Ինչ է կատարվում, երբ Աստուծո նկատմամբ վախը փոխվում է սիրո
Մարկոսի Ավետարանում Տէր Հիսուսն առաջին հայացքից դժվար հասկանալի մի շատ մխիթարական խոսք ունի, ուր նա ասում է « ամէն ինչ, որ աղօթք անելով խնդրէք եւ հաւատաք, թէ կը ստանաք, կը տրուի ձեզ» (Մարկոս 11:24):
Սա գրեթե անկարելի բան է թվում: Աղոթքի պահին ո՞նց հավատաս, որ այն, ինչի համար դու աղոթում ես, արդեն ստացել ես: Ինչքան էլ հավատաս, մեկ է, երկմտությունը , մտքերի մոլեգնությունը, կասկածը վրա են տալիս (տեսնես կտա թէ՞ չի տա, հա՞ որ, ես ինչ իմանամ սա կստանամ թէ չէ, և այսպիսի մտքեր): Իսկ երկմտությունն ու կասկածն անմիջապես փակում են դռները: Հիշու՞մ էք Պետրոսն անմիջապես ջուրն ընկավ ծովի վրայով քայլելիս երբ մտքում կասկածեց այն զորության վրա որ իրեն թույլատրել էր դա անել: Իսկ դա աննկատ չմնաց Հիսուսի կողմից (Մաթ. 14:31): Ուրեմն ինչպե՞ս վարվել:
Եթե աղոթքի պահին նույնիսկ մի նշույլ իսկ կասկածում ենք, թէ արդյոք կստանանք թէ ոչ մեր խնդրվածքները, ապա դա 100 տոկոսանոց հավատքի ու վստահության բացակայություն է չէ՞ Ահա այդ բանալի բառը՝ վստահություն:
Բացատրում է Հովհաննես Առաքյալն իր Առաջին Նամակի մեջ:
Վստահում ես միայն նրան ում իսկապես սիրում ես: Իսկ ում իսկապես սիրում ես, կատարում ես նրա պատվիրանները: Այս տեսակ սիրո մեջ դու սկսում ես դիմացինին շատ լավ ճանաչել ու վստահել նրան: Որովհետև իսկակակ սիրո մեջ վախ չկա: Կատարյալ սերը չի վախենում: Կատարյալ սիրո միջից վախը դուրս է մղվում: Կատարյալ սիրո մեջ երկու կողմերն էլ իրար շատ լավ ճանաչում են: ՆԱ մեզ գիտի, ու մենք սկսում ենք իրեն ճանաչել, ԻՐ պես մտածել, ԻՐ մտահոգությունները կիսել (սիրել ԻՐ մյուս զավակներին այդ նույն սիրով): Ախր սա կատարյալ սիրո հարաբերություն է սիրելի զավակի և ամենակարող Հոր միջև: Ու այդ սիրո մեջ (երբ պահում ենք Նրա մեր իսկ օգուտի համար տրված պատվիրանները) ծնվում է այն վստահությունը, թէ ինչ էլ որ խնդրեք Հորից դուք կունենաք այդ վստահությունը, որով առանց կասկածի կիմանաք, որ դուք ստացել էք այն ամենը ինչ որ խնդրել էք:
Հիմա կասեք լավ, բա որ մեկը վատ բան խնդրի: Պատասխանը շատ հեշտ է: Այս տեսակ հարաբերությունն սկսվում է ապաշխարությամբ (ինչպես http://bit.ly/1yTTyeF), երբ որ մարդու միտքը փոխվում է, տանում դեպի Աստված ու մարդն սկսում է Աստուծո պես մտածել: Այս տեսակ մարդն Աստծուց լինելով, չի կարող վատ բան խնդրել, կամ չի կարող մի այնպիսի բան խնդրել որը Հոր կամքով չէ: Աստուծո Հոգին նրա մեջ գործելով առաջնորդում է միայն ճշմարտության մեջ (Հովհ. 16:13):
Այս մտքերն իմը չէին, այլ ընդամենը վերապատմում էին այս հարցի շուջ Հովհաննես առաքյալի նամակում գրված մի քանի բացահայտիչ հատվածներ: Ահա թէ ինչպես է անդրադառնում Հովհաննես առաքյալը Տէր Հիսուսի այն խոսքերին թէ «ամէն ինչ, որ աղօթք անելով խնդրէք եւ հաւատաք, թէ կը ստանաք, կը տրուի ձեզ»:
1 Հովհ. 3:21-22 --- Սիրելինե՛ր, եթէ մեր սրտերը մեզ չդատապարտեն, համարձակութիւն կ՚ունենանք Աստծու առաջ. եւ ինչ էլ որ հայցենք, կը ստանանք նրանից, որովհետեւ պահում ենք նրա պատուիրանները եւ կատարում նրան հաճելի բաները։
1 Հովհ. 4:17-18 -- Աստծու հանդէպ եթէ սէրը կատարեալ է մեր մէջ, ուրեմն վստահութիւն կ՚ունենանք դատաստանի օրը նրա դիմաց կանգնելու. որովհետեւ, ինչպէս որ նա է, այնպէս էլ մենք ենք այս աշխարհում։ Սիրոյ մէջ երկիւղ չկայ. եւ կատարեալ սէրը հեռու է վանում երկիւղը, որովհետեւ երկիւղը տանջանքի ենթակայ է. եւ ով երկնչում է, կատարեալ չէ սիրոյ մէջ։
1 Հովհ. 5:14-15 -- Եւ ա՛յս է այն վստահութիւնը, որն ունենք մենք նրա հանդէպ. այն, որ ի՛նչ էլ խնդրենք ըստ նրա կամքի, նա մեզ կը լսի. եւ քանի որ գիտենք, թէ նա լսում է մեր խնդրանքները, ապա գիտենք նաեւ, որ կը ստանանք այն խնդրանքները, որ հայցեցինք նրանից։
Որտեղից է առաջանում իսկական սերը http://bit.ly/1uqbn3b
-----
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: Ամեն օր կարդացեք Ավետարանն ու ամեն օր աղոթեք ձեր սրտի խորիքից: Նույնիսկ մի պարզ աղոթք, ինչպես օրինակ «Տէր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, Ողորմյա ինձ մեղավորիս»: Բարին ընդ ձեզ: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26
No comments:
Post a Comment