Սրբազան Հայաստան, [7/10/2023 7:50 AM]
🙏 ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ ԱՐՑԱԽՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՄԵՐ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՈՒ ՔՈՒՅՐԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀՐԱԺԱՐԻՄՔ (3 անգամ)
Հրաժարվում ենք սատանայից և նրա բոլոր խաբեություններից, նրա պատրանքներից, խորհուրդներից, ընթացքից, չար կամքից, չար հրեշտակներից, չար ծառաներից, չար կամարարներից և նրա ողջ չար զորությունից. Հրաժարվելով հրաժարվում ենք:
🙏 ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ
Հայ՛ր մեր, որ յերկինս ես,
Սուրբ եղիցի անուն Քո,
Եկեսցէ արքայութիւն Քո,
Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի:
Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր.
Եւ թո՛ղ մեզ պարտիս մեր,
Որպէս եւ մենք թողումք մերոց պարտապանաց:
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն,
Այլ փրկեա՛ զմեզ ի չարէն,
Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:
🙏 ՈՂՈՐՄՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ
Ողորմած Աստվա՛ծ, Տե՛ր Հիսուս Քրիստոս, ներիր մեր մեղքերն ու անօրենությունները, որոնց պատճառով մեր վրա հասան այս բազում վշտերը, պատուհասներն ու տառապանքները։ Մենք աղերսագին աղոթում ենք Քեզ ու խնդրում, ողորմիր Արցախում ապրող մեր եղբայրներին ու քույրերին։
Մենք մեղքով ապրեցինք մեր անցած կյանքը, մեղքն ավելի սիրեցինք քան Քեզ, Քո շնորհած հաղթանակները մեզ վերագրեցինք, փառքը տվեցինք մարդկանց, բայց ոչ մեր Արարիչ Աստծուն, կուռքեր շինեցինք, նյութը պաշտեցինք, հոգին անտեսեցինք ու հիմա քաղում ենք դրա պտուղները։ Ես խոստովանում են իմ մեղքերը, ամաչում ու զղջում այն բանի համար, որ Քեզնից հեռացա, պատվիրանները չպահեցի, հպարտացա ու գոռոզացա, հույսս դրեցի փուչ բաների վրա, Քո կամքն անտեսեցի, խրատդ չլսեցի, անառակ որդի դարձա։
Տե՛ր Հիսուս, ահա խոնարհվում ենք քո առջև կոտրված սրտով ու այս ջերմեռանդ աղոթքով Արցախի համար։ Ամենողորմ և ամենակարող Տեր, մի բարկացիր ամբողջությամբ ու երեսդ մի շրջիր մեզանից, մի թող մեզ, այլ այց կատարիր և ողորմիր մեզ:
Տե՛ր, մենք սիրում ենք մեր եղբայրներին ու քույրերին։ Քո զորությամբ ամրացրո՛ւ Արցախում բնակվող մեր հայրենակիցներին, նրանց առաջնորդներին ու զորականներին։ Քրիստոս Փրկիչ, մեղմիր նրանց դժվարությունները, ազատիր ներկա անորոշությունից ու տառապանքից, կանխիր գալիք սպառնալիքները, և ապաշխարության հոգի դիր մեր բոլորի սրտերում, ողորմիր մեզ Քո փրկության ուրախությամբ: Դարձրու մեր ժողովրդի սրտերը դեպի Քո գիտությանը, և Քո նկատմամբ սերը վառիր մեր սրտերում։
Իսկ մեր ազգի բոլոր այն զավակներին ովքեր չեն փնտրում Քեզ, նույնպես հայտնվիր, որպեսզի նրանք էլ գտնեն ճշմարտությունն ու չկործանվեն։
Մեր Արցախ ու Հայաստան աշխարհի վրա հեղիր Քո Շնորհը։ Տե՛ր, Հայոց աշխարհում վերհանիր բարեպաշտ ու աստվածավախ առաջնորդների, ովքեր Քո ժողովրդին կառաջնորդեն ճշմարտության ու արդարության ճանապարհներով։ Քո ժողովրդին ուղարկիր սրտի զգոնություն, հոգևոր արթնություն և պահպանիր Սրբազան Հայաստանը։
Այցելիր Տե՛ր Արցախ-Հայաստան մեր երկիրը Քո շնորհով, սրբիր, միաբանիր մեզ, օգնիր, որ դարձի գանք ու արժանացրու, որ Քո զավակները փառավորեն Քեզ, Հոր և Սուրբ Հոգու հետ միասին, այժմ և միշտ և հավիտեանս հավիտենից։ Ամեն։
🙏 ՍԱՂՄՈՍ 6 - Օգնության Աղոթք
Տէ՛ր, զայրոյթով քո մի՛ յանդիմանիր ինձ,
եւ քո բարկութեամբ ինձ մի՛ խրատիր։
Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի հիւանդ եմ ես,
բժշկի՛ր ինձ, քանզի ոսկորներս խախտուել են։
Անձն իմ յոյժ խռոված է,
եւ դու, Տէ՛ր, մինչեւ ե՞րբ...։
Դարձի՛ր, Տէ՛ր, փրկի՛ր ինձ,
ազատի՛ր ինձ, Տէ՛ր, քո ողորմութեամբ,
քանզի չկայ մէկը, որ մահուան մէջ յիշի քեզ,
կամ դժոխքում գոհանայ քեզանից։
Ես յոգնեցի իմ հառաչանքներից,
ամէն գիշեր հեծեծանքով լուացի մահիճն իմ
եւ իմ արտասուքով անկողինս թրջեցի։
Սրտնեղութիւնից այլայլուեց աչքն իմ,
ես հիւծուեցի բոլոր թշնամիներիս ձեռքից։
Հեռացէ՛ք ինձնից ամէնքդ, որ անօրէնութիւն էք գործում։
Տէրը լսեց իմ լացի ձայնը,
Տէրն ականջ դրեց իմ աղօթքներին,
Տէրն ընդունեց իմ խնդրանքները։
Բոլոր թշնամիներս թող ամաչեն ու խիստ խռովուեն,
թող ետ դառնան եւ իսկոյն խիստ ամաչեն ու զարհուրեն։
🙏 ՏԷ՛Ր, ՈՂՈՐՄԵԱ՛
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛,
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛,
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:
Ամենասո՛ւրբ Երրորդութիւն,
Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն
Եւ հիւանդաց բժշկութիւն,
Ազգիս Հայոց՝ այցելութիւն:
Արի՛, Աստուա՛ծ հարցն մերոց,
Որ ապաւէնդ ես նեղելոց:
Հա՛ս յօգնութիւն ծառայից Քոց,
Լե՛ր օգնական ազգիս Հայոց:
Ամենասո՛ւրբ Երրորդութիւն,
Ի ՔԵՆ հայցեմք մեզ օգնութիւն,
Ննջեցելոց արքայութիւն,
Ազգիս Հայոց սեր, միութիւն։
Յիսուս Քրիստոս կարո՛ղ Աստուած,
Քեզ աղաչեմք բազկատարած,
Լո՛ւր եւ մաքրեա՛ զմեզ ի մեղաց
Եւ ազատեա՛ ի փորձանաց:
Ծընողաբար ի մեզ գթա,
Ցրվեալ որդվոց Քո ժողովեա,
Ուրախութիուն մեզ պարգեւեա
Եւ ի բարին առաջնորդեա:
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛,
Յիսո՛ւս Փրկիչ, մեզ ողորմեա՛:
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛,
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:
Միջնորդութեամբ Սրբոյ Խաչին
Եւ անարատ Սուրբ ծնողին,
Ընկա՛լ, Տէ՛ր, եւ ողորմեա՛:
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:
🙏 ՄԱ´ՅՐ ՍՈՒՐԲ, ԲԱՐԵԽՈՍԻ´Ր
Սքանչելի Լույսի Սուրբ Մա´յր, դու, որ հավիտենական Աստծուն որովայնումդ կրեցիր և ծնեցիր աշխարհի ցնծությունը` Աստծո Խոսքը, աղաչում ենք,
Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր
Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, Նրան, Ով խոնարհվեց Հայրական ծոցից և մարմին առավ ըստ մարդկային բնության, որպեսզի խաղաղություն պարգևի երկնքին և երկրին, աղաչում ենք,
Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր:
Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ ների մեզ, անտեսի մեր հանցանքները և օգնական լինի` դիմադրելու հակառակորդին պատերազմի ժամանակ, աղաչում ենք,
Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր:
Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ լռեն պատերազմները, դադարեն թշնամիների հարձակումները, երկրի վրա սեր և արդարություն հաստատվի, աղաչում ենք,
Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր:
Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ շատացնի մեր երկրում աղբյուրների բխումը, բույսերի ու տնկիների առատ պտղաբերությունը` ծառայելու մեզ հարկավոր ամեն կարիքի, աղաչում ենք,
Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր:
Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ միաբանվի առաքյալների և մարգարեների հիմքի վրա կառուցված Իր Սուրբ Եկեղեցին, անարատ պահի այն մինչև իր երևելի գալստյան օրը, աղաչում ենք,
Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր:
Աղաչի´ր մեզ համար, Սրբուհի´, քո Միածին Որդուն, նաև մեր հանգուցյալների հոգիների համար, որպեսզի ընդունի նրանց երկնքի արքայության մեջ և մաս ու բաժին հատկացնի բոլոր
սրբերի հետ, աղաչում ենք,
Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր:
🙏 ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾ (3 անգամ)
Սուրբ Աստուա՜ծ, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ, որ խաչեցար վասն մեր, ողորմեա՜ մեզ:
🙏 ԱՂՈԹՔ ՉԱՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ (Մեսրոպ Վարդապետ)
Հզո՜ր թագավոր, Քրիստոս, մեր Աստված, ապավեն` քեզ ծարավ եղողներին եւ փրկիչ` նեղության մեջ եղողներին: Դու` որ անօրենների կողմից չարչարվեցիր մեզ համար, ցո՛ւյց տուր քո զորությունը եւ եկ փրկի՛ր մեզ, որ քո արյունով գնեցիր: Թույլ մի՛ տուր, որ սատանան գերի մեզ, քո փրկածներին, մի՛ թող, որ չարը իր բնակարանը դարձնի մեզ, քո սուրբ անունով կնքված տաճարներիս. մի՛ թող, որ թշնամին կոխկռտի ու ծաղրի մեզ, քո մարմնի մեկ անդամը, այլ քո արարչական սիրով գթա՛ մեզ, քո արարածներին:
Տե՜ր, ողորմի՛ր մեզ, որ քո խաչը դարձրինք մեր միակ պարծանքը. թող քո խաչը պահի՛ մեզ տեսանելի եւ անտեսանելի թշնամուց:
Տե՜ր, ողորմի՛ր մեզ, որ քեզ` Աստծուդ ծնող ամենասուրբ կույսին ապավինեցինք. նրա աղոթքներով փրկի՛ր մեզ չարից, որպեսզի առանց փորձանքների կնքենք մեր պանդուխտ կյանքերը:
Քո տասներկու սուրբ առաքյալների եւ նրանց աշակերտած հայրապետների սիրույն ողորմիր մեզ:
Սուրբ Հռիփսիմյան եւ Գայիանյան կույսերի սիրույն, ո՜վ Աստված, ողորմի՛ր մեզ` մեղքերի մեջ կորածներիս:
Սուրբ Գրիգորի եւ նրա լուսավոր զավակների սիրույն, որոնց ձեռքով ճանաչեցինք քեզ` մեր Փրկչին, եւ որի ձեռքով Հայաստան աշխարհից հալածեցիր դեւերի բազմությունը, այժմ եւս անմիջապես հեռացրու սատանային մեզանից:
Սուրբ Վարդանանց ու Ատոմյանց զորավարների եւ նրանց ընկերացող սուրբ քահանաների սիրույն, որոնք չարի դեմ պատերազմեցին եւ նրա պատերազմը խափանելով` Հայաստան աշխարհի սուրբ եկեղեցիները կործանումից փրկեցին, հիմա՛ եւս, Տե՜ր, խափանիր սատանային` իր չար գործակիցներով միասին:
Սուրբ ճգնավորների, վանական հայրերի եւ նրանց աշակերտած այրերի ու կանանց բարեխոսությամբ ողորմի՛ր մեզ, Տե՜ր, որովհետեւ նրանք քեզանից շնորհք ստացան եւ քո անունո՛վ հաղթեցին բանսարկուի բոլոր հնարքներին: Հիմա՛ եւս, Տե՜ր իմ, քո հաղթող զորությամբ հաղթահարի՛ր հակառակամարտը եւ մեզ հաղթանակ տուր նրա ընդդիմության դեմ:
Մեր բոլոր սուրբ հայրապետների եւ առաջնորդների բարեխոսությամբ, որոնց իշխանություն տվեցիր ոտքի տակ առնելու օձերին ու կարիճներին, եւ թշնամու ամբողջ զորությունը, շնորհի՛ր, որ հիմա մենք եւս նրանց բարեխոսությամբ ոտքի տակ առնենք կամակոր վիշապի գլուխը եւ լռեցնենք ու կապենք ամեն տեսակ հերձվածողների բերանները:
Կանանց ծնունդների մեջ մեծագույնի` Սուրբ Հովհաննեսի, եւ նախավկա Սուրբ Ստեփաննոսի բարեխոսությամբ մաքրի՛ր մեզ հոգեկան ու մարմնական ամեն պղծությունից եւ արժանի արա, որ ճշմարտապես, հոգով ու ճշմարտությամբ քեզ երկրպագողների հետ միասին երկրպագենք քեզ եւ փառավորենք ամենասուրբ Երրորդությունը, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից: Ամեն:
🙏 ՍԱՂՄՈՍ 142
Տէ՛ր, լսի՛ր աղօթքն իմ,
քո ճշմարտութեամբ ակա՛նջ դիր իմ խնդրանքին,
քո արդարութեամբ լսի՛ր ինձ։
Ծառայիդ հետ դատաստան մի՛ տես,
քանզի ոչ մի կենդանի մարդ չի արդարանայ քո առջեւ։
Թշնամին հալածեց ինձ,
կեանքս հողին հաւասարեցրեց
եւ ինձ նստեցրեց խաւարի մէջ յաւիտեան մեռածի պէս։
Հոգիս տաղտկացաւ իմ ներսում,
եւ սիրտս խռովուեց իմ մէջ։
Յիշեցի օրերն առաջուայ,
մտաբերեցի բոլոր գործերը քո,
ձեռքերիդ ստեղծածների մասին խորհեցի։
Դէպի քեզ կարկառեցի ձեռքերն իմ.
հոգիս հողի պէս ծարաւի է քեզ։
Լսի՛ր ինձ փութով, Տէ՛ր,
քանզի շունչս պակասեց իմ ներսում,
մի՛ շրջիր երեսդ ինձնից,
որ չնմանուեմ գերեզման իջնողներին։
Առաւօտեան քո ողորմութիւնն ինձ լսելի՛ դարձրու,
քանզի, Տէ՛ր, յոյսս քեզ վրայ դրի.
ցո՛յց տուր ինձ ճանապարհն այն, որով պիտի գնամ,
քանզի դէպի քեզ, Տէ՛ր, բարձրացրի հոգիս։
Իմ թշնամիներից փրկի՛ր ինձ, Տէ՛ր,
քանզի քեզ իմ ապաւէնը դարձրի։
Սովորեցրո՛ւ ինձ կատարել կամքը քո,
քանզի դու ես Աստուածն իմ,
քո բարի հոգին ինձ պիտի առաջնորդի դէպի արդար երկիր։
Յանուն քո անուան, կեա՛նք տուր ինձ, Տէ՛ր,
քո արդարութեամբ նեղութիւնից հանի՛ր հոգին իմ։
Քո ողորմութեամբ կործանի՛ր իմ թշնամիներին,
կորստեա՛ն մատնիր բոլոր ինձ նեղողներին,
քանզի ես ծառան եմ քո։
🙏 ԱՂՈԹՔ ՀԱՅ ԱԶԳԻ ՀԱՄԱՐ (Սիմեոն Երևանցի)
Տե՛ր Աստված, խնդրում ենք, տուր Հայոց ազգիս Քո աստվածային խաղաղությունը, առաքի՛ր քո Սուրբ Հոգին, որպեսզի ողջ ժողովրդիս սրտի մեջ հեղի սիրո և միաբանության շնորհը։
Բազումողորմ Տեր, գթա՛ ցրված հոտիդ և մի՛ թող տանջվել անմիաբան հոգով։
Տե՛ր Աստված մեր, ամեն ժամ զորավիգ և օգնակա՛ն եղիր ազգիս՝ տանը և ճանապարհին, ծովում և ցամաքում, առնելիս և տալիս, վարելիս և վաստակելիս և հաջողիր բոլոր բարի գործերում։
Տե՛ր Աստված մեր, շնորհի՛ր նաև ազգիս առաջնորդներին բարեպաշտություն և միմյանց հանդեպ սեր, մղի՛ր նրանց աղքատ տնանկների հանդեպ գթության, խնամածության և ողջ հասարակության հանդեպ օժանդակության։
Նաև, ողորմած Աստված, հեռացրո՛ւ ցասումը և պատուհասը ողջ ազգից և գավառներից, ինչպես նաև բոլորի տներից և ողջ հայոց աշխարհից։
Փրկի՛ր չար պատահարներից և ձախորդություններից, հիվանդություններից, սովից, սրից, տարաժամ մահից, և այլ վշտաբեր պատահարներից, որոնք մեզ վրա են գալիս մեր մեղքերի պատճառով։
Ցո՛ւյց տուր բոլորին, որ Դու ես Տեր և Աստված և Քեզ հուսացողներին իսպառ չես թողնում, որի համար ամեն ինչում և ամենքից Քեզ փառք, պատիվ և երկրպագություն անբաժանելի և միասնական Սուրբ Երրորդությանդ, այժմ և հավիտյանս. ԱՄԵՆ:
🙏 ԱՂՈԹՔ ԶՂՋՄԱՆ ՈՒ ՕԳՆՈՒԹՅԱՆ
Ամենազոր Աստված, Տեր Հիսուս Քրիստոս, ընկած Քո առջև աղաչում եմ ներիր մեր մեղքերը, լսիր մեր աղոթքն ու խնդրանքը, հասիր օգնության մեզ, ապաշխարության հոգի դիր մեր ազգի զավակների մեջ, ողորմիր ու այց կատարիր:
Աստուա՛ծ իմ, զղջում ենք գործած մեղքերի համար և չենք ուզում այլևս մեղանչել: Խնդրում ենք Քեզանից, դարձիր դեպի մեզ, դարձիր դեպի մեր ազգը և Հայ ժողովրդին շնորհիր դարձ ու ապաշխարություն:
Օգնի՛ր մեզ սիրել Քեզ ու սիրել միմյանց, միաբանվել Քո Սուրբ անվան շուրջ: Թող Քո Սուրբ կամքը ճանաչենք մենք, դրանով առաջնորդվենք ու գործենք, այլ ոչ թե մեր կամքով:
Օգնի՛ր մեզ խուսափել մեղքերից և զղջալ դրանց համար: Օգնիր մեզ Տե՛ր, Քո անունը Սուրբ պահել մեր սրտերում, Քո արքայությունը փնտրել մեր կյանքի բոլոր օրերում, միաբանվել Քո շուրջ, լինել միաշունչ և միախորհուրդ:
Աղաչում ենք, Տե՛ր. ընդունելի արա մեր ԱՂՈԹՔԸ, շնորհ տուր, որ համախոհ լինենք, որպէսզի միասիրտ եւ միաբերան փառաւորէնք Աստծուն: «Ոմանց աչքը ռազմակառքերին է, ուրիշներինը՝ երիվարներին։ Իսկ մենք մեր Աստծու անունն ենք կանչում» (Սաղմ. 19:8): Լսի՛ր մեր խնդրանքները Տե՛ր, Քո խոսքերի համաձայն, թե. «Ինչ իմ անունով իմ Հօրից ուզէք, պիտի տայ ձեզ», «Խնդրեցէ՛ք եւ պիտի ստանաք»:
Աղաչում ենք Տե՛ր, քանդիր մեր սրտերը, մտքերը, հոգիները պատած չարի երիքովյան պարիսպները, մղիր հոգևոր արթնության ու սթափության: ԱՄԵՆ:
🙏 ԱՂՈԹՔ ՄԵՐ ԵԿԵՂԵՑՈՒ և ՀԱՅՈՑ ԱԶԳԻ ՀԱՄԱՐ
Տե՛ր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, ողորմի՛ր և օրհնի՛ր Հայ Առաքելական Եկեղեցին և ապաշխարության առաջնորդիր Հայոց ազգին: Զորացրու՛ ու պայծառեցրու՛ մեր Եկեղեցին, որ միշտ Քո ճշմարիտ Խոսքը քարոզի Հայոց մեջ ու աշխարհում:
Ավելացրու՛ հույսը, հավատը և սերը մեր բոլորի մեջ, որ մասն ենք Քո ընդհանրական եկեղեցու: Ավելացրու՛ մեր Եկեղեցու մշակների թիվը, որ Քո Ավետարանն ու ապաշխարության կոչը հասցնե՛ն մեր ազգի զավակներին: Տե՛ր, Հայ Առաքելական Եկեղեցուն, որը հիմնեցիր Քո Սուրբ Առաքյալների ու Սուրբ Լուսավորչի միջոցով, շնորհիր անսասան ընթացքով ու ուղիղ վարդապետությամբ առաջնորդել իրեն վստահված հոտը դեպի հոգու փրկություն:
Տե՛ր Աստված մե՛ր, հզոր և ամենողորմ, խոնարհաբար խնդրում ենք նաև, Քո բարության ներքո պահի՛ր ու պահպանի՛ր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Հոգևոր դասը բոլոր փորձություններից ու չար հանգամանքներից: Իսկ մենք, վստահելով Քեզ՝ մեր միակ Կենդանության Հույսին ու Փրկության Ապավենին, քաջալերվելով Քո խոստումից, թե. «Եթէ ձեզնից երկուսը միաբանուեն երկրի վրայ որեւէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կը կատարուի նրանց համար իմ Հօր կողմից, որ երկնքում է. որովհետև ուր երկու կամ երեք հոգի հաւաքուած լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մէջ»՝ օրհնում և փառավորում ենք Ամենասուրբ Երրորդությանդ` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: ԱՄԵՆ:
🙏 ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈ ՀԵՏ (ՆԱՐԵԿ ԲԱՆ ԽԱ/41)
Ա
Որդի՛ կենդանի Աստուծո, ամենաօրհնյա՛լ,
Անքնին ծնունդ դու ահավոր Հոր,
Քեզ համար չկա ոչինչ անհնար ու անկարելի:
Երբ ողորմությանդ փառքի անստվեր ճաճանչները ծագեն,
Կհալվեն մեղքերը, կհալածվեն դևերն ու կջնջվեն հանցանքները,
Կխզվեն կապանքները, կխորտակվեն շղթաները,
Կկենդանանան մեռյալները, կբուժվեն զարկվածները,
Եվ վերքերը կառողջանան.
Կվերանան ապականությունները, տեղի կտան տխրությունները,
Կնահանջեն հեծությունները, կփախչի խավարն, ու մեգը կմեկնի,
Կցրվի մառախուղն, ու մռայլը կփարատվի.
Կսպառվի աղջամուղջը, կվերանա մութն, ու գիշերը կանցնի,
Տագնապը կտարագրվի, կչքանան չարիքները,
Հուսահատությունները կհալածվեն,
Եվ կթագավորի քո ձեռքն ամենակարող, քավի՛չդ բոլորի:
Բ
Դու չեկար կորցնելու մարդկանց հոգիներն, այլ ազատելու.
Ների՛ր ինձ անթիվ չարիքներս` քո բազում ողորմությամբ,
Զի դու միայն ես երկնքում անճառ և երկրում` անզնին,
Գոյության տարրերի մեջ և աշխարհի բոլոր ծագերում,
Սկիզբն ամեն ինչի, և ամեն ինչի մեջ` ամբողջ լրումով, Օրհնյա՜լ ի բարձունս.
Եվ քեզ` Հոր ու Սուրբ Հոգուդ հետ` փա՜ռք հավիտյանս. Ամեն։
🙏 ԱՊԱՎԻՆՈՒԹՅԱՆ ԱՂԵՐՍԱԿԱՆ ԱՂՈԹՔ
ՏԷ՜Ր մեր ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ, թախանձագին խնդրում ենք ողորմիր ՔՈ փոքր հոտին, ՔՈ ժողովրդի մնացորդաց մասին, որը ՔԵԶ վրա է հույս դրել:
ՏԷ՜Ր իմ, ՔԵԶԱՆԻՑ խնդրում ենք որպես մեծագույն ողորմություն ապաշխարության հոգի դի՛ր աղաչում ենք ամեն մի հայի, ամեն քրիստոնյայի, ամեն հավատացյալի ու անհավատի հոգում, մտքում, սրտում, որ ազգովի ապաշխարենք ու ազգովի էլ դարձի գանք:
Թող Քո երկիրը՝ Հայկի հայրենիք Սրբազան Հայաստանը հարատևի որպես Քրիստոնյա Հայաստան, որ ժողովուրդը ՔՈ, նորից ճանաչվի որպես Քրիստոնյա հայ ժողովուրդ, քանզի դու ես մեր միակ ԱՍՏՎԱԾԸ և մենք էլ ՔՈ սեփական ժողովուրդն ենք և ՔԵԶՆՈՎ են մեր բոլոր հաղթանակները և առանց ՔԵԶ լինելուց՝ մեր պարտությունները:
Ողորմյա մեզ ՏԷ՜Ր, որ գծում ես երկրների ու ազգերի սահմանները, ներիր մեր գոռոզամտությունը, որ նախկին հաղթանակները մեզ վերագրեցինք և չարաչար հալածվեցինք թշնամուց, ներիր, որ աղքատացանք սիրուց ու միմյանց դեմ ելանք, ներիր, որ սիրեցինք սուտը, պաշտեցինք հարմարավետությունը ու վատնեցինք Քո սուրբ արյունը, որ հեղել էիր հանուն մեր փրկության:
Տուր ժամանակ զղջալու, ապաշխարելու և մեր խոնարհ սրտերը քո առջև բերելու, որպեսզի զորությամբդ մեր միջից հալածենք սուտը, չարը, կեղծիքը, պառակտումը, և դու վերստին նորոգես մեր հոգևոր սահմանները, մխիթարես սգավորներին և ուրախացնես սրտաբեկներին:
ՔՈ անսահման ողորմածությունն ու գթասրտությունն ենք մենք հայցում, ՏԷ՜Ր ԱՍՏՎԱԾ: ՏԷ՜Ր մեր ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ, աղերսում ենք ԴՈՒ քանդի՛ր մեր հոգիները, մտքերն ու սրտերը չարի պատած երիքովյան պարիսպները, օգնիր ազատվելու չարի կապանքներից, շղթաներից, մղիր հոգևոր արթնության ու սթափության:
Կյանք տուր, որ ՔՈ արդարության, ճշմարտության ու սիրո ճանապարհով համախմբված, ազգի ու եկեղեցու նվիրյալների առաջնորդությամբ ընթանանք դեպի ՔՈ կենարար լույսը:
ՏԷ՜Ր, Երեսդ մեզնից մի՛ շրջիր, մեզ ՔՈ հովանավորությունից ու աջակցությունից մի՛ զրկիր, որպես գաղջ, գոլ ու անհամ մի բան դուրս մի՛ նետիր, մեզ մի՛ ասա «հեռու գնացեք ձեզ չեմ ճանաչում»:
Առանց ՔԵԶ ոչինչ անել չենք կարող, ուստի ապրի՛ր մեր մեջ, գործի՛ր մեր մեջ, գործի՛ր մեզանով, առաջնորդիր մեզ ու թույլ տուր, որ մենք էլ ապրենք ՔՈ մեջ, միասիրտ միաբանվենք ՔՈ շուրջ, գործենք ՔԵԶԱՆՈՎ ու միայն հանուն ՔԵԶ, հանուն մեր ուղղափառ հավատքի ու յուրաքանչյուրիս փրկության, որի համար ԴՈՒ մարդացար ու որպես փրկագին վճարեցիր ՔՈ Ամենասուրբ ու Անարատ Արյամբ: ԱՄԵՆ:
🙏 ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ
Հայ՛ր մեր, որ յերկինս ես,
Սուրբ եղիցի անուն Քո,
Եկեսցէ արքայութիւն Քո,
Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի:
Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր.
Եւ թո՛ղ մեզ պարտիս մեր,
Որպէս եւ մենք թողումք մերոց պարտապանաց:
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն,
Այլ փրկեա՛ զմեզ ի չարէն,
Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն: