Sunday, April 23, 2023

Ամեն Իշխանություն Աստծուց է Կարգված: Հետո՞...

 Ճիշտ է որ ամեն իշխանություն Աստծուց է կարգված: Այդ մասին հստակ ասվում է Աստվածաշնչում, այն էլ մի

քանի տեղերում: Բայց գիտե՞ք Աստծուց կարգված լինելը չի նշանակում, միշտ լավ իշխանություն, կամ ձեր

սրտով ձեր ուզածով իշխանություն, կամ Աստծուն հաճելի իշխանություն: Եկեք Աստվածաշնչյան օրինակներով

նայենք, թէ Աստված ինչ է ասում իշխանության մասին, և թէ սուրբ մարդիկ ինչպես են մեկնաբանել Աստծո

խոսքն իշխանության մասին:

1. Պողոս առաքյալը Հռոմեացիներին գրում է, որ «չկայ իշխանութիւն, որ Աստծուց չլինի. եւ եղած

իշխանութիւնները Աստծուց են կարգուած (Հռ. 13:1):

2. Դանիել մարգարեն Աստծո մասին ասում է, «Նա է եղանակներն ու ժամանակները փոխողը, թագավորներ

իջեցնողը և թագավորներ կարգողը» (Դան. 2:21):

3. Տեր Հիսուսը Պիղատոսին ասեց «Դու ինձ վրա ոչ մի իշխանություն էլ չէիր ունենա, եթե այն քեզ ի

վերուստ տրված չլիներ» (Հովհ. 19:11):

Բայց, տեսեք Աստուծո խոսքը նաև ասում է, որ Տերը կարող է անգամ խաբեբաների ու անարժան մարդկանց

բերել իշխանության:

Եսայի մարգարեության 3րդ գլխում Աստոծո խոսքն ասում է բառացիորեն հետևյալը. «Նրանց վրայ իշխան

պիտի կարգեմ մանուկներին, խաբեբաները պիտի տիրեն նրանց» (Ես. 3:4): Ի՞նչ էք կարծում, ինչու՞ է

Աստված թողնում, որ անարժան ու խաբեբա մարդիկ տիրեն իր ժողովրդին: Ասում է, «որովհետեւ իրենք իրենց

համար չար խորհուրդներ խորհեցին եւ ասացին. «Կապենք արդարին, քանի որ նա մեզ անհաճոյ է»։

Այսուհետեւ նրանք իրենց արարքների պտուղները պիտի ուտեն։ Վա՜յ անօրէնին, չարիքներ պիտի գան նրա

վրայ՝ ըստ իրենց կատարած չար գործերի» (Ես. 9:11):

Տեսեք, քիչ առաջ Աստծո խոսքից լսեցինք, որ ամեն իշխանություն Աստծուց է չէ՞: Հիմա տեսեք ինչ է ասում

այդ նույն Խոսքը. «Վա՜յ քեզ, երկի՛ր, որ թագավորդ մանուկ է, և որ իշխաններդ վաղ առավոտից հացկերույթի

են»:  Ու երբ որ Աստված այսպիսի իշխանություն է տալիս որևէ ազգի, նրանց ամբարշտության պատճառով,

այդ ազգին գցում է Իր աչքից, և նրա անփորձ ու խաբեբա առաջնորդները սխալ սխալի ետևից են թույլ տալիս,

երկրին տանելով դեպի պետականության կորուստ: Ճիշտ այդպես եղավ հրեա ազգի հետ Սեդեկիայի

թագավորության ժամանակ, որը բերեց պետականության կործանման, Երուսաղեմի տաճարի այրման և ամբողջ

ազգի բաբելական գերության: Երեմիա մարգարեն գրում է «Տէրը զայրացել էր Երուսաղէմի եւ Յուդայի երկրի

վրայ այն աստիճան, որ նրանց իր աչքից գցեց, եւ Սեդեկիան ապստամբեց բաբելացիների արքայի դէմ»

(52:3):

Սուրբ մարդիկ ասում են, որ ամեն ազգի իշխանություն է տրվում ըստ իր հոգևոր հասակի: Եթե բարեպաշտ են

ազգի զավակները, սիրում են հնազանդվել Աստծո պատվիրաններին, սիրում են Աստծուն ու մեկը մյուսին,

ապա նրանց տվրում է բարվոք իշխանություն: Իսկ, եթե ազգի զավակները ամբարիշտ են, սիրում են

անարդարություն և հեռացել են Աստծուց ու գործում են չարություն, ապա ինչպես տեսաք Եսայի մարգարի

գրվածքից, նրանց վրա իշխան են կարգվում անփորձները, խաբեբաներն ու անարժանները:

2րդ հազարամյակի սկզբում, Բյուզանդական կայսրությունում մի դաժան հեղաշրջում եղավ: Զորավարներից

մեկը գրավեց իշխանությունը, կայսրի առաջ սպանեց իր զավակներին, ապա կայսրին ու դեռ երկար ժամանակ

արյունարբում սպանում էր իր հակառակորդներին: Ու սա Քրիստոնեական կայսրության մեջ: Մի ճգնավոր,

ամբողջ գիշեր, քունը հաղթահարելով աղոթում էր ու խնդրում թէ «Տեր, բա մենք Քրիստոնյա ժողովուրդ ենք,

Քրիստոնյա կայսրություն, մի՞ թէ մեզ սրան արժան գտար, ինչու՞ ես իշխանություն տալիս այս մարդուն մեր

վրա»: Եվ առավոտվա կողմ նրան երկնքից ձայն եկավ, ու ասաց. «Ավելի վատին էի փնտրում, չգտա»:

Սբ. Բարսեղ Կեսարացին ասում է, թագավորը չի փրկվում իր բանակի զորությամբ, այլ Աստուծո շնորհով: Սբ.


Եփրեմ Ասորին ասում է, եթե անարդար կամ դաժան է իշխանությունը, ապա դա անարդարներին սանձելու և

արդարներին արդարացնելու համար է: Իսկ, եթե բարվոք է իշխանությունը, ապա դա ողորմությամբ է տրված:

5րդ դարի Եգիպտական հայրերից Իսիդոր Պելուսիոտն ասում է. «եթե ինչ-որ չարագործ ապօրինաբար զավթել

է այս իշխանությունը, ապա մենք չենք պնդում, որ նա նշանակվել է Աստծո կողմից, այլ ասում ենք, որ նրան

թույլատրվում է կամ փսխել իր ողջ չարությունը, ինչպես փարավոնը, և այդ դեպքում ենթարկվել ծայրահեղ

պատժի, կամ էլ պատժել նրանց՝ ում դաժանություն է պետք, ճիշտ այնպես, ինչպես Բաբելոնի թագավորը

խելքի և զղջումի բերեց հրեաներին:

Սիրելի ազգակիցներ: Հասկանու՞մ էք, մենք չենք կարող մեր շուրջը կամ մեր երկրում ոչինչ փոխել, եթե մենք

չենք ուզում նախ փոխել ինքներս մեզ: Եթե դու ուզում ես, որ քո շուրջը բոլորն ազնիվ լինեն, ուրեմն առաջինը

դու պիտի ազնիվ լինես: Եթե դու ուզում ես, որ քո շուրջը բոլորն արդար ու սիրալիր լինեն, ուրեմն առաջինը

դու պիտի արդար ու սիրալիր լինես մարդկանց նկատմամբ: Հետևաբար, մենք պետ համոզվենք, որ ցանկացած

իշխանություն, ի վերջո պատահական երևույթ չէ, այլ որև ազգի հոգևոր վիճակի ուղիղ հետևանք: Իսկ մենք

հիմա գտնվում ենք մի սարսափելի ու ահավոր հոգևոր վիճակում: Այ նայեք աշխարհի պատմությանը:

Ռուսաստանը 20րդ դարի սկզբին կարծես թէ Քրիստոնեական կայսրություն էր: Բա ինչու՞ Աստված արտոնեց,

որ անհավատ ու աստվածամարտ բոլշեվիկները գան իշխանության:

Դուք գիտե՞ք ինչ ողբով է Սբ. Իոհան Կռոնշտադսկին 20րդ դարի առաջին տարիներին գրում ժղովրդի

անհավատության և Աստծուց հեռանալու մասին: 1905 թվականի հեղափոխության ժամանակ նա գրում է, որ.

«Սա մեր հոգևոր վիճակի հետևանքն է»: Հետևաբար իշխանություն չկա որ Աստծուց կարգված չլինի: Ամեն

ինչ օրինաչափ է ու մեր հոգևոր վիճակի հետևանքը:

Բա լավ հիմա ի՞նչ անենք: Ինչպես պետք է լինի մեր վերաբերմունքը: Սուրբ մարդիկ ասում են, որ ամեն մեկս

պետք է նայենք մեր ներսը: Ինչպիսի՞ն եմ ես: Ինչպիսի՞ն է իմ հոգևոր վիճակը: Ինչպիսի՞ն է իմ

հարաբերությունը Տեր Հիսուս Քրիստոսի հետ, որ թագավորների Թագավորն է ու տերերի Տերը: Եթե ամեն

մեկս վերադառնանք Քրիստոսին, մաքրենք մեզ կեղտից ու հրաժարվենք բոլոր չարություններից, դա էլ կփոխի

իրավիճակը: Քանզի Աստված ամեն ազգի իշխանություն է թույլ տալիս ըստ իր հոգևոր հասակի կամ ըստ իր

հոգևոր վիճակի:

Պատմության մեջ գրեթե չի եղել որ մարդիկ միշտ գոհ մնացած լինեն իշխանություններից: Ես 50 տարեկան եմ

ու հիշում եմ, որ ժողվուրդը գրեթե ճնշող մեծամասնությամբ դժգոհ է մնացել բոլոր նախորդ և հիմա էլ ներկա

իշխանությունից: Սրա համար կան շատ օբյեկտիվ պատճառներ: Դրա համար էլ Աստված և նախորդներից է

իշխանությունը վերցրել, և ներկաներից կվերցնի և գալիքներին է տալու և վերցնելու: Բայց եթե դու ուզում ես

դրական փոփոխություն, հարցրու ինքդ քեզ: Այս իշխանությունը որտեղի՞ց եկավ: Լուսնից ընկա՞վ: Դու ուզում

ե՞ս կոռուպցիան ու անարդարդությունը վերանա: Չէ՞ որ հին ու նոր, նախորդ ու ներկա բոլորը մեր ազգի

ծոցից են դուրս ելել: Դուք ազգային խորհրդարանին էք չէ՞ ձայն տվել: Քանի՞ մարդ գիտեք մեր

խորհրդարանից, որ ամեն կիրակի Պատարագի է մասնակցում ու հաղորդվում Տիրոջ կենարար մարմնին ու

արյանը: Մենք մեր գործերի արժանի հատուցումն ենք ստանում: Հենց որ իսկապես զղջանք մեր չար գործերի

համար ու վերադառնանք Քրիստոս Աստծուն, ապա ամեն ինչ կփոխվի դեպի լավն ու բարին: Դրա համար

դարձն ու ապաշխարությունը միակ ելքն է: Մնացածն անպտուղ եղան ու անպտուղ էլ լինելու են:


Իսկ իշխանություններն էլ պետք է լավ իմանան, որ եթե իրենք հավատում են, որ կարգված են Աստծուց, ապա

Աստծո կամքը պիտի կատարեն, Աստծո պատվիրաններով ապրեն, Աստծո գործն անեն, աստվածատուր

հայրենիքը պաշտպանեն այլ ոչ թէ Աստծուն ու Քրիստոսի եկեղեցուն հակառակվեն: Հիշու՞մ էք եգիպտական


փարավոնին ինչ եղավ, որ իր ամբողջ զորքով խորտակվեց Կարմիր Ծովում: Հիշու՞մ էք Ալեքսանդր

Մակեդոնացին ինչպես ավարտեց իր կյանքը: Հիշու՞մ էք ինչ եղավ Նապոլեոնին, կամ ուրիշ իշխանավորներին:

Բոլոր չար իշխանությունները կամ դաժան վախճան ունեցան, կամ էլ երկար տառապանքից հետո

ապաշխարությամբ սկսեցին մաքրվել, ինչպես օրինակ Նաբուգոդոնոսոր Բաբելական արքան, մեր Հայոց Սբ.

Տրդատ արքան, կամ Նապոլեոնը՝ ով Քրիստոսին եկավ Սբ. Հեղինե կղզում աքսորի ժամանակ:

Տեր Հիսուսն ասաց, որ. «Ում շատ է տրված նրանից շատ պիտի պահանջվի»: Իշխանությունները պետք է մեծ

երկյուղով ու դողով կատարեն Աստծու կամքը: Իշխանությունները չպիտի կատարեն որևէ այլ կամք, քան թէ

Աստծո կամքը: Եվ վայ այն երկրի իշխանավորներին, ովքեր չեն հնազանդվում Աստծուն: Քանի որ ամեն մեկը

արժանի հատուցում է ստանալու իր գործերի համար: Եվ քանի որ «ամեն իշխանություն Աստծուց է» խոսքը

գրել է Պողոս առաքյալը, ապա այս խոսքն ավարտեմ Պողոս առաքյալի ևս մի այլ խոսքով, որ ասում է թէ

«Այսպես ուրեմն՝ ով կարծում է, թե կանգնած է հաստատ, թող զգույշ լինի, գուցե թե ընկնի»:(Ա Կորնթ.

10։12)։

Իսկ, մենք ժողովուրդ ջան, մեր ուշքը դարձնենք ապաշխարությանը: Հոգևոր օրինաչափություն կա:

Իշխանությունը կփոխվի այն աստիճանով, ինչ աստիճանով որ կփոխվեն այդ երկրի մարդիկ և ինչպիսին

կդառնա նրանց հավաքական սիրտը: Թէ չէ, հեղափոխություն, հեղաշրջում, արյուն, ծառաները տերեր են

դառնում, տերերը՝ ծառաներ, ու ոչ մի բան չի փոխվում: Նայեք անցյալի բոլոր հեղափոխություններին: Միայն

Ֆրանսիական հեղափոխության ժամանակ ինչքան երեխաների սպանեցին, գիլիոտինն աշխատում էր ավտոմատ

ռեժիմով: Ու ի՞նչ: Ավելի լավացա՞վ կյանը: Ոչ: Տեսեք հենց այսօր ինչ է կատարվում Ֆրանսիայում և

հատկապես Փարիզի փողոցներում: Ուրեմն Առանց մարդու ապաշխարության չի կարող նրա կյանքը դեպի լավը

փոխվել, առանց մարդու անհատական փոփոխության չի կարող լինել իշխանության փոփոխություն: Դեռ

ինչքա՞ն պիտի տառապենք, որ սա հասկանանք:

Երեմիայի մարգարեությունում, երբ Տերը դատում էր իր ժողովրդին՝ ասաց. «Քո ապստամբությունը քեզ խրատ

է լինելու, և քո չարությունները կշտամբելու են քեզ: Խելքի կգաս ու կտեսնես, որ քեզ համար դառնաղետ է ինձ

լքելը, ասում է Տեր Աստվածը» (2:19): Ուստի, եկեք Տիրոջը խնդրենք, որ մեզ նորոգի ու մեր ազգի միջից

հանի բարեպաշտ թագավորներ ու աստվածասեր իշխաններ, ինչն ամեն Պատարագի մենք հիշատակում ենք:

No comments:

Post a Comment