Tuesday, December 16, 2014

Ինչու Է դաժանությունն ու տառապանքն ավելնաում աշխարհում

Այսօր չար մարդիկ իրենց ազատ կամքով 130 երեխաներ են սպանել Պակիստանի Փեշավար քաղաքի դպրոցներից մեկում: Նրանք մեր փոքրիկ քույրերն ու եղբայրներն են ու նրանց ծնողները մեր աղոթքների կարիքն ունեն որ դիմանան: Այստեղ հիմա շատ հարցեր կծնվեն, որոնց պատասխանները մենք չունենք: Միայն գիտենք, որ երեխաները գնացին տուն, իրենք նեղ դռնով անցան, իսկ ծնողները մնացին, պիտի սպասեն ու դիմանան:

Ինչու՞ է այսպես: Մարդն ասում է, որ ես եմ Աստվածը, իմ կամքն եմ ուզում, իմ համար եմ ուզում, թքած ունեմ բոլորի վրա (դրա համար նա հեռացավ Աստծուց, մի այլ դրախտ փնտրելով ու այս աշխարհ գալով): Ինչ ուզեմ կանեմ, կսպանեմ, կթալանեմ, կխաբեմ, կգողանամ, կվերցնեմ, իմ շահի համար, իմ փառքի համար, դուք ո՞վ էք: Ինչ լավ է սա պատկեված Մովսեսի մասին նոր ֆիլմում, ուր Փարավոնն ասում է, «ե՛ս եմ աստված, ես եմ աստվածը...» (տես 2րդ րոպեի 14րդ վայրկյանից http://bit.ly/1CG7zhB):

Մարդն Աստծուց հեռու մնալով իր կամքը տվել է այս աշխարհի կառավարչին, որը միայն ցանկանում է ապստամբել ամեն մի բարության վրա, հպարտանալ, խաբել մարդուն ու ասել դու ես աստված, ինչ ուզում ես արա: Այս աշխարհի կառավարչը ոչ մի ընդհանրություն չունի մեր Տէր Հիսուս Քրիստոսի հետ ու ոչ մի իշխանություն չունի մեր Տիրոջ վրա: (Հովհ. 14:30)

Նայեցե՛ք ձեր շուրջը սիրելի եղբայրներ ու քույրեր: Չորս կողմը մահ, սպանություն, խաբեություն, մոլորեցում, Պակիստանում քաոս, Ռուսաստանում համարյա դեֆոլտ, Ուկրաինաիում պատեազմ, Սիրիայում, Աֆղանստանում, Իրաքում քաոս, թե Կանադան ու Ավստրալիան մտածում էին որ իրենք ապահով են, տեռորը նրանց էլ հասավ: Ու ինչ լկտիություն, Ավստրալիայում մարդիկ սելֆիներ էին նկարվում այդ սրճարանի մոտ ուր պատանդներն էին պահված:

Ինչպե՞ս կողմնորոշվել այս ամենի մեջ:

Պատասխանը շատ հստակ է: Եթե դուք չեք մնում իսկական Աստուծո սիրո մեջ, ապա դուք այս աշխարհի իշխանի հետ մնում էք մեն մենակ: Մեն մենակ: Իսկ նա ձեր թշնամին է, միայն մահ ու քաոս է սփռում ձեր կյանքերում: Պատմության մեջ միշտ այդպես է եղել ու մարդը, մեն մենակ չի կարողացել երբեք հաղթահարել դա: Այս աշխարհի իշխանը դա անում է մարդու մեջ ագահություն, խորամանկություն, եսասիրություն, փառասիրություն ու անմտություն սփռելով: Պարզապես միացրեք հեռուստացույցն ու դուք կտեսնեք թէ այս աշխարհի իշխանն ինչպես է խոսում՝ գնեք ավելի շատ, կերեք ավելի շատ, պարտք վերցրեք ու մի մտածեք թէ ինչպես պիտի այն վերադարձնեք, հպարտացեք ձեր սեղանների ճոխությամբ ու մրցեց իրար հետ թէ ով ավելի շատ ունի, թէ ով ավելի մեծն ունի, թէ ով ավելի շատ կարող է: Ի՞նչ անել:

Մա՛րդ: Դու պիտի հենց հիմա վերագտնես քո իսկական մարդկային կոչումը: Դու պիտի հենց հիմա ճանաչես քեզ ստեղծողին ու քեզ ամեն շնչիդ հետ կյանք տալացողին (ամեն հարաբերությունից երեխա չի ծնվում չէ՞): Դու պիտի հենց հիմա ճանաչես թէ ով է քո բարեկամը և ով է քո թշնամին: Դու պիտի սիրես քո տէր Աստծուն քո ամբողջ սրտով ու մտքով ու պիտի սիրես քո մերձավորին: Դու չպիտի չար բան մտածես քո մերձավորի նկատմամբ: Դու չպիտի խորամանկես ու խաբես նրան: Դու պիտի զղջաս ու ապաշխարես քո անցյալ սխալների համար ու անկեղծ ներողություն խնդրես Աստծուց, քանի դեռ ժամանակ ունես: Դու պիտի իմանաս, որ քո Աստվածը սեր է, Նա քո երկնավոր Հայրն է ու քեզ համար փրկություն է ուղարկել, որի անունն է Հիսուս Քրիստոս: Պատմության մեջ միայն Տէր Հիսուս Քրիստոսն է, որ կապել է այս աշխարհի իշխանին ու ազատել Աստուծո որդիրներին (Մարկոս 3:27): Մա՛րդ: Դու պիտի ձգտես Հիսուս Քրիստոսին, այսօր կուլ տալով ամեն մի ԽՈՍՔ, որ դուրս է եկել Նրա բերանից: Եթե ոչ, դու կմնաս այս աշխարհի իշխանի իշխանի դիմաց մեն մենակ: Իսկ երբ դու նրա դիմաց մեն մենակ ես, դու շանս չունես հաղթելու: Քո հայ, թուրք, հրեա, ռուս կամ ֆրանսիացի լինելը քեզ չի օգնելու: Ընտրությունը քոնն է, քանի դեռ ժամանակ ունես, ու չգիտես թէ ինչքան ունես:

Տէր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, ողորմյա քո զավակներին որպեսզի ձգտեն քեզ ու այսօր ողորմյա Պակիստանում սպանված երեխաներին ու նրանց ընտանիքներին:

------------
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: Ամեն օր կարդացեք Ավետարանն ու ամեն օր աղոթեք ձեր սրտի խորիքից: Նույնիսկ մի պարզ աղոթք, ինչպես օրինակ «Տէր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, Ողորմյա ինձ մեղավորիս»: Բարին ընդ ձեզ: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26

No comments:

Post a Comment