր խոսել քո Տէր Աստուծո հետ: Ու դեպի ուրախություն և խաղաղություն փոփոխությունն ինքդ կսկսես զգալ:

Սա լավ սկիզբ կլինի:

Thursday, February 27, 2014

Վարդանանց պատերազմն այօր և աներևույթ թշնամին

Դու այսօր ինչպե՞ս էս պայքարում այն չարի դեմ, որը հարձակվեց հայ ժողովրդի վրա 5րդ դարում Քրիստոսի նկատմամբ հավատքը խլելու համար: Վարդանանց պատերզամն այսօր էլ կա: Այն հոգևոր պատերազմ էր և այսօր էլ է՛ այդ նույն մարտահրավերը: Տեսեք Վարդանի կոչը հայոց զորքին (http://on.fb.me/1kclQwj) Այն ժամանակ մարտահրավերը սրով էր կանգնած հայ քրիստոնեայի առջև, այսօր ավելի չերևացող ու խափուսիկ ձևերով՝ հպարտություն, եսասիրություն, փողասիրություն, նախանձ, ահավոր անտարբերություն, իշխանատենչություն, հարկահանություն, կրքի գերություն: Մենք մոռանում էնք այս պայքարի մասին այօր, որովհետև ընդհանուր առմամբ ընկած էնք միայն արտաքին ու երևացող ձևականությունների հետևից, իսկ ներսում պարզվում է որ բան չկա, քանի որ պտուղները չեն երևում:

Դու կկրոցնես Վարդանանց պատերազմն այսօր եթե քո ներսը չնայես ու չդիմակայես քեզ վտանգող տեսանելի ու անտեսանելի սպառնալիքներին:

Եթե դու կարծում էս որ միայն երբեմն երբեմն եկեղեցի գնալով, մի մոմ վառելով ու մի եկու գրաբար աղոթքներ մեխանիկորեն ասելով կարժանանաս Աստուծո բարեհաճությանը, ապա սխալվում էս, քանի որ փոքր մեքենան մեծ գարաժի մեջ կանգնեցնելով այն չի մեծանում: Հանկարծ չլինի որ աղոթէներդ լինեն մեխանիկորեն ու եկեղեցի գնալդ միայն մոմ վառելու, Խաղողօրհնեքին խաղող վերցնելու, Ջրօրհնեքին ջուր վերցնելու, մատաղի աղ օրհնելու ու պսակի համար, քանի որ եկեղեցում շատ ավելի կարևոր խորհուրդ է կատարվում Սբ. Պատարագի ժամանակ: Դու սրտանց ու հավատքով ՆԱԽ դրան ձգտի:

Եթե դու կարծում էս որ միայն հաղորդություն վերցնելով հավիտենական կյանք կունենաս, ապա այդտեղ էլ սխալվում էս, քանի որ Հուդան էլ հաղորդություն վերցրեց Վերջին Ընթրիքի ժամանակ: Տասնմեկ առաքյալների մեջ Աստված մտավ, իսկ Հուդայի մեջ սատանան: Հանկարծ դու էլ այդպես չլինես: Պողոս առաքյալը Կորնթացիներին ուղղված նամակի մեջ ասում է, որ դուք կհիվանդանաք և նույնիսկ կմահանաք եթե անարժանաբար ու առանց ձեր խիղճը քննելու մոտենաք Սբ. Հաղոդությանը: Ուշադիր կարդացեզ Կորնթացիների
Առաջին նամակի 11րդ գլխի 27ից 32րդ համարները: Քննիր քո խիղճը, զղճա, ճանաչիր քո սխալը, բարձրացիր ներողություն խնդրելով, մաքրիր այն ու նոր մոտեցիր Սբ. Հաղորդությանը:

Եթե դու կարծում էս որ միայն Աստվածաբանություն ու Սբ. Գիրք կարդալով կփկես կյանքդ ապա այստեղ էլ կարող էս սխալվել: Սա անշուշտ կարևոր է վերոհիշյալ բաների հետ միասին, բայց իմացիր, եթե դու կարդում էս իմանալու համար, ապա չարի մարմնավորումը՝ սատանան, որը միշտ փորձելու է գողանալ քո սովորածն ու հիշողությունը (http://on.fb.me/My8oDQ) այս բաները ոչ թէ սովորել է, այլ վկա է եղել դրանց: Միայն կարդալն օգուտ չունի եթե դու այն չէս ապրում քո ամբողջ էությամբ: Աթէիստներն էլ են կադրում որպեսզի կարողանան հակադարձէլ Քրիստոնեաներին: Ուրեմն կարդացեք Սբ. Գիրքը, կարդացածը ապրելու համար և թող դա լույսի պես երևա ձեր կյանքերի մեջ, ձեր շրջապատի մարդկանց: Ամեն օր կարդացեք հիշողությունը թարմացնելու համար: Սուրբերն ասում էին թող Աստվածաշունչը միշտ բաց լինի ձեր սեղանի վրա:

Եթե դու կարծում էս որ միայն պահք պահելով կարժանանաս Աստուծո բարեհաճությանն ու տառապանքիդ ավարտին, ապա այստեղ էլ հեշտ է սխալվել: Սատանան սրբերին ասում էր, որ եթե դուք շաբաթով էք պահք պահում, ես ընդհհանրապես բան չեմ ուտում: Ուրեմն այն ինչ որ զրկում էս ուտելիքից, պիտի լցնես հոգևոր ընթերցանությամբ, աղոթքով, որ սնվես: Թե չէ դա կլինի ժամանակավոր դիետա: Սնվելու մասին մենք լավ էնք հիշում «ոչ միայն հացիվ»-ը, բայց մոռանում «այլ՝ այն ամէն խօսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից:» (Մաթ. 4:4): Հիշենք ու ապրենք սա նույնպես:

Ուրեմն սիրելի ազգակից: Այս պատերազմը մենք այսօր էլ ունենք: Թերևս կյանք տալու կարիք այսօր չկա, բայց թշնամին նույնն է, աներևույթ, գալիս է հաճելի գոլ ջրի ձևով ու մենք այն չէնք տեսնում: Մեր հասարակությունն այօր կառուցված է երկու արժեքների վրա, դրամի և զվարճության (entertainment): Մենք կորցնում կամ արդեն կորցրել էնք հոգևոր կյանքով ապերլու ձգտումը, սուրբ կյանք ապերլու ձգտումը, չանելու այն ինչը չի կարելի և անելու այն ինչին կոչված էնք: Բայց սա կարող էնք արագ վերականգնել, հենց այսօր դարձնելով մեր կյանքի ուղին դեպի Տէր Հիսուսը, որի համար զոհվեցին Վարդանանք:

Սուրբ կյանքով ապրելը միայն վանականների ու սուրբերի համար չէ: Դա հայրերի ու մայրերի համար է, զինվորի և ուսուցչուհու համար է, նախագահի ու հավաքարարի համար է, գործարարի ու բանվորի համար է, ազատի ու գերու համար է, իմ ու քո համար է, մեր զավակների համար է:

Ձեր ամենօրյա կյանքի մեջ Տէր Հիսուսի հետ հարաբերությունը պիտի լինի ձեզ համար ամենաթանկ բանը: Աստված սիրեց ձեզ ու իր կյանքը տվեց ձեզ համար: Էլ ինչ կարող է տալ Նա ձեզ: ՄԻ արեք մի բան, որը կվտանգի այդ հարաբերություն ու տխրեցնի սիելի ըներոջը: Վարդանանք այդ հավատքի համար ոտքի ելան ու իրենց կյանքը տվեցին այդ սիրուն ի պատասխան:

Ձեզ և ձեր զավակներին այս ոգով դաստիարակեք: Մեր հասարակության մեջ շատ ատելություն կա, վերևից ներքև նայել կա, հարուստին պատվել ու աղքատին արհամարհել կա իր խեղճ տեսքի համար (Սիրաք 11:2): Սա լավ չէ և պատիվ չէ: Թշնամին անտեսանելի է, իսկ ինչ որ տեսանելի է ձեր եղբայրն է ու ձեր քույրը: Իսկ Աստված ձեր սրտի մեջ:

Եթե դուք այսօր տոնում, հիշատակում էք Վարդանանց սխրանքը, ապա այդ ոգով ապրեք այսօր, վաղվա օրվա համար, անձնապես թէ ազգովին:

--------------------------------------------------------

ԽՈՍՏԱՑՈՒԱԾ ՕՐՀՆՈՒԹԻՒՆՆԵՐ
Հին Կրակարան | ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ

ԳԼ. 28: 1-14

(Ղեւտ. 26. 3-13, Բ Օր. 7. 12-24)

28 «Եթէ լսէք մեր Տէր Աստծու ասածները, որ ես այսօր ձեզ եմ պատգամում, այն է՝ հետեւելով նրա պատուիրաններին՝ կատարէք դրանք, ապա ձեր Տէր Աստուածը ձեզ երկրի բոլոր ազգերից աւելի բարձր կը դասի։ 2 Այս բոլոր օրհնութիւնները կ’իջնեն քեզ վրայ ու կը գտնեն քեզ, եթէ լսես քո Տէր Աստծու ձայնը։ 3 Օրհնեալ կը լինես դու քաղաքում եւ օրհնեալ՝ դաշտում։ 4 Օրհնեալ կը լինեն քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը, քո արջառների նախիրները եւ քո ոչխարների հօտերը։ 5 Օրհնեալ կը լինեն քո շտեմարաններն ու քո ամբարները։ 6 Օրհնեալ կը լինես դու միշտ՝ ելնես թէ մտնես։ 7 Քո Տէր Աստուածը քո առջեւ կը կոտորի քո թշնամիներին ու հակառակորդներին։ Նրանք քո դէմ կ’ելնեն մէկ ճանապարհով, բայց եօթը ճանապարհով կը փախչեն քեզանից։ 8 Տէրը օրհնութիւն կ’առաքի քեզ, քո շտեմարաններին ու բոլոր այն գործերին, որոնց կը ձեռնարկես այն երկրում, որ քո Տէր Աստուածը տալու է քեզ։ 9 Եթէ լսես մեր Տէր Աստծու ասածը եւ ընթանաս նրա ճանապարհով, ապա քո Տէր Աստուածը քեզ իր սուրբ ժողովուրդը կը դարձնի, ինչպէս երդուել է քո հայրերին։ 10 Եւ երկրի բոլոր ազգերը կը տեսնեն, որ քո վրայ է դրուած Տիրոջ անունը, ու քեզանից կը վախենան։ 11 Քո Տէր Աստուածը քեզ կը բազմացնի բարիքներով՝ քո որովայնի ծնունդներով, քո երկրի բերքով, քո ոչխարների ծնունդներով այն երկրում, որ քո հայրերի Տէրը երդուել է տալ քեզ երկնքի ու երկրի ստեղծուելու օրից ի վեր։ 12 Տէրը քեզ համար կը բացի իր բարիքների շտեմարանը՝ երկինքը, որպէսզի ժամանակին անձրեւ տայ քո երկրին, կ’օրհնի քո ձեռնարկած բոլոր գործերը, փող փոխ կը տաս շատ ազգերի, բայց ինքդ նրանցից փոխ չես առնի։ 13 Եթէ լսես քո Տէր Աստծու պատուիրանները, որ պահելու եւ կատարելու համար հաղորդում եմ քեզ այսօր, ապա բազում ազգերի վրայ կ’իշխես, բայց քեզ վրայ չեն իշխի։ Քո Տէր Աստուածը քեզ կը դարձնի գլուխ, բայց ոչ պոչ, բարձր կը լինես եւ ոչ թէ՝ ցած։ 14 Դու չպիտի խախտես այն խօսքերը, որ ես պատգամում եմ քեզ այսօր, չպիտի շեղուես ո՛չ աջ եւ ո՛չ ձախ, որ չգնաս օտար աստուածների յետեւից եւ չպաշտես դրանք»։

Wednesday, February 26, 2014

Ինչու՞ մարդիկ չեն ձգտում կատարելության:

Ինչու՞ մարդիկ չեն ձգտում կատարելության: Ինչու՞ Քրիստոնեաներն ունենալով գիտակցությունը, որ միայն Հիսուսի պատվիրանները պահելով կարող են կատարյալ լինել, այդուհանդերձ չեն ձգտում այդ կատարելությանը: Մոտավորապես այսպիսի մի հարց տվեց ինձ ընկերներիցս մեկը մի քանի օր առաջ:

Այսպիսի հարցի պատասխանելու համար պետք է նայել Աստվածաշնչին և մեկ էլ այնպիսի մարդկանց կյանքերին, որոնք իրենց խոնարհությամբ ու Տէր Հիսուսի ու մարդկանց նկատմամբ սիրո պատճառով արժանացել էն որոշակի լուսավորման՝ այսինքն եկեղեցու հայրերին:

Պատճառներ շատ կան բայց հեռու փնտրելու կարիք չեղավ: Սերմնացանի առակով Տէր Հիսուսը մեզ ցույց է տալիս երեք հստակ պատճառ ինչու մարդիկ, որ լսում էն Աստուծո խոսքը հեռանում են Նրանից ու կամ սառում կամ դառնում գաղջ (ոչ տաք ոչ պաղ, սովորական, ոչ մի բան չի փոխվում նրանց կյանքում, «ես իմ Աստծուն եմ հավատում» ասում են ու թէ բամբասում, թէ նախանձում և թէ ապրում հպարտության կրքին գերի): Բայց այնտեղ մի բան կար որն ինձ սթափեցրեց և ուզում եմ այն կիսել ձեզ հետ: Հիշու՞ էք ինչ պատահեց այն սերմերին, որոնք ընկան ճամփեզերքին ու ինչպես Տէր Հիսուսը մեկնաբանեց այն:

Սերմերը չորս տեղ ընկան չէ՞ (Ավետարան ըստ Ղուկասու, գլ. 8, համար 5:15) 1. ճանապարհի եզերքին, 2. ապառաժի վրայ. 3. փշերի մէջ, 4. պարարտ հողի վրայ: Ինձ իսկապես զարմացրեց թէ ինչ պատահեց ճամփեզրին ընկած սերմերին: Դրանք ոտնակոխ եղան ու երկնքի թռչյուններն այն կերան:

Կարծես թէ պատմությունը շատ լավ գիտենք, բայց այնտեղ մի շատ կարևոր բան պատահեց որի վրա պետք է ամեն օր կենտրոնանանք և ուշադրություն դարձնենք: Պատահական չէր որ Հիսուսն ասեց այդ առակի վերջում «ով ականջ ունի թող լսի."

Երբ Հիսուսը մեկնաբանում է այս առակը Ղուկասի 8րդ գլխի 12րդ համարում ասում է մի շատ ուշագրավ խոսք: «Որոնք որ ճանապարհի եզերքին են, այդ նրանք են, որ լսում են, եւ ապա սատանան գալիս հանում է խօսքը նրանց սրտից, որպէսզի չհաւատան եւ չփրկուեն։»

Ահա քեզ զգուշանալու բան: Ուրեմն մեր շատ դաժան ու խաբեբա թշնամին կարող է մտնել մեր անձերի կարևորագույն տեղերից մեկը՝ մեր հիշողության մեջ ու գողանալ այդ հիշողության ամենակարևոր մասը՞ Այո, եթե դու թույլ տաս:

Հիշողության կարևորության մասին ավելորդ է գրել, բայց դա այն է, որ քեզ ճանաչել է տալիս կյանքը ու կապում քեզ կյանք տվող, քեզ ստեղծող, քեզ պահող, քեզ փրկող Աստծո՝ քո իսկական ծնողի հետ: ---- Եվ ահա մեր Տէրն ասում է, որ եթե պարատ հողի մեջ չլինեք "ապա սատանան գալիս հանում է խօսքը նրանց սրտից, որպէսզի չհաւատան եւ չփրկուեն:"

Դուք ունեք ազատ կամք և կարող էք չթողնել հիշողության գողությունը: Մենք սրա դեմ կարող ենք պայքարել միայն Սբ. Հոգու հետ, որը մեզ «կհիշեցնի» այն ամենը ինչ Տէր Հիսուսն ասել է մեզ: (Հովհ. 14:26):

Սա շատ կարևոր է: Աստված մարմնավորվում է Հիսուսի մեջ և ուղարկում Իր Խոսքը Իր զավակներին փրկելու և Տուն բերելու: Նախանձ թշնամին պայքարում է սրա դեմ մարդկանց հիշողությունից Փրկության Խոսքը գողանալով եթե այն պապարտ հող չունի: Բայց Հիսուսն ասում է «Իսկ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կ’ուղարկի իմ անունով, նա ձեզ ամէն բան կ’ուսուցանի եւ ձեզ կը յիշեցնի այն ամէնը, ինչ ես ասացի ձեզ»։

«Կհիշեցնի:" Սա շատ կարևոր պահ է: Լսու՞մ էք: Լավ հիշեք թէ Տէրն ինչ ասեց Մխիթարիչ Սուրբ Հոգու մասին և թէ ինչպես Սուրգ Հոգու օգնությամբ մենք կարող էնք պայքարել հիշողության այս գողության դեմ ու խոնարհությամբ մնալ Աստուծո խոսքի մեջ:

Սիրելի եղբայրներ ու քույրեր, մի թողեք որ ձեզ նախանձող հակառակորդը գողանա ձեր հիշողությունը: Հիշողությունը միակ բանն է, որ դուք այս կյանքից կարող էք տանել: Ահա ճիշտ օգտագործեք ձեզ տրված ժամանակն ու առաջիկա Պահոց շրջանը՝ վերանորոգելով ձեր հարաբերությունը ձեր երկնավոր ծնողի հետ: Սիրով պատասխանեք Նրա սիրուն: Ավետարան ու Սաղմոս կարդացեք: Աղոթք շատ արեք: Աղոթքի ժամանակ սեր ու խոնարհություն խնդրեք, որպեսզի ավելի հաճելի դառնաք Աստծուն, որին հաճելի են զղճացող ու խոնարհ անձիք: Այսպիսով դուք կաճեք պարարտ հողի մեջ: կպայքարեք հպարտության, նախանձի, եսասիրության ու շահամոլության դեմ և կտեսնեք թէ ինչպես Սուրբ Հոգու օգնությամբ փոխվում ու բառացիորեն լուսավորվում են ձեր կյանքերը:


Tuesday, February 25, 2014

Հիսուսի թերևս ամենատպավորիչ ինքնաբացահայտման խոսքերն իր Օծեալ-փրկչական առաջնորդության մասին

Անցյալ Կիրակի մեր եկեղեցում Ավետարանի ընթերցման ժամանակ ընթերցվեց Հիսուսի թերևս ամենատպավորիչ ինքնաբացահայտման խոսքերն իր Օծեալ-փրկչական առաջնորդության մասին (ավելի լավ բառ չեմ կարողանում գտնել Messiahship բառի թարգմանության համար): Ընթերցվածքը ՅՈՎՀԱՆՆԷՍԻ Ավետարանի 7րդ գլխի 37 պարբերությունից էր ուր Հիսուսն ասում է - "Մեծ տօնի վերջին օրը Յիսուս կանգնած էր եւ աղաղակում էր՝ ասելով. «Եթէ մէկը ծարաւ է, թող ինձ մօտ գայ եւ խմի։ Ով ինձ հաւատում է, - ինչպէս Գիրքն է ասում, - նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն»։" Ինչ էլ լինի Ձեր հավատքը, համաձայնեք, որ պատմության մեջ ոչ մի մարդ երբեք այնպէս չի խօսել, ինչպէս այս մարդը:

Գրելուս նպատակն այս հատվածը մեկնաբանելը չէ, այլ այն իր ամբողջությամբ ներկայացնելն ու թերևս դրա մասին մտածել տալը:

Այդ "Մեծ տօնը" որի մասին գրում է Հովհաննես Ավետարանիչը, Տաղավարահարաց տոնն էր, որը շատ հանրաճանաչ ու կարևոր 7-օրյա տոնակատարություն էր: Այն իր մեջ ներառում էր ամենօրյա ջրի հեղման արարողություն: Քահանայական թափորը ժողովրդի ուղեկցությամբ գնում էր դեպի Սիլովամի ավազան, այնտեղից ոսկե սափորով ջուր վերցնում, թափորով ու երգեցողությամբ հետ վերադառնում Տաճար ու քահանան բարձրանալով Տաճարի աստիճանների վրա այն հեղում էր Խորանի վրա, իսկ ժողովուրդը նրան շրջապատած երգում էին, ձեռքներին ունենալով ճյուղեր: 7րդ օրը, ինչպես Ավետարանիչն է գրում "Մեծ տօնի վերջին օրը," ջրի հետ կապված այս արարողությունը կատարվում էր 7 անգամ.

Հիմա պատկերացրեք մի հսկա ծիսա-ժողովրդական տոն: Լիքը երգ և ուրախություն. Լավ շուխուր ինչպես մեր ժողովուրդն է ասում, հազարավոր մարդիկ. Բոլորի ուշադրության կենտրոնը արարողությունն ու Տաճարի քահանաներն են, բարձրաստիճան ու կարևոր մարդիկ: Նրանք են առաջնորդում այս ամբողջ հսկա ծեսը: Երևի մի քանի հազար մարդ առնվազն ներկա են: Ու ջրի հետ կապված արարողությունն այս տօնակատարության մի մեծ մասն է կազմում: Պատկերացնում էք չէ՞ ինչ մեծություն:

Բայց մեկ էլ հանկարծ ժողովրդի միջից մի աղքատ, սովորական, հասարակ, սակայն պատկառանք թելադրող մի մարդ ոտքի է կանգնում ու "աղաղակում," գրում է Հովհաննեսը - «Եթէ մէկը ծարաւ է, թող ինձ մօտ գայ եւ խմի։ Ով ինձ հաւատում է, - ինչպէս Գիրքն է ասում, - նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն»

Դուք պատկերացնում եք թե այդ մարդն ինչքան ճիշտ պիտի լինի, ինչքան վստահ լինի իր ճշմարտության ու զորության վրա, որ այսպիսի միայնակ ու քաջ դիրք բռնի առանց վախենալու թե կողքիններն ինչ կասեն: Համաձայնեք որ սա անելը ծայրահեղ դժվար է, գրեթէ անիրական: Բայց Ինքը չվարանեց ճշմարտությունից:

Նման իրավիճակներում երբ Ձեր արարողությունը խանգարում են ու Դուք էլ իշխանություն ունեք ինչ՞ էք անում: Մարդիկ էք ուղարկում որ բռնեն կարգազանցին չէ՞ Բայց այստեղ պատմությունն ավելի հետաքրքիր է դառնում: Հիմա պատկերացրեք որ Ձեր ուղարկած զինված մարդիկ հետ են վերադառնում առանց Նրա: Ահա թէ այստեղ ինչ է գրում Ավետարանիչը:

«Ինչո՞ւ նրան այստեղ չբերեցիք», քահանայապետերն ու փարիսեցիները հարցրեցին նրանց: Սպասաւորները պատասխանեցին ու ասացին. «Ոչ մի մարդ երբեք այնպէս չի խօսել, ինչպէս այն մարդը»։

Այո, այսպիսի խոսքերի տիրոջը ողջունելու համար, արժե և հարկ է ամեն Կիրակի շուտ արթնանալ ու շտապել եկեղեցի Նրա հետ հաղորդվելու, Նրա սերը կիսելու, Նրա առջև խոնարհվելու և Նրա ընտանիքում ապրելու: Նա չվախեցավ դժվարին պահերին ճշմարտությունը հայտնելուց և ասաց թե Ինքն է կյանքի աղբյուրը և ով իրեն հավատա "նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն."

Վերջում, ևս մի շատ հետաքրքիր բան: Ջրի հետ կապված այս խոսքերը Հիսուսի վերջին խոսքերն են գրված Հայտնության գրքում, նրա վերջին գրառված կոչը մարդկությանը: Այն կարող էք գտնել կարդալով Հայտնության գրքի 22-րդ գլխի (վերջին) 17-րդ պարբերության մեջ:

----------
Եթե ձեր մեջ հետաքրքրություն առաջացավ Հովհաննեսի Հայտնության գրքի 22րդ գլխի 17րդ համարի նկատմամբ և մղվեք դեպի Ավետարանը, արտագրեք այդ հատվածը կոմենտների բաժնում:  Տեսեք ինչ հաճելի է: