Sunday, July 6, 2014

13 Հարցեր Փրկության, Խոնարհության և Ուղղափառության Մասին

Սիրելի ընկերներ այս հարցերն ու պատասխաններն Ալեքսեյ Օսիպովինն են, ով Մոսկվայի Ուղղափառ Աստվածաբանական Ճեմարանի սիրված դասախոսներից մեկն է: Խնդրում եմ դուք էլ այս օրով տարածեք Ձեր ընկերներին, դրեք ձեր էջերին, քանի որ մեր ժողովուրդն այս հարցերի պատասխանների կարքը միշտ ունի:

1. Ինչ է Ուղղափառությունը

- Ուղղափառությունը դա Աստվածաշնչի գրվածքների, հավատքի ուսուցման և մարդու հոգևոր կյանքի այն պատկերացումն է որ ունեցել են Քրիստոնեական Եկեղեցու Սուրբ Հայերը

2. Ո՞վ է փրկվում համաձայն Ուղղափառության

- Կփրկվի նա (այսինքն կխուսափի հետմահու տառապանքներից), որ կտեսնի ու կհասկանա որ ինքը գերի է մարմնավոր և հոգևոր կրքերին, ցավում է այդ պատճառով, պայքարում է դրա դեմ և զղջում ու ապաշխարհում է անկեղծորն ամբողջ հոգով

3. Ինչպե՞ս գալ սեփական մեղքերը տեսնելու վիճակին

- Անհրաժեշտ է ամուր որոշում կայացնել ապելու Ավետարանի պատվիրաններով ու Սուրբ Հայրերի ուսմունքով, այլ ոչ թէ պարզապես հետևել այսպես կոչված համամարդկային բարոյականությանը: Կյանքն Ավետարանի պատվիրաններով ապրելը ցույց է տալիս թէ որքան վնասված ու կոռումպացված է մարդկային բնությունն ու ինչքան հեռու է մարդը հոգևոր ու բարոյական կատարելությունից

4. Իսկ ի՞նչ է նշանակում հոգևոր կյանք

- Սա մարդկային կյանքի այն տեսակն է, որն ապրում է Ավետարանի պատվիրաններով և զղջում է այդ պատվիրանների ցանկացած խախտման դեպքում, լինի դա գործով, խոսքով թէ մտքով:
- Սա պայքար է մարդկային հոգում առաջացող բոլոր չար, խորամանկ ու համառ մտքերի, ցանկությունների և մտադրությունների դեմ:
- Հոգևոր կյանքը անդադար աղոթքի դիմելն է
- Հոգևոր կյանքը դա ազնիվ ու բարի վերաբերվելն է բոլոր մարդկանց, առանց բացառության

5. Ինչու՞ է Քրիստոսը հանդիմանում Փարիսեցիներին

- Փարիսեցիները կրոնի մեջ բացառել էին ամենակարևորը՝ Աստուծո պատվիրանների կատարումը, սերը մարդկանց նկատմամբ, աղոթքն ու զղջումը: Կրոնական կյանքը նրանք դարձրել էին արտաքին ծեսերի կատարման՝ գեղեցիկ արարողություն, աղոթքների ընթերցում, տոների ու պահքերի պահպանում, ողորմություն տալ և այլն: Այս բաները նրանք անում էին կեղծավորությամբ, որպեսզի մարդիկ տեսնեին: Արդյունքում նրանք ընկան գաղափարական հպարտության ու կրքի մեջ և խաչեցին Քրիստոսին: Քրիստոնեաների մեջ նույնպես շատ կան Փարիսեցիներ

6. Ո՞վ է կոչվում Ուղղափառ Քրիստոնեա

- Այն մարդը, ով մշտապես ձգտում է ապրել խղճով ու Քրիստոսի պատվիրաններով՝ հետևելով Սուրբ հայրերի այդ պատվիրանների ուսմունքին ու խրատներին:

7. Կփրկվի՞ արդյոք մարդն իր բարի գործերով

- Սուրբ Իսահակ Սիրիացին գրում է, որ մարդը պարգևատրումը (փրկություն) ստանում է ոչ թէ բարի գործերի համար, այլ համեստության ու խոնարհության համար, որ ձեռք են բերվում բարի գործեր կատարելու շնորհիվ: Եթե խոնարհություն ձեռզ չբերվի, ապա բարի գործերը դառնում են անպտուղ և նույնիսկ կործանարար, քանի որ առաջացնում են հպարտություն

8. Ինչպե՞ս կարելի է հասկանալ թէ երբ է մարդու մոտ առաջանում հոգևոր զարթոնք

- Նոր սկսվող հոգևոր զարթոնքի առաջին նշանը սեփական մեղքերի ավելի շատ տեսնելը և ուրիշ մարդկանց ավելի քիչ դատելն է:

9. Կարո՞ղ է արդյոք մարդը սեփական ուժերով մաքրվել կրքերից ու դառնալ սուրբ:

- Կրքերը (հպարտություն, ատելություն և այլնջ) - հոգևոր հիվանդություններ են: Հետևաբար դրանք պետք է բուժվեն այնպիսի միջոցներով, որ արդեն փորձված են դարերով՝ հայտնաբերված ճգնավոր հայրերի կողմից, որոնք արդեն բուժվել էին այս հիվանդությունից: Ճգնավոր սուրբ հայրերը պնդում են, որ Աստված արմատախիլ է անում այս կրքրերը նրանց մեջ ովքերի իսկապես ազնվորեն պայքարում են այս կրքերի դեմ՝ իրենց համեստության ու խոնարհության համաձայն:

10. Ի՞նչ է տալիս մարդուն Քրիստոսի պատվիրաններով ապրելը

- Կրքերից (նախանձ, կեղծավորության, ամբարտաւանութիւն, հպարտություն, ատելություն եւ այլն) բուժում և առողջացում: Եվ միության Աստծո հետ, այսինքն հենց ինքը ՍԻՐՈ հետ, որ մեծագույն երանություն է մարդու համար երկրի վրա եւ երկնքում:

11. Ինչ բան են կրքերն ու որտեղից են նրանք առաջանում

- Կրքերը, դրանք հիվանդություններ են, որ եթե չպայքարենք նրանց դեմ, զարգանում են ու դառնում ավելի մեծ տառապանքի (օրինակ, շատակերություն, հարբեցողություն, ինքնահավանություն, հպարտություն). Նրանք սկսվում են մեղավոր մտքերից, մեղավոր ցանկություններից, մեղավոր զգացմունքներից: Դրա համար չի կարելի սրանց ազատություն տալ:

12. Ինչպիսին պետք է լինի աղոթքը: Ո՞րն է աղոթքի նշանակությունը:

- Աղոթքը միավորում է մարդկային ոգին Աստծո Հոգու հետ: Բայց սա տեղի է ունենում միայն ճիշտ աղոթքի ժամանակ, երբ աղոթէն արվում է ուշադրությամբ, խնամքով, ակնածանքով և ապաշխարհությամբ: Աղոթքն անիմաստ է առանց ուշադրության եւ վիրավորում է Աստծուն.

13. Ինչ է ասում Ուղղափառությունը երեխաների դաստիարակության մասին

- Երեխայի դաստիարակության հիմնական խնդիրը կայանում է նրանում, որպեսզի երեխային սովորեցնենք պայքարել իր էգոիզմի, ցանկությունների, քմահաճույքի (կապրիզ) և նման բացասական բաների հետ

Հիմնական խնդիրը բարձրացնել երեխային պետք է սովորեցնել նրան պայքարել իր եսասիրությունը, ցանկությունները, քմահաճույքի, եւ այլն, եւ ներշնչել իրեն լավ հմտությունները զբաղվող մարդկանց, կենդանիների եւ այլն բաներ. Սակայն դա անհնար է հասնել այդ նպատակին, որն ինքն ունի. Ներշնչենք երեխաներին բարի գործերի ու մարդկանց, կենդանիների և իրերի նկատմամբ բարի վերաբերմունքի: Սակայն այս նպատակին չի կարող հասնել այն ծնողը, որն ինքը դեռ չի կարողանում տիրապետել իրեն ու այս բաներին:

-------------------------------------

Ինչքան կարող է երեխան բացասաբար ազդվել, երբ ծնողներն անընդհատ կռիվ են անում երեխաների ներկաությամբ

Ստրեսը մեր երեխաների կյանքում շատ շատ է: Հեռուստատեսությամբ շարունակ վատ բաներ են ցուցադրում ու վախ սփռում, վիդեո-խաղերում վայրագությունը շատ-շատ, դպրոցում ու փողոցում էլ իր հերթին: Ու ահա սրան ավելանում է այն վայրը, որը կարծես թէ անձեռնմխելի ապաստարան պետք է լիներ երեխաներ համար՝ ԸՆՏԱՆԻՔԸ: Ինչքան ստրեսայի ու վտանգավոր է երեխայի համար երբ նա միշտ ականատես է լինում ծնողների կռվին:

Այս հարցը երեխայի դաստիարակման չհաջողման ու ընտանիքին հարվածող չարիքներից մեկն է: Նույնիսկ ավելի վատ բան կա, երբ ծնողներն այնքան անզիճում են ու կորած իրենց բարկության մեջ, որ մոռանում են ամեն սրբություն ու նույնիսկ երեխաների ներկայությամբ երեխաներին օգտագործում իրար դեմ, իրենց տեսակետը զորացնելու և իրար արդարացնելու համար: Լավ կլինի եթե մեր ծնողներն այստեղ կիսեն իրենց փորձը մեզ հետ: Սիրելի ծնողներ դուք ինչպե՞ս էք պայքարում այս չարիքի դեմ, որ վախ ու անապահովություն կարող է սերմանել մեր երեխաների մեջ:

Իսկ մինչ այդ եկեք տեսնենք թէ ինչ է ասում Աստված երեխաների մասին, Սբ. Գրքում:

Մաթևոս 18:1-7 (սա շատ խոսուն է, մանավանդ վերջին նախադասությունը)
«Այն օրը աշակերտները մօտեցան Յիսուսին եւ ասացին. «Մեզնից ո՞վ է մեծ երկնքի արքայութեան մէջ»։ 2Եւ Յիսուս իր մօտ կանչեց մի մանուկ, կանգնեցրեց նրան նրանց մէջ 3ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ չդառնաք ու չլինէք մանուկների պէս, երկնքի արքայութիւնը չէք մտնի։ 4Արդ, ով իր անձը խոնարհեցնում է ինչպէս այս մանուկը, երկնքի արքայութեան մէջ նա՛ է մեծ։ 5Եւ ով որ իմ անունով մի այսպիսի մանուկ ընդունելու լինի, ի՛նձ կ՚ընդունի։ 6Եւ ով որ ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին գայթակղեցնի, նրա համար լաւ կը լինի, որ նրա պարանոցից էշի երկանաքար կախուի, եւ նա սուզուի ծովի խորքը։»

Մաթևոս 18:10 (զգուշացում բոլորին և ծնողներին)
«Զգո՛յշ եղէք, որ այս փոքրիկներից մէկին չարհամարհէք. ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները մշտապէս տեսնում են երեսն իմ Հօր...»

Մարկոս 10:13-15 (նկատեք որ Հիսուսն այստեղ բարկանում է, որ երեխաներին արգելում են իր մոտ գալ)
«Եւ նրան մանուկներ էին բերում, որպէսզի ձեռքը դնի նրանց վրայ։ Իսկ աշակերտները յանդիմանում էին նրանց, ովքեր բերում էին։ 14Երբ Յիսուս այս տեսաւ, բարկանալով սաստեց նրանց եւ ասաց. «Թո՛յլ տուէք այդ մանուկներին գալ ինձ մօտ եւ արգելք մի՛ եղէք նրանց, որովհետեւ Աստծու արքայութիւնը այդպիսիներինն է։ 15Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով Աստծու արքայութիւնը չընդունի որպէս մանուկ, նրա մէջ չի մտնելու»։»

3 Հովհաննես 1:4
«Չունեմ աւելի մեծ ուրախութիւն, քան այն, երբ լսում եմ, թէ իմ որդիները ճշմարտութեամբ են ընթանում։»

Եփեսացիներ 6:4 (մամաներն այստեղ երևի ասեն "ճիշտ է," բայց սա բոլորիս է վերաբերում  )
«Հայրե՛ր, մի՛ զայրացրէք ձեր որդիներին, այլ մեծացրէ՛ք նրանց Տիրոջ խրատով եւ ուսումով։»

------------
Մոտ մի հարյուր հատ կամ ավել հատվածներ կան Աստուծո խոսքի մեջ երեխաներին վերաբերվող: Բոլորում հետևյալ միտքն է: Երեխաները օրհնություն են ծնողների համար: Այլ բառերով ասած՝ ներդրում (deposit) ծնողների կյանքում, որպես օրհնություն: Ծնողները կանչված են իրենց զավակներին մեծացնել Տիրոջ խրատով և ուսումով, որպեսզի նրան ճշմարտության մեջ ընթանան ու որպեսզի Տէր Հիսուսը չբարկանա ձեր վրա:

Գիտե՞ք, մենք շատ ժամանակ մտածում ուհետաքրքրվում էնք թէ ինչու մեր կյանքերում ոչինչ չի փոխվում, թէև Քրիստոսն այսպիսի սիրուն-սիրուն խոսքեր ու խոստումներ է տալիս Ավետարաններում: Սակայն մենք միշտ մոռանում էնք, որ մեր կյանքերի մեջ, մանր ու մեծ բաների մեջ մենք բարկացնում էնք Աստծուն: Ինքն ինչպե՞ս կարող է մեզ տալ մեր խնդրվածքները երբ մենք բարկացնում ենք Նրան: Օրինակ այս հարցի մեջ: Աստված հստակորեն բարկացավ երբ մարդիկ երեխաներին հեռու էին պահում Իրենից: «Երբ Յիսուս այս տեսաւ, բարկանալով սաստեց» նրանց, գրված է Մարկոսի ավետարանում: Ընթերցողներից շատերը այս բանին կարող է չհավատան, բայց եթե դուք ձեզ Քրիստոնյա էք համարու, ապա իմացեք որ այսպիսի բաներ կան ու որոշեք, դուք ուզում՞ էք Հիսուսի բարկությունը հարուցել:

Բայց լավ կլինի, որ որպես սկիզբ, հայրն ու մայրը մի օր նստեն ու զրուցեն այս բաների մասին ու պայմանավորվեն, որ ինչ էլ լինի, իրենք չկռվեն երեխաների ներկայությամբ: Խոսեք, քննարկեք, թեկուզ և բարկացեք (բայց նայեք որ արևը մայր չմտնի ձեր բարկությանվ վրա ու բարկության ժամանակ մեղք մի գործեք, ասում է Պողոս առաքյալը), բայչ ոչ երեխաների ներկայությամբ: Դուք նրանց պահապաններն ու դաստիարակներն եք: Աստված ձեզ երեխաներ է տվել, որպեսզի դուք նրանց լավ մարդ մեծացնեք: Մարդ որը գիտե ով է ինքը: Ճշմարտությամբ իքնագիտակցություն տանք ձեր երեխաներին: Աստուծո Արքայության համար արժանի զավակներ մեծացնեք: Նրանք ձեզ են նայում ամեն ինչի մեջ: Հանկարծ չլինի որ նրանց մեջ դառնաք վախի ու անապահովության սերմանողները:

Սիրելի ծնողներ ջան, սրբություններ կան որ ավելի բարձր են քան անձնական ամբիցիաները: Դուք եղեք առաջին զիճողը, լինեք հայր թե մայր, բայց ձգտեք առաջինը լինել բարկության կրակը հանգցնելու մեջ: Ոչինչ, մեկ մեկ էլ «տակ մնացեք» հանուն խաղաղության ու ավելի մեծ բան շահելու: Ճակատամարը կորցրեք, բայց պատերազմը հաղթեք: Աշարհն ասում է որ «տակ մնալը» լավ բան չի, բայց չէ որ տակից բռնելն ավելի դժար է ու ավելի շատ ուժ է պահանջում: Դուք եղեք այդ ուժեղը ձեր ընտանիքում վիճաբանության այդ պահին: Խաղաղությունն անմիջապես կգա: Հետո, ավելի հանգիստ պայմաններում կարող էք քննարկել ամեն հարց:



Մի վախեցրեք ձեր երեխաներին ձեր վիճաբանություններով:

Երեխաները շատ բացասաբար են ազդվում TV-ից ու վիդեո խաղերից: Ինչպե՞ս պայքարել սրա դեմ

Արևմուտքում վիդեո խաղերի ու մեդիա-մոլության վտանգավոր հետևանքները երեխաների վրա հասել է անկառավարելի աստիճանի: Հավանաբար աշխարհի մյուս մասերում էլ վիճակը լավ չէ, բայց այստեղ շատ ու շատ երեխաներ կյանքն այլևս տեսնում են միայն iPad-ների ու iPhone-ների էկրանների պրիզմայով: Ծնողները սկսում են մտածել որ իրենք միայնակ անզոր են պայքարել այս, մի տեսակ աներևույթ, չարիքի դեմ: Արդյոք կա՞ լուծման եղանակ: Պարզվում է այո:

Ինձ, իմ ոչ-Քրիստոնյա ընկերներն ասում են, որ երեխաներին պետք է ազատություն տալ որ իրենք իրենց կամքով ընտրեն թէ ինչ են ուզում իրենց համար, որ ծնողները իրենց պիտի չստիպեն: Բայց սա շատ վտանգավոր է: Եվ ահա թէ ինչու: Փոքր նորածին երեխային ծնողը պինդ կերակուր չի տալիս, որովհետև այդ երեխան չի կարող ընդունել այն: Ազատ թողնե՞նք խորոված ուտի: Դեռ ատամ չունի, ինչպե՞ս խորոված ուտի: Եվ երկրորդ՝ երբ փոքր երեխաները դպրոց են գնում, դուք թողնու՞մ էք որ նրանք մենակ գնան եթե պետք է մի քանի հատ փողոց անցնեն, մեքենաների արանքով գնան: Ո՛չ, նույնն էլ այստեղ է, մենք նրանց պիտի առաջնորդենք կյանքի փորձությունների միջով, մինչդեռ նրանք մեծանում են: Երբ չափահաս դառնան, դա արդեն ուրշ պատմություն է:

Մեր, ու մեր երեխաների վրա այս տեսակ հարձակումները գալիս են Հեռուստացույցից, մամուլից, բակից, դրսից, նույնիսկ մեր վարքից, մեր վատ օրինակներից, բարի տեսքով ձյաձյաներից ու ծյոծյաներից: Արդյոք մի օր տեսե՞լ էք որ հեռուստատեսությամբ ասեն, «երեխաներ լսեք ու սիրեք ձեր ծնողներին, հնազանդ եղեք նրանց, լսեք ու կատարեք իրենց ծնողական բարի խորհուրդները, պատվեք ձեր հորն ու մոր, դուք կարիք չունեք այդ iPad-ի կամ iPhone-ի այս տարիքում:» Ոչ, սրա փոխարեն ձեզ գնդակոծում են այսպիսի պատգամներով «էժանացում կա, ավելին գնիր, առաջին սերնդի iPad -ն ու iPhone-ն անցան, 2րդ սրնդինը վերցրու, ավելի լավն են, ավելի շատ բան կարող էք անել դուք և ձեր երեխաները, ավելին վերցրու: Եթե դրամ չունես, վնաս չունի, պարտքի տակ ընկի, մենք ֆայնենս կանենք ու պարտք կձևակերպենք: Հետո կմտածես թէ ինչպես տակից դուրս գաս, հիմա վայելիր:»

Բայց սա ու՞ր է տանում: Ինչու՞ այսպիսի թշնամանք մարդու հանդեպ: Ինչու՞ մարդկային ու ընտանեքակ բարի արժեքների այսպիսի անխնա ոչնչացում: Չէ՞ որ այս բաները հաղորդողներն իրենք նույնպես կքած են այս անիմաստ վազքի ու դժվարության տակ:

Քրիստոնյա ծնողները միշտ պետք է հիշեն, որ թէ մարդը, և թէ մարդու զավակները թշնամի ունեն, որ միշտ ցանկանում է կործանել ու մոլորեցնել: Ահա թէ ինչ է ասում Աստուծո Խոսքն այս մասին:

1 Պետրոս 5:8-9
«Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ Սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտռում է, թէ ո՛ւմ կուլ տայ։ Դիմադրեցէ՛ք նրան՝ հաստատուն լինելով հաւատի մէջ.» Սա գրում է Պետրոս Առաքյալը՝ մի մարդ, որ 3 տարի Հիսուսի հետ էր ապրել, ուրացել էր ու զղջացել էր: Նրա ստվերից մարդիկ էին բուժվում ու նա երկինքն էր տեսել:

Զգույշ եղեք, սատանան կարող է կերպարանավորվել որպես լուսո հրեշտակ, ասում է Պողոս Առաքյալը (2րդ Կորնթացիներ, 11:14): Իսկ մի ուրիշ տեղում էլ ասում է «Աստծու սպառազինութիւնը հագէ՛ք, որպէսզի կարողանաք ընդդիմանալ Սատանայի հնարանքներին. (Եփես 6:11-15 ուշադիր կարդացեք սա):

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆԵԼ ԾՆՈՂՆԵՐԸ

1. Սպառազինվել (Եփես 6:11)՝ ամրանալով «խաղաղութեան Աւետարանի պատրաստութեամբ (Եփես 6:15): Ավետարանը միշտ կարդացեք: Աստծուն մոտիկ մնացեք՝ ԻՐ Խոսքը միշտ ձեր մեջ պահելով ու ՀԻՇԵԼՈՎ: Լավ հիշեք, դուք ճյուղերն էք, Հիսուսը որթատունկը, իսկ մեր ՀԱՅՐԸ պարտիզպանն է: Ճյուղը սնվում է որթատունկից: Եթե չմնաք որթաունկի վրա, կչորանաք, սնվելու աղբյուր չի լինի: Իսկ չոր ճյուղերը պտուղ չեն տալիս, դրանք հավաքվում ու դրանցով տարբեր նպատակների համար կրակ են վառում: -- Սա շատ շատ կարևոր կետ է, կարծես թէ պրակտիկ չէ, քանի որ հոգևոր է, բայց չէ որ այս պայքարն էլ հոգևոր է, տեսանելի չէ, շոշափելի չէ:

2. Օգնեք ձեր երեխային իր կյանքում տեսնի թէ ինքն ինչ ունի, այլ ոչ թէ նեղվի իր չունեցած համար՝ աչքն էլ պահած ընկերոջ ունեցածի վրա: Իմ մեծ տղան 10 տարեկան է: Իր ընկերներն ունեն iPad, ինքն առայժմ չունի: Երբ նա բողոքում է թէ ինչու՞ նա չունի այն ինչ իր ընկերներն ունեն, ես նրան ասում եմ, մտածիր այն ամենի մասին որ դու ունես ու քո ընկերները չունեն: Քո ընկերն iPad ունի, բայց դու ճամփորդել էս Եվրոպայում, Հաստանում, Արցախում, 2 լեզուների էս տիրապետում, լավ ընկերներ ունես, լավ հետաքրքրություններ ունես, լավ ընտանիք ունես, լավ բարեկամներ և այլն: Երեխան զգում ա, որ ինքն էլ դատարկաձեռն չի: Եվ իրեն լավ ա զգում: Ուրեմն եկեք իրենց բողոքներին ի պատասխան մեր երեխաներին օգնենք տեսնել այն օրհնությունները որ իրենք ունենք իրենց կյանքում:

3. Ես ու կինս, մեր տանը կաբելային հեռուստատեսություն չունենք: Միայն նայում էնք հասարակական ալիքները: Մենք այդ որոշմանը հանգեցինք, տեսնելով թէ որքան վատ խոսքեր ու հայհոյանք կա կաբելային ալիքներով: Երբեք չենք ափսոսել այս որոշման համար: Բայց, հասարակակակն ալիքներով նույնպես վատ բաներ են ցուցադրում: Եվ սա բերում է իմ 4րդ կետին:

4. Մենք չենք նայում այնպիսի հաղորդումներ, որ չենք ուզում մեր երեխաները նայեն: Օրինակ: Ես չեմ ասում, գնա ստեղից, այս հաղորդումը քեզ համար չի: Երեխայի մոտ հարց ա առաջանում, ինչու պապային կարելի ա վատ բաներ ինձ չէ: Եթե վատ ա, ինչու ինքը իր մասին հոգ չի տանում: Ուրեմն էտքան էլ վատ չի: Ու հենց դուք տանը չլինեք, նա կմիացնի ու կփորձի համտեսել արգելված պտուղը: Ես նկատի ունեմ կռիվ կինոներ, վայրենի բաներ (արյունոտ դանակներ ու դաժան տեսարաններ), անպտուղ բաներ: Վախենալիք բաներ: Ինչու երեխաներին ավելի ստրեսավորենք այսպիսի բաներով: Նրանց ներկաությամբ ու ցերեկային ժամերին նայում էնք միայն լավ բաներ (երբ ժամանակ կա): Երբ նրանք գնում քնում են, մենք արդեն կարող էնք դիտել մեծերի համար լավ հաղորդումներ, որոնք գրեթե անհետացել են արդեն:

5. Փորձում ենք գտնել ընկերների մի շրջանակ, որ մեր պես են մտածում: Անձնական ու ընտանեկան ընկերություն պիտի անել նմանատիպ մտածողություն ունեցող ընտանիքների հետ որոնց դավանած արժեքները գոնե մոտ են ձեր դավանած արժեքներին, որոնք ցանկանում են որ իրենց երեխաներն էլ նույն կերպ մեծանան: Գոնե ուտելուց ու iPad-ից բացի այլ բաների մասին մտածեն:

6. Երբեմն դժվար է սա, բայց այս մեդիա-մոլությունից երեխաներին հեռու պահելու համար, մենք դրանք փոխարինում այլ բաներով: Այլ ժամանցային բաներով, գիրք, փայտաշինություն, սպորտ, երգ, ուրախություն: Սա օգնեւմ է, որ երեխաները մի այլ աշխարհ տեսնեն էտ էկրաններից դուրս: Օրինակ, երբ մենք մեքենայով տեղ էնք գնում, երբեք թույլ չենք տալիս որ երեխաներն ինչ որ վիդեո խաղ կամ բան վերցնեն հետները: Թող դուրս նայեն պատուհանից ու աշխարհ տեսնեն մի քիչ:

7. Ծնողն ինքը պիտի ուզենա ապրի ու լինի այն, ինչ որ ինքն ուզում է տեսնել իր երեխային: Այսինքն մենք՝ ծնողներս շատ շատ ուշադիր պիտի լինենք մեր վարքի, խոսքերի ու մտքերի մեջ: Եթե ծնողը դաշնամուր նվագել չգիտի երեխային չի կարող դաշնամուր նվագել սովորեցնել: Ծնողը դադարում է երեխայի համար լինել հեղինակություն, երբ նա երեխայի մոտ մի բան է ասում, հետո ինքն այլ բան անում: Օրինակ, տանը մարդիկ են գալիս: Նստում, հաց են ուտում, գեղեցիկ կենացներ ասում իրար ու գովում: Հետո մարդիկ գնում են, ու ծնողներն սկսում են բամբասել հյուրերի ետևից: Երեխայի սրտում երկրաշարժ է տեղի ունենում: Աշխարհը շուռ է գալիս. «Ոոոոոնց, ախր հենց նոր, ինչ լավ բաներ էիք ասում այս մարդկանց մասին, հիմա դարձան ձեր բամբասանքի առարկա՞ն,» մտածում է երեխան: Եվ ծնողը կորցնում է իր հեղինակությունը: Նա երեխային սովորեցնում է կրկնակի ստանդարտների:

Սիրելի ընկերներ, սրանք զուտ մի քանի կետեր են, որոնց հավատարիմ մնալը կարող է շատ մեծ փոփոխություն բերել երեխաների և ձեր կյանքում: Իսկ ամենակարևորը դա Առաջին Կետն է, որովհետև սա հոգևոր պայքար է, հակառակորդն էլ անտեսանելի: Եվ աղոթէք: Ընտանիքով աղոթեք: Ձեր զավակների համար աղոթէք: ուշադրությամբ աղոթէք: Սրտով աղոթէք: Ձեր զավակների հետ միասին աղոթէ ու նրանց Աստուծո մասին պատմեք: Այս կերպով պայքարելը հաղթանակի է տանում, երբ կողքիդ ունես Հիսուսին քեզ ապավեն ու առաջնորդ: Դա հաղթանակ է:

Thursday, July 3, 2014

Ինչպես Գտնել Հիսուսին ու Լսել Նրա Ձայնը Կասկածանքի ու Երկմտության Ժամանակ



Աստծուն հավատալն ավելի հեշտ է քան Հիսուսին, այնպես չէ՞  http://bit.ly/1sZr7fE : Գիտե՞ք ինչու է այդպես: Որովհետև "Աստծուն հավատալը" մի տեսակ հեռավոր ու անորոշ բան է: Իսկ Հիսուսին հավատալն ավելի կոնկրետ է և իր հետ բերում է պատասխանատվություն, քայլ առնելու անհրաժեշտություն:

Բայց մարդիկ ինչպե՞ս հավատան Տէր Հիսուսին ու ընտրեն հենց Նրան այսքան կրոնների բազմազանության մեջ, երբ նույնիսկ հավատացյալներն են հաճախ երկմտում ու կասկածում: Նախ՝ Քրիստոնեությունն ունի առնվազն երեք զորավոր փաստարկ, որ Հիսուսի պատգամն ու առաքելությունն առնավազն մարդկային հնարանք չէր, այսիքն ծագումն այս աշխարհից վեր էր  http://bit.ly/1kgfgAm , բայց կա մի շատ ավելի զորավոր, արագ ու հեշտ միջոց Հիսուսին ճանաչելու և Նրա ձայնը լսելու՝ միայն ցանկություն:

Եթե դուք ամենակարող հայր էք ու շատ էք սիրում ձեր զավակներին, իսկ ձեր զավակները հեռու են, նրանց միայն ցանկությունը կբավականացնի որպեսզի դուք հասնեք նրանց (քանի որ ամենակարող էք ու սիրում էք) ու նրանք լսեն ձեր ձայնը: Իսկ Հիսուսը մեզ սովորեցրեց, որ Աստծուն ասենք «Հայր մեր...»

Պատկերացրեք մի այսպիսի վիճակ:
Նստած էք մի մութ սենյակում: Ոչինչ չէք տեսնում: Վախ կա ու անորոշություն: Սենյակն ունի 4 պատ, հատակ ու առաստաղ: Դուք սպասում էք: Լռություն է:

Մեկ էլ հանկարծ թակոցի ձայն էք լսում: Մեկը թակում է սենյակի դուռը: Այսպիսի իրավիճակներում, եթե փորձեք, կտեսնեք, որ մարդկային մտածողությունը կարողանում է անմիջապես որսալ թէ որ կողմից է գալիս թակոցների ձայնը: Նկատե՞լ էք մենք ինչ հետաքրքիր կարողություններ ունենք: Մարդը կարողանում է աչքաչափով չափել տարածությունը, ոչ միայն լսել ձայնը մթության մեջ, այլ նաև հասկանալ թէ ձայնը որ կողմից է գալիս: Սրանք զարմանալի կարողություններ էն, որ մեզ տրված են հասկանալու կյանքն ու գտնելու ուղղություն:

Հիմա, երբ որ մթության ու լռության մեջ լսում էք թակոցների ձայնը, դուք կարող էք հասկանալ, արդյոք այդ թակոցների ձայնը դիմացից են գալիս, ձախ կողմից, աջ կողմից թէ ետևի կողմի: Ձեզ տրված կարողության շնորհիվ դուք կարող էք գնալ դեպի թակոցի ուղղությունն ու գտնել դուռն ու բացել այն: Եթե, իհարկե, ցանկանում էք:

Տեսեք Տէր Հիսուսն ինչ է ասում այս իմաստով Ավետարաններում ու Հովհաննու Հայտնության գրքում:

Ահա՛ւասիկ ես դռան առաջ եմ եւ բախում եմ. եթէ մէկը ականջ դնի իմ ձայնին եւ բաց անի դուռը, կը մտնեմ նրա մօտ եւ կ՚ընթրեմ նրա հետ, եւ նա՝ ինձ հետ։ Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են: Եւ նրանց ասաց. Զգո՛յշ եղէք, թէ ինչ էք լսում, եւ ինչ որ լսում էք, աւելին կը տրուի ձեզ. Այսօր եթե նրա ձայնը լսեք, մի կարծրացրեք ձեր սրտերը: ( Հայտնություն 3:20, Հովհ. 10:27, Մարկոս 4:24, Եբրայեցիս 3:15)

Տեսնու՞մ էք ինչքան հեշտ է ու ինչքան մոտ է մեր սիրելի Հիսուսը: Իսկ մենք շատ հաճախ նստած էնք այդ մութ սենյակում ու այն լի է տարբեր տեսակի աղմուկով: Նման է այն բանին երբ տանը լիքը մարդ, քեֆ ուրախություն, ու երբ դռան զանգը տալիս են, ոչ ոք այն չի լսում, որ դուռը բացի, քանի որ մագնիտաֆոնի ձայնն այնքան բարձր է:

Դրա համար, սիրելի ընկերներ, այստեղ կարևոր է 2 բան: Առաջինն այն է, որ մենք անկեղծորեն ուզենանք փնտրել ու ցանկանալ լսել այդ թակոցների ձայնը: Եթե դա քեզ համար կարևոր չէ, ու դու դրան չես ուզում լսել, որովհետև քո շուրջի աղմուկը քեզ լրիվ բավարարում է, ապա դու այն չես լսի: Չես լսի, որորվհետև չուզեցար: Իսկ երկրորդն այն է, որ եթե դու ցանկանում էս այդ ձայնը լսել, ապա դու պիտի գոնե մի պահ անջատես այս աշխարհի աղմուկն ու լռության մեջ մնաս, որպեսզի լսես թակոցների ձայնը ու իմանաս որ կողմից է այն գալիս:

Խնդրեցէ՛ք Աստծուց, եւ նա կը տայ ձեզ, փնտռեցէ՛ք եւ կը գտնէք, բախեցէ՛ք, եւ կը բացուի ձեր առաջ. որովհետեւ, ով որ ուզի, ստանում է, ով որ փնտռի, գտնում է, եւ ով որ բախի, նրա առաջ կը բացուի։  Դու երբ աղօթես, մտի՛ր քո սենեակը, փակի՛ր քո դռները   (Մաթ. 7:7-8, Մաթ 6:6):

Հիմա տեսնու՞մ էք, ինչպես ամեն մարդ, ամեն Աստուծո զավակ կարող է լսել Հիսուսի ձայնը ու բացել սիրտը Նրա առաջ: Չէ՞ որ դժվար չպիտի լինի դա: Եթե Ծնողի ձայնն իր զավակների համար լսելը դժվար մի բան լիներ, ապա մի տեսակ անարդար կլիներ: Զավակները կարող էին Ծնողին ասել, « է ինչ անենք, չենք տեսնում քեզ, չենք լսում քո ձայնը, չենք ճանաչում քեզ:» Իսկ ՆԱ պատասխանում է, սիրելիս, դժվարություն չկա, միայն ցանկացիր ու աղմուկը քչացրու, որովհետև քո սրտին ԵՍ խոսում եմ փափկության սիրով ու «մեղմ օդի ձայնով» ( Գ Թագավորաց 19:12): Եվ եթե միայն ցանկանաս ու աղմուկը քչացնես, դու կլսես իմ ձայնը, և եթե սրտիդ դուռը բացես ու ասես « ներս արի Տէր» ԵՍ ներս կգամ ինչպես ամենակարող ու ներողամիտ Հայրն իր սիրելի զավակի տուն: Դու կապրես ինձ հետ, իմ տանը, իմ սիրո մեջ, որպես սիրելի ժառանգավոր քո ծնողի ու ոչ մի հակառակորդ չի հանդգնի քեզ մոտենալ, քանի որ դու կունենաս քո ամենակարող ծնողի պաշտպանությունը:  (Հովհ. 10:28-29):

Սիրելի ընկերներ, չլինի այնպես որ ամբողջ կյանքն անցնի ու դուք չլսեք այդ թակոցները: Մենք ապրում ենք հպարտության ու ինքնավստահության մեջ ու մեզ թվում է թէ այս ամենն այսպես պիտի շարունակվի ու երբեք չվերջանա: Սակայան, դուք գիտեք որ այդպես չէ:  Անկեղծ եղեք ձեզ հետ: Հանկարծ չլինի թէ ամբողջ կյանքն անցկացնեք ինքնա-մերժումի ու ինքնաբացասման մեջ, ինչպես Անգլերենում են ասում (in denial):

Աստուծո Խոսքը շատ քաղցր է նրանց համար որ ցանկանում են այն: Մեղր է բերանին ու լույս մարդու ճանապարհին: (Սաղմոս 118:103-105):

-------------------------------
Սիրելի ընկերներ, որոնց ես սիրում եմ որպես մեր մեծ ընտանիքի անդամների: Եթե այս գրվածքը ձեզ մտածելու առիթ տվեց՝ ապա մի վարանեք, մի հետաձգեք: Ուր էլ լինեք այս պահին, կանգնած թէ նստած, քայլ արեք ու մի պահ ձեր հոգու մեջ անկեղծությամբ ասեք, «Տէր Հիսուս Քրիստոս, ես զղջում եմ իմ արած սխալների համար: Օգնիր ինձ լսել Քո ձայնը: Ահա, սիրտս եմ բացում Քո առաջ: Ներս արի քո զավակի տուն: Ես փնտրում եմ քեզ:» Ամեն օր ասեք սա: Բայց այս խոսքերն ասելիս անկեղծ եղեք, հոգով ասեք, ճշմարտությամբ ասեք: Եթե դուք սիրում էք Աստծուն, ավելի սիրեք Նրան: